понедельник, 20 августа 2018 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ 2-ՐԴ ՓՈՔՐ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Մայտրեյայի փոքր
Վարդարան - 2

Դուք ձեր երեխաներին պետք է այնպես վերաբերվեք,
ասես այդ ես՝ Տեր Մայտրեյաս եմ եկել ձեզ մոտ
ձեր երեխայի կերպարանքով
(համառոտ Վարդարան՝ Մայտրեյայի 2009 թ-ի դեկտեմբերի 6-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Հայր մեր

1. ԵՍ ԵՄ Մայտրեյան: Որքա՜ն ուրախալի է ինձ համար, որ կրկին ձեր աշխարհ մուտք գործելու հնարավորություն ունեմ: Մանկան պես ուրախանում եմ, որովհետև ձեր աշխարհին հայացք նետե՛լն իսկ ինձ համար մեծ երազանք է: Ես մի՛շտ եմ ուզում գալ: Բայց Տիեզերական Օրենքը դա թույլ չի տալիս: Քանզի եթե ես հիմա գամ, ձեր գիտակցության մակարդակով ինձ չեք ճանաչի: Հանձին ինձ՝ դուք ակնկալում եք տեսնել ամենազոր Աստծու, իսկ ես մանկիկ եմ, թեև օժտված Մեծ Իմաստությամբ:

Աստվածամայր

2. Նայեցե՛ք ձեր երեխաներին: Նրանցից շատերի դեմքերը մեծ իմաստունների դեմքեր են հիշեցնում: Նայեցե՛ք նրանց աչքերին: Հենց նոր ծնված մանկիկը եկել է մեր Աշխարհից: Նա դեռ  հիշում է մեր Աշխարհը: Բայց ի՞նչ է տեսնում իր շուրջը: Սոսկ իրարանցում, խառնաշփոթ: Ահավոր աղմուկ: Բայց չի տեսնում, որ ուզենաք իր մեջ տեսնել Աստծուն, ճանաչել այն գաղտնիքը, որը նա իր հետ բերել է ձեր աշխարհում բացելու համար:

Աստվածամայր

3. Իր կյանքի առաջին ամիսների ընթացքում երեխան կիսով չափ , դեռ ավելին՝ մեծ մասամբ դեռ մեր Աշխարհում է: Այդ ընթացքում դուք շատ բաներ կարող եք նրանից սովորել: Իհարկե, նա չի կարող ձեզ ուսուցանել խոսքով կամ գործողություններով, բայց կարող է ձեզ փոխանցել մեր Աշխարհի դրվածքը: Այդ դրվածքը երևում է նրա աուրայում: Շատերը ներքին մղումով ձգտում են հպվել մանկանը, գրկել, շոյել գլուխը: Անշուշտ, այդ ակամա գործողությունները ձեզ հնարավորություն են տալիս մանկան միջոցով հպվելու մեր Աշխարհին:

Աստվածամայր

4. Բայց, ավաղ, դուք մոռանում եք այն մասին, որ երեխան մեր Աշխարհից եկած բանբեր է, և կրկին անցնում եք ձեր սովորական գործերին՝ հեռուստացույց եք դիտում, խոսում հեռախոսով,երաժշտություն լսում: Եվ որոշ ժամանակ անց սկսում եք զարմանալ, թե ինչու՞ է ձեր մանկիկն անհանգիստ, լալկան, քմահաճ: Բայց չէ՞ որ ձեր արածներն այնքան շատ են տարբերվում մեր Աշխարհից, որ երեխան մշտապես ցնցումներ է ունենում: Նա չի կարող ձեզ ստիպել, որ անջատեք աղմկոտ երաժշտությունը կամ հեռուստացույցը, չի կարող պահանջել, որ դադարեցնեք ձեր երկարաշունչ հեռախոսազրույցները: Նա իր դժգոհությունն արտահայտում է լացով և այդ կերպ ուզում է ձեզ հասկացնել, որ այդ ամենն իր համար ցանկալի բաներ չեն: Իսկ ձեզ այնպես է թվում, թե երեխան ուտել կամ խմել է ուզում կամ պարզապես հոգնել է և պետք է քնի:

Աստվածամայր

5. Երեխաների հանդեպ ձեր վերաբերմունքը վերանայման կարիք ունի: Դուք ձեր երեխաներին պետք է այնպես վերաբերվեք, ասես այդ ես՝ Տեր Մայտրեյաս եմ եկել ձեզ մոտ ձեր երեխայի կերպարանքով: Կանեի՞ք իմ ներկայությամբ այն բոլոր բաները, որ անում եք ձեր երեխայի ներկայությամբ՝ կարծելով, թե նա ոչինչ չի հասկանում: Կպահեի՞ք ձեզ այնպես, ինչպես պահում եք ձեր աշխարհում... Ես երբևէ մարմին կառնեմ,  դա իմ նվիրական ցանկությունն է. բայց ես չեմ կարող դա անել, քանի դեռ փոխած չեք լինի ձեր վերաբերմունքը ձեր իսկ երեխաների նկատմամբ:

Աստվածամայր

6. Կյանքի առաջին ամիսներին երեխայի աուրան կարող է իր մեջ մի ողջ քաղաք տեղավորել: Հիրավի, Երկնքի բանբերն է լինում ձեր կողքին: Բայց արդյո՞ք արժանավայել կերպով եք դիմավորում Երկնքից իջած ձեր բանբերին: Դուք կարծում եք, թե ձեր երեխան դեռ ոչինչ չի հասկանում: Ձեզ թվում է, թե նա դեռ տհաս է և չի կարող իրականությունն այնպես ընկալել, ինչպես դուք: Երեխան ձեր աշխարհ է գալիս՝ իր հետ բերելով մի այլ աշխարհի պատկերացում: Նոր ծնված երեխաներից շատերը ձեռնադրումների երկրային դպրոցն ավարտած իմաստուն հոգիներ են լինում: Եվ ի՞նչ են նրանք տեսնում իրենց շուրջը՝ քչփչացող ծնողներ ու հարազատներ: Եվ ամբողջ շրջապատում չի գտնվում գոնե մեկը, որ հանձինս նրանց տեսներ այն իմաստուն հոգիներին, որոնք ի ծնե արդեն ամեն բան գիտեն:

Աստվածամայր

7. Հետզհետե երեխայի աուրան իր մեջ է ներառում  ընտանիքի, քաղաքի, երկրի ողջ դրվածքը, և երեք տարեկան հասակում երեխան արդեն կորցրած է լինում մեր Աշխարհի ամեն մի հիշողություն: Նա հարմարվում և յուրացնում է ձեր սովորությունները, կապվածությունները, վարքի կարծրատիպերը: Երեք տարեկանում նա իր աուրայի մեջ արդեն կրում է ձեր բոլոր բացասական հոգեվիճակները, որոնցով դուք անցել եք կամ դեռ անցնում եք: Եվ եթե հեռուստացույց դիտելու կամ ռադիո լսելու հնարավորություն է ստեղծվում (իսկ դուք կարծում եք, թե նա քնած է կամ, միևնույնն է,  ոչինչ չի հասկանում), երեխան ակամա ներառում է իր մեջ այն ողջ մղձավանջը, որը գետի պես հորդում է ձեր զանգվածային լրատվական միջոցներից: Եվ երեք տարի անց ձեր առջև արդեն տեսնում եք ոչ թե ձեր աշխարհ մուտք գործած հրեշտակի, այլ աշխարհի բոլոր մեղքերով ծանրաբեռնված հոգու, որը մինչև իր այդ երկրային կյանքի ավարտը ստիպված է լինելու բեռնաթափել ընտանիքի, ազգի, երկրի և աշխարհի կարման:

Աստվածամայր

8. Ես չեմ կարող գալ ձեր աշխարհ, քանի դեռ այն պատրաստ չի լինի ինձ ընդունելու: Եվ եթե կարծում եք, թե ասածներս չեն համապատասխանում իրականությանը, չափազանցում կամ խտացնում եմ գույները, ապա դրանով է՛լ ավելի եք հետաձգում իմ գալստյան ժամկետը: Քանի դեռ ձեր աշխարհում պարահանդես վարողը տգիտությունն է, քանի դեռ պարզ ճշմարտությունները դուք ընկալում եք որպես հեքիաթներ, ես ձեր աշխարհում անելիք չունեմ:

Աստվածամայր

9. Ես, իհարկե, շատ եմ ուզում հնարավորինս շուտ մարմին առնել: Բայց, ավաղ, միայն դու՛ք կարող եք արագացնել իմ գալուստը: Հոգատար վերաբերմունք պետք է ցուցաբերեք ոչ միայն երեխաների հանդեպ. ֆիզիկական աշխարհում ապրող ամեն ոք սիրված լինելու իրավունք ունի: «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»,­ որքա՜ն վաղ է տրվել այս պատվիրանը... Տեր Հիսուսի տված այդ պատվիրանից հետո որքա՜ն շատ իրադարձություններ են տեղի ունեցել երկրագնդի վրա: Բայց և որքա՜ն զբաղված եք լինում դուք ձեր կյանքում. մշտապես զբաղված եք լինում ինչ­-որ բաներով: Ժամանակը չէ՞ արդյոք, որ մի պահ կանգ առնեք և լսեք Հիսուսի Խոսքը, որը հենց ձեզ է ուղղված:

Աստվածամայր

10. Քանի՞ անգամ պետք է կրկնվեն պատգամները, որպեսզի վերջապես ի կատար ածվեն: Քանի՞ անգամ պետք է ուղերձներով գանք, որ հետո դուք սովորեք ոչ միայն կարդալ կամ լսել, այլ նաև ձեր կյանքում առաջնորդվել ստացած Ուսմունքով: Ես դեռ էլի՛ կգամ և կտամ իմ ուղերձները: Լիահույս եմ, որ երկրագնդի վրա կգտնվեն գոնե հարյուր մարմնավորված հոգիներ, որոնք ոչ միայն կկարդան դրանք, այլ նաև կկիրառեն իրենց կյանքում: ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

Комментариев нет:

Отправить комментарий