среда, 3 октября 2018 г.

ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

Քանի որ ակնհայտ է, որ նախահեղափոխական ԱԺ պատգամավորները ցանկություն չունեն ինքնալուծարման որոշում ընդունել և հրաժարվել մինչև 2022 թ. իրենց հատկացվելիք անաշխատ եկամուտներից, ապա այսօրվա դրությամբ ժողովուրդն ինքը պետք է ընտրի այդ ապօրինի ընտրված կառույցը լուծարելու երեք տարբերակներից որևէ մեկը: Նախապես ասեմ, որ անձամբ ես վստահ եմ, որ երեք տարբերակներն էլ ի վերջո հաջողությամբ են պսակվելու, և մոտավորապես երկու ամիս հետո կայանալու է նոր ԱԺ-ի ընտրությունը:
Առաջին տարբերակը, որին երեկ ընթացք տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մերժված Սերժի ապօրինի սահմանադրության սցենարով թատերական ներկայացում բեմադրելն է: Դրա գլխավոր դերակատարներն են՝ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը որոշել է ժողովրդի կամքին հակառակ գնալ և ինքնակամ հրաժարական տալ. ԱԺ պատգամավորական մեծամասնությունը, որը պետք է ձևացնի, թե կամուկացի մեջ է՝ նոր վարչապետի թեկնածություն առաջադրել, թե ոչ. ԱԺ նիստերի օրերին հանրահավաքների ելած ժողովուրդը, որը պետք է հավաքվի ոչ միայն ԱԺ մերձակա այգում, այլ նաև մարզկենտրոնների ու գյուղերի հրապարակներում և հեռվից մատ թափ տա ԱԺ պատգամավորների վրա, որ հանկարծ սխալ որոշում չկայացնեն: Նաև հանրահավաքների մասնակիցները պետք է խստորեն առաջնորդվեն Նիկոլ Փաշինյանի երեկվա խնդրանք-հրահանգով, այն է՝ երբևէ դուրս չգալ սիրո և հանդուրժողականության սահմանված շրջանականերից և այդ «մատ թափ տալու» հեռահար գործը մշտապես ի կատար ածել ժպտերես խանդավառությամբ պարուրված:
Երկրորդ տարբերակն առաջարկում է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, այն է՝ առաջնորդվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության տրամաբանությամբ և մերժել ոչ միայն Սերժին, այլ նաև նրա մոգոնած սահմանադրությունը, նյուրնբերգյան ոճով Հայաստանը բառիս բուն իմաստով մաքրել հակահեղափոխական տարրերից ու մնացուկներից և ուղիղ ժողովրդավարությամբ անհապաղ ձեռնամուխ լինել նոր ԱԺ-ի ընտրության գործին:
Երրորդ տարբերակն առաջարկում են մի շարք քաղաքական գործիչներ և մտավորականներ, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Բացահայտված առարկայական փաստերի հիման վրա քաղաքական գնահատական տալ և դատական գործ հարուցել ՀՀԿ-ի դեմ և գործող սահմանադրության պահանջով արգելել այդ կուսակցության հետագա գործունեությունը Հայաստանի տարածքում: Դրան ինքնաբերաբար կհետևի այն, որ ԱԺ հհկ-ական պատգամավորները ստիպված կլինեն հրաժարվել ոչ միայն իրենց կուսակցական տոմսերից, այլ նաև պատգամավորական մանդատներից: Իսկ դրա արդյունքում ԱԺ-ը կզրկվի խորհրդարանական մեծամասնությունից, և նոր ԱԺ կազմավորելը կդառնա առարկայական պահանջ ու հրատապ անհրաժեշտություն:
Իհարկե, կա նաև հանրաքվեի միջոցով ԱԺ-ը լուծարելու տարբերակը, որն առաջարկում է քաղաքագետ Արա Պապյանը, սակայն, ըստ իս, դա շատ ծախսատար և շատ ժամանակ ու ջանքեր պահանջող տարբերակ է՝ ոչ ակնհայտ ելքով: Թերևս այս տարբերակը նույնպես դրական ելք կունենար, եթե մինչ այդ ՀՀԿ նենգադավ ու մութ գործունեությունն արդեն արգելված լիներ ՀՀ տարածքում:
Ամփոփելով ասենք, որ ամենայն հավանականությամբ մեր ժողովուրդը նոր տարին կդիմավորի նոր ԱԺ ունենալով և կտոնի ևս մեկ կարևոր հաղթանակ:
Խաչիկ-Ապեր
03.10.2018թ.

Комментариев нет:

Отправить комментарий