Փոխեցեք
ինքներդ ձեզ, նպատակամղվեք, և դուք ձեռք կբերեք Բուդդայի ոսկյա հանդերձանքն ու
Աստվածային Իմաստության գանձերը
Հաութամա Բուդդա
21 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան: Ես կրկին եկել եմ:
Ես եկել եմ հեռավոր աշխարհներից և կուզենայի ձեզ փոխանցել իմ ներկայության մի
մասնիկը:
Մի պահ պատկերացրեք, թե մենք միասին հենց նոր ենք վերադարձել Մեծ Կենտրոնական
Արևից: Հոգևոր աշխարհում հեռավորությունը նշանակություն չունի: Դուք վիթխարի
տեղաշարժեր եք կատարում տարածության ու ժամանակի մեջ: Եվ դրա համար ձեր
սարքավորումների՝ մեքենաների, ինքնաթիռների կարիքը դուք չունեք...
Հեռավոր աշխարհներում տեղաշարժվելու ամբողջ մեխանիզմը թաքցված է ձեր սեփական
էության ներսում: Եվ ձեզնից նրանք, ովքեր ջանասեր են ու նպատակասլաց, կարող են
լքել իրենց ֆիզիկական մարմինը և ինձ հետ միասին ճամփորդել համայն Տիեզերքում: Դրա
համար ձեզ անհրաժեշտ է ունենալ հոգևոր նվաճումների որոշակի մակարդակ: Իսկ այդ
մակարդակը բոլորիդ համար հասանելի է:
Ես կբացեմ գաղտնիքը, թե ինչպես կարելի է այդ մակարդակին հասնել մեկ
մարմնավորման ընթացքում: Եվ դա այն Ուղին կլինի, որը ես ուսուցանել եմ որպես
Հաութամա Բուդդա իմ մարմնավորման ժամանակ:
Նախ և առաջ դուք պետք է ընտրեք ձեր շարժման ուղղությունը: Քանի դեռ չեք
որոշակիացրել, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանաք, ոչնչի չեք կարողանա հասնել: Ձեր
էությունը պետք է առագաստանավի պես համընթաց լինի Տիեզերական Օրենքի քամուն: Դուք
պետք է վերջնական և անբեկանելի որոշում կայացնեք և համոզված լինեք ձեր որոշման
մեջ, որ ձեզ համար գլխավորն այս Տիեզերքի Բարձրագույն Օրենքն է, որին այլ կերպ
կարելի է Աստված անվանել: Եվ եթե ինքներդ ձեզ չկեղծեք, եթե իրոք անկեղծորեն ձեր
կյանքում գլխավորը համարեք այս Տիեզերքի Բարձրագույն Օրենքը, ապա ձեր հաջորդ քայլն
ու բոլոր հետագա քայլերը դուք կանեք ճիշտ ուղղությամբ:
Դուք պետք է որոշեք, թե ձեր կյանքում ով է գլխավորը՝ ինքնե՞րդ, թե՞ Աստված:
Քանի դեռ խնդրում եք Աստծուն, որ նա բավարարություն տա ձեր ցանկություններին կամ
ձեզ համար անի այս կամ այն բանը, դուք հոգևոր Ուղով առաջ չեք ընթանա:
Դուք ձեր էության ներսում պետք է որոշում կայացնեք և ձեր ամբողջ կյանքն առանց
մնացորդի ենթարկեցնեք Աստծուն և Նրա կարիքների ու պահանջմունքների բավարարմանը:
Ինչպես էլ որ ջանաք բավարարել այս պայմանը, դուք չեք կարողանա անմիջապես,
միանգամից հասնել դրան: Երկիր մոլորակի միլիոնավոր տարիներ տևած էվոլյուցիայի
ընթացքում անթափանց վարագույր է գոյացել ձեր թանձր ֆիզիկական աշխարհի և Աստվածային
աշխարհի միջև: Այդ պատճառով որոշակի ժամանակ և ջանքեր են պահանջվում, որպեսզի
հաղթահարվի ձեր գիտակցության մեջ արարված պատրանքը: Որոշակի ժամանակ է պահանջվում,
որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ֆիզիկական աշխարհի սահմաններից և մղվել դեպի
Հեռավոր աշխարհները:
Բայց եթե դուք ընդամենը մեկ փոքրիկ քայլ անեք ճիշտ ուղղությամբ և որոշակի
ժամանակահատվածի ընթացքում պահպանեք ձեր նպատակամղվածությունն ու Տիեզերական
Օրենքին ձեր նվիրվածությունը (որպես կանոն, դրա համար պահանջվում է ոչ թե մեկ, այլ
ամենաքիչը յոթ երկրային մարմնավորում), ապա դուք Բարձրագույն աշխարհներին կհասնեք
նույնքան անխուսափելիորեն, ինչպես հասնում եք Ջոմոլունգմայի գագաթին, եթե մշտապես
շարժվում եք դրա ուղղությամբ և այդ
նպատակով գործադրում ձեր բոլոր ջանքերը:
Ձեր աշխարհը հենց այն բանի համար է նախատեսված, որպեսզի դուք կարողանաք
հաղթահարել պատրանքի դիմադրությունը և դրանով իսկ ձեռք բերեք այն վաստակը, որն
անհրաժեշտ է Բարձրագույն աշխարհում լինելու համար:
Ուստիև մենք մերթ ընդ մերթ գալիս և ուսուցանում ենք ձեզ հենց այն նպատակով, որ
դուք պահպանեք ճիշտ կողմնորոշիչներ և չմոռանաք Աստվածային աշխարհի մասին:
Կարևոր չէ, թե քանի անգամ կշեղվեք Ուղուց. կարևոր չէ, թե քանի անգամ ցած
կընկնեք: Գլխավորն այն է, որ դուք միշտ վերադառնաք մեզ մոտ, տեղից վեր կենաք և
շարունակեք առաջ ընթանալ:
Երբեմն մեկը ֆիզիկական աշխարհում դեգերում է շատ ու շատ մարմնավորումների
ընթացքում: Նա գտնում է մեր Ուսմունքը, բայց հետո պատրանքը տիրում է նրան, և նա
ուրիշ ուսմունքներ է գտնում, որոնք նրան թվում են նույնքան ճշմարիտ և անեղծ, որքան
մերն է: Եվ երբեմն տասնյակ մարմնավորումներ են պահանջվում, որպեսզի մարդը հասնի
զանազանման այն աստիճանին, որը թույլ է տալիս անսխալ որոշելու, թե ինչն է ճշմարիտ
և ինչը՝ կեղծ:
Իսկ ձեզնից նրանց համար, ովքեր դեռ հեռու են իրենց ներսում զանազանման բավարար
աստիճան ունենալուց, մենք ուղարկում ենք մեր բանբերներին, որոնք ունակ են
պահպանելու շարժման ուղղությունը և ճիշտ Ուղի ցույց տալու մոլորյալ հոգիներին: Եվ ըստ մեր բանբերների նկատմամբ ունեցած ձեր
վերաբերմունքի՝ մենք դատում ենք ձեր հոգու պատրաստվածության աստիճանի մասին:
Երբեմն տասնյակ մարմնավորումներ են պահանջվում, որպեսզի հանգամանքները դասավորվեն
այնպես, որ դուք մոտենաք մեր դեսպանորդին: Ձեր կենսահոսքի համար դա մեծ
ողորմածություն է և վիթխարի հնարավորություն: Սակայն երևի կզարմանաք, եթե ասեմ, որ
այդ Աստվածային հնարավորությունից օգտվում է Ուղով ընթացողների մեկ տոկոսից ոչ
ավելին: Մնացածները հեռու են քաշվում այդ Աստվածային հնարավորությունից և
գերադասում գործել ըստ սեփական հունարի ու
ռիսկի:
Նման վարվելակերպը ձեզ խելամի՞տ չի թվում: Բայց, ավա՜ղ, այն շատ տարածված է
ձեր աշխարհում: Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդպես լինում: Ասե՛մ ձեզ. այն պարզ պատճառով, որ մարդիկ գործում են իրենց
մարմնական խելքի դիրքերից ելնելով: Բարձրագույն ԵՍ-ի ձայնն այդ դեպքում
փոխարինվում է մարմնական խելքի ձայնով, և մարդիկ գերադասում են գործել ինքնուրույն
և ընթանալ իրենց սեփական ուղով:
Այնուհանդերձ, եթե մեր դեսպանորդի շնորհիվ գոնե մեկ մարդ դուրս է գալիս
պատրանքի խավարից, ապա մենք համարում ենք, որ այդ առաքելությունը հաջող է անցել:
Հենց այդ պատճառով է, որ մենք մեկը մյուսի հետևից Լույսի առաքելություն ենք
իրականացնում ձեր աշխարհում: Եվ դա է պատճառը, որ ֆիզիկական օկտավայում մենք
Լույսի կիզակետը միշտ պահպանում ենք մեր դեսպանորդների ներսում: Կարեկցանքը բոլոր
Բուդդաների և Բոդհիսատվաների գլխավոր առանձնահատկությունն է: Եվ հատկապես
կարեկցանքի և Երկրի մարդկության նկատմամբ սիրո շնորհիվ ենք մենք ֆիզիկակական
օկտավայում մշտապես պահպանում Լույսի կիզակետը:
Այս Ուսմունքը ձեզ տրվել է բազմաթիվ անգամ: Եվ այսօր ես այն նորից եմ կրկնում:
Եթե դուք ձեր բանականությունը մշտապես ուղղված պահեք դեպի մեր աշխարհը, և ձեր
շարժառիթներն էլ բացարձակ մաքուր լինեն, ապա ֆիզիկական աշխարհում միշտ կնկատեք մեր
դեսպանորդներին և կհետևեք նրանց:
Իսկ եթե նախկինի պես առաջնորդվում եք անձնական բնույթի շարժառիթներով, ապա մեր
դեսպանորդին չեք նկատի, եթե նույնիսկ քիթ-քթի բախվեք նրա հետ:
Թրթիռների համապատասխանության օրենքն անխափան է գործում: Ուստի նախքան Աստծուն
և Վեհապետներին մեղադրելը, թե իբր նրանք զրկում են ձեզ օգնությունից և բարեհաճ չեն
ձեր նկատմամբ՝ փորձեք ձեր ներսում փնտրել այն բանի պատճառը, թե ինչու եք հայտնվել
այս կամ այն իրավիճակում:
Ամեն ինչ աշխարհում ներսից դեպի դուրս է գնում: Օրե՛նքն է այդպիսին: Եվ
պատրանքն էլ իր հերթին դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք
տեսնել:
Նույն ճամփով գնացող երկու մարդիկ տեսնում և ուշադրություն են դարձնում իրարից
տարբեր բաների: Եվ եթե դուք հասել եք Բուդդայի աստիճանին, ապա ձեր կյանքը կանցնի
այնպես, որ ոչ մի կեղտ չկպչի ձեր ոսկյա հանդերձին:
Իսկ եթե ծանրաբեռնված եք բազմաթիվ թերություններով, ապա Երկրի վրա որքան էլ
իդեալական վայրում հայտնվեք՝ ձեր շուրջը միայն թերություններ և կեղտ կտեսնեք:
Ես այս օրով ձեզ այցի եկա, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրեմ ֆիզիկական
աշխարհում ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի ներքին պատճառների վրա: Փոխեցե՛ք
ինքներդ ձեզ, նպատակամղվեք, և դուք ձեռք կբերեք Բուդդայի ոսկյա հանդերձանքը և
Աստվածային Իմաստության գանձերը:
ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան
Տատյանա
Միկուշինա, 2013թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий