Ուսմունքի հիմունքների և
Ուսմունքի փոխանցման
անընդհատության մասին
Պաշտելի Հիսուս
27 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Հիսուս:
Ինձ Աստծո Որդի կոչեցին Ուսմունքի այն հետևորդները, որոնք
եկան իմ խաչելությունից և համբարձվելուց հետո:
Ուսմունքի շատ դրույթներ, որոնք ես իմ աշակերտներին տվեցի
այդ կյանքիս ընթացքում, հետագայում շատ փոփոխություններ կրեցին՝ երբեմն փոքր-ինչ աղավաղվելով, երբեմն էլ
այնպիսի արմատական փոփոխություններ կրելով, որ արդեն հնչում էին լրիվ հակառակ
իմաստով: Եվ դրանում մեղավոր էին ոչ այնքան իմ աշակերտները, որքան այն
տգիտությունը, որն այն ժամանակ տիրապետող էր Երկրում և, ցավոք, շարունակում է
տիրապետող լինել նաև ձեր օրոք:
Պահանջվեց ամբողջ 2000 տարի, մինչև որ Երկրի այն մարդիկ,
որոնք իրենց քրիստոնյա են համարում, սկսեն իրենց՝ թեկուզ չնչին ինչ-որ մասով
ընկալել Վերամարմնավորումների և Կարմայի Օրենքներին վերաբերող իմ Ուսմունքները:
Եթե դուք անաչառ կերպով վերընթերցեք թեկուզ այն
Ավետարանական տեքստերը, որոնք հասել են ձեզ, ապա կնկատեք, որ այսուայնտեղ սփռված
են այդ հիմնարար Ուսմունքներին վերաբերող որոշակի ակնարկներ: Եվ դրանք հասկանալի
կլինեն յուրաքանչյուրին, ով տեքստը կարդում է ոչ թե իր արտաքին գիտակցության
պրիզմայի միջով, այլ իր ամբողջ սրտով:
Շատ բաներ, որոնք կորսվում են, կամ դրանց բավարար
նշանակություն չի տրվում, կարող են հանգեցնել բուն Ուսմունքի և դրա էության ոչ
ճիշտ մեկնաբանությանը:
Եվ անցողիկ ու անանց մարդու մասին խոսքն էլ է անհասկանալի
դառնում, եթե դուք տեղյակ չեք Կարմայի և վերամարմնավորումների Օրենքներից: Այդ
խոսքերն անհասկանալի են մնում նաև այն դեպքում, երբ մարդուն դիտում եք որպես միս
ու արյուն, բայց և ձեր ուշադրության տակ եք առնում նրա հոգին և Աստծո Ոգին, որոնք
առկա են ամեն մի մարդու մեջ:
Կարելի է ազդել մարդու խղճի վրա և նրան ահաբեկել Աստծո
պատժով: Եվ դա կարող է իր ազդեցությունն ունենալ չզարգացած գիտակցության վրա: Բայց
այն դեպքում, երբ մարդն իր պրպտուն մտքով սկսում է ճանաչել աշխարհակառույցի
օրենքները, ահաբեկելն ու կարգի հրավիրելը դադարում են ազդեցություն գործել: Այդ
դեպքում վատագույն արդյունքը կլինի այն, որ մարդը երես կթեքի Աստծուց և Նրա
սպասավորներից. կմերժի եկեղեցին և բուն հավատը:
Այնուհանդերձ առավել զարգացած անհատներն իրենց թույլ են
տալիս ավելի առաջանալ աշխարհն ու դրա կառուցվածքը ճանաչելու գործում: Եվ Ավետարանի
այն խոսքը, թե՝ «ինչ որ ցանես, այն էլ կհնձես», նրանց համար ձեռք է բերում իր
ճշմարիտ իմաստը:
Հիրավի, առանց հասկանալու մարդու այս և անցած կյանքերի
արարքների փոխկապակցվածությունը՝ արտաքին գիտակցությանը հնարավոր չէ բացատրել, թե
ինչու պետք է պահապանել բարոյականության օրենքը և հետևել որոշակի բարոյական
նորմերի ու կանոնների:
Յուրաքանչյուր անհատ պետք է հասնի իր արարքների և այդ
արարքների հետևանքների միջև եղած կապի գիտակցմանը: Առանց այդ կապը հասկանալու՝
հնարավոր չէ բացատրել ձեր աշխարհում առկա շատ անարդարություններ, ինչպիսիք են՝
ունեցվածքային անհավասարությունը, ոմանց կաստայական արտոնություններն ու մյուսների
աղքատությունը, ոմանց հյուծող ծանր տկարություններն ու մյուսների անթերի առողջությունը:
Ինչու՞ են ոմանք վաղաժամ մահանում, իսկ մյուսներն ապրում
երկար կյանքով... Այդ ամենի պատճառները կարելի է գտնել միայն անցած կյանքերում, և
երբեմն դրանք բացարձակապես հնարավոր չի լինում բացատրել ընթացիկ մարմնավորման և
մեկ կյանքի հանգամանքների տեսանկյունից:
Ուստի խնդիրներից մեկը, որն ուզում են լուծել Համբարձյալ
Վեհապետները՝ Ուսմունքը փոխանցելն է այն տեսքով, որ այն ընկալելի լինի ներկայումս
ապրող մարդկության գիտակցության համար: Ուսմունքի փոխանցման անընդհատությունն այն
բանի երաշխիքն է, որ մարդկությունը մշտապես իր տրամադրության տակ փրկարար ճոպան
կունենա, որի միջոցով Ուղով առաջ մղվողները կկարողանան դուրս ելնել կյանքի
փոթորկուն ջրերի տակից:
Առանց Ուսմունքի փրկարար ճոպանի, առանց դրա անընդհատ
նորացման և անընդհատ փոխանցման՝ մարդկությունը շատ արագ կգահավիժի դեպի անասնական
գոյություն և այլևս ունակ չի լինի ջոկելու Լույսը խավարից, ճշմարտությունը՝ ստից,
բարեպաշտական վարքը՝ մեղսականից:
Ցավոք սրտի, չնայած մեր կողմից անխոնջ կերպով գործադրվող ջանքերին՝
մարդկության որոշակի մասն ուշադրություն չի դարձնում մեր խրատներին և շարունակում է ապրել այնպես,
կարծես առջևում մահից բացի ոչինչ չկա:
Մարդկային այն սերունդները, որոնք իրենց գիտակցությամբ
հեռանում են Աստծուց և չեն ուզում ճանաչել աշխարհակառույցի հավերժական Օրենքը,
այնպիսի հետևանքներ են ծնում իրենց հետնորդների համար, որոնք տանում են դեպի լրիվ
հետզարգացում և բարոյազրկություն: Բարոյական նորմերի խախտումն արդեն ընկալվում է
որպես ընդունված բան:
Եթե մարդկային մի սերնդի գիտակցությունից ջնջվում է Կարմայի
Օրենքին վերաբերող գիտելիքը, ապա հաջորդ սերունդներն ավելի ու ավելի են գլորվում
դեպի անաստվածություն և բարոյական նորմերի խախտում, քանի որ մարդիկ դադարում են
կապ զգալ իրենց գլխին թափվող դժբախտությունների և իրենց սեփական արարքների միջև,
որոնք հանգեցրել են այդ դժբախտություններին:
Եկեղեցական կառույցը, որը կոչված է մարդկանց պահելու
Աստվածային Օրենքի շրջանակներում, իր նշանակությունը կորցնում է այն բանին
զուգընթաց, երբ մարդիկ կորցնում են հավատը և հեռանում բարոյական իդեալներից:
Այդ պայմաններում մարդկության միակ փրկությունն այն է, որ
Աստծուն ու ճշմարիտ հավատին վերադառնալն ընկալեն որպես գիտակցության վիճակ:
Աստծուն պատկերացնեն ոչ թե որպես եկեղեցական սրբապատկերի վրա պատկերված ծերուկ,
այլ որպես ներքին Լույս, որը թափանցում է համայն Արարչության միջով, ներկա է բոլոր
արարածների սրտերի խորաններում և զարգացման այս փուլում ունակ է մարդկությանն
օգնութուն ցուցաբերելու:
Աստծո այն ըմբռնումը, որ Նա ոչ թե տաճարներում է ապրում,
այլ իրենով լցրել է շրջակա ամբողջ տարածությունը՝ էվոլյուցիոն զարգացման այս
փուլում կարող է ընկալելի լինել մարդկանց մտքերի համար: Եվ աշխարհին տիրած այս
քաոսի պայմաններում կայունության միակ կարգավորիչն ու երաշխավորը ներքին ղեկավարը
կլինի՝ մարդու խիղճը կամ Աստված, որը ներկա է յուրաքանչյուր մարդու ներսում:
Մենք ձեզ այցի ենք գալիս այն հույսով, որ ձեզնից շատերն
ունակ են հասկանալու մարդկության զարգացման այս փուլում մեր մատուցած
ճշմարտությունները: Անկեղծ հույսեր ենք փայփայում, որ այդ ճշմարտություններն աճ
կտան ձեր սրտերում, և դուք միասնական կդառնաք այն Ուսմունքի հետ, որը մենք տալիս
ենք:
Երբ դուք ձեր զարգացմամբ հասնում եք այդ փուլին, միասնական
եք դառնում ներքին ճշմարտության կամ ձեր սրտերում ներկա Աստծո հետ. դուք ձեր
աշխարհի համար դառնում եք Լույսի և գիտելիքի աղբյուր: Եվ ձեր աշխարհում որքան շատ
լինեն այդպիսի լուսատուները, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն, որ աշխարհը
կվերականգնի իր կայունությունը և կդադարի ճոճվելուց այն ամեն տեսակի սուտ
ուսմունքների ու դավանաբանությունների պատճառով, որոնք մարդկային տգիտությունն ու
ահերն օգտագործում են, որպեսզի բավարարություն տան առանձին անհատների շահադիտական
նպատակներին:
Ես լիահույս եմ, որ մեր Դեսպանորդի միջոցով տրվող այս
Ուղերձները կարդացող յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել ներքին հավատի անսպառ
աղբյուր և իր կայունությամբ ու անսասան հավատով դիմակայել աշխարհի բոլոր ցածրակարգ
արտաքին դրսևորումներին:
ԵՍ ԵՄ Հիսուս
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий