вторник, 15 мая 2012 г.

Երկու խոսք Արամ Զ. Սարգսյանի մի հարցազրույցի առիթով

http://www.youtube.com/watch?v=MNQi4BsKuvg&feature=share


Ինձ համար ցավալի էր տեսնել, որ արժանահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որի բարոյական ու մարդկային բարձր արժանիքների մասին որևէ կասկած չունեմ, վճռականորեն է տրամադրված գնալու մի ճանապարհով, որը, ըստ իս, նրան միայն հուսախաբություններ ու դառնություններ է պատճառելու:
Որո՞նք են Ա. Սարգսյանի հիմնական կռվանները:
Ամենաառաջինն այն է, որ մինչև մեր երկրում վերջնականապես չհաղթանակեն ժողովրդավարության արևմտյան պատկերացումներն ու պահանջները, մեր ժողովուրդը չի կարող միաբանվել և հաջողություններ ունենալ հարևանների հետ եղած առճակատման անընդհատ ձգձգվող և լուծում չստացող իրավիճակում: Բայց չէ՞-որ հենց իր եղբայրը հակառակն ապացուցեց իր հիրավի հերոսական գործունեությամբ. նա տոգորեց ազգին հայրենասիրության և հայրենի բնօրրանի գոնե մի փոքր մասը հետ նվաճելու նվիրական գաղափարներով և դրանց հիման վրա էլ համապատասխան քայլեր ձեռնարկելով՝ հասավ անժխտելի և ակնառու հաջողություննների: Չէ՞-որ հենց նա էր տարբեր ամբիոններից անընդհատ կոչ անում հանուն ազգի նվիրական նպատակների հետ կանգնել ներազգային ու կուսակցական անիմաստ գզվռտոցներից...
Հաջորդ կռվանն այն է, որ ժողովրդին պետք է մշտապես ակտիվ վիճակում պահել, հնարավորինս ավելի շատ ցույցեր, երթեր, «հասարակական ընդվզումներ» կազմակերպել, որպեսզի իշխանություններն ու թալանչիները չհամարձակվեն կեղեքել ժողովրդին և ստիպված վերացնեն սոցիալական անարդարություններն ու դրանց ծնող պատճառները: Եվ եթե դրանց արդյունքում մարտի 1-ին նմանվող դեպքեր էլ լինեն, ապա առաջնորդները չպետք է լքեն մարտի դաշտը և մնան ժողովրդի կողքին, մինչև տեսնեն, թե վերջն ինչ է լինում: Է, հետո՞... Ինչքա՞ն կարելի է բորբոքել ժողովրդի կրքերը (ոչ միայն առողջ, ոչ միայն ազգանպաստ) և նորանոր զոհեր տալ՝ որպես դրանց անմիջական և անխուսափելի հետևանք:
Որքան հասկացա նույն հարցազրույցի ամբողջ ընթացքից, եթե որևէ կուսակցություն իրեն ընդդիմադիր է հռչակել «ժողովրդավարական» գործընթացների արդյունքում, ապա այդ կուսակցության առաջնորդները կամ գաղափարախոսները երբևէ չպետք է որևէ հարցում համաձայնության գան իշխանական թևի հետ, քանի դեռ վերջիններս չեն ընդունել իրենց լիակատար պարտությունը կամ «ոչ-լեգիտիմությունը»: Դե, սա արդեն «պայքար, պայքար մինչև վերջն է»՝ մի փոքր այլ բառերով և առանց հստակ նպատակի:
Այսքանով ավարտենք կռվանների հարցի ոչ լրիվ քննարկումը և անդրադառնանք միայն դրանցից մեկին, որն ավելի հիմնարար է և կրում է «ժողովրդավարություն» անունը: Ներկայումս ոչ միայն Ա. Սարգսյանը, այլ նաև մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն անկեղծորեն համոզված են, որ աշխարհիս երեսին ժողովրդավարությունից լավ բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի: Ինքս հաճախ եմ լսել, երբ դրա ջատագովները բանը հենց այսպես են ներկայացնում. «Մենք, իհարկե, գիտենք, որ ժողովրդավարությունն այնքան էլ լավ բան չէ, բայց մարդկությունը դեռևս դրանից ավելի լավ կառավարման համակարգ չի ունեցել և չի հորինել»: Խաբու՜մ եք, պարոնա՛յք: Օրինակ՝ ազգային ընտրանու (կամ արիստոպրատիայի) վրա հենվող միապետությունը (կամ նախագահական կառավարումը) շատ ավելի գերադասելի է պարզության և արդյունավետության առումներով, քան ձեր անհիմն գովերգած և բազմիցս արատավորված «ժողովրդավարությունը», որը մարդկության պատմության ընթացքում երբևէ չի հաջողվել իրականություն դարձնել այնպես, ինչպես այն պատկերացրել են ժամանակակից եվրոպական քաղաքակրթության ակունքներում կանգնած այնպիսի «կարկառուն» ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ժան-Ժակ Ռուսոն, Դենի Դիդրոն, Մոնտեսքյոն և այլոք: Իրականում «ժողովրդավարության» և անսանձ «ազատության» գաղափարները մարդկության տարիքին են և հաճախ արժանացել են մարդկության Մեծ Ուսուցիչների քննադատությանն ու պարսավանքին (տես, օրինակ, Գ. Գյուրջիևի «Ամենն ամենայնիվ» գրքի այն հատվածը որը տեղադրված է սույն կայքում): «Ժողովրդավարության» այն ձևը, որը համառորեն ու հաճկատարորեն փորձում են մեզ հրամցնել արևմտյան տերությունները, ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականում չի կարող որևէ լավ բանի հանգեցնել թեկուզև հենց այն պարզ պատճառով, որ ժողովրդի մաս կազմող առանձին անհատների գիտակցական մակարդակներն իրարից խիստ տարբեր են, և, ցավոք, վերջին մի քանի հազարամյակներում Երկրի վրա ապրող ցանկացած ժողովրդի կազմում գերակշռում են հատկապես ցածր գիտակցական մակարդակ ունեցողները: Մտեք համացանցում գոյություն ունեցող սոցիալական և այլ կայքերը, և դուք կհամոզվեք ասվածի ճշմարտացիության մեջ: Անկախ սեռից ու տարիքից՝ մեծամասնության ուշքն ու միտքը դեռևս կենտրոնացած է կենդանական բնազդների, մասնավորապես, սեքսի և դրա զանազան աննորմալ շեղումների վրա: Եվ դա դեռ մարդկային հասարակության առավել գիտակից հատվածն է համարվում: Բանն այն է, որ թեև մարդկությունը վիթխարի առաջընթաց է ապրել տեխնիկական զանազան միջոցների զարգացման բնագավառում, սակայն Տիեզերքի, Կյանքի և Աստծո հարցերում, որոնք ավելի կարևոր են ու մշտնջենական, ոչ մի քայլ առաջ չի գնացել և դեռևս դոփում է տեղում:
Ներկայիս «ժողովրդավարական» Հունաստանը՝ ձեզ օրինակ:
Լիահույս եմ, որ մեր ազգի իրոք գիտակից հատվածը, որի կազմում տեսնում եմ նաև Արամ Զավենի Սարգսյանին ու շատ շատերին, կեղծ ու անհնարին «ժողովրդավարության» այս վերջին թոհուբոհից ու կատակերգության խաղարկումից հետո ամեն ինչ կձեռնարկի, որ ամենամոտ ժամանակներում բազմափորձ, ստեղծարար, բայց տառապյալ հայ ազգը հանրաքվեի միջոցով նախապատվությունը տա առավել գերադասելի կառավարման ձևին, որպեսզի դրանով բարի նախադեպ ստեղծի մյուս ազգերի համար և, որ ավելի կարևոր է՝ վերջապես կարողանա հասնել իր դարավոր իղձերի իրականացմանն ու նոր զարթոնքին:

Комментариев нет:

Отправить комментарий