вторник, 8 мая 2012 г.

Գ. Գյուրջիև - «Ամենն ամենայնիվ», Գիրք Ա, գլուխ ԻԸ

(հատված)


...Երբ այդ հետագայում մեծանուն դարձած գիտուն էակն այնտեղ հասավ  պատասխանատու էակի տարիքի, թեև իսկապես տիրապետում էր մեծ քանակի տեղեկությունների կամ, ինչպես այնտեղ են ասում՝ «գիտելիքների», այնուհանդերձ բացարձակապես օժտված չէր այդ ձեռք բերված տեղեկություններին կամ գիտելիքներին համապատասխանող Լինելիությամբ:
Եվ ահա, երբ հիշյալ «պապայի ու մամայի սիրելին» այնտեղ դարձավ նոր տեսակի գիտուն էակ, ապա, քանի որ մի կողմից՝ նրա ներկայությունն օժտված չէր որևէ Լինելիությամբ, և մյուս կողմից՝ արդեն այդ ժամանակ նրանում հիմնովին բյուրեղացել էին Կունդաբուֆեր օրգանի հատկությունների այնպիսի հետևանքներ, որոնք այնտեղ գոյություն ունեն «փառամոլություն», «եսամոլություն», «մեծամտություն» և այլ անուններով, նա փառասիրաբար կամեցավ մեծ գիտնականի համբավ վայելել ոչ միայն Նիեվիայի, այլ նաև  ամբողջ մոլորակի մակերևույթի վրա եղած էակների կողմից:
Ուստիև իր ողջ էությամբ նա երազում ու մտմտում էր, թե ինչպես հասնի այդ նպատակին:
Բազում օրերի ընթացքում լրջորեն մտորելուց հետո նա վերջապես որոշեց նախ տեսություն հորինել մի այնպիսի թեմայի շուրջ, որին իրենից առաջ դեռևս ոչ ոք չի անդրադարձել, և երկրորդ՝ իր հորինվածքը գրառել մի այնպիսի կաշիրայթլերի վրա, որի նմանը երբեք չի եղել և երբեք չի կարող լինել նաև ապագայում:
Եվ այդ օրվանից նա սկսեց նախապատրատվել իր այդ որոշման իրականացմանը:
Սկզբում նա իր բազմաթիվ ստրուկների օգնությամբ ստեղծեց մի կաշիրայթլեր, որի նմանը  նախկինում երբեք չէր եղել:
Այդ ժամանակահատվածում Երկրի վրա կաշիրայթլերներ սովորաբար պատրաստում էին «գոմեշ» կոչվող չորքոտանի կենդանու կաշվի որևէ մասից, իսկ Լենտրոհամսանինը իր կաշիրայթլերը պատրաստեց՝ հարյուր գոմեշի կաշի իրար միացնելով:
Այդ կաշիրայթլերները հետագայում փոխարինվեցին, այսպես կոչված, «մագաղաթներով»:
Եվ այսպես, երբ այդ աննախադեպ կաշիրայթլերն արդեն պատրաստ էր, հետագայում մեծանուն Լենտրոհամսանինը դրա վրա գրառեց իր հորինվածքը, որի թեման այնպիսին էր, որ այն քննարկելու միտքը, իրոք, երբեք չէր ծագել որևէ մեկի գլխում, և, ընդհանրապես ասած, երբևէ այն քննարկելու որևէ հիմք չէր եղել:
Իր այդ իմաստակություններում նա ամեն կերպ քննադատում էր համատեղ գոյատևման այն ժամանակ գոյություն ունեցող կարգերը:
Նրա այդ կաշիրայթլերի գրառումները սկսվում էին այսպես.
 «Մարդու համար մեծագույն երջանկությունն այն է, որ նա կախում չունենա ոչ մի ուրիշ անձից և ազատ լինի որևէ ուրիշ մեկի ազդեցությունից՝ ով էլ որ նա լինի...»
Երբևէ ես քեզ կբացատրեմ, թե քո սիրելիները՝ այդ արտառոց եռուղեղ էակները, այնտեղ՝ Երկիր մոլորակի վրա, ընդհանրապես ինչպես են հասկանում ազատություն ասածը:
Այդ հետագայում Համաշխարհային Տհասնամուս դարձած Լենտրոհամսանինն այնուհետև գրում էր.
«Անկասկած է, որ կյանքը ներկայիս պետական կառույցի ներքո անհամեմատ ավելի լավ է ընթանում, քան նախկին ժամանակներում, բայց ու՞ր է այն իսկական ազատությունը, որից պետք է կախված լինի մեր երջանկությունը:
Արդյո՞ք մենք ավելի քիչ ենք աշխատում ու չարչարվում, քան դա եղել է նախկին պետական կառույցների օրոք:
Արդյո՞ք մենք կրկին քրտնաթոր չենք չարչարվում, որպեսզի ստանանք մեր ապրուստի համար անհրաժեշտ գարին, որպեսզի սովից չսատկենք շղթայակապ շների պես:
Մեր գլխավորները, կառավարիչներն ու խորհրդականները մշտապես մեզ ասում են ինչ-որ ուրիշ աշխարհի մասին, որն, իբր, անհամեմատ ավելի լավն է, քան այստեղ՝ Երկրի վրա եղածը, և որ բոլոր առումներով այնտեղի կյանքը երանելի է այն հոգիների համար, որոնք այստեղ՝ Երկրի վրա, արժանավայել են ապրել:
Արդյո՞ք մենք հիմա այստեղ «արժանավայել» չենք ապրում:
Արդյո՞ք մենք անընդհատ քրտնաթոր չենք չարչարվում մեր հանապազօրյա հացի համար:
Եթե այն ամենը, ինչ ասում են մեր գլխավորներն ու խորհրդականները, ճշմարտություն է, և իրենց կյանքն այստեղ՝ Երկրի վրա, իսկապես համապատասխանում է այն ամենին, ինչ իրենց հոգիներից պահանջվում է այն մյուս աշխարհի համար, ապա, իհարկե, Աստված պետք է, նույնիսկ պարտավոր է և ա՛յս աշխարհում նրանց ավելի շատ հնարավորություններ շնորհել, քան մեզ՝ հասարակ մահկանացուներիս:
  Եթե այն ամենը, ինչ ասում են և ջանում համոզել մեզ մեր գլխավորներն ու խորհրդականները, իրոք ճշմարտություն է, ապա թող մեզ՝ հասարակ մահկանացուներիս, դա ապացուցեն փաստերի միջոցով:
Թող մեզ ապացուցեն, օրինակ, որ մի բուռ սովորական ավազը կարող են հացի վերածել, այն ավազը, որի միջից մենք մեր չարչարանքով մեր հանապազօրյա հացն ենք քամում:
Եթե մեր գլխավորներն ու խորհրդականները կարողանան դա անել, ապա ես առաջինը կվազեմ, կչոքեմ նրանց առաջ և կհամբուրեմ նրանց ոտքերը:
Բայց, քանի որ դա այդպես չէ, ապա մենք ինքներս պետք է պայքարենք, և մենք ինքներս պետք է ձգտենք մեր իսկական ազատությանն ու մեր իսկական երջանկությանը, ինչպես նաև պետք է ձգտենք ազատել ինքներս մեզ քրտնաթոր չարչարվելու անհրաժեշտությունից:
Ճիշտ է, տարվա մեջ ութ ամիս մենք հիմա առանց աշխատելու ստանում ենք մեր հանապազօրյա հացը, սակայն որքա՜ն ենք չարչարվում ամառվա չորս ամիսների ընթացքում, որպեսզի ստանանք մեզ անհրաժեշտ գարին:
Միայն նա, ով ցանում ու հնձում է այդ գարին, իրապես գիտի, թե ինչպիսի՜ ծանր աշխատանք է դա:
Ճիշտ է, տարվա մեջ ութ ամիս մենք ազատ ենք լինում, բայց՝ միայն ֆիզիկական աշխատանքից, և հանուն դրա, մեր գիտակցությունը՝ մեր ամենաթանկ ու բարձրագույն մասն օր ու գիշեր պետք է ստրկացված մնա այդ պատրանքային գաղափարներին, որոնք անընդհատ մեր գլուխներն են խցկում մեր գլխավորներն ու խորհրդականները:
Բավակա՜ն է այլևս: մենք ինքներս, առանց ներկայիս գլխավորների ու խորհրդականների, որոնք այդպիսին են դարձել առանց մեր կամքը հարցնելու, պետք է ձգտենք մեր իսկական ազատությանն ու մեր իսկական երջանկությանը:
Եվ մենք կարող ենք հասնել մեր իսկական ազատությանն ու երջանկությանը, եթե գործենք համատեղ՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Սակայն դրա համար մենք նախ պետք է կործանենք ամբողջ հինը: Եվ մենք պետք է դա անենք, որպեսզի տեղ ազատվի նոր կյանքի համար, որը մենք ինքներս կստեղծենք և որը մեզ կտա իսկական ազատություն և իսկական երջանկություն:
Կորչի՛ ուրիշներից կախվածությունը:
Մենք ինքներս մեր տերը կլինենք, այլ ոչ նրանք, որոնք հիմա տնօրինում են մեր կյանքը՝ դա անելով առանց մեր գիտության ու համաձայնության:
Մեր կյանքը պետք է կառավարեն ու ղեկավարեն նրանք, որոնց մենք ինքներս կընտրենք հենց մեր միջից. կընտրենք նրանց, որոնք հենց իրենք են ստեղծում իրենց հանապազօրյա հացը:
Այդ նոր ղեկավարներին ու խորհրդականներին մենք կընտրենք իրավահավասարության հիման վրա՝ անկախ սեռից ու տարիքից, և դա կանենք համընդհանուր, հավասար, ուղիղ և թափանցիկ ընտրություններով»:
Ահա այդպես էին ավարտվում այդ նշանավոր կաշիրայթլերի գրառումները:
Երբ այդ հետագայում Համաշխարհային Տհասնամուս դարձած Լենտրոհամսանինն ավարտեց իր կաշիրայթլերը գրելու գործը, որն իրոք աննախադեպ էր այնտեղ, դրանից հետո մեծ ու ճոխ մի ճաշկերույթ կազմակերպեց, որին հրավիրեց մասնակցելու ամբողջ Նիեվիայի բոլոր գիտուն էակներին՝ հոգալով բոլորի ճանապարհածախսերը: Եվ այդ ճաշկերույթի ավարտին նա բոլորին ներկայացրեց իր կաշիրայթլերը:
Երբ Նիեվիայի բոլոր ծայրերից եկած և այդ ձրի խնջույքին մասնակցած գիտուն էակները տեսան այդ իրոք աննախադեպ կաշիրայթլերը, սկզբում այնպես զարմացան, որ, ինչպես այնտեղ է ասվում, «քար կտրեցին», և միայն որոշ ժամանակ անցնելուց հետո աստիճանաբար սկսեցին տարակուսանքով զննել այն ու շշուկով կարծիքներ փոխանակել:
Հիմնականում նրանք հարցնում էին մեկմեկու, թե ինչպե՞ս է եղել, որ ոչ մի նիեվիացի գիտուն կամ շարքային էակ մինչև հիմա չի իմացել և գլխի չի ընկել, որ իրենց սեփական երկրում կա այսպիսի գիտելիքների տիրապետող գիտուն էակ:
Հանկարծ նրանցից մեկը՝ ամենածերը, որն ամենահռչակավորն էր, մանչուկի պես թռավ սեղանի վրա և բարձր ձայնով ու այնպիսի առոգանությամբ, ինչպիսին վաղուց բնորոշ էր դարձել այնտեղի նոր տեսակի գիտուն էակներին՝ հասնելով ընդհուպ մինչև նրանց ժամանակակից ներկայացուցիչներին, արտաբերեց հետևյալը.
– Լսեցե՛ք և բոլորդ իմացե՛ք, որ այստեղ հավաքված երկրային էակների ներկայացուցիչներս, որ մեր մեծ գիտունության շնորհիվ արդեն դարձել ենք ինքնուրույն անհատականություններ, այսօր բախտ ունենք մեր սեփական աչքերով տեսնելու անմահ ստեղծագործությունն Աստվածային Մեսիայի, որը Վերևից առաքվել է, որպեսզի մեզ համար բացահայտի Համաշխարհային ճշմարտություններ:
Դրանից հետո սկիզբ առավ այն սովորական ու չարաղետ, այսպես ասած, «փոխգովերգումը», որը վաղուց է, ինչ գործածում են այնտեղի նոր տեսակի գիտուն էակները, և գլխավորապես որի պատճառով պատահաբար նրանց հասած ոչ մի ճշմարիտ գիտելիք այնտեղ հետագա զարգացում չի ստանում, ինչպես դա լինում է Տիեզերքի բոլոր մյուս վայրերում, թեկուզ հենց պարզապես ժամանակի ընթացքից կախված. ընդհակառակը՝ նույնիսկ մեկ անգամ արդեն ձեռք բերված գիտելիքը ոչնչացվում է, իսկ այն ձեռք բերողներն ավելի ու ավելի են մանրանում:
Այնուհետև մյուս գիտուն էակներն էլ սկսեցին ճչալ ու հրմշտել իրար, որպեսզի հնարավորին չափ մոտենան Լենտրոհամսանինին. ապա ճոխ խոսքերով դիմում էին նրան` որպես իրենց «երկար սպասված Մեսիային»՝ երեսներին տալով «մեծագույն երանության» արտահայտություն:
Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այն պատճառը, որից դրդված բոլոր մյուս գիտուն էակներն այդպես զմայլվել էին և ազատորեն զեղում էին իրենց, այսպես ասած, «գիտուն գովասանքները», բխում էր այն չափազանց արտառոց համոզմունքից, որը քո սիրելիների հոգեկառույցներում ձևավորվել էր, ինչպես միշտ, սովորական լինելիական գոյատևման աննորմալ պայմանների հետևանքով, և համաձայն որի՝ եթե որևէ մեկը դառնում է արդեն հայտնի ու պատվարժան դարձած էակի հետևորդ, ապա դրանով իսկ մյուս էակների աչքին ինքն էլ է դառնում նույնքան հայտնի ու պատվարժան:
Ուստիև, քանի որ Լենտրոհամսանինը շատ հարուստ էր և, որ նույնպես կարևոր է, արդեն շատ հայտնի էր դարձել, ապա Նիեվիայի այն ժամանակվա բոլոր մյուս գիտուն էակները շտապեցին նրա նկատմամբ տրամադրվել բարյացակամորեն:
Եվ ահա, տղա՛ս, երբ հիշյալ ճաշկերույթից հետո Նիեվիայի գիտուն էակները ցրվեցին իրենց տները, անմիջապես սկսեցին, առաջին հերթին՝ նախ իրենց հարևաններին, ապա և ավելի լայն շրջապատում պատմել իրենց տեսած կաշիրայթլերի մասին, և երկրորդ հերթին՝ փրփուրը բերաններին սկսեցին բոլորին համոզել այն «հայտնությունների» ճշմարտացիությունը, որոնք այդ մեծն Լենտրոհամսանինը գրի էր առել իր կաշիրայթլերի վրա:
Այդ ամենի արդյունքում ինչպես Կրոնփոխան քաղաքի, այնպես էլ Նիեվիա երկրի բոլոր մյուս մասերի սովորական էակները խոսում էին միայն այդ «հայտնությունների» մասին:
Ապա աստիճանաբար, ինչպես սովորաբար այնտեղ լինում է, համարյա ամեն տեղ բաժանվեցին երկու փոխընդդիմադիր կուսակցությունների, որոնցից մեկը պաշտպանում էր այդ հետագայում Համաշխարհային Տհասնամուս դարձածի հորինվածքը, իսկ մյուսը՝ արդեն հաստատված ու դեռևս շարունակվող լինելիական գոյատևման ձևը:
Այդպես շարունակվեց համարյա մի ամբողջ երկրային տարի, որի ընթացքում հակառակորդ կուսակցությունների շարքերն ամենուրեք աճեցին, և նրանց միջև ուժեղացավ իրենց յուրահատուկ հատկանիշներից մեկը, որն «ատելություն» է կոչվում. և հենց դրա պատճառով էլ մի տխուր օր Կրոնփոխան քաղաքի երկու հիշյալ փոխընդդիմադիր ուղղություններին հարող էակների միջև հանկարծակի ծայր առավ այն ահավոր գործընթացը, որն իրենք «քաղաքացիական պատերազմ» են կոչում:
«Քաղաքացիական պատերազմը» նույն «պատերազմն» է՝ միայն այն տարբերությամբ, որ սովորական պատերազմի ժամանակ մի հանրությանը պատկանող էակները կոտորում են մի ուրիշ հանրությանը պատկանող էակների, մինչդեռ քաղաքացիական պատերազմի ժամանակ փոխադարձ ոչնչացման գործընթացը տեղի է ունենում միևնույն հանրությանը պատկանող էակների միջև. այսպես օրինակ՝  եղբայրը սպանում է եղբորը, հայրը՝ որդուն, քեռին՝ քեռորդուն և այլն, և այլն:
Ամենասկզբում՝ առաջին չորս օրերի ընթացքում, երբ այդ ահավոր գործընթացը Կրոնփոխանում հասել էր իր գագաթնակետին, և Նիեվիա երկրի մնացած վայրերի էակների ուշադրությունը կենտրոնացած էր մայրաքաղաքի վրա, մյուս քաղաքներում համեմատաբար խաղաղ էր, եթե չհաշվենք այն, որ որոշ տեղերում ոչ մեծ, այսպես կոչված, «բախումներ» եղան: Իսկ երբ չորրորդ օրվանից հետո Կրոնփոխանում հաղթեցին նրանք, ովքեր Լենտրոհամսանինի հորինվածքի, այսինքն՝ գիտուն էակների կողմնակիցներն էին, ապա այդ գործընթացը տարածվեց նաև Նիեվիայի տարածքում գտնվող բոլոր մանր ու մեծ բնակավայրերում:
Այդ լայնորեն տարածվող ահավոր գործընթացը շարունակվեց այնքան, մինչև գիտուն էակներից կազմված «ավազակախմբեր» ստեղծվեցին, որոնք, ինչպես ասում են, «ոտքերի տակ ամուր հող զգալով»՝ մնացած էակներին ստիպում էին ընդունել Լենտրոհամսանինի գաղափարները, և անհապաղ ամեն ինչ ոչնչացնում էին. ահա այդ ժամանակից սկսած՝ Նիեվիայի բոլոր եռուղեղ էակները դարձան Լենտրոհամսանինի հորինվածքի հետևորդները, որից հետո այդ հանրությունում հաստատվեց հատուկ, այսպես կոչված, «Հանրապետություն»:
Մի փոքր ավելի ուշ Նիեվիայի հանրությունը, որն այն ժամանակ մեծ ու, ինչպես ասում են, «հզոր» էր, սկսեց «պատերազմել»,  ինչպես այնտեղ կրկին հաճախ է պատահում, հարևան հանրությունների հետ, որպեսզի դրանցում նույնպես հաստատվեն նոր տիպի պետական կառույցներ:
Ահա այդ ժամանակվանից սկսած, զավա՛կս, քո այդ մոլորակի ամենամեծ աշխարհամասում այդ տարօրինակ եռուղեղ էակների միջև տեղի ունեցող փոխադարձ ոչնչացման գործընթացները սկսեցին տեղի ունենալ առաջվա պես, և միաժամանակ աստիճանաբար փոփոխության ենթարկվեցին և, վերջիվերջո, ոչնչացվեցին նրանց սովորական գոյատևման այն զանազան օգտավետ ձևերը, որոնք արդեն հաստատվել էին՝ շնորհիվ ներկայումս Գերսրբազնագույն Աշիաթա Շիեմաշի հեռատես Բանականության:
Այդ գործընթացից հետո քո այդ մոլորակի մակերևույթի վրա սկսեցին կազմավորվել բազմաթիվ զանազան ու առանձին հանրություններ՝ հնարավոր ամեն տեսակի «ներքին պետական կառույցներով», միայն այն բանի համար, որ ոչնչացվեն ու իրենց տեղը զիջեն ուրիշներին:
Թեև ներկայումս Համաշխարհային Տհասնամուս դարձած Լենտրոհամսանինի այդ չարանենգ հորինվածքի անմիջական հետևանքն այն եղավ, որ քո սիրելիների մոտ նորից վերածնվեց առանձին տարբեր հանրություններով գոյատևելու ավանդույթը, և նրանք նորից սկսեցին պարբերաբար իրար ոչնչացնել, այնուամենայնիվ Ասիա աշխարհամասում նոր կազմավորված այդ անկախ հանրություններից շատերում ապրող էակների մոտ դեռևս շարունակվում էին սովորական գոյատևման շատ ավանդույթներ, որոնք անսովոր իմաստությամբ նախատեսել էր Սրբազնագույն Աշիաթա Շիեմաշը, և որոնք արդեն միահյուսվել էին նրանց ինքնաբերաբար ընթացող առօրեական գոյատևման գործընթացի հետ:
Իսկ որոշ հանրություններում դեռևս պահպանվող հիշյալ ավանդույթների ու սովորույթների վերջնական կործանման մեղավորները եղան այն գիտուն էակները, որոնք, ինչպես արդեն պատմել եմ, հավաքվել էին Բաբելոն քաղաքում:
Եվ այն ժամանակվա նրանց մեղավորությունը հետևյալն է. երբ անդրշիրիմյան աշխարհի հարցի կապակցությամբ նրանք հավաքվել էին այդտեղ և բոլոր գիտուն էակների համար «համամոլորակային համաժողով» էին կազմակերպել, իրենց սեփական կամքով Բաբելոն ժամանած գիտուն էակների մեջ կար մեկը, որը, լինելով Լենտրոհամսանինի ծոռը, նույնպես գիտուն էակ էր դարձել:
Եվ սա իր հետ Բաբելոն էր բերել հիշյալ կաշիրայթլերի ճշգրիտ պատճենը, որն այս անգամ գրի էր առնված պապիրուսի վրա: Բնագիրը նա ժառանգություն էր ստացել իր նախապապից: Եվ ահա, երբ «հոգու հարցին» վերբերող «խելահեղությունները» հասել էին իրենց գագաթնակետին, գիտուն էակների վերջին ընդհանուր ժողովներից մեկի ժամանակ նա բարձրաձայն կարդաց իր նախապապի չարանենգ հորինվածքի բովանդակությունը. դրանից հետո եղավ հենց այնպես, ինչպես սովորաբար լինում է այդ մոլորակի «վայ-գիտնականների» հետ՝ իրենց Բանականության տարօրինակության պատճառով. այն է՝ նրանք իրենց հետաքրքրած մի հարցից անմիջապես անցնում են մի ուրիշին. տվյալ դեպքում նրանք «հոգու հարցից» անմիջապես անցան «քաղաքականությանը»:
Դրանից հետո Բաբելոն քաղաքում կրկին ամենուրեք ծայր առան հավաքներն ու քննարկումները, որոնք այս անգամ վերաբերում էին զանազան տեսակի պետական կառույցներին, որոնք կա՛մ արդեն գոյություն ունեին, կա՛մ էլ, իրենց կարծիքով, հարկավոր է ստեղծել:
Իրենց քննարկումների ընթացքում նրանք, իհարկե, հենվում էին Լենտրոհամսանինի հիշյալ հորինվածքի «ճշմարտությունների» վրա, որոնք հիմա արդեն գրառված էին պապիրուսի վրա, որն իրենց էր հասցրել հենց իր՝ Լենտրոհամսանինի ծոռը, և որի պատճենն իրենց գրպանում ունեին Բաբելոնում գտնվող համարյա բոլոր գիտուն էակները:
Մի քանի ամիս նրանք քննարկեցին ու վիճաբանեցին, և դրա արդյունքում այս անգամ «պառակտվեցին» երկու կուսակցության. այսինքն՝ Բաբելոն քաղաքում այդ ժամանակ  եղած բոլոր գիտուն էակները բաժանվեցին երկու առանձին «բաժանմունքների», որոնք կոչվեցին հետևյալ անուններով՝
առաջին բաժանմունք - «Նեոմիտքականներ»,
երկրորդ բաժանմունք - «Պալեոմիտքականներ»:
Գիտուն էակների այդ երկու բաժանմունքներից ամեն մեկն իր համախոհները գտավ Բաբելոն քաղաքի սովորական էակների շարքերում, և անկասկած, բանը կրկին կհասներ քաղաքացիական պատերազմին, եթե պարսից արքան, այդ ամենի մասին լսելուց հետո, «չբամփեր» նրանց «գիտուն գլուխներին»:
Նա մահապատժի ենթարկեց գիտուն էակներից մի քանիսին, մի քանիսին նետեց ոջլոտ բանտերը, երրորդներին էլ ուղարկեց այնպիսի վայրեր, որտեղ նույնիսկ հիմա, ինչպես կասեր Մոլլա Նասրեդինը, հնարավոր չէ «ֆրանսիական շամպայն» ճարել: Միայն մի քանի գիտուն էակի, որոնց վերաբերյալ նույնպես հստակ վկայություններ կային, որ խառն են եղել այդ գործին, միայն նրանց «խելագարության» հագամանքը հաշվի առնելով, արքան թույլ տվեց վերադառնալ իրենց երկրները. իսկ նրանց, որոնք իրոք ոչ մի մասնակցություն չէին ունեցել հիշյալ «քաղաքական գործերին», արքան ոչ միայն թույլ տվեց, որ ազատ վերադառնան իրենց երկրները, այլ նաև հրաման տվեց, որ նրանց ճանապարհեն դեպի իրենց հայրենիքները՝ զանազան պատիվներ տալով:
Այսպիսով, զավա՛կս, բաբելոնյան այն գիտուն էակները, որոնք տարբեր պատճառներով ողջ մնացին ու ցրիվ եկան համարյա ամբողջ մոլորակով մեկ, իներցիայով շարունակեցին իրենց իմաստակությունները, որոնց համար որպես հիմք էին վերցնում, իհարկե, ոչ թե գիտակցաբար, այլ ուղղակի մեքենայաբար, նույն այն երկու գլխավոր հարցերը, որոնք ծագել ու «օրախնդիր» էին դարձել հիշյալ բաբելոնյան իրադարձությունների ընթացքում, այսինքն՝ մարդկանց «հոգիներին» և «ներհասարակական կառույցներին» վերաբերվող նշանավոր հարցերը:
Այդ իմաստակությունների արդյունքում ամբողջ Ասիա աշխարհամասում տարբեր հանրություններում կրկին բռնկվեցին քաղաքացիական պատերազմներ և տարբեր հանրությունների միջև փոխադարձ ոչնչացման գործընթացներ:
Նման եղանակով Սրբազնագույն Աշիաթա Շիեմաշի գիտակցական աշխատանքների մնացյալ արդյունքների ոչնչացման գործն Ասիայում շարունակվեց մոտավորապես մեկուկես հարյուրամյակ. այնուամենայնիվ որոշ տեղերում պահպանվել էին և նույնիսկ իներցիայով իրականցվում էին որոշ կենսակերպեր, որոնք Աշիաթա Շիեմաշը հիմնել էր հանուն այդ էակների լինելիական գոյատևման բարօրության:
Բայց երբ Եվրոպա կոչվող հարևան աշխարհամասում սկզբնավորվող ու գոյատևող եռուղեղ էակները սկսեցին մասնակցել ասիական պատերազմներին, և երբ այդ աշխարհամասից նրանց հրոսակախմբերը գերփառասեր հույն Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ արշավեցին համարյա ամբողջ Ասիա աշխարհամասի վրայով, ապա նրանք, ինչպես ասում են, «իսպառ մաքրեցին» այդ չարաբաստիկ մոլորակի վրայից այն ամենը, ինչ այնտեղ հաստատվել էր ու դեռևս պահպանվում ու շարունակվում էր. այնքան մաքուր «ավլեցին», որ հիշողության նշույլ անգամ չմնաց այն մասին, որ իրենց մոլորակի մակերևույթի վրա երբևէ գոյություն է ունեցել այնպիսի մի «բարեշնորհանք», որը հատուկ մտադրությամբ իրենց գոյատևման համար շնորհել էր այնպիսի Բանականության տեր մեկը, որը ներկայումս Գերսրբազնագույն Համատիեզերական Անհատականություններից մեկն է, որոնց կարծիքն առանց հարցնելու՝ նույնիսկ մեր Ամենագո Համընդհանուր Հայրը ոչինչ չի ձեռնարկում:
Իսկ հիմա, տղա՛ս, այդ Լենտրոհամսանինին վերաբերող իմ զրույցից հետո, որի շնորհիվ դու որոշակի չափով սեղմագրված նկարագրություն ստացար այն հետևանքների վերաբերյալ, որոնք հետագա սերունդներին բաժին են հասնում Երկիր մոլորակի եռուղեղ էակների շարքերում եղած և Հավերժ Տհասնամուսական Անհատականության այդպիսի տիպական ներկայացուցիչի գործունեությունից, լիովին տեղին կլինի, եթե, իմ խոստմանը համաձայն, մի փոքր ավելի մանրամասնորեն քեզ բացատրեմ «տհասնամուս» բառի իմաստը:
Ընդհանրապես, «տհասնամուս» բառով անվանում և բնորոշում են այն անկախ անհատներին, որոնց «անհատական ազդակների» մեջ առաջանում է որոշակի «ինչ-որ բան», որը, անկախ անհատների, այսպես կոչված, «ավարտուն կազմվածքի» բաղադրիչ մասն է դառնում եռուղեղ էակների ներկայություններում, ինչպես այն դեպքում, երբ  նրանց հանդերձավորումն իր մեջ ներառում է հնարավոր հանդերձներից ամենաբարձրը, այնպես էլ այն դեպքում, երբ նրանց հանդերձավորումը բաղկացած է լինում միայն մոլորակային մարմնից:
Այդ առանձին տիեզերական անհատների ներսում այդ «ինչ-որ բանը» ծագում և նյութափոխանակության ընթացքում միախառնվում է այն բյուրեղացումների հետ, որոնք առաջանում են, այսպես կոչված, «նալուոսային[1] ազդակների» ամբողջ «սպեկտրի» ազդեցությամբ:
Այդ «նալուոսային ազդակների սպեկտրը», սրբազան Յոթնապարապարշինող գլխավոր տիեզերական օրենքի հիման վրա և «ընկալումների գրգռումների» ու «արդյունարար դրսևորումների» նկատմամբ ունեցած իր էության աղբյուրի վերաբերմունքին համապատասխան՝ բաղկացած է լինում յոթ տարբեր ասպեկտներից:
Ամբողջ «սպեկտրի» այդ առանձին ասպեկտները քո սիրելիների լեզվի հասկացություններով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
1) ինչպես գիտակացական, այնպես էլ անգիտակացական բոլոր տեսակի այլասերումներ;
2) ուրիշներին ճշմարիտ ուղուց շեղելուց ստացվող ինքնաբարարվածության զգացում;
3) ուրիշ էակների գոյատևմանը վերջ տալու անհաղթահարելի հակում;
4) Բնության կողմից պահանջվող լինելիական ջանքերի գործադրման անհրաժեշտությունից խուսափելու ձգտում;
5) ձգտում՝ ամեն տեսակի արհեստական միջոցներով ուրիշներից թաքցնելու այն, ինչ, իր կարծիքով, իր ֆիզիկակական թերությունն է;
6) այն ամենի հանգիստ ու ինքնագոհ օգտագործում, ինչին անձամբ չի արժանացել;
7) ձգտում լինելու ոչ այն, ինչ ինքն իրականում կա:
Այդ որոշակի «ինչ-որ բանը», որը թվարկված նալուոսային ազդակների հետևանքով առաջանում է որոշակի անհատների ներկայություններում, այն բանից զատ, որ հենց իրենց, այսպես կոչված, «պատժիչ տառապանքի լուրջ հետևանքների» պատճառն է, նաև ունի այն առանձնահատկությունը, որ հենց որ այդ անհատներից մեկի մեջ դադարում է, այսպես կոչված, «բուռն ճիգի» ազդեցությունը, ապա այդ «ինչ-որ բանի» այս կամ այն ասպեկտին բնորոշ ճառագայթումները մեծ ազդեցություն են թողնում նրա շրջապատում եղածների վրա և դառնում այն գործոնը, որը նույն բանը ծնում է նաև նրանց ներկայություններում:
Մոլորակային գոյատևման ընթացքում ամեն մի եռուղեղ էակ կարող է դառնալ չորս տեսակի անկախ տհասնամուսական անհատներից որևէ մեկը:
Առաջին տեսակի տհասնամուսական անհատն այն եռուղեղ էակն է, որն այդ «ինչ-որ բանն» իր ներկայության մեջ ձեռք բերելով՝ դեռևս միայն մոլորակային մարմին ունի, և որն իր ռասկուարնոյի գործընթացում կրում է իր ներսում այդ «ինչ-որ բանի» առկայության հետևանքները և, այդպիսով, ընդմիշտ ոչնչանում:
Տհասնամուսական անհատի երկրորդ տեսակն այն եռուղեղ էակն է, որի ընդհանուր ներկայության կեսջան մարմինը հանդերձավորվել է այդ «ինչ-որ բանի» մասնակցությամբ, և որն իր տիեզերական սկզբնավորմանը բնորոշ ձևով ձեռք բերելով «տուրինուրինո[2]»-ի հատկություն, այսինքն՝ այն մոլորակի բոլոր ոլորտներում չքայքայվելու հատկություն, որի վրա սկզբնավորվել է տվյալ էակը, պետք է այդպես էլ գոյատևի՝ կրկին ու կրկին կազմավորվելով որոշակի եղանակով, մինչև որ իրենից հեռացվի այդ «ինչ-որ բանը»:
Երրորդ տեսակի տհասնամուսական անհատն այն եռուղեղ էակն է, որի ընդհանուր ներկայության բարձրագույն լինելիական մարմնում, այսինքն՝ հոգում, ծագել և մասնակցություն է ունեցել այդ «ինչ-որ բանը». սա էլ է ձեռք բերում տուրինուրինոյի հատկություն, բայց այս անգամ այն հատուկ է լինում բարձրագույն լինելիական մարմնին, այսինքն՝ այդ գոյացությունը չի քայքայվում ոչ միայն այն մոլորակի որևէ ոլորտում, որի վրա այն սկզբնավորվել է, այլ նաև Մեծ Տիեզերքի որևէ ուրիշ ոլորտում:
Չորրորդ տեսակի տհասնամուսական անհատը երրորդի պես է, միայն այն տարբերությամբ, որ երրորդ տեսակի տհասնամուսը դեռևս հնարավորություն ունի երբևէ «մաքրվելու» այդ «ինչ-որ բանից», մինչդեռ չորրորդ տեսակն ընդմիշտ զրկված է այդ հնարավորությունից:
Ահա թե ինչու՛ են չորրորդ տեսակի տհասնամուսին անվանում «Հավերժական Տհասնամուսական անհատ»:
Այն պատճառով, որ այդ չորս տեսակի տհասնամուսական անհատներն իրենց ներկայություններում կրում են այդ «ինչ-որ բանը», հիշյալ «պատժիչ տառապանքի հետևանքները» տարբեր են և համապատասխանում են ինչպես ամեն մի տեսակի բնույթին, այնպես էլ  այն, այսպես կոչված, «օբյեկտիվ պատասխանատվությանը», որը բխում է այդ տիեզերական գոյացությունների նկատմամբ մեր Համընդհանուր Հոր սկզբնական նախաստեղծումից, հույսերից ու ակնկալիքներից:
Առաջին տեսակի տհասնամուսի դեպքում, այսինքն՝ երբ այդ «ինչ-որ բանը» ձեռք է բերվել միայն մոլորակային մարմին ունեցող էակի կողմից, այդ մոլորակային մարմնի քայքայումը տեղի է ունենում ո՛չ սովորական ձևով, այսինքն՝ լինում է այնպես, որ օրգանիզմում ամեն տեսակի գիտակցական ազդակների գործունեության դադարումը տեղի չի ունենում սրբազան ռասկուարնոյի, այսինքն՝ մահվան, մոտեցման հետ միաժամանակ:
Սրբազան ռասկուարնոյի գործընթացը նրա մոտ սկսվում է դեռևս մոլորակային մարմնի կենդանության ժամանակ և տեղի է ունենում մաս-մաս, այսինքն՝ աստիճանաբար, մեկը մյուսի հետևից նրա ընդհանուր ներկայության մեջ դադարում են գործել առանձին ու անկախ ոգի առած տեղայնացումները, կամ, ինչպես կասեին քո սիրելիները, այդպիսի էակի մոտ սկզբում մեռնում է ուղեղներից մեկը՝ իր բոլոր գործառություններով հանդերձ, ապա մեռնում է երկրորդ ուղեղը, և դրանից հետո է միայն վրա հասնում այդ էակի վերջնական մահը:
Ի հավելումն այդ ամենի՝ նրա մահվանից հետո, «բոլոր ակտիվ տարրերի քայքայումը, որոնցից կազմված է եղել տվյալ մոլորակային մարմինը, տեղի է ունենում, նախ՝ սովորականից ավելի դանդաղ, և երկրորդ՝ դրանցում անմիջապես չեն դադարում կյանքի ընթացքում էակի ունեցած «գիտակցված ազդակների» գործողությունները, այլ նվազում են՝ ակտիվ տարրերի ցնդելուն զուգընթաց:
Երկրորդ տեսակի տհասնամուսական անհատի դեպքում, այսինքն՝ երբ այդ «ինչ-որ բանն» առկա է լինում տվյալ եռուղեղ էակի ընդհանուր ներկայության կեսջան մարմնում, համապատասխան հետևանքներն այնպիսին են լինում, որ այդ հիրավի դժբախտ գոյացությունը մոլորակային մարմնից զրկվելուց հետո մի կողմից՝ ինքնակատարելագործվելու հնարավորություն չունենալով մոլորակային մարմնից անկախ և առանց դրա, չի կարողանում իրենից հեռացնել իր համար աղետալի այդ «ինչ-որ բանը», որը թեև ոչ միշտ է, որ իր մեղքով է ձեռք բերած լինում, բայց Տիեզերքում միշտ և ամենուրեք խոչընդոտում է համատիեզերական Տրոգոավտոէգոկրատական բնականոն գործընթացին, և մյուս կողմից՝ քանի որ իր մեջ առկա է լինում տուրինուրինոյի հատկանիշը, այսինքն՝ որ չի կարող քայքայվել տվյալ արևային համակարգի որևէ ոլորտում, որում ինքը կազմավորվել է, անխուսափելիորեն ստիպված է լինում հանդերձավորվել նոր մոլորակային մարմնով, այն էլ՝ մեծ մասամբ միաուղեղ կամ երկուղեղ էակի, իսկ քանի որ այդպիսի էակների կյանքի տևողությունն ընդհանրապես կարճ է, և ինքը չի հասցնում հարմարվել դրանցից որևէ մեկի արտաքին տեսքին, ապա, նորից սկզբից սկսելով, մոլորակի մի այլ էակի արտաքին տեսքն է ընդունում՝ առանց որոշակի պատկերացում ունենալու այդ նոր հանդերձավորման հնարավոր արդյունքի վերաբերյալ:
Իսկ ինչ վերաբերում է երրորդ տեսակի տհասնամուսական անհատներին, այսինքն՝ երբ այդ «ինչ-որ բանը» մտած է լինում եռուղեղ էակի ընդհանուր ներկայության բարձրագույն լինելիական մարմնի մեջ և այդ հանդերձի մեջ ունենում է այնպիսի որակ, որ էակը երբեք չի կորցնում այդ «ինչ-որ բանից» ձերբազատվելու հնարավորությունը, ապա դա ավելի ահավոր վիճակ է գլխավորապես այն պատճառով, որ նա՝ որպես բարձրագույն տիեզերական կազմավորում, որը, Համայն Գոյի Նախասկզբնական Սկզբունքի նախանշման համաձայն, օժտված է եղել համայն աճող Աշխարհի կառավարմանը նպաստելու առաքելությամբ, և որի վրա իր ծագման պահից սկսած՝ նույնիսկ այնժամ, երբ դեռ կատարյալ չէր իր Բանականությամբ, պատասխանատվություն է դրվել իր ամեն մի կամային կամ ոչ կամային սուբյեկտիվ դրսևորման նկատմամբ, հնարավորություն ունի այդ «ինչ-որ բանն» իր ներկայությունից հեռացնելու բացառապես միայն կամավորապես կատարված Պարտք-պարտականության արդյունքների ազդեցությամբ, այսինքն՝ «գիտակցական ջանքերով ու կամավոր տառապանքով»:
Հետևաբար, արդեն հասնելով, այսպես կոչված, «սեփական անհատականության գիտակցման» աստիճանին, այդպիսի բարձրագույն լինելիական մարմինը դրան համապատասխան պետք է անխուսափելիորեն միշտ տառապի, քանի դեռ այդ որոշակի «ինչ-որ բանն» ամբողջովին արմատախիլ չի արված իր ընդհանուր ներկայությունից:
Այդպիսի բարձր աստիճանի հասած Տհասնամուսական Անհատների տառապալից գոյատևման համար Բարձրագույն Սրբազան Անհատականությունների կողմից տիեզերական մեծ խտացումների ամբողջ բազմության միջից միտումնավոր կերպով ընտրվել են իրենց սուբյեկտիվ գործառություններով աններդաշնակ չորս մոլորակներ, որոնք գտնվում են Մեծ Տիեզերքի ամենահեռավոր տարբեր ծայրերում:
Այդ աններդաշնակ չորս մոլորակներից մեկը, որը «Հավերժական Հատուցում» անունն է կրում, հատուկ նախատեսված է «Հավերժական Տհասնամուսական անհատների» համար, իսկ մնացած երեքը՝ այն տհասնամուսների «բարձրագույն լինելիական մարմինների» համար, որոնց ընդհանուր ներկայություններում դեռևս հնարավորություն կա «երբևէ» իրենցից հեռացնելու այդ չարաղետ «ինչ-որ բանը»:
Այդ երեք մոլորակները հետևյալ անուններն են կրում.
1) «Խղճի խայթ»,
2) «Ապաշխարհանք»,
3) «Ինքնախարազանում»:
Այստեղ հետաքրքիր կլինի նշել, որ տարբեր արտաքին ձևեր ունեցող բոլոր տեսակի եռուղեղ էակներից, դեռևս բարձրագույն լինելիական մարմնով հանդերձավորված միայն 313 էակներ են հայտնվել «Հատուցում» մոլորակի վրա, որոնցից միայն երկուսն են ծագումով քո այդ մոլորակից, և դրանցից մեկը այդ Լենտրոհամսանինի «բարձրագույն լինելիական մարմինն» է:
«Հատուցում» մոլորակի վրա այդ Հավերժական Տհասնամուս-անհատները պետք է մշտապես դիմանան այն աննկարագրելի տառապանքներին, որոնք կոչվում են «ինքնիրենուտել[3]», որոնք թեև որոշ չափով նման են Խղճի խայթի տառապանքներին, բայց անհամեմատ ավելի տանջալից են:
Այդ «բարձրագույն լինելիական մարմինների» վիճակի գլխավոր տանջանքն այն է, որ նրանք այդ տառապանքները պետք է կրեն՝ լիովին գիտակցելով դրանց ավարտվելու հույսի լիակատար բացակայությունը...:


[1] ռուս. տարբերակում՝ «налуосных», անգլ. տարբերակում՝ “naloo-ossnian”
[2] ռուս. տարբերակում՝ «туринурино, անգլ. տարբերակում՝ “toorinoorino”
[3] ռուս. տարբերակում՝ «Инкиранудель», անգլ. տարբերակում՝ “inkiranondel”

Комментариев нет:

Отправить комментарий