понедельник, 16 декабря 2019 г.

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ - 5

1920 թ-ի նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտած վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակն ազգովի պատշաճ կերպով նշելու նպատակով՝ 2020 թ-ը Հայրենատիրության Տարի հռչակելուն նվիրված իմ այս եզրափակիչ գրառման միջոցով կփորձեմ իմ պատկերացմամբ ուրվագծել հայ ազգային հայրենասիրական ուժերի հիմնական նպատակներն ու անելիքները եկող Տարվա ընթացքում:
Հայրենատիրության Տարվա ընթացքում ազգային հայրենասիրական ուժերը կփորձեն հաղթանակով պսակել երկու հիմնական նպատակ՝
ա) Միացյալ Հայաստանի հռչակում,
բ) Հայոց Պահանջատիրության առարկայական, գործնական և ամբողջական ձևավորում ու հռչակում:
Նշված նպատակները, այսօրվանից սկսած, հնարավոր կդառնա իրականացնել Ա, Բ, Գ հաջորդական տարբերակներով: Այլ կերպ ասած՝ եթե Ա տարբերակն առարկայական ինչ-ինչ պատճառներով չհաջողվի իրականացնել, ապա գործի կդրվի Բ տարբերակը, իսկ եթե Բ տարբերակն էլ նույն կամ այլ պատճառներով ձախողվի, ապա, համազգային ուժերի գերագույն լարումով ու միաբանությամբ, ընթացք կտրվի Գ վերջնական ու հաղթական տարբերակին:
Ստորև կփորձեմ հնարավորինս կարճ անդրադառնալ վերը նշված երեք հնարավոր տարբերակներին:
Ա տարբերակի իրականացումը, որն իմ պատկերացմամբ ամենահեշտն էր ու ամենացանկալին, կարծես թե արդեն ձախողման եզրին է՝ ազգային հայրենասիրական ուժերի անբավարար համախմբվածության և կարևոր քայլերը կատարելու համար անհրաժեշտ ժամանակը թեթևամտորեն ձեռքից բաց թողնելու պատճառներով: Բանն այն է, որ որպեսզի Ա տարբերակը սկսեր գործել և հետագա բարեհաջող շարունակություն ստանար՝ նախ և առաջ ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է համարձակություն ունենային 2020 թվականը հռչակել Հայրենատիրության Տարի, և երկրորդ՝ ԱՀ Ազգային խորհդի պատգամավորները հանրային պահանջով պետք է Արցախը հռչակեին ՀՀ մարզ և լուծարեին իրենց ապօրինի կառույցն ու նախագահի ինստիտուտը: Այդ երկու վճռորոշ քայլերը, համաձայն Ա տարբերակի, պետք է արվեին նախքան Հայրենատիրության Տարվա սկիզբը, բայց քանի որ տարեվերջին արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, ապա ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ Ա տարբերակը, ավաղ, կանգնած է վերջնական ձախողման եզրին: Այնուամենայնիվ չնչին հույսեր դեռևս կան, որ այդ ձախողումը տեղի չի ունենա:
Ամենայն հավանականությամբ՝ Բ տարբերակը կսկսի գործել 2020 թ-ի Ծննդյան տոներից հետո և ՀՀ ու ԱՀ իշխանությունների առջև կդնի անհամեմատ ավելի խիստ (նաև որոշ անձանց համար ուղղակի սպառնագին) պահանջներ: Կարծում եմ, որ այդ տարբերակի շրջանակներում ազգային հայրենասիրական ուժերին կհաջողվի ստորագրահավաքի միջոցով ՀՀ դատախազությունից պահանջել, որ պետական ու ազգային դավաճանության մեղադրանքներով դատական գործեր հարուցվեն ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի, ԱՀ երկարակյաց «նախագահ» Բակո Սահակյանի, Աշոտ Ղուլյանի և այլոց նկատմամբ, որոնք առ այսօր գործուն մասնակցություն են ունեցել (կամ շարունակում են ունենալ) Արցախն «անկախացնելու» միջոցով հայ ժողովրդին պառակտելու ազգադավ գործում: Զուգահեռաբար, համազգային կարող ուժերը կստեղծեն Հայոց Պահանջատիրության Խորհուրդ, որը կզբաղվի Պահանջատիրության բոլոր բաղադրիչները հստակեցնելու, դրանք ի մի բերելու և միջազգային արբիտրաժի պահանջներին համապատասխանող, ներկայանալի ու գործնական տեսքի բերելու պատասխանատու գործով: Բ տարբերակի շրջանակներում կա ևս մեկ կարևոր ստորագրահավաքի հնարավորություն, որի մասին առայժմ գերադասում եմ լռել...
Վերջապես, եթե ՀՀ և ԱՀ իշխանություններին ինչ-որ հրաշքով հաջողվի ձախողել նաև Բ տարբերակը, և Արցախում համառորեն շարունակվի իշխանական ընտրությունների քարոզարշավը, ապա ազգային հայրենասիրական ուժերից կպահանջվի է՛լ ավելի մեծ համախմբում, որպեսզի անկասելիորեն գործի դրվի հաղթական Գ տարբերակը: Դրա առաջին նվաճումը կլինի այն, որ Արցախում նախատեսված իշխանական ընտրությունները հիմնովին կտապալվեն, որից հետո, համաժողովրդական հանրաքվեով կամ որևէ այլ մատչելի եղանակով ազգային հայրենասիրական ուժերը կիրականացնեն ևս մեկ իշխանափոխություն, Միացյալ Հայաստանը կհռչակվի որպես 1-ին հանրապետության օրինական իրավահաջորդ, որն էլ, ամբողջովին ու մինչև վերջնական Հաղթանակ, տեր կկանգնի Հայոց Պահանջատիրությանը:
Անձամբ ես վստահ եմ և հավատում եմ մեր ազգի վերջնական ու փայլուն Հաղթանակին:
Եղիցի...
Խաչիկ-Ապեր
16.12.2019թ.

Комментариев нет:

Отправить комментарий