пятница, 18 мая 2012 г.

Նոր ժողովածու


Երևանի «Նահապետ» հրատարակչությունն այսօր լույս ընծայեց նվաստիս բանաստեղծությունների 9-րդ ժողովածուն՝ «Խարիսխ ու Խաչ» վերնագրով:
Բանաստեղծական նոր շարքերից բացի, ժողովածուն պարունակում է նաև էպիկական մի պոեմ՝ «Մեծագույն Աղքատը» վերնագրով:

Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջին էջում զետեղված բանաստեղծությունը.

Անձնագրային տվյալներ

Ներկայանամ, որ չմնանք մենք անճանաչ.
Բնակվում եմ գնդի վրա կապտականաչ,
Մուտքից դեպի վերև հաշված երրորդ հարկում,
Արեգակի համակարգի բարձրահարկում:
Վերից գլխիս ջուր ու հուր են հաճախ թափում,
Իսկ ներքևից՝ խրատում են ու սփոփում:
Աշխատում եմ մուտքում որպես հրշեջ-հրձիգ.
Գործս այն է, որ, ելնելով նախկին փորձից,
Պաշտպանեմ իմ դրկիցներին ու ինքս ինձ
Հանկարծահաս հրդեհներից ու խիստ ցրտից:
Անունս՝ Խենթ, երբեմն Խեղճ, երբեմն Խիղճ,
Կարճ ասած՝ Խաչ, եթե միայն ընկալեք ճիշտ:

Հիսուս Քրիստոսի նոր ուղերձները՝ հայերեն


Երկրորդ, լրացված հրատարակություն

Ամփոփում է դեսպանորդ Տ. Ն. Միկուշինայի միջոցով
2005-2010 թթ. փոխանցված Հիսուս Քրիստոսի ուղերձները

Գիրքը կարելի է ձեռք բերել Մաշտոցի պողոտայի «Բուկինիստ» գրախանութից
տպաքանակ - 150, 91 էջ, գինը՝ 1500 դր.

Շապիկի առաջին էջում՝ Վ. Սուրենյանց - «Եկայք առ իս...»

четверг, 17 мая 2012 г.

«Հետո չասե՛ք, թե մենք քնած՝ Դավիթ գող-գող եկավ, գնաց...»


Տերը գիտե, թե որտեղ է
Առողջ Հատիկ ծիլ տվել,
Եվ որտեղ են անպտղաբեր
Չէեր-գէեր հայտնվել:

Բայց, քանի որ հիմա մութ է,
Ինձ լապտեր է դարձնում
Եվ, քանի որ բարեգութ է,
Կարծիքս էլ է հարցնում:

Կարծիքներս զետեղվում են
Նաև այս «Դիմագրքում»,
Ով անխտիր հետևում է՝
ԱնընդՀատ է Երկնքում:

среда, 16 мая 2012 г.

Միսաք Մեծարենց - «Արդի մարդուն հայր մերը»

Միսաք Մեծարենց - «Արդի մարդուն հայր մերը» կամ՝
Ուրախություն անանձնական (mp3)

Երաժշտությունը և կատարումը՝ Խ. Մանասելյանի (ձայնագրությունը կատարված է սովորական համակարգչային միկրոֆոնով, որ լրացուցիչ ծախսեր չպահանջվեն, ուստի որակի համար հայցում եմ ունկնդրի ներողամտությունը. նույնը վերաբերում է նաև այս կայքում զետեղված մյուս հեղինակային երգերին):

вторник, 15 мая 2012 г.

Երկու խոսք Արամ Զ. Սարգսյանի մի հարցազրույցի առիթով

http://www.youtube.com/watch?v=MNQi4BsKuvg&feature=share


Ինձ համար ցավալի էր տեսնել, որ արժանահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որի բարոյական ու մարդկային բարձր արժանիքների մասին որևէ կասկած չունեմ, վճռականորեն է տրամադրված գնալու մի ճանապարհով, որը, ըստ իս, նրան միայն հուսախաբություններ ու դառնություններ է պատճառելու:
Որո՞նք են Ա. Սարգսյանի հիմնական կռվանները:
Ամենաառաջինն այն է, որ մինչև մեր երկրում վերջնականապես չհաղթանակեն ժողովրդավարության արևմտյան պատկերացումներն ու պահանջները, մեր ժողովուրդը չի կարող միաբանվել և հաջողություններ ունենալ հարևանների հետ եղած առճակատման անընդհատ ձգձգվող և լուծում չստացող իրավիճակում: Բայց չէ՞-որ հենց իր եղբայրը հակառակն ապացուցեց իր հիրավի հերոսական գործունեությամբ. նա տոգորեց ազգին հայրենասիրության և հայրենի բնօրրանի գոնե մի փոքր մասը հետ նվաճելու նվիրական գաղափարներով և դրանց հիման վրա էլ համապատասխան քայլեր ձեռնարկելով՝ հասավ անժխտելի և ակնառու հաջողություննների: Չէ՞-որ հենց նա էր տարբեր ամբիոններից անընդհատ կոչ անում հանուն ազգի նվիրական նպատակների հետ կանգնել ներազգային ու կուսակցական անիմաստ գզվռտոցներից...
Հաջորդ կռվանն այն է, որ ժողովրդին պետք է մշտապես ակտիվ վիճակում պահել, հնարավորինս ավելի շատ ցույցեր, երթեր, «հասարակական ընդվզումներ» կազմակերպել, որպեսզի իշխանություններն ու թալանչիները չհամարձակվեն կեղեքել ժողովրդին և ստիպված վերացնեն սոցիալական անարդարություններն ու դրանց ծնող պատճառները: Եվ եթե դրանց արդյունքում մարտի 1-ին նմանվող դեպքեր էլ լինեն, ապա առաջնորդները չպետք է լքեն մարտի դաշտը և մնան ժողովրդի կողքին, մինչև տեսնեն, թե վերջն ինչ է լինում: Է, հետո՞... Ինչքա՞ն կարելի է բորբոքել ժողովրդի կրքերը (ոչ միայն առողջ, ոչ միայն ազգանպաստ) և նորանոր զոհեր տալ՝ որպես դրանց անմիջական և անխուսափելի հետևանք:
Որքան հասկացա նույն հարցազրույցի ամբողջ ընթացքից, եթե որևէ կուսակցություն իրեն ընդդիմադիր է հռչակել «ժողովրդավարական» գործընթացների արդյունքում, ապա այդ կուսակցության առաջնորդները կամ գաղափարախոսները երբևէ չպետք է որևէ հարցում համաձայնության գան իշխանական թևի հետ, քանի դեռ վերջիններս չեն ընդունել իրենց լիակատար պարտությունը կամ «ոչ-լեգիտիմությունը»: Դե, սա արդեն «պայքար, պայքար մինչև վերջն է»՝ մի փոքր այլ բառերով և առանց հստակ նպատակի:
Այսքանով ավարտենք կռվանների հարցի ոչ լրիվ քննարկումը և անդրադառնանք միայն դրանցից մեկին, որն ավելի հիմնարար է և կրում է «ժողովրդավարություն» անունը: Ներկայումս ոչ միայն Ա. Սարգսյանը, այլ նաև մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն անկեղծորեն համոզված են, որ աշխարհիս երեսին ժողովրդավարությունից լավ բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի: Ինքս հաճախ եմ լսել, երբ դրա ջատագովները բանը հենց այսպես են ներկայացնում. «Մենք, իհարկե, գիտենք, որ ժողովրդավարությունն այնքան էլ լավ բան չէ, բայց մարդկությունը դեռևս դրանից ավելի լավ կառավարման համակարգ չի ունեցել և չի հորինել»: Խաբու՜մ եք, պարոնա՛յք: Օրինակ՝ ազգային ընտրանու (կամ արիստոպրատիայի) վրա հենվող միապետությունը (կամ նախագահական կառավարումը) շատ ավելի գերադասելի է պարզության և արդյունավետության առումներով, քան ձեր անհիմն գովերգած և բազմիցս արատավորված «ժողովրդավարությունը», որը մարդկության պատմության ընթացքում երբևէ չի հաջողվել իրականություն դարձնել այնպես, ինչպես այն պատկերացրել են ժամանակակից եվրոպական քաղաքակրթության ակունքներում կանգնած այնպիսի «կարկառուն» ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ժան-Ժակ Ռուսոն, Դենի Դիդրոն, Մոնտեսքյոն և այլոք: Իրականում «ժողովրդավարության» և անսանձ «ազատության» գաղափարները մարդկության տարիքին են և հաճախ արժանացել են մարդկության Մեծ Ուսուցիչների քննադատությանն ու պարսավանքին (տես, օրինակ, Գ. Գյուրջիևի «Ամենն ամենայնիվ» գրքի այն հատվածը որը տեղադրված է սույն կայքում): «Ժողովրդավարության» այն ձևը, որը համառորեն ու հաճկատարորեն փորձում են մեզ հրամցնել արևմտյան տերությունները, ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականում չի կարող որևէ լավ բանի հանգեցնել թեկուզև հենց այն պարզ պատճառով, որ ժողովրդի մաս կազմող առանձին անհատների գիտակցական մակարդակներն իրարից խիստ տարբեր են, և, ցավոք, վերջին մի քանի հազարամյակներում Երկրի վրա ապրող ցանկացած ժողովրդի կազմում գերակշռում են հատկապես ցածր գիտակցական մակարդակ ունեցողները: Մտեք համացանցում գոյություն ունեցող սոցիալական և այլ կայքերը, և դուք կհամոզվեք ասվածի ճշմարտացիության մեջ: Անկախ սեռից ու տարիքից՝ մեծամասնության ուշքն ու միտքը դեռևս կենտրոնացած է կենդանական բնազդների, մասնավորապես, սեքսի և դրա զանազան աննորմալ շեղումների վրա: Եվ դա դեռ մարդկային հասարակության առավել գիտակից հատվածն է համարվում: Բանն այն է, որ թեև մարդկությունը վիթխարի առաջընթաց է ապրել տեխնիկական զանազան միջոցների զարգացման բնագավառում, սակայն Տիեզերքի, Կյանքի և Աստծո հարցերում, որոնք ավելի կարևոր են ու մշտնջենական, ոչ մի քայլ առաջ չի գնացել և դեռևս դոփում է տեղում:
Ներկայիս «ժողովրդավարական» Հունաստանը՝ ձեզ օրինակ:
Լիահույս եմ, որ մեր ազգի իրոք գիտակից հատվածը, որի կազմում տեսնում եմ նաև Արամ Զավենի Սարգսյանին ու շատ շատերին, կեղծ ու անհնարին «ժողովրդավարության» այս վերջին թոհուբոհից ու կատակերգության խաղարկումից հետո ամեն ինչ կձեռնարկի, որ ամենամոտ ժամանակներում բազմափորձ, ստեղծարար, բայց տառապյալ հայ ազգը հանրաքվեի միջոցով նախապատվությունը տա առավել գերադասելի կառավարման ձևին, որպեսզի դրանով բարի նախադեպ ստեղծի մյուս ազգերի համար և, որ ավելի կարևոր է՝ վերջապես կարողանա հասնել իր դարավոր իղձերի իրականացմանն ու նոր զարթոնքին:

понедельник, 14 мая 2012 г.

Սպիտամա Զրադաշտ - Ուղերձ «Հուրն է իմ տարերքը» ժողովածուից

Պատիվ ու գովք ուղղահավատներին...



ԵՍ ԵՄ Զրադաշտը...
Ես այս օրով եկել եմ, որպեսզի ձեր սրտերում հաստատեմ Հուրը...
Ո՜հ, մարդկության հիշողությունը որքա՜ն կարճ է: Երևի համարյա ձեզնից ոչ ոք չի հիշում, որ ես շատ անգամ եմ մարմին առել Երկրի վրա, որպեսզի Երկրի մարդկությանը մատուցեմ իր Աստվածային բնույթի մասին Ուսմունքը: Եվ Հուրն է, որ ամենից ավելի լավ է նշանավորում մարդկանց Աստվածային բնույթը:
Դուք մոռացել եք ձեր Աստվածային ծագման մասին: Ուստի մեզ՝ Մեծ Սպիտակ Եղբայրությանը, վիճակվում է կրկին ու կրկին այցի գալ ձեզ տարբեր դեսպանորդների միջոցով, որպեսզի ձեզ հիշեցնենք ձեր Աստվածայնության մասին:
Ես եղա իմ Ուսուցչի՝ Արամազդի մարգարեն: Հավանաբար հիմա ձեզ ավելի մոտ է իմ Ուսուցչի մի այլ անունը՝ Սանատ Կումարան...
Այո՛, իհարկե, Սանատ Կումարան... Այդ Մեծ Հոգին շատ բան է արել Երկրի մարդկության համար և հիմա էլ շարունակում է իր գործը:
Եվ ձեզնից շատերը, շա՜տ շատերը հիշում են իրենց վաղեմի կապը Սանատ Կումարայի հետ: Դուք հիշում եք այդ կապի մասին, որն առկա է ներքին մակարդակներում և հազիվհազ է դրսևորվում ձեր արտաքին գիտակցության մեջ:
Ո՜վ, Սանատ Կումարայի ուղղահավատներ...
Ո՜վ, Սանատ Կումարայի մաքրակյացներ...
Ձեզնից շատերը հիմա կարդում են իմ այս ուղերձը: Ձեզնից շատերն այժմ մարմնավորվել են մոլորակի վրա, որպեսզի համակշռություն պահպանեն, որպեսզի իրենց մարմիններով անցկացնեն Հուրը՝ Աստվածային Հուրը, որի նշանը ֆիզիկական ոլորտում կրակի բոցն է: Այդ բոցը ձեզ հիշեցնում է ձեր էության մասին. քանզի նուրբ ոլորտից դուք երևում եք հենց կրակի բոցի պես: Եվ ես ուրախ եմ լինում, երբ մոլորակին տիրած խավարում այս ու այնտեղ հանկարծ բռնկվում է Սպասավորության ջահը: Եվ ձեր շուրջը լուսավորվում է Պայծառեցման այն Լույսով, որով լեցուն է ձեր էությունը:
Ես մտաբերում եմ այն հեռավոր ժամանակները, երբ մարդկանց նվաճումները գնահատվում էին ո՛չ քսակի հաստությամբ, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնով: Հիշում եմ այն ժամանակները, երբ մարդիկ աշխարհում ամենից առավել բարձր էին դասում Աստվածային Կրակի ի հայտ գալը մարդու ներսում: Եվ այդ Կրակն անզեն աչքով տեսանելի էր լինում: Հնարավոր չէր լինում ո՛չ թաքցնել սեփական նվաճումները, ո՛չ էլ մարդկանց մոլորեցնել կեղծ ձեռքբերումներով, որովհետև ամեն ինչն ակներև երևում էր: Աստվածային Հուրը միայն աչքերից չէր շողարձակում, այլ բառացիորեն պարուրում էր բոլոր մարմինները՝ ներառյալ նաև ֆիզիկականը:
Դրանք երանավետ, ոչնչի հետ չհամեմատվող ժամանակներ էին: Իսկ Սանատ Կումարան հնարավորություն ուներ տարին մեկ անգամ՝ Հրո տոնի ժամանակ, ներկա գտնվելու մեր մեջ: Եվ բոլորը հնարավորություն էին ստանում տեսնելու Իր պատկերն այն հրի միջով, որով Ինքն իջնում էր:
Որքան մարդ ավելի շատ էր կարողանում մոտենալ Արամազդին և խոնարհվել Իր առաջ, այնքան էլ բարձր էին նրա հոգևոր նվաճումները: Իսկ նրանք, որոնց Աստվածային բանականությունը մթագնված էր, նույնպես փորձում էին մոտենալ, որպեսզի ցուցադրեն Աստվածության հետ իրենց միասնությունը: Սակայն անմիջապես այրվում էին Աստվածային Հրում կամ հեռու էին փախչում խանձված կատուների պես:
Ձեր օրոք այդպես չէ: Դուք պատվում եք ոչ թե բարեմասնությունը, այլ արատը: Եվ չունեք չափանիշ, որով կարողանայիք զանազանել մեկը մյուսից: Ամեն ինչը ձեզ նույնաբար գորշ ու անբարետես է երևում: Սակայն ես պնդում եմ, որ ձեր մեջ կան ուղղահավատներ: Եվ ես դեպի նրանց սրտերն եմ առաքում իմ Հուրը. իսկ այդ ճառագայթը հիմա ունակ է Կրակ վառելու նրանց սրտերի զոհարանի վրա: Եվ մարմրող ճրագներում նորից կբորբոքվի Հուրը:
Ձեր խնդիրն է՝ ետ բերել այն օրհնյալ ժամանակները, երբ Աստվածները կարող էին այցի գալ ձեզ: Թեկուզ կարճատև, թեկուզ տարին մեկ անգամ, բայց այդ դեպքում դուք ի վիճակի կլինեք ողջ տարվա ընթացքում պահպանելու ձեր գիտակցությունը և թույլ չտալու այն պարսավելի անապատացումը, որն այժմ տիրում է ձեր աշխարհում:
Ձեր գիտակցության բոլոր մգլապատ անկյունները, նրա վրա նստած ողջ վաղեմի փոշին անհրաժեշտ է այրել Աստվածային Հրով: Թո՛ղ հրե սալամանդրներն այժմ զբաղվեն Երկիր մոլորակի տարածքի մաքրման գործով: Թո՛ղ Երկիրը ստանա իր մկրտությունը հրով և մաքրազերծվի խավարից ու քայքայումից:
Ես եկել եմ ձեր սրտերում հաստատելու պաշտումը Հրի: Եկել եմ ձեր սրտերում հաստատելու հավատն ու նվիրվածությունը Սանատ Կումարայի նկատմամբ:
Նոր դավանանքներ ի հայտ եկան այն կրոնի փոխարեն, որը ես հաստատեցի և եղա դրա մարգարեն: Իրենց հիմքում այդ նոր դավանանքները ոչնչով չէին հակասում զրադաշտականությանը: Սակայն Հրո դրսևորումը նվազեց: Եվ մարդիկ կորցրին գիտակցության այն բարձր մակարդակը, որի շնորհիվ կարողանում էին Աստվածային Հուր իջեցնել Երկիր մոլորակի համար: Եվ ամեն ինչը ենթակա դարձավ ավելի ու ավելի շատ անապատացման: Իսկ մարդիկ դադարեցին տարբերել Լույսը խավարից:
Ձեր խնդիրն է՝ վերականգնել Հրո անցումը ձեր աշխարհով: Իսկ դա դուք կարող եք անել ձեր չակրաների միջոցով:
Նվիրյալ ու ճշմարիտ Այրե՛ր Սանատ Կումարայի. 144 000 քրիստոս-էակնե՛ր, որ մշտապես գտնվում եք մարմնավորման մեջ և կրում ձեր ծառայությունը. ձեր ժամը հասե՜լ է: Արթնացե՜ք...
Ձեր հերոսական ջանքերի շնորհիվ է, որ այս ողջ ժամանակի ընթացքում մոլորակը հարատևում է: Բայց այժմ հասել է այն պահը, երբ դուք պետք է առաջ անցնեք:
Պատի՜վ ու գովք ուղղահավատներին...
Ձեզ վիճակված է անխոնջ կերպով Աստվածային սկզբունքներ հաստատելու մոլորակի վրա: Գործունեության ամեն մի բնագավառում: Ամեն ինչում...
Եվ ձեր էության խորքից վեր հառնող Աստվածային Հրից խանձված կատուների պես հեռու կփախչեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն մնալ հին գիտակցությանբ, ովքեր կփորձեն պնդել իրենց եսակենտրոնությունն ու վատագույն վարվելակերպերը:
 
Մաքրակյացնե՛ր Սանատ Կումարայի, Ոգու մարտիկնե՛ր, առա՜ջ...
Հիմա ձե՛ր հերթն է...
 
ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ հանուն Երկրի մարդկության Սպասավորության բոցում...

 
Տատյանա Միկուշինա, 6 հունիսի, 2010 թ.
 
Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

Մշուշներ (mp3)

Մշուշներ (mp3)
    (հեղինակային կատարում)