среда, 11 сентября 2013 г.

ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ՁԳՏՈՒՄ

Հայ ժողովրդի երկու հատվածների`ՀՀ և ԼՂՀ պետական կազմավորումների համարյա միատարր ու համերաշխ բնակչության` միասնական սահմանադրությամբ մեկ պետական միացյալ կազմավորում ստեղծելու և իր պատմական բնօրրանում կամ դրա մի մասում միասնաբար ապրելու բնական ու արդարացի ձգտումը որևէ կերպ չի հակասում ու չի վնասում այլ ազգերի ու ժողովուրդների պետական կամ կենսական շահերից որևէ մեկին: Եթե այդ ձգտումը հակասում է որևէ միջազգային օրենքի դրույթներից որևէ մեկին, ուրեմն տվյալ դրույթը սխալ է կամ առնվազն սխալ է ձևակերպված, ուստիև միջազգային կառույցների կողմից ենթակա է շուտափույթ վերացման կամ փոփոխության:



ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՆԻ

Նախքան եվրոպական, եվրասիական, տարածաշրջանային կամ որևէ այլ միջպետական կառույցի տնտեսական կամ քաղաքական համաձայնագրերին կամ համագործակցությանը միանալը՝ հայ ժողովուրդը պետք է ավարտին հասցնի իր ներքին պետական շինարարության, լիակատար անկախության և ինքնիշխանության հաստատման հրատապ ու կենսական կարևորություն ունեցող խնդիրները, որոնք կիսատ և անկատար են մնացել ինչ-ինչ արտաքին ուժերի խանգարիչ, պառակտիչ և թշնամական ազդեցությունների պատճառով:



ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍՈՂԱՆՑՔ

Որևէ երկրի ներքին ու արտաքին օրենսդրական դրույթների նկատմամբ միջազգային օրենքների, պայմանագրերի և համաձայնագրերի սահմանադրորեն գերակա հռչակելը անթույլատրելի է և խախտում է այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, քանի որ ժամանակի ընթացքում անկանխատեսելի միջազգային ու տարածաշրջանային իրադարձությունները կարող են լուրջ հակասություններ ու խնդիրներ առաջացնել այդ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրենսդրորեն կարգավորվող հարաբերություններում: Այդ հակասություններն ու խնդիրները կարող են կործանարար հետևանքներ ունենալ հատկապես այնպիսի երկրների ու ժողովուրդների համար, որոնք դեռևս գտնվում են պետականության և ինքնիշխանության հաստատման ու ամրացման փուլում:



ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵՐԸ

Ամեն մի երկրի սահմանադրություն առաջին հերթին նախատեսված պետք է լինի այդ երկրի ազգաբնակչության հիմնական տարրի բնականոն կյանքն ու նրա հետագա զարգացումն ու վերարտադրությունն օրենսդրորեն կազմակերպելու, կարգավորելու ու վերահսկելու համար, իսկ միջազգային պահանջներին բավարարելն ու առանձին օտարազգի «փորձագետների» կարծիքները պետք է ունենան երկրորդական, ոչ շատ էական նշանակություն: Նման «փորձագետները» հաճախ այնքան էլ քաջատեղյակ չեն լինում իրենց «օգնությանը» դիմած ազգի բարոյական արժեհամակարգից, ավանդական կենցաղավարությունից ու «չգրված օրենքներից», որոնք հնարավորին չափ պետք է արտացոլված կամ հաշվի առնված լինեն սահմանադրական հոդվածներում կամ դրանց ենթակետերում:
Ցավոք, ՀՀ սահմանադրության ստեղծումն ու դրա հետագա բարեփոխումն իրականացվեցին այդ «փորձագետների» կարծիքներն արտակարգ կարևորելով և նրանց առատորեն վարձահատույց լինելով, ինչի կարիքը բոլորովին չկար: Դեռ ավելին՝ որոշ սահմանադրական դրույթների պարագայում նրանց արտահայտած «դրական» կարծիքը մենք պետք է ընկալեինք մեզ համար «բացասական» և՝ ընդհակառակը...
 
 


Միով բանիվ՝ դեռևս ուշ չէ, որ մեզ համար ստեղծենք մերը: 

Комментариев нет:

Отправить комментарий