пятница, 15 марта 2013 г.

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Նախագահ վերաձևակերպվելու անհիմն ու էգոիստական հակումներ ցուցաբերող Սերժ Սարգսյանն անսքող ու սքողված բոլոր միջոցներով փորձում է գործի դնել բոլոր ժամանակների բռնակալներին բնորոշ «բաժանեմ, որ տիրեմ» անփառունակ սկզբունքը: Մասնավորապես՝ Երևանի ավագանու ընտրությունները որպես խայծ օգտագործելով, նա իր ամենաաննշան քմայքներին հնազանդորեն «օրինական և տրամաբանական» տեսք տվող ՀՀԿ հետ պայքարի մեջ մտնելու թատերաբեմ է ուզում ներքաշել մյուս բոլոր մանր ու մեծ, հին ու նոր կուսակցություններին՝ ակնկալելով, որ նրանց միջև «գզվռտոց» ծայր կառնի, ինչն էլ կպառակտի համախմբման ուղին բռնած ժողովրդին:

«Բաժանեմ, որ տիրեմ» ցեցային սկզբունքին ժողովուրդն ու նրա համախմբման անհրաժեշտությունը գիտակցող կուսակցությունների ղեկավարները պետք է անհապաղ հակադրեն «համախմբվենք, որ հաղթենք» փրկարար սկզբունքը՝ մի կողմ դնելով առանց այն էլ չնչին շերտադասային ու միջկուսակցական տարաձայնությունները: Կարծում եմ, որ չափազանց արդյունավետ քայլ կլինի, եթե նշածս ղեկավարները ելույթ ունենան Ազատության հրապարակում և պաշտոնապես ժողովրդին իրազեկ դարձնեն ժամանակավոր ինքնալուծարման վերաբերյալ իրենց կուսակցությունների համագումարների կամ համաժողովների որոշման մասին: Օրինակ՝ ՀՅԴ հին ու բազմափորձ կուսակցությունը ժամանակավորապես կարող է լուծարել իր հայաստանյան կառույցն ու գրասենյակը՝ մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունից անցնի ամենաքիչը 40 օր: Այնուհետև այդ կառույցը կարող է վերագրանցվել և վերսկսել իր գործունեությունը:

Ներկա պահին՝ պայքարի ամենահրատապ և ազդեցիկ քայլը մանդատների և կուստոմսերի խմբային կամ անհատական վերադարձն է: Իսկ ինչ վերաբերում է Երևանի ավագանու մայիսի 5-ին նշանակված ընտրություններին, ապա իմ աներկբա կարծիքն այն է, որ դրանց կայացումը կլինի վաղաժամ, վնասակար և վտանգավոր: Րաֆֆի Հովհաննիսյանին երդմնակալությունից հետո բավարար ժամանակ պետք է տրվի, որպեսզի նա, ժողովրդի առավել գիտակից հատվածի հետ համատեղ, երկրում հաստատի կարգուկանոն և հայեցի ու մարդավայել հարաբերություններ:

Աստված օգնական, ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий