суббота, 12 мая 2018 г.

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջին շաբաթվա ընթացքում շատ քաղաքական գործիչներ ու հայտնի մտավորականներ իրավացիորեն խոսում էին այն մասին, որ ազգային զարթոնքի ի հայտ եկած վիթխարի էներգիան պետք է ուղղորդել դեպի կառուցողական հուն և թույլ չտալ, որ այն մարելու նշաններ ցույց տա: Իշխանափոխության փուլն արդեն մոտենում է իր հաղթական ավարտին, և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել հաջորդ փուլի՝ ազգային զարթոնքն իր գագաթնակետին հասցնելու և դրա դրական, ստեղծագործական էներգիան ի շահ ժողովրդի և հայոց պետականության օգտագործելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա պետական մակարդակով, թեև շարժիչ ուժը կրկին մնալու է մեր հրաշալի երիտասարդ սերունդը: Այդ առումով նպատակահարմար եմ գտնում խորհուրդ տալ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ լուծարի մի քանի ավելորդ նախարարություններ և դրանց փոխարեն ստեղծի ազգային զարթոնքի էներգիայի արդյունավետ օգտագործման նախարարություն: Կարող եմ մատնանշել նաև այն առաջնային ուղղությունը, դեպի ուր պետք է հոսի այդ էներգիայի առյուծի բաժինը. դա մայրաքաղաքի գործազուրկ հատվածի և երիտասարդական կամավորական խմբերի բնակեցումն է ծայրամասային և սահմանամերձ շրջաններում: Պետական հանցագործ Սերժի «համայնքների խոշորացման» ազգադավ ծրագիրը պետք է փոխարինվի համայնքների շատացման և վերաբնակեցման ծրագրով: Այդ նպատակի գործնական իրականացման համար պետք է օգտագործվեն ինչպես սահմանային գյուղերում դատարված տները, այնպես էլ ապահով հեռավորությունների վրա կառուցված՝ մեծահարուստների շքեղ ամառանոցային առանձնատներն ու դղյակները: Վերջիններիս համաձայնությամբ՝ սկզբնական շրջանում և ժամանակավորապես, այդ շինությունները պետք է օգտագործվեն որպես մայրաքաղաքից, Սփյուռքից և այլ տեղերից ժամանող խմբերի կացարաններ, մինչև լուծվեն նրանց վերջնական բնակեցման ու տարաբաշխման հարցերը:
Անշուշտ, նոր նախարարությունը կունենա նաև այլ ազգանպաստ գործառույթներ, որոնք կծնվեն ժողովրդական զարթոնքի ստեղծագործական պոռթկումների արդյունքում:
Վերջում հարկ եմ համարում նաև ասել, որ եթե նշածս նախարարությունը ստեղծվի, ապա դրա նախարարի ամենահավանական թեկնածուն իմ կարծիքով Վարդգես Գասպարին է: Սա ասում եմ ամենայն լրջությամբ՝ առանց հումորի կամ սարկազմի որևէ նշույլի: Թեև նրա հետ անձնական ծանոթություն չունեմ, բայց տպավորված եմ նրա խիզախությամբ, արդարամտությամբ և գործնական քայլեր անելու կարողությամբ ու վճռականությամբ:
Առայժմ այսքանը:
Խաչիկ-Ապեր
12.05.2018թ.

Комментариев нет:

Отправить комментарий