четверг, 15 мая 2014 г.

ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԿԱՊԵՔ ՁԵՐ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ


(ակնարկ՝ Լոուրենս Արաբացու ոճով)

Հայերը ստեղծարար, նրբակիրթ, բարեհոգի, պատրաստակամ, զիջողամիտ ու ներողամիտ քրիստոնյա ազգ են: Բավական է թուրքը, քուրդը, չեչենը կամ արաբը որևէ տեղ բուռն ցանկություն հայտնեն տեր կանգնելու նրանց ստեղծածին և ունեցվածքին, անմիջապես կապում են ճամպրուկները և լքում իրենց զբաղեցրած տարածքը, որին դրանից հետո կարոտով «հայրենիք» ու «էրգիր» են կոչում:
 

Այդպես են հայերը լքել Անին, Վանը, Կարսը, Սարիղամիշը, էրզրումը, Թիֆլիսը, Բաքուն, Քեսաբը: Վերջինիս նոր տերերն այսօր ահա իրար մեջ կռիվ են տալիս և վիճակ գցում հայերի երեկվա ունեցվածքի համար, իսկ նրանք, դողը սրտներն առած, կողքից դիտում են այդ ամենը և թուքները կուլ տալիս: Նրանք, այսպես ասած, «չեզոքություն» են պահպանում՝ համաձայն իրենց հոգևոր հայրերի, կառավարիչների ու կուսակցական առաջնորդների «սրբազան» հրահանգի:
 

Հայերը նաև երբեմն սիրում են գլուխ գովել, որ իրենք Վարդան Մամիկոնյան են ունեցել, Գևորգ Մարզպետունի են ունեցել, Նժդեհ, Անդրանիկ, Դրո, Լեոնիդ, Մոնթե են ունեցել... Է, հետո՞ ինչ, որ ունեցել եք: Վերջնական արդյունքը ո՞րն է դրա. լատինական հարցական նշանի պես օդում կախված փոքրիկ մի տարածք, որի գլխագալարն այսօրվա խեղճուկրակ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ տակի կետն անգամ կիսված է երկու առանձին մասի՝ Նախիջևանի և Արցախի: Դրանցից առաջինը վաղուց նոր տիրոջ ձեռքում է, իսկ երկրորդի համար հայերը դեռևս բանակցում են, թե ում օգնությամբ կամ թելադրանքով ի վերջո հանձնեն այդ նույն նոր տիրոջը՝ ինքն իրեն «ազերի» կոչած թուրքական նորահայտ ցեղին: Վերջինս հավակնում է տեր կանգնելու նաև Զանգեզուրին, Երևանին, Սևանին ու մնացած արոտավայրերին: Հայերն այդ մասին, իհարկե, տեղյակ են, ուստի օր առաջ կամաց-կամաց կապում են ճամպրուկներն ու մեծ զանգվածներով արտագաղթում:
Մի քիչ արա՛գ կապեք ձեր ճամպրուկները, հայե՛ր: Խեղճ ազերիներն, ախր, մեռա՜ն սահմանամերձ շրջաններից կրակելով ու հարայ-հրոց անելով, թե՝ հայե՛ր, հրես գալիս ենք, գլխներիդ ճարը տեսեք... Մի՛ չարաշահեք նրանց համբերությունը, հայե՛ր, միևնույնն է՝ ի վերջո հեռանալու եք այդ վայրերից, ինչպես միշտ եք հեռացել ու լքել ձեր բնօրրանի քաղաքներն ու գյուղերը:
 

Ձեր դարն անցած է երևի, և դուք այլևս հայրենիք ու էրգիր ունենալու կարիքը չունեք: Արդեն մեռած ազգերի շարքում եք գտնվում, չկա՜ք որպես ազգ...

Այս վերջին հղումն էլ թող լինի ասվածի ակնառու վկայությունն ու հաստատումը՝

http://www.irates.am/hy/1400148866

Комментариев нет:

Отправить комментарий