суббота, 20 апреля 2013 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մեծարգո առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան,
Ձեր խոսքերից, մասնավորապես՝ «Անի» հյուրանոցում արտասանած ճառից, անշուշտ կարելի է եզրակացնել, որ Դուք ժողովրդի հետ և ժողովրդի անունից վերկուսակցական պայքար եք տանում՝ ի նպաստ հայ մարդու սահմանադրական իրավունքների հաղթանակի, հանուն հայ ժողովրդի իրական անկախության և ազատության: Սակայն իրար հաջորդող Ձեր գործնական քայլերից տրամաբանորեն կարելի է հետևություն անել, որ, անկախ բոցաշունչ և ազդեցիկ ելույթներից՝ Ձեզ համար առավել կարևոր է «Ժառանգություն» կուսակցության առաջխաղացումն ու հաղթանակը, մասնավորապես, Երևանի ավագանու՝ մայիսին կայանալիք ընտրություններում: Իմ համեստ կարծիքով՝ այդ հաղթանակը հազիվ թե իրականություն դառնա: Եթե նույնիսկ Ձեր կուսակցությունը հաղթի այդ ընտրություններում, ապա, միևնույնն է՝ կպարտվի հաջորդ նմանատիպ ընտրություններում, քանի որ, ըստ իս, էապես ոչնչով չի տարբերվում հայաստանյան մյուս կուսակցություններից՝ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով: Կարծում եմ նաև, որ կուսակցությունները կամա թե ակամա ծառայում են ոչ թե սեփական ժողովրդին, այլ քողարկված զենք են ծառայում համամոլորակային չարի համար, որը հարկ եղած դեպքում օգտագործելով ֆինանսական, բանկային, քարոզչական և այլ միջոցներ՝ կարողանում է ազդել կուսակցությունների վրա և դրանց միջոցով ժողովուրդներին ու երկրները պահել իր կեղեքիչ լծի տակ: Հետևաբար, մնալով որպես Ձեր կուսակցության առաջնորդ՝ գործնականում Դուք ակամա ծառայում եք համամոլորակային չարին: Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ իմ պարտքն եմ համարում Ձեզ մեկ անգամ ևս հիշեցնել, որ չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային: Եթե Ձեզ համար իրապես թանկ է հայ ժողովրդի ապագան, ապա Դուք պարտավոր եք վերջնական ընտրություն կատարել, թե ում եք ուզում ծառայել՝ սեփական ժողովրդի՞ն, թե՞ համամոլորակային չարի կառույցներին: Իմ համեստ խորհուրդն է Ձեզ՝ պաշտոնապես հայտարարել, որ այլևս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չեք, և որ այսուհետև առաջնորդվելու եք միայն և միայն հայ ժողովրդի վերկուսակցական շահերով: Միայն այդ դեպքում Ձեզ անկեղծորեն կհավատան շատ շատերը և իրենց ուժերի ներածի չափով կնպաստեն ընդհանուր գործի հաղթանակին:

Խորին հարգանքով՝
Խաչիկ Մանասելյան
ռադիոֆիզիկոս, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան

Комментариев нет:

Отправить комментарий