суббота, 19 мая 2012 г.

Հիսուս Քրիստոս - Ուղերձ «ԵՍ ԵՄ ՀԻՍՈՒՍ - ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» ժողովածուից


Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր իմ նկատմամբ
առանձնահատուկ հարազատություն են զգում

ԵՍ ԵՄ Հիսուս: Ես եկել եմ Աստծո այս դեսպանորդի միջոցով:
Երկրի վրա իմ մարմնավորումից հետո անցել է շուրջ 2000 տարի: Ես երջանիկ եմ, որ կարող եմ օգտվել սույն հնարավորությունից և ոչ մեծ մի Ուսմունք տալ այս դեսպանորդի միջոցով:
Դուք տեղյակ եք, որ իմ մարմնավորման ընթացքում շատ մարդիկ էին գալիս տեսնելու այն հրաշքները, որոնք ես գործում էի, բայց ավելի քիչ մարդիկ էին գալիս, որ լսեն իմ ուսմունքները. և միայն իմ ամենամերձավոր 12 աշակերտներն էին, որ ընդունակ էին այս կամ այն չափով ընկալելու այն գաղտնի գիտելիքները, որոնք ես տալիս էի:
Այդ գիտելիքները չափազանց շատ էին տարբերվում այն ժամանակվա կրոնական համոզմունքներից:
Բայց ես ուսուցանում էի, որովհետև պարտավոր էի ցանել Ճշմարտության սերմերը՝ թեկուզև ոչ շատ մեծ թվով հետևորդների սրտերում:
Ի՞նչ կատարվեց հետո: Նրանց, ովքեր առավել լրիվ էին ընկալել իմ ուսմունքը, սկսեցին հետապնդել, սպանել:
Եվ գտնվեցին ուրիշ ավելի ճարպիկ մարդիկ, որոնք կարողացան հարմարեցնել իմ ուսմունքն իրենց շահամոլ նպատակներին և օգտագործել դրանք իրենց անձնական բարօրության համար՝ չմտահոգվելով, որ աղավաղում են Աստվածային Ճշմարտությունը:
Մեծ անդունդ գոյություն ունի այն ուսմունքի միջև, որ ես տվեցի աշխարհին իմ մարմնավորման ընթացքում, և այն ուսմունքների միջև, որ տալիս են քրիստոնեական եկեղեցիները: Բայց և այնպես, անցած 2000 տարիների ընթացքում առավել զարգացած հոգիները հասկանում էին այդ տարբերությունը և առաջնորդվում էին իմ ուսմունքների այն ընկալմամբ, որն իրենց սրտից էր բխում, այլ ոչ թե մեռյալ տառով աղավաղված գրվածքներից:
Այդ հոգևոր նվիրյալներն այս կամ այն չափով ներքին կապ ունեին ինձ հետ: Եվ ես միշտ արձագանքում էի նրանց սրտերի անկեղծ մղումներին և իմ խրատներով ցուցաբերում էի ողջ հնարավոր օգնությունը, որը նրանք ստանում էին իրենց հոգում:
Եվ հիմա՛ էլ ես ներքին կապ եմ պահպանում մարմնավորման մեջ գտնվող շատ անհատականությունների հետ:
Այս թելադրությունը ես տալիս եմ ձեզ համար՝ ձեզ, որ զգում եք ինձ հետ ձեր ունեցած և կյանքից կյանք պահպանած ներքին հատուկ կապը:
Ձեզ պետք չէ ոչ մի արտաքին ուսմունք, որպեսզի զգաք մեր հաղորդակցման քաղցրությունը և իմ Սերը: Արտաքին ուսմունքները ծառայում են միայն ձեր գիտակցությունը ցնցելու, նրան ուղղություն տալու համար: Ցավոք սրտի, գոյություն ունեցող պաշտոնական եկեղեցին այնքան էլ չի քաջալերում ինձ հետ անմիջական հաղորդակցություն ունենալու ձեր ձգտումը:
Այդ պատճառով, ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր հատուկ հարազատություն են զգում իմ նկատմամբ. իմացե'ք, որ ես բաց եմ ձեր սրտերում ինձ հետ կապ ստեղծելու համար:
Ես գալիս եմ յուրաքանչյուրի մոտ, ով ինձ հրավիրում է և նախապատրաստել է իր տաճարն ինձ ընդունելու համար:
Մի' ահաբեկվեք, և մի' հուսահատվեք, եթե մեր հաղորդակցությունը միանգամից չի կայանում: Ինձ անհրաժեշտ է, որ ձեր թրթիռները հասնեն որոշակի մաքրության աստիճանի, որից հետո ես կկարողանամ ներկա գտնվել ձեր մեջ և հաղորդակցվել ձեզ հետ:
Ինձ հետ հաղորդակցվելու ձեր մղումը կստեղծի որոշակի ձգտման մագնիս, և ես հնարավորություն կստանամ ներքին հաղորդակցության համար մուտք գործել ձեր սրտի մեջ:
Եթե դուք ուշադրությամբ վերընթերցեք Կտակարանի նույնիսկ այն տարբերակը, որն այժմ մատչելի է ձեզ, ապա կտեսնեք, որ ես երբեք արտաքին ծիսակարգը պահպանելու կոչ չեմ արել: Ես կոչ եմ արել ընթանալ Ուղով, որն անցնում է ձեր սրտերի միջով:
Ես ուսուցանել եմ ձեզ, որ դուք նախապատրաստեք ձեր տաճարները փեսացուի գալստյան համար: Ձեր փեսան՝ դա ձեր Ես-Քրիստոսն է:
Երբ դուք հասնում եք ձեր ստորին չորս մարմինների՝ ձեր հոգու որոշակի մաքրության աստիճանի, ապա հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու ձեր բարձրագույն Ես-Քրիստոսի հետ՝ ձեր բարձրագույն մասի հետ, որից հետո ձեր Ես-Քրիստոսի միջոցով հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու նաև բոլոր Համբարձյալ Դասերի հետ:
Իրականում ձեզ պետք չէ ոչ մի արտաքին դեսպանորդ, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա:
Ես կտամ ձեզ և' իմ օժանդակությունը, և' իմ խաղաղությունը, և' իմ մխիթարությունը: Այդ ամենը դուք կստանաք ձեր ներսում՝ ձեր սրտում:
Ես կգամ բոլորի մոտ, ովքեր սպասում են ինձ, ովքեր ձանձրացել են առանց ինձ: Ես խոստանում եմ, որ կգամ ձեզնից յուրաքանչյուրի մոտ և կտամ հենց այն, ինչին ամենաշատն է ծարավ ձեր սիրտը: Ես ձեզ գիտելիք կտամ ձեր Սկզբնաղբյուրի մասին՝ այն աշխարհի մասին, որտեղից եկել եք և ուր ձգտում եք վերադառնալ: Ես ձեզ կհիշեցնեմ ձեր առաջին սիրո մասին, ձեզ գիտելիք կտամ այն Ուղու մասին, որը ձեզ կբերի Տուն՝ ձեր Երկնավոր Հոր մոտ:
Մի' հավատացեք նրան, ով ձեզ կասի, թե ահա այս արքայությունն այստեղ է, կամ՝ ահա այդ արքայությունն այնտեղ է: Մի' հավատացեք նրանց, ովքեր կհամոզեն ձեզ կառուցել այդ Արքայությունն արտաքին աշխարհում՝ կկոչվի դա Աստծո Երկրային Արքայություն, թե Կոմունիզմ:
Ձեզ պետք չէ հասնել աշխարհի ծայրը՝ Հնդկաստան, Ամերիկա կամ Տիբեթ, որ գտնեք այդ Արքայությունը:
Աստծո Արքայությունը ձեր գիտակցության վիճակն է: Եվ երբ դուք հասնում եք ձեր գիտակցության զարգացման որոշակի մակարդակին, ապա Աստծո Արքայություն մտնելու թույլտվություն եք ստանում:
Դա ձեզ համար դժվար է հասկանալ, այդ պատճառով խնդրում եմ ուղղակի հավատալ ինձ:
Բռնե'ք իմ ձեռքը: Ամուր պահե'ք այն, և ես ցույց կտամ ձեզ դեպի այդ Արքայությունը տանող ճանապարհը, որը գտնվում է ձեր սրտում:
Միայն թե սկզբում դուք պետք է կամավոր կերպով հրաժեշտ տաք ձեր այն որակներին, որոնք ծանրաբեռնում են ձեր սրտերը և խանգարում ձեզ ճանաչելու ինձ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ես մոտենում եմ ձեզ և կանգնում ուղիղ ձեր աչքերի առաջ:
Դուք ինձ չեք տեսնի, քանի դեռ չեք կարողանա ազատվել ձեր ուսաբեռից: Դա մի բեռ է, որ գոյացել է ձեզ շրջապատող աշխարհի հետ ունեցած ձեր կապվածություններից:
Ես ձեզ վարժություն կտամ, և խոստացեք, որ այն ամեն օր կկատարեք: Ամեն օր պատկերացրեք, որ ուղիղ ձեր առջև տեսնում եք կուրացուցիչ փայլատակող Լույս: Ձեր մեջ ցանկություն է առաջանում ձուլվելու այդ Լույսին՝ դառնալու նրա հետ մի միասնություն: Բայց այդ Լույսը վառում է ձեզ, և դուք չեք կարողանում մոտենալ նրան:
Քանզի ձեր մեջ կա մի բան, որը Լույսից չէ՝ մի բան, որը խանգարում է ձեզ հասնելու ձեր իսկական բնույթին համապատասխանող վիճակին, այն է՝ Լույս Հուր, Բոց:
Մտորե'ք, ի՞նչն է ձեզ խանգարում: Ի՞նչն է, որ Լույսից չէ: Պետք չէ փորձել միանգամից ազատվել բոլոր անկատարություններից: Գտեք ձեր մեջ այն հատկանիշը, որը ձեր կարծիքով ամենաշատն է խանգարում ձեզ  դրսևորելու ձեր իսկական էությունը: Եթե դուք չեք գտնում, թե դա որ հատկանիշն է, ապա մտասևեռվե'ք ինձ վրա, խնդրե'ք ինձ, և ես կհուշեմ, թե որ հատկանիշն է դա: Այն բացահայտ կդառնա ձեր կյանքում, և դուք կուզենաք ազատվել դրանից:
Դուք այնքան կրքոտ պետք է ցանկանաք ազատվել այդ հատկանիշից կամ վնասակար սովորությունից, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքում խնդրեք, որ ազատեմ ձեզ այդ հատկանիշից, օգնեմ ձեզ հաղթահարելու ձեր այդ անկատարությունը:
Տվե'ք ինձ ձեր բոլոր անկատարությունները: Խնդրե'ք ինձ, և ես կվերցնեմ բոլորը: Եվ ձեր մեջ այլևս չի մնա ոչինչ, որ խանգարի տեսնել ինձ, երբ կանգնած կլինեմ ձեր առաջ: Ինձ միայն կմնա բռնել ձեր ձեռքը և ձեզ տանել դեպի Աստծո Արքայության այն գաղտնի մուտքը, որը թաքցված է ձեր սրտի գաղտնի մենաստանում:
Իսկ մինչ այդ՝ մենք դեռ կհանդիպենք: Ես ձեզ մոտ կգամ նորից ու նորից, քանի դեռ ունակ չեք լինի լսելու ինձ և զգալու իմ Սերը:

ԵՍ ԵՄ Հիսուս՝
ձեր ընկերն ու եղբայրը ձեր Ճանանպարհին

Դեսպանորդ Տ. Ն. Միկուշինա, 21 մարտի, 2005 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий