Աստվածային Ճշմարտությանը հասու են
դառնում ոչ թե արտաքին փնտրտուքով, այլ ներքին որոնումներով
Կութհումի
28 հունիսի, 2013 թ.
ԵՍ ԵՄ Կութհումին: Այսօրվա օրով մենք
կքննարկենք այն Ուսմունքի ևս մի քանի դրույթները, որը Երկրի մարդկությանն
ուսուցանում են Իմաստության Տիրակալները:
Որոշակի ժամանակ պահանջվեց, մինչև որ
կարողացա աշխարհների միջով մերձենալ ձեզ: Ինչպես աշխարհների փոխազդեցության,
այնպես էլ մեր Ուղերձների փոխանցման գործընթացները դեռևս բավարար չափով
ուսումնասիրված չեն աշխարհիկ գիտության կողմից: Եվ դա կապված է նաև այն բանի հետ,
որ գիտությունը կանխակալ է մոտենում այն ամենին, ինչը նրա տեսակետից կապված է գերբնական
երևույթների հետ, որոնք բացատրելի չեն ֆիզիկական աշխարհի և նրա օրենքների
տեսանկյունից: Կանցնի ևս որոշ ժամանակ, և գիտության միջոցով շրջակա աշխարհը
ճանաչելու շրջանակները կընդլայնվեն, իսկ ներկայումս ժամանակակից գիտության մեջ
գոյություն ունեցող՝ նուրբ աշխարհը
հետազոտող բնագավառը կընդգրկի ավելի լայն տիրույթ: Սակայն դա տեղի չի ունենա ավելի
վաղ, քան մարդկային մտքի առաջատարները կհավատան մեր գոյությանը և մշտական կապ կհաստատեն
մեզ հետ:
Իսկ մեզ հետ մշտական կապը հնարավոր է
միայն այն դեպքում, եթե դուք անկեղծ եք և անկեղծորե՛ն եք հավատում մեր գոյությանը:
Դեռ ավելին՝ հավատից զատ անհրաժեշտ է նվիրված լինել Եղբայրությանը և պահպանել այն
պայմանների անխախտությունը, որոնց հիման վրա երկարատև ժամանակահատվածի ընթացքում
մենք աշխատում ենք մարդկության հետ:
Ձեզնից նրանք, ովքեր ծանոթ են առատորեն
սփռված էզոթերիկական գրականության հետ, լիովին կարող են նկատած լինել, որ
գրականության այդ ճյուղը բաժանված է իրարից զգալիորեն տարբերվող երկու տեսակի կամ
սեռի:
Էզոթերիկական գրականության առաջին տեսակն
առնչվում է մարդկանց զանազան հոգեխուզական որոնումներին, որոնք հիմնականում կապված
են լինում աստեղային ոլորտի և մենտալ ոլորտի ստորին շերտերի հետ: Դրա մեջ մտնում
են նուրբ աշխարհների վերաբերյալ չզարգացած գիտակցությունների տպավորությունները և
առանձին անհատների գիտակցության մեջ՝ ֆիզիկական աշխարհին մոտ գտնվող նուրբ
շերտերին պատկանող շատ բաների, ուղղակիորեն ասած, անառողջ արտապատկերումը: Դա
գրականության վիթխարի մի շերտ է, որը լիովին հանգիստ կարող եք շրջանցել և դրան որևէ
նշանակություն չտալ: Դեռ ավելին՝ ես խստորեն ձեզ խորհուրդ եմ տալիս չտարվել այդ
տեսակի գրականության ընթերցանությամբ, քանի որ այն կարող է վնաս պատճառել ձեր
հոգեկառույցին՝ ձեզ մխրճելով օտարների երևակայության անառողջ թրթիռների մեջ:
Մյուս տեսակի էզոթերիկական գրականությունը
հազվադեպ է պատահում ձեր աշխարհում, և ներկայումս իրենից ներկայացնում է ավելի
շուտ պատահական, քան թե օրինաչափ երևույթ: Եվ դա հասկանալի է, քանի որ ձեր
աշխարհում ներկայումս հաստատված ճշտի ու ստի՝ 10 տոկոսը 90-ի դեմ
հարաբերակցությունը կիրառելի է նաև էզոթերիկական գրականության նկատմամբ:
Այստեղ ես մի փոքրիկ ճշգրտում պետք է
անեմ: Կապված այն բանի հետ, որ մեզ հակադիր ուժերը ներկայումս ուժեղացրել են իրենց
ընդդիմությունը, ճշմարիտ էզոթերիկական գրականությունը ձեր գրադարակների վրա սկսել
է առավել հազվադեպ երևալ: Եվ մեկը 99-ի դեմ տոկոսային հարաբերակցությունն արդեն
լավատեսական կարելի է համարել:
Նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձեռքն է
ընկնում ձեր կարծիքով մաքուր
տեղեկատվության աղբյուր, էլի դուք պետք է զգուշանաք և մանրազնին կերպով փորձեք
պարզել այդ հրատարակության հանգամանքները՝ օգտվելով ձեր ինտուիցիայից: Հայտնի շատ
հեղինակների գործեր, անցնելով որոշ հրատարակիչների անմաքուր ձեռքերով, փոխվում են
անճանաչելիության աստիճան. նման տպագիր արտադրանքի ճշմարտության չափը խիստ նվազում
է, և դժվարանում է որոշելը, թե որտեղ են թաքնված ձեզ իրենց ճանկերի մեջ առնող
թրթիռներն ու էներգիաները:
Ուստի մարդկության մեծամասնության առումով
լիովին արդարացված է ընդհանրապես էզոթերիկական գրականությունից հրաժարվելը, քանի
որ կյանքի ներկայիս ռիթմի պայմաններում մարդիկ պարզապես ժամանակ չունեն գլուխ
հանելու հում պատրաստուկների այն կույտերում, որնք առատորեն ներկայացված են
գրախանութների դարակներում և համացանցում:
Սակայն այստեղ ձեզ մի ուրիշ վտանգ էլ է սպառնում.
հրաժարվելով ճանաչելու այն, ինչը դեռևս չի ամրապնդվել մարդկության ընդհանրական
գիտակցության մեջ և մարդկային հասարակության մեծամասնության տեսակետից արժանահավատ
չէ՝ դուք վտանգում եք ձեզ ընձեռնված հնարավորությունը և չեք օգտվում այն
գիտելիքներից ու հանձնարարականներից, որոնք իսկապես ճշմարիտ են, տրվում են մեր՝
Համբարձյալ Վեհապետներիս կողմից և անփոխարինելի են մարդկության էվոլյուցիոն
զարգացման ներկա փուլի համար:
Ընթերցող պետք է որ մեր զրույցի այս
մասում տարակուսանք ապրի, որովհետև երևի երկար ժամանակ է, ինչ մի հարց է պտտվում
նրա գլխում. «Ո՞ր կողմն է ուզում ծռել...»:
Հիրավի՝ վիճակը ողբալի է դառնում: Մի
կողմից՝ մենք փորձում ենք օգնության ձեռք մեկնել մարդկությանը և նպաստել
փակուղային թվացող իրավիճակից դուրս գալուն, որի մեջ հայտնվել է Երկրի
մարդկությունը, և մյուս կողմից՝ մեզ հակադիր ուժերի ակտիվացման հետևանքով,
ժամանակի ներկա պահին այնպիսի աղտոտում է տեղի ունեցել մոլորակի տեղեկատվական
դաշտում, որ գործնականորեն հնարավոր չէ պարզել, թե որտեղ է ճշմարտությունը, և
որտեղ՝ սուտը:
Ցանկացած իրավիճակից ելք գոյություն ունի:
Եվ այս իրավիճակից՝ նույնպես: Այս իրավիճակի հանգուցալուծումն ուղղակի մակերեսի
վրա է: Ձեր աշխարհում ամեն ինչ իրար է ձգվում ըստ թրթռանքի: Ուստի անկասելի
ճշգրտությամբ ձեզ շրջապատող աշխարհում դուք կգտնեք հենց այն, ինչը համապատասխանում
է ձեր թրթիռներին: Եվ եթե ձեր թրթիռները ցածր են, ապա, որքան էլ ջանաք մերձենալ
ճշմարիտ տեղեկատվության աղբյուրին, հաջողության չեք հասնի:
Բայց ճիշտ է նաև հակառակ պնդումը. եթե ձեր
թրթիռները բարձր են, ապա, որքան էլ ջանաք ձեր թրթիռներին չհամապատասխանող գիրք կամ
տեղեկատվության աղբյուր գտնել, հաջողության չեք հասնի:
Ի վերջո, ի՞նչ եմ ես կոչ անում մեր
այսօրվա զրույցում: Ես մեծ հույսեր եմ փայփայում, որ բոլոր նրանք, ովքեր հիմա
կարդում են իմ այս Ուղերձը, կարդում են հենց այն պատճառով, որ իրենց թրթիռների
մակարդակը թույլ է տալիս դա անել:
Այժմ ձեզ մնացել է, որ անեք հաջորդ քայլը:
Կա՛նգ առեք:
Դադարացրե՛ք ձեր հոգևոր որոնումները:
Ասածս չի նշանակում, որ դուք պետք է ընդհանրապես
դադարացնեք ձեր իրական հոգևոր որոնումները, այլ միայն նշանակում է, որ ժամանակն է,
որ ընդհատեք արտաքին աշխարհում զանազան տեղեկատվական աղբյուրներ փնտրելու գործը:
Եթե ձեր ինտուիցիան հուշում է ձեզ, որ
դուք արդեն գտել եք ճշմարիտ աղբյուր, ապա մի՛ շարունակեք փորձարկել այլ
աղբյուրներ: Կանգ առեք մի աղբյուրի մոտ և ջուր խմեք միայն այդտեղից:
Այս առումով կարելի է նմանատիպ օրինակ բերել
ձեր ֆիզիկական աշխարհից: Ենթադրենք դաշտում աղբյուր եք փնտրում ձեր ծարավը
հագեցնելու համար: Ահա գտել եք մի աղբյուր, որը ձեզ զարմացնում է իր ջրի բյուրեղյա
մաքրությամբ ու կատարյալ համով:
Իմաստուն մարդիկ դադար են առնում նման աղբյուրի
մոտ, հագեցնում իրենց ծարավը և դրա ջուրը պահեստավորում իրենց ունեցած տարաներում
ու ջրամաններում:
Ոչ այնքան իմաստուն մարդիկ գնում են ուրիշ
աղբյուրի ջուր փորձելու: Բայց այնտեղի ջուրը մի փոքր դառնաղի է լինում: Հետո
մոտենում են մի ուրիշ աղբյուրի: Այս մեկի ջուրն էլ հոտած է դուրս գալիս: Հաջորդինը՝
ցեխաջուր:
Նման մարդկանց սպառնում է այն վտանգը, որ այլևս
երբեք չեն վերադառնա զուլալ ջրով աղբյուրի մոտ և կշարունակեն նոր աղբյուր փնտրել
ու ցեխաջուր խմել:
Ուստի այն պահին, երբ ձեր ողջ էությամբ
հասկանում եք, որ ձեր առջև Աստվածային Ճշմարտության մաքուր աղբյուր է, երբեք ուրիշ
աղբյուր մի՛ փնտրեք: Քանզի Աստվածային Ճշմարտությունը միակն է, և դրան կարող եք
հասու դառնալ ոչ թե արտաքին փնտրտուքներով, այլ ներքին որոնումներով:
Արտաքին գիտելիքից պետք է ի վերջո անցում
կատարել ներքին գիտելիքին: Արտաքինը միայն խթան է ձեր գիտակցության համար, որպեսզի
սուզվեք Աստծո հետ հաղորդակցության այն տարածությունը, որն առկա է ձեր սեփական
էության ներսում:
Հավանաբար ես այսօր ձեզ ձանձրացրի իմ
դատողություններով: Բայց ես լիահույս եմ, որ այն քչերը, որոնց համար ես այսօր
տվեցի իմ այս Ուղերձը, կլսեն ինձ և կօգտվեն իմ խորհուրդներից:
ԵՍ ԵՄ Կութհումին
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий