среда, 27 марта 2013 г.

Ներքևից ապակուսակցականացումը որպես ուղիղ ճանապարհ

Ապրիլի 8-ի համաժողովրդական երթը կարող է չափազանց արդյունավետ և օգտակար լինել շիվար վիճակում հայտնված քաղաքական գործիչների, ակտիվիստների և համայն հայ ժողովրդի համար, եթե դրան զուգակցվի կամ դրանից հետո ծայր առնի հանրության համատարած ապակուսակցականացումը ներքևից՝ ժողովրդի հետագա ճակատագրով մտահոգ շարքային կուսակցականների կողմից: Ափսոսում եմ, որ անձամբ ես որևէ կուսակցության անդամ չեմ, այլապես անդամության վկայականս կշրխկացնեի իմ կուսակցական պարագլխի ճակատին և այդ մասին հանդիսավորությամբ կհայտարարեի հանրահավաքներից մեկի ժամանակ, որպեսզի օրինակ ծառայեմ մնացածների համար:
Միթե՞ չեք տեսնում, որ չընտրված նախագահն իր դիրքը պահպանում և երկարաձգում է միայն և միայն կուսակցություններին իրար դեմ հանելու և դրանով իսկ ժողովրդին պառակտելու միջոցով: Զարմացած եմ, որ այս կարևոր կռվանը չեն տեսնում կամ, չգիտես ինչու, անտեսում են նաև «Սարդարապատ» շարժման առաջամարտիկները:

Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին, ապա, ըստ իս, ցանկալի կլինի, որ նա ոչ թե շարունակի հրաժարվել սնունդ ընդունելուց, այլ հրաժարվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը լինելուց, ինչպես հաճկատարորեն նրան սիրում են ներկայացնել իշխանական մարմիններն ու լրատվամիջոցները: Նա ի վերջո մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել, թե ում է հավատարիմ մնում՝ իրեն նախագահ ընտրած ժողովրդի՞ն, թե՞ իր կուսակցական պատկանելությանն ու կեղծ ժողովրդավարությանը:

Комментариев нет:

Отправить комментарий