четверг, 5 мая 2016 г.

ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Մեր ազգային սնապարծության ցայտուն արտահայտություններից մեկն էլ օտարների կողմից ճանաչված լինելու մոլուցքն է: Դա մեր լոպազ պետական պաշտոնյաներին իրավունք և միջոցներ է տալիս, որ իրար հերթ չտալով թռչեն արտասահման, մի քանի օրով ապրեն շքեղ հյուրանոցներում, հպարտ-հպարտ ճեմեն միջազգային հաստատությունների սրահներում և իբր ինչ-որ կարևոր հարցեր քննարկեն օտարազգի իրենց նման լոպազների ու անբանների հետ: Եվ քանի որ նման ցանկություններ ունեցողների թիվն անչափ մեծ է մեր հայրենակիցների շրջանում, ուստի մեկի փոխարեն երկու անկախ պետություն ենք ուզում ստեղծել, հռչակել և միջազգայնորեն ճանաչվել: Արդեն իսկ ունենք երկու նախագահ, երկու օրենսդիր մարմին, երկու կառավարություն և արտգործ նախարարություն, երկու բանակ և այլն: Ընդ որում, աչք ենք փակում կամ հաշտվում այն փաստի հետ, որ պետական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունն առիթը բաց չեն թողնում և արդեն բավականին հմտացել են պետական միջոցներ մսխելու կամ փոշիացնելու գործերում:
Ավելի լավ է չճանաչված լինել, բայց լինել միասնական և ուժեղ, քան մաս-մաս ճանաչված լինել, բայց մնալ ջլատված ու թույլ: Արցախի անկախությունը մեր կողմից ճանաչելը հակասում է այս տրամաբանությանը: Արդարացված չէ նաև դա որպես «միջանկյալ ու ժամանակավոր» քայլ ներկայացնելը. դրանով ու՞մ ենք ուզում խաբել՝ ինքներս մե՞զ, թե՞ օտարներին: Առավել քան ակնհայտ է, որ այդ քայլը վնասից բացի մեզ որևէ շոշափելի օգուտ չի տա. Արցախը կշարունակի բաց վերք մնալ հայ ազգի համար՝ կրկին երկար ժամանակ մնալով ներքին ու արտաքին շահարկումների առարկա: Նույնքան անհեթեթ է նաև անկախ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու Սերժ Սարգսյանի գաղափարն ու նախաձեռնությունը: Այս պարագայում նույնպես բնական հարց է ծագում. դրանով ու՞մ է ուզում խաբել լուրջ ու թթված տեսք ընդունած մեր նախագահը՝ մե՞զ, թե՞ օտարներին...Հայոց բանակն ուղղակի չի կարող միաբան ու վճռական չգործել, քանի որ ներկայումս հրատապ ու կենսական խնդիր է դրված մեր առջև՝ թուրք ազերիներին հետ շպրտել մեր սահմաններից և միասնաբար կանխել նրանց բոլոր ստոր ոտնձգությունները: Իհարկե, այդ գործն ավելի արդյունավետ ու հեշտ կարվեր, եթե բանակը ղեկավարվեր մեկ ընդհանուր շտաբից, ինչը բնական ու հասկանալի կլիներ, եթե ունենայինք մեկ միասնական պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ կառույցներով ու ատրիբուտներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ու պարտադիր, որ միասնական ու միաժամանակյա հանրաքվեով հռչակվի մեկ միասնական հայկական պետության ծնունդը: Այս մասին տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, բայց իմ խոսքը միշտ հնչել է և հիմա նույնպես շարունակում է հնչել որպես «ձայն բառբառոյ անապատի»... Հենց վաղը մեր խելառ ու ցնդած երեսփոխանները պատրաստվում են ձեռնամուխ լինել Արցախի անկախության «ճանաչման» հարցի քննարկմանը, որ իբր թե դրանով վախեցնեն թուրքերին, ռուսներին և էլի չգիտեմ, թե ում:
Ձեր այդ անխոհեմ քայլը միայն և միայն մեզ համար կարող է ահավոր ու անդառնալի հետևանքների հանգեցնել, ո՜վ, հիպնոսացված և անհեռատես երեսփոխաննե՛ր...

Комментариев нет:

Отправить комментарий