суббота, 24 августа 2013 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Նախախորհրդարանի հարգարժան անդամներ և առաջամարտիկնե՛ր.
մի ավելորդ անգամ իմ ձայնն եմ բարձրացնում ձեր այն թեզի դեմ, որ ժողովրդավարական բուն համակարգը պահպանելով և ներհամակարգային ինչ-որ փոփոխություններ իրագործելով հնարավոր է «լավ ժողովրդավարություն» ստանալ: Բազմիցս ասել եմ և էլի եմ կրկնում՝ ժողովրդավարության ոչ մի հին կամ նոր տարատեսակ չի կարող որևէ լավ բան տալ հայ ժողովրդին, քանի որ օտարների կողմից ներմուծված է հենց մեր ժողովրդին վնասելու, պառակտելու, թուլացնելու ու թալանելու համար: Անվերջանալի նստացույցերն ու թեկուզ բազմամարդ միտինգները, ոստիկանների հետ քաշքշուկների մեջ մտնելը, «բերման ենթարկվելն» ու ազատ արձակվելը, մանր հաղթանակներն ու նահանջները դրսի ուժերի սրտով են և կարող են անվերջ շարունակվել: Ժողովրդավարական «բարեփոխություններ», իբր ստիպված լինելով, կկատարի այդ ուժերին հլու-հնազանդ ծառայող իշխանությունը, բայց ոչ դուք կամ քաղաքացիական տարբեր խմբերի ակտիվիստները, որով էլ կերկարաձգվի ներկա իշխանության ղեկի մոտ մնալը: Իշխանությունը խլելու ցանկացած փորձ կդիտվի հակասահմանադրական և խստագույնս կպատժվի: Ուստի հույսեր մի՛ փայփայեք, թե հայ ժողովրդի իրական ընտրանին ի վերջո կմիանա ձեզ և ձեզ հետ միասին կմասնակցի փողոցային անիմաստ ու անհեռանկար քաշքշուկներին: Այնուհանդերձ չեմ բացառում, որ պայքարի ձեր ընտրած ձևին զուգահեռ, դուք կկարողանաք ձեր շուրջը համախմբել կարող ուժերի ու առանձին անհատների, որոնք կսկսեն հարկ եղած չափով լրջորեն մոտենալ իրական համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության և հրատապության հարցին՝ ստեղծելով համահայկական համապատասխան կառույց: Պետք է մշակել և ժողովրդի դատին հանձնել այն ազնվապետական սահմանադրությունը, որը պետք դրվի միացյալ ազգային նոր պետության հիմքում: Ժամանակը չի սպասում: Նոր սահմանադրության հանրաքվեն սարերի հետևում չէ...

Հաջողություն եմ մաղթում բոլոր ազգանվեր սրտերին,
ձեր Խաչիկ Մանասելյան (Խաչիկ-Ապեր)

Комментариев нет:

Отправить комментарий