вторник, 27 мая 2014 г.

ՄՈԼՈՐԱԿԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Երկիր մոլորակի Լույսի Ուժերի Հիերարխիան վերին նուրբ և հրեղեն ոլորտներում մշտապես եղել է հզոր և անպարտելի: Առ այսօր նույնը հնարավոր չէ ասել մոլորակի ֆիզիկական ոլորտի և դրան մերձակա աստեղային ոլորտի ստորին շերտի մասին, որոնք գտնվում են Աստծո Կամքին ու Պլանին հակառակ գործող ուժերի ազդեցության ու գերիշխանության տակ: Ֆիզիկական ոլորտում ներկայումս մարմնավորված մարդկանց գերակշիռ մեծամասնությունը դեռևս չի կարողանում դուրս գալ այդ ուժերի հաստատած հազարամյա զանգվածային գիտակցության ճիրաններից, թեև անհավատությունը, տգիտությունն ու դրանցով պայմանավորված վհատությունն արդեն հատել են հնարավոր բոլոր սահմանները:

Այս առումով, «ՀԱՆՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» միջազգային հասարակական Շարժման առաջին համագումարը պատմական կարևոր իրադարձություն էր: Այն պարզորոշ ցույց տվեց, որ ֆիզիկական ոլորտի լուսակիրների փոքրաթիվ ջոկատը վերջապես լրջորեն սկսում է ինքնակազմակերպվել:

Լավ սկիզբը գործի կեսն է:

Թերահավատների համար մեկ անգամ ևս կրկնեմ, որ տիեզերական մեծ ու փոքր բոլորաշրջանների միաժամանակյա և անխուսափելի համընկնման հետ կապված՝ Երկրի մարդկությունն այժմ կանգնած է բեկումնային ընտրության առջև և ազատ կամքի օրենքով պետք է ընտրի կա՛մ նոր Ոսկեդարը, կա՛մ ներկայիս արիական քաղաքակրթության հիմնահատակ կործանումը: Միջին դիրք չկա:

Ճիշտ և աստվածահաճո ընտրություն կատարելու դեպքում Լույսի Ուժերի Հիերարխիայի Վեհապետները և Ուսուցիչները լիակատար իրավունք կստանան գործուն և առարկայական կերպով միջամտելու Երկրի ֆիզիկական ոլորտի բարենորոգման գործին: Միայն այդ դեպքում կվերականգնվի պատմական արդարությունը, և բազմաթիվ այլ բաների շարքում կիրականանա նաև տառապյալ հայ ազգի նվիրական երազանքը՝ պատմական բնօրրանի վերադարձն ու Հայոց հինավուրց թագավորության վերահաստատումը:

Комментариев нет:

Отправить комментарий