среда, 13 июня 2012 г.

Հանրագիտարանային հոդված Գյուրջիևի մասին


Գ. Հ. ԳՅՈՒՐՋԻԵՎԻ ՄԱՍԻՆ
Գ. Հ. Գյուրջիև (1877? - 1949), Գեորգի Հովհաննեսի[1] Գյուրջիև, ծագումով՝ կեսհույն-կեսհայ, հոգևոր ուսմունքի հիմնադիր: Ժամանակակից կրոնական և հոգեբանական ուսմունքների գունապնակում Գյուրջիևը շարունակում է մնալ հանելուկային դեմք՝ անընդհատ աճող ազդեցությամբ: Առավել նման լինելով ձեն-բուդդայականության հոգևոր նահապետի կամ Սոկրատին, քան հայտնի կերպարով քրիստոնեական միստիկի՝ Գյուրջիևն իրեն ճանաչողների շրջապատում ուներ մարդկանց «արթնացնելու» անգերազանցելի շնորհով օժտված մարդու հռչակ: Նա Արևմուտք հասցրեց գաղտնատեսական համընդգրկուն գիտելիքներ և իրենից հետո թողեց մի դպրոց, որն աչքի է ընկնում գիտակցության զարգացման իր ուրույն մեթոդաբանությամբ:
«Գիտակցություն» ասելով Գյուրջիևը հասկանում էր ավելին, քան ուղեղի ակտիվ վիճակն ու գործունեությունը: Ըստ նրա ուսմունքի՝ գիտակցելու ունակությունը պահանջում է մտավոր, զգացական և մարմնական առանձին էներգիաների ներդաշնակ համակցություն, և միայն դա է թույլ տալիս, որ մարդու ներսում գործեն այն բարձրագույն գործոնները, որոնք կապված են այնպիսի ավանդական հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ նուս-ը (համաշխարհային բանականությունը), բուդդան (պայծառացումը) կամ ատման-ը (կյանքի հիմքը, հոգին): Այդ տեսակետից մարդը, ինչպիսին կա, իրականում անկատար էակ է, որին արտաքին խթաններով առաջնորդում են նրա պայմանական ռեֆլեքսները: Լայն բազմազանությամբ աչքի ընկնող գյուրջիևյան մեթոդները կարող են որպես միջոց ծառայել «իսկական մարդու» ինքնագիտակցությանն ու հոգևոր որակներին հասնելու համար, ինչպիսիք են՝ կամքը, անձը և օբյեկտիվ գիտելիքները: Մարդու էվոլյուցիային առնչվող նրա մեթոդն ու ուսմունքն իրենց արտացոլում են գտել տիեզերաբանական մի ընդարձակ համակարգում, որը լուսաբանված է հենց իր՝ Գյուրջիևի թողած ժառանգության մեջ և Պ. Դ. Ուսպենսկու «Հրաշալիի որոնումներ» գրքում (Նյու Յորք, 1949):
Չնայած 1920-ական թվականներին մամուլում տեղ գտած և նրան վերաբերող սենսացիոն բնույթի տեղեկատվությանը՝ իր հետևորդների շրջանակից դուրս Գյուրջիևը համարյա անհայտ մնաց իր ողջ կյանքի ընթացքում: Սակայն 1950-ականներին նրա գաղափարները սկսեցին տարածվել. դրան նպաստեց ինչպես նրա սեփական ստեղծագործությունների, այնպես էլ աշակերտների հուշագրությունների հրատարակումը: Նրա անձի բացառիկ հատկանիշները և հատկապես կյանքի հանգամանքների օգտագործման հանճարեղ ունակությունը, որով նա աշակերտներին օգնում էր, որպեսզի նրանք իրենց մասին իմանան ամբողջ ճշմարտությունը, առիթ տվեցին նաև, որ նրա մասին տարածվեն բազմաթիվ կեղծ պատմություններ, որոնք էլ երկար տարիների ընթացքում ստվեր գցեցին նրա գաղափարների մաքրության վրա: Բայց այսօր արդեն կարելի է ասել, որ Գյուրջիևի ուսմունքն ազատվել է ասեկոսեների ու զրպարտությունների սարդոստայնից և ճանաչվել որպես ներկա դարաշրջանի ամենախորաթափանց հոգևոր ուսմունքներից մեկը:
Գյուրջիևը ծնվել է ռուսական Անդրկովկասի հարավային մասում գտնվող Ալեքսանդրապոլ քաղաքում: Հայրը հույն էր, մայրը՝ հայ: Արտակարգ ընդունակություններով օժտված պատանին վայելում էր իր դաստիարակների՝ ուղղափառ վանականների հատուկ բարեհաճությունը և ժամկետից շուտ ստացել է հոգևոր ու բժշկական կրթություն: Համոզված լինելով, որ հավերժական գաղտնատեսական գիտելիքների ավանդույթներն ինչ-որ տեղ դեռևս պահպանվում են, նա լքում է ակադեմիական ուսումնառության արահետը և սկսում փնտրել իր առջև ծառացած էական հարցերի պատասխանները: Մոտ 20 տարի (1894-1912) ճամփորդելով հիմնականում Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում՝ նա փորձում է խորամուխ լինել հինավուրց ավանդույթների բուն էության մեջ: Նրա կյանքի այդ շրջանն առաջվա պես մեզ համար գաղտնի է մնում, թեև դրա առավել նշանակալից իրադարձությունները նա շարադրել է «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» ինքնակենսագրական պատումում:
1913 թ-ին Գյուրջիևը հայտնվում է Մոսկվայում: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր լիարժեք ուսմունք ստեղծել և սկսում է իր շուրջը հավաքել աշակերտների խմբեր՝ հիմնականում մտավորական միջավայրից: Այդ շրջանից սկսած՝ նրա կենսագրությունն ավելի հստակ է: Ռուս գրող Պ. Դ. Ուսպենսկին և երգահան Թոմաս դը Հարթմանը նկարագրում են, թե ինչպես է նա, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում աշխատել նաև բոլշևիկյան հեղափոխության տարիներին, ինչպես է իր հետևորդների հետ ճանապարհորդում դեպի Կովկաս (1917), Կոստանդնապոլիս (1920) և վերջապես հասնում Փարիզից հարավ գտնվող Ֆոնտեբլո քաղաքը, որտեղ էլ՝ դը Ավոն ամրոցում (Prieure d’Avon), մշտական հիմունքով վերականգնում է իր «Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը»:
Ինստիտուտի վարդապետությունն ու դրանում կիրառվող փորձարարական մեթոդները շուտով իրենց կողմն են գրավում Անգլիայի և ԱՄՆ-ի առաջատար շատ նկարիչների ու մտածողների, որոնք գալիս էին ծանոթանալու Գյուրջիևի հետ և ի վերջո մնում, որպեսզի աշխատեն նրա կողքին: Նրանցից շատերին, օրինակ՝ Մորիս Նիկոլին, Ջեյն Հիփին ու Քետրին Մենսֆիլդին Գյուրջիևի ուսմունքին ծանոթացրել են հայտնի քննադատ և «Նոր դար» ամսագրի խմբագիր Ա. Ռ. Օրեյջը և Պ. Դ. Ուսպենսկին:
1924 թ-ի սկզբին Գյուրջիևն աշակերտների հոծ խմբի ուղեկցությամբ առաջին անգամ այցելում է Միացյալ Նահանգներ, որտեղ մի քանի հրապարակային ելույթներ է ունենում սրբազան պարերի իր ուսումնասիրությունների թեմայով: Այդ ելույթները կայացել են հիմնականում Նյու Յորքում: Գյուրջիևն իր առջև նպատակ էր դրել ցուցադրելու «շարժումների գիտության» մոռացված սկզբունքները և լուսաբանելու այն հատուկ դերը, որն այդ գիտությունն ունի հոգևոր զարգացման ասպարեզում:
1924 թ-ի ամռանը տեղի ունեցած ավտովթարից հետո, որը քիչ էր մնացել նրա համար ճակատագրական լիներ, Գյուրջիևը որոշ չափով սահմանափակում է իր ինստիտուտի գործունեությունը, նեղացնում իր հետևորդների շրջանակը և ձեռնամուխ լինում իր ժառանգությանը գրավոր տեսք տալու գործին: Մինչև 1934 թ նա արդեն ավարտին էր հասցրել իր աշխատությունների առաջին երկու գրքերը և երրորդ գրքի մի մասը: Այդ ընթացքում նա շարունակում էր կապ պահպանել նախկին աշակերտների հետ, ևս երկու անգամ այցելում է ԱՄՆ (1929 և 1933 թթ) և վերջնականապես բնակություն հաստատում Փարիզում:
1935 թ Գյուրջիևը վերսկսում է աշխատանքն աշակերտների խմբերի հետ: Այդ գործում նրան օգնում էր Ժաննա դը Զալցմանը, որը նրա հետևորդների շարքում նրան ամենամոտ անձնավորությունն էր և ավելի ուշ շարունակեց նրա գործը: Թեև Գյուրջիևի աշակերտներին պատվիրված էր ծայրահեղ փակ գործել, սակայն Ֆրանսիայում նրա հետևորդների թիվն անընդհատ աճում էր նույնիսկ պատերազմի տարիներին: Նրանց թվում կային գրականության, արվեստի և բժշկության այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք են՝ Ռենե Դոմալը, Քատրին Հալմը, Պ. Լ. Թրեվերսը: Պատերազմից հետո Գյուրջիևի աշակերտների բազմազգ ընտանիքը կրկին հավաքվեց նրա շուրջը: 1948 թ-ի դեկտեմբերին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա և, չնայած հիվանդությանը, իր եռանդուն աշխատանքը շարունակեց ընդհուպ մինչև իր մահը, որը վրա հասավ հաջորդ տարվա հոկեմբերի 29-ին, Փարիզում:
«Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը» գիրքը, որն առաջին անգամ անգլերեն լեզվով լույս տեսավ 1950 թ-ին, Գյուրջիևի ստեղծագործությունների գլուխգործոցն է: Այն ընթերցողի առջև փռում է Երկրի վրա մարդու կյանքի անօրինակ լայնարձակ համայնապատկերը, ինչպես այն կներկայանար հեռավոր աշխարհի էակին: Պատմությունների ոչ հաջորդական հերթագայությամբ և միտումնավոր  լեզվական իմաստաբանություններով հյուսված տիեզերական այլաբանության հետևում Գյուրջիևի ուսմունքի էությունն է թաքնված:
1963 թ լույս տեսած «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» գրքում Գյուրջիևը պատմում է իր պատանեկության և գիտելիքների համառ որոնումների մասին:
Նախապես Գյուրջիևը մտադրվել էր իր եռագրությունն ավարտել «Կյանքն իրական է միայն այնժամ, երբ ԵՍ կամ» գրքով, սակայն այն այդպես էլ անավարտ է մնում.  դեռ ավելին, դրա մի մասն այժմ  անհետ կորած է համարվում: Պահպանված մնացած հատվածները հրատարակվել են 1981 թ: 1973 թ լույս տեսած «Հայացքներ իրական աշխարհից» գիրքը պարունակում է Գյուրջիևի դասախոսությունները, որոնք նրա աշակերտների կողմից գրի են առնվել 1920-ական թվականներին: Այդ ամենից զատ, Գյուրջիևը թողել է նաև բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ, որոնք գրվել են Թոմաս դը Հարտմանի համահեղինակությամբ: Դրանց մի մասն օգտագործվել է այն սրբազան պարերի ու շարժումների նվագակցության համար, որոնք Գյուրջիևի ուսմունքի կարևոր մասն են կազմում: Այդ շարժումները փաստագրվել և պահպանվել են նրա աշակերտների կողմից:
Գյուրջիևի սկսած գործունեությունն ու դրան հարակից հետազոտությունները նրա աշակերտների գլխավորությամբ շարունակվել ու ընդլայնվել են զանազան ֆոնդերի և ընկերությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են արևմտյան աշխարհի խոշորագույն քաղաքների մեծ մասում: Առաջացել են նաև որոշակի թվով խմբեր, որոնք նրա աշակերտների հետ որևէ կապ չունեն, թեև իրենք իրենց Գյուրջիևի հետևորդներ են հռչակում կամ պնդում նրա ուսմունքի հետ իրենց կապված լինելը:

Միշել դը Զալցման
(Հեղինակի սույն ակնարկը զետեղվել է
Մ. Էլիադեի 16-հատորանոց
«Կրոնի հանրագիտարան» գրքում
 (The Encyclopedia of Religion, 16
Volumes, Mircea Eliade, editor in chief,
New York: Macmillan, 1987) )


[1] Իվան, աշուղ Ադաշ

вторник, 12 июня 2012 г.

Ուսմունք արտաերկրային քաղաքակրթությունների մասին


21 ապրիլի, 2006 թիվ


ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:
ԵՍ ԵՄ եկել, որպեսզի տամ ևս մեկ ոչ մեծ Ուսմունք, որը, հուսով եմ, ձեզ համար հույժ օգտակար կլինի ձեր էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում:
Քանի որ ձեր քաղաքակրթությունն այժմ սկսել է վերընթաց շրջան՝ կանգնել է վերընթաց պարույրի վրա, ապա յուրաքանչյուր ուսմունք, որն արդեն հայտնի է եղել նախկին ժամանակներում, ձեր կողմից պետք է ընկալվի նորովի: Եվ ինչպիսի նոր ուսմունքներ էլ որ դուք ստանաք այլ աղբյուրներից ու անցուղիներից, ես պետք է տամ ոչ մեծ մի պարզաբանում՝ կապված այն բանի հետ, որ տիեզերքում գոյություն ունեն բազմաթիվ տարբեր հիերարխիաներ, որոնք ընթանում են յուրաքանչյուրն իր ուղով: Եվ այդ հիերարխիաներից շատերն ազգակից են այն հիերարխիային, որին պատկանում եմ ես, և որը Երկրի վրա ներկայացնում է մեր դեսպանորդը: Մյուս հիերարխիաները գտնվում են զարգացման մի փոքր այլ մակարդակների վրա, ունեն այլ կառուցվածքներ և լուծում են այլ խնդիրներ:
Այդ հիերարխիաների մեջ կան այնպիսինները, որոնց հետ մենք համագործակցում ենք, բայց կան նաև այնպիսինները, որոնց հետ մենք որևէ համաձայնության չենք գալիս: Նրանք գործում են իրենց օրենքներով: Այժմ ձեզ համար դժվար է ընկալել այս իրադրությունը, քանի որ այն ամենն, ինչը մենք մինչև այս պահն ասում էինք, վերաբերում էր այս տիեզերքում գոյություն ունեցող միասնական Օրենքին և այն մասին էր, որ ներքևինը պետք է ենթարկվի վերևինին: Այժմ դուք ստանում եք տեղեկատվություն, որը մի փոքր տարբերվում է նախկինում ձեր ստացածից: Այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ իրոք ամեն ինչ այս տիեզերքում ենթակա է Մեծ Օրենքին, որը գործում է համայն տիեզերքում: Սակայն ինքը Օրենքը գործում է ընտրողաբար և տարբեր կերպ է բեկվում տիեզերքի տարբեր կետերում: Դա նման է այն բանին, որ Երկրի վրա գոյություն ունեն տարբեր երկրներ, և, չնայած յուրաքանչյուր երկրում գործում են ֆիզիկայի ու մաթեմատիկայի նույն օրենքները, միաժամանակ ամեն երկիր ունի իր օրենքը, որով կառուցել է իր պետությունը, և որով առաջնորդվում է այդ պետությունը: Եվ ճիշտ այնպես, ինչպես շատ պետություններ կարող են գոյատևել իրար նկատմամբ թշնամանք տածելով, այնպես էլ կան ուրիշ պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված իրար նկատմամբ և որոնց զարգացումը երկար դարերի ընթացքում խարսխված է եղել բարեկամության ու համագործակցության վրա: Եթե վերադառնանք մեր տիեզերքին, ապա պետք է գիտակցեք, որ այն ամենն, ինչ գոյություն ունի այս տիեզերքում, անհամեմատ ավելի բազմաբնույթ է, քան այն ամենն, ինչ գոյություն ունի Երկիր մոլորակի վրա: Եվ երբ ձեր գիտակցության մեջ դուք դուրս եք գալիս առանձին մոլորակի շրջանակներից, ապա հասկանում եք, որ տիեզերքում գոյություն ունեն այլ քաղաքակրթություններ, որոնք կարող են կառուցված լինել սկզբունքորեն այլ հիմքի վրա: Եվ չնայած այն բանին, որ այդ քաղաքակրթություններում գործում է համայն տիեզերքում գոյություն ունեցող ընդհանուր Օրենքը, այնուամենայնիվ նրանց հատուկ են զարգացման այլ սկզբունքներ, և նույնիսկ այլ աշխարհներ բնակեցնող էակների բնույթը կարող է նշանակալիորեն տարբերվել ձերինից:
Ցանկացած քաղաքակրթության զարգացման ընթացքում գալիս է այն պահը, երբ այն փոխազդեցության մեջ է մտնում տիեզերքում բնակվող այլ քաղաքակրթությունների հետ: Այդ գործընթացն ունի այն փուլի համանմանությունը, երբ մի որևէ ցեղ իր համար խաղաղ ապրում էր, և իր զարգացման որոշակի փուլում հանկարծ բացահայտում է, որ իրենից ոչ հեռու գոյություն ունի մի ուրիշ ցեղ՝ իրեն հատուկ սովորություններով ու օրենքներով:
Երբ դուք հայտնվում եք մի ուրիշ երկրում, ձեզ համար ամեն ինչ հետաքրքիր է՝ այդ երկրի օրենքներն ու սովորությունները, մարդկանց վարվելակերպը, շրջապատող իրականության նկատմամբ նրանց պատկերացումները: Երբ դուք հանդիպում եք այլ աշխարհների համակարգի պատկանող քաղաքակրթության հետ, ճիշտ նույն ձևով փոխադարձ հետաքրքրություն է ծագում: Այդ ամենը տեղի է ունենում ցանկացած քաղաքակրթության զարգացման որոշակի փուլում:
Այսօրվա իմ խրատի նպատակն է՝ տալ ձեզ այն բանի ըմբռնումը, որ մշտապես Երկիր մոլորակի զարգացման պատմության ընթացքում Երկրի վրա գոյություն ունեցող քաղաքակրթությունները բախվել են ավելի զարգացած քաղաքակրթությունների հետ: Եվ չնայած այն բանին, որ տիեզերքում գոյություն ունի և գործում է օրենք այն մասին, որ ոչ մի քաղաքակրթություն չի կարող վնաս պատճառել մի ուրիշ քաղաքակրթության, այնուամենայնիվ եղել են պահեր, երբ այդ օրենքը խախտվել է: Սակայն կան ավելի բարձր էակներ, որոնք հնարավորություն ունեն միջամտել և կարգավորել առաջացող ցանկացած վիճելի պահերը: Այժմ, երբ մարդկությունն իր ամբողջությամբ դուրս է գալիս իր զարգացման նոր մակարդակի վրա, շատ քաղաքակրթություններ, որոնք պատկանում են աշխարհների այն համակարգերին, որոնք բավականին առաջ են անցել Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող քաղաքակրթության համեմատ, բայց ունեն երկրայինից տարբերվող զարգացման ուղղություն, կձգտեն փոխազդեցության մեջ մտնել Երկրի բնակիչների հետ: Ուստի դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած անակնկալների, որոնք կարող են տեղի ունենալ ձեր կյանքերում: Սակայն այս իրադրության մեջ էլ, ինչպես ցանկացած ուրիշում, գործում է թրթռանքներին համապատասխանող ձգողականության օրենքը: Եթե արտաերկրային քաղաքակրթությունները ձեզ անհանգստացնում են և չափազանց շատ տեղ են զբաղեցնում ձեր գիտակցության մեջ, ապա մեծ է հավանականությունն այն բանի, որ հանդիպեք այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ: Սակայն եթե արտաերկրային քաղաքակրթությունների հետ կապված հարցերը ձեզ չեն հետաքրքրում, ապա կանցնեք ցանկացած արտաերկրային օբյեկտի մոտով և նույնիսկ չեք նկատի այն:
Չարժե վախենալ որևէ բանից: Սակայն պետք է միշտ հիշել, որ ոչ բոլոր արտաերկրային քաղաքակրթություններն են բարեկամական զգացմունքներ տածում Երկրի բնակիչների նկատմամբ: Եվ եթե դուք ձեզ վստահ չեք զգում որևէ իրադրությունում և չգիտեք, թե ինչպես արձագանքեք դրան, ապա մի՛ մոռացեք, որ գոյություն ունեն Բարձրագույն Ուժեր, որոնք կոչված են ձեզ օգնություն ցուցաբերել և ձեզ պաշտպանել նման իրադրությունների դեպքում: Տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ չէ, որ հասկանալի ու մատչելի կարող է լինել ձեր արտաքին գիտակցության համար: Սակայն լավ կլինի, եթե դուք պատրաստ լինեք ցանկացած անկանխատեսելի իրադրությանն ու հանդիպմանը: Ուստի ես այսօր իմ պարտքը համարեցի ձեզ ոչ մեծ մի Ուսմունք տալ արտաերկրային քաղաքակրթությունների մասին:
Որպես կանոն՝ անցյալի բոլոր կրոնական համակարգերը թշնամաբար են տրամադրված եղել արտաերկրային քաղաքակրթությունների ցանկացած նման ներխուժման նկատմամբ և եկվորներին հայտարարել են դևեր ու սատանաներ: Գոյություն ունեցող կրոնական շրջանակների ու սահմանափակումների պայմաններում ուրիշ կերպ հնարավոր էլ չէր լինի վերաբերվել այդ ոչ միշտ հասկանալի երևույթներին: Եվ այժմ էլ շատ կրոնական համակարգեր ուսուցանում են, որ այլմոլորակային ներխուժումները սատանայի ու նրա կամակատարների գործն են:
Նորից եմ կրկնում, որ մարդկության զարգացման որոշակի փուլում նմանատիպ շփումները դառնում են անխուսափելի: Եվ քանի որ շատ արտաերկրային քաղաքակրթություններ չափազանց շատ են տարբերվում Երկրի վրա գոյություն ունեցող քաղաքակրթությունից, ապա դրանք ձեր գիտակցության մեջ կարող են ընկալվել որպես թշնամական:
Դուք ձեր գիտակցության մեջ դուրս եք գալիս ձեր զարգացման նոր մակարդակի վրա, և այդ պատճառով արտաերկրային քաղաքակրթությունների հետ ծագող հարաբերությունների հարցը մեր խրատներում չի կարող շրջանցվել: Դուք մշտապես պետք է հիշեք, որ Համբարձյալ Տիրակալները ձեզ ամենամոտ կանգնած էակներն են այս տիեզերքում՝ ըստ իրենց զարգացման մակարդակի և թրթռանքների: Դեռ ավելին՝ Համբարձյալ Տիրակալների շատ մասնիկներ գտնվում են մարմնավորման մեջ, և, հետևաբար, շատ Համբարձյալ Տիրակալներ առկա են ձեր ներսում: Դուք ձեր Բարձրագույն Ես-ի կազմում ունեք Համբարձյալ Տիրակալների մասնիկներ: Ուստի խորհուրդ եմ տալիս՝ քանի դեռ ձեր գիտակցությունը բավարար չափով չի նախապատրաստված, չափազանց շատ ուշադրություն մի՛ հատկացրեք արտաերկրային քաղաքակրթություններին և նրանց հետ կապերին: Երբ ձեր գիտակցությունն ավելի շատ հագեցած կլինի այլ քաղաքակրթություններին վերաբերող տեղեկատվությամբ, այնժամ ինքնե՛րդ էլ կկարողանաք ճիշտ գնահատել ծագած իրադրություններն ու ճիշտ որոշում կայացնել բարդ իրադրություններում: Իսկ հիմա՝ ևս մեկ խորհուրդ. հենց որ բախվում եք որևէ իրադրության հետ, որը շարժում է ձեր վրդովմունքը, կանչ հղեք այն համբարձյալ Տիրակալներին, որոնց մասին գիտեք՝ Հիսուսին, Մուհամեդ մարգարեին, Միքայել Հրեշտակապետին, Ազատության Աստվածուհուն, Սանատ Կումարային, ինձ կամ մյուս Տիրակալներին, և խնդրեք նրանց օգնությունն ու օժանդակությունը՝ ծագած իրադրությունից դուրս գալու համար:
Կարող եք ձեր կանչն արտահայտել բարձրաձայն կամ մտքի մեջ, կարող եք նաև ձեր անհանգստության էությունը շարադրել գրավոր ձևով և այրել ձեր խնդրանքի այդ նամակը: Միշտ վստահ եղեք, որ ձեր յուրաքանչյուր կանչի առիթով ձեռք կառնվեն անհրաժեշտ միջոցներ: Եվ ոչ մի դեպքում մի՛ երկյուղեք, ինչպիսի իրադրության մեջ էլ որ հայտնվեք: Սարսափի թրթռանքները կաթվածահար են անում ձեր կամքը և ձեր իսկ Բարձրագույն մասի հետ ձեր կապը:
Ես այսօր տվեցի արտաերկրային քաղաքակրթությունների հետ հարաբերվելու Ուսմունքի ուրվագծերը, և ես հուսով եմ, որ սույն փուլում այս խրատները ձեր կյանքում օգտակար կլինեն:

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ ձեր նկատմամբ Սիրով լի

понедельник, 11 июня 2012 г.

Ուսմունք թրթռանքների բարձրացման մասին


6 հունվարի, 2008 թիվ

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ կրկին ձեզ այցի եկածս:
Այս օրով ես եկել եմ խրատներ տալու և այն բանի համար, որ նորացված մեկնաբանություն տամ մեր  Ուսմունքի այն դրույթների վերաբերյալ, որոնց մասին հավանաբար արդեն մոռացել եք:
Այսպիսով, ես եկել եմ, որ այս աշխարհի չափ հին մի Ուսմունք տամ ձեզ: Այն ես տվել եմ Երկրի վրա ունեցած իմ մարմնավորման ընթացքում: Եվ այժմ էլ օգտվում եմ այս հնարավորությունից, որպեսզի գիտելիք տամ ձեր ուսյալ լսարանին: Ես հաշվի եմ առնում, որ այժմ իմ խոսքը կարող են կարդալ շատ ու շատ հոգիներ: Դրանց մեջ կան այնպիսինները, որոնք ունակ են ընկալելու իմ ամեն մի խոսքը, բայց և կան այնպիսինները, որոնց իմ ուղերձն իրենց կյանքի հերթական զվարճանքը կթվա: Վերջիններս անց կկենան իմ խոսքերի կողքով այնպես, ինչպես անց են կացել երեկվա այն տոնական ազդագրի կողքով, որն իրենց կանչում էր հերթական զվարճալի միջոցառմանը մասնակցելու: Եվ հենց դրանով էլ հինավուրց Ուսմունքի իրենց ճանաչման գործը կավարտվի:
Ի՜նչ արած, մենք համբերությամբ կսպասենք, մինչև ձեր ճանաչողական ունակությունները բացվեն, որպեսզի կարողանաք Ճշմարտությունը ստից  և իրականությունը պատրանքից ջոկել:
Դուք այժմ գտնվում եք մատերիականության ցածրագույն կետում: Ուստի և շատ ու շատ Ճշմարտություններ չեք կարողանում ընկալել այն բանի պատճառով, որ ձեզ շրջապատող աշխարհի խտությունը չափազանց մեծ է: Ձեր աշխարհը թրթռում է այս տիեզերքի համար հնարավոր ամենացածր հաճախությամբ: Եվ, որպեսզի դուք հաղորդակցվեք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում տիեզերքում, հարկ է, որ մի փոքր բարձրացնեք ձեր թրթիռների հաճախությունը: Պետք է ձեզ ասեմ, որ եթե շրջապատող աշխարհի թրթռանքները թեկուզ շատ աննշան բարձրանան, ապա ձեր ֆիզիկական մարմինները կարող են և չդիմանալ ծանրաբեռնվածությանը:
Ահա թե ինչու շատ դավանանքներում, եթե ոչ բոլորում, խոսվում է ֆիզիկական և ավելի նուրբ մարմինների մաքրման մասին, որոնց շարքին են պատկանում ձեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ եթերային, աստեղային և մենտալ մարմինները:
Ահա թե ինչու է ձեզ մշտապես հիշեցվում, որ պաս պահեք, մաքուր վիճակում պահեք ձեր մտքերն ու զգացմունքները:
Հենց որ Երկիրը ևս մի փոքր բարձրացնի իր թրթռանքները, ապա հազի՜վ թե իմ այս ուղերձն ընթերցողների մեջ գտնվեն մի քանի հարյուր մարդիկ, որ դիմանան մոլորակի այդ նոր թրթռանքներին:
Ուստի ես եկել և տալիս եմ այս Ուսմունքը, թե ինչպես պահպանեք ձեր մարմինները Երկիր մոլորակի թրթռանքների փոփոխման ընթացքում:
Նախ և առաջ հարկ է, որ անհանգստանաք ձեր ֆիզիկական մարմնի համար: Այն ամենաշատը կվնասվի, քանի որ նրա թրթռանքների հաճախությունն ամենացածրն է: Ուստի անհրաժեշտ է, որ արդեն իսկ անցնեք թեթևացած սննդի:
Հարկավոր է սննդի մեջ բացառել մսամթերքի ցանկացած կիրառություն՝ ներառյալ նաև թռչնի միսն ու ձկնեղենը: Արդեն չեմ խոսում ալկոհոլից, նիկոտինից, թմրանյութերից և այլ վնասակար նյութերից հրաժարվելու մասին, որոնք նախանձելի համառությամբ շարունակում եք օգտագործել՝ ուշք չդարձնելով մեր իրազեկումներին ու նախազգուշացումներին:
Հարկ է, որ դուք ուշադրություն դարձնեք ձեզ շրջապատող ամեն ինչի՝ օդի, ջրի, սննդի, որակի վրա: Այն սնունդը, որը ձեզնից շատերն օգտագործում են, չի կարող սնունդ ծառայել ապագայում: Ձեր սնունդը պետք է բաղկացած լինի բուսական հիմքով ապուրներից, հյութերից, հանքային ջրից և որոշ այլ բնական մթերքներից, ինչպիսիք են՝ մեղրը, մրգերը, բանջարեղենը: Ամեն կերպ խուսափե՛ք քիմիական մշակում անցած սննդամթերքից՝ ներառյալ պահածոյացվածները:
Սննդի մեջ մի՛ օգտագործեք այն մթերքները, որոնք գործարանային մշակում են անցել: Վնասակար ու չարորակ ուռուցքներ առաջացնող նյութերով հարստացվելուց բացի, դրանք հագենում են նաև բացասական էներգիայով, երբ պահվում են պահեստներում, արտադրամասերում և, հատկապես՝ խանութների դարակների վրա:
Եթե դուք հետևեք մեր խորհուրդներին, ապա շատ շուտով ձեր օգտագործած սննդի քանակությունը կհասնի իր նվազագույնին, և ինքներդ արդեն մեծ քաղաքներից հեռու գտնվող ձեր հողամասերում կաճեցնեք ձեզ և ձեր ընտանիքի համար անհրաժեշտ ամբողջ սննդամթերքը:
Ձեր ավելորդ սնունդ ընդունելը կապված է այն բանի հետ, որ ձեր էներգետիկական կենտրոնները՝ ձեր չակրաները, աղտոտված են: Այդ պատճառով չեք կարողանում ձեր չակրաներով ստանալ լիարժեք էներգետիկական սնունդ:
Իրականում ձեր սննդի հիմնական էներգետիկական բաղադրիչն Աստվածային աշխարհից ձեզ է հասնում ձեր չակրաների համակարգի միջոցով:
Ձեր ֆիզիկական մարմնի կենսապահովմանն ընդամենն անհրաժեշտ է հանքային նյութերի, սպիտակուցների, վիտամինների, ճարպերի, ածխաջրատների մի համախումբ, որը բավարար չափով պարունակվում է բուսական ծագմամբ սննդի մեջ, որն աճեցված պետք է լինի էկոլոգիապես մաքուր շրջաններում՝ առանց թունաքիմիկատների կիրառության:
Դուք այնքան սննդի կարիքը չունեք, որքան որ սովոր եք ընդունել: Ձեր մարմինները պետք է առավելագույնս թեթևացվեն, որպեսզի թրթռան ավելի բարձր հաճախությամբ:
Այլապես կհիվանդանաք և վատ կզգաք ձեզ, հետո նոր վերջին հաշվով կհետևեք իմ խորհուրդներին. բայց այդ դեպքում շատ ժամանակ կկորցնեք, իսկ ես հենց հիմա՛ եմ առաջարկում արդեն նախապատրաստվել:
Ձեր նուրբ մարմինների մաքրմանը վերաբերող Ուսմունք մեր ուղերձներով ձեզ նախկինում արդեն տրվել է, և ես չեմ ուզում ժամանակ վատնել արդեն անցածը կրկնելու վրա:
Հատկապես խորհուրդ եմ տալիս վերադառնալ պաշտելի Կութհումիի թելադրություններին, որոնցում նա ակնառու կերպով բացատրում է, թե ինչպես հրաժարվեք ձեր ցածրակարգ մտքերից ու զգացմունքներից:
Այն բանից հետո, երբ կսովորեք նոր էներգետիկական տիրույթում կառավարել ձեր մարմինների նյութափոխանակային գործընթացները, ձեր մարմինները ձեռք կբերեն հատուկ նրբազգացություն: Եվ անմիջապես դրան կհետևի մի փուլ, երբ ձեր հետագա էվոլյուցիայի համար ձեր ֆիզիկական մարմիններն այլևս պետք չեն գա: Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք շարունակում մեր էվոլյուցիան՝ չունենալով ֆիզիկական մարմին:
Պետք է ձեզ ասեմ, որ ճիշտ սննդակարգն ու ճիշտ կենսակերպն, իհարկե, նշանակալից դիր են խաղում ձեր զարգացման գործում, սակայն առաջնայինը ձեր գիտակցության ընդլայնումն է՝ ավելի տարողունակ բաների ընկալումն ու սովորական շրջանակներից և դոգմաներից վեր կանգնելը:
Մենք՝ Համբարձյալ Վեհապետներս, մշտապես անհրաժեշտ պայման ենք համարել այն, որ վեր ձգտողն իր Ուղու որոշակի փուլում անպայման պետք է իր ողջ կյանքը նվիրաբերի Երկրի կենսահոսքերին ծառայելուն՝ դրանով հանդերձ կանգնելով մեր երկրային Հիերարխիայի աստիճանի վրա: Ձեռնադրումների Ուղու այդ Ուսմունքն իր լիակատար ծավալով նույնպես տրվել է ձեզ, և ես այժմ դրա վրա մանրամասն կանգ չեմ առնի:
Ինչպես տեսնում եք, ձեր առջև աշխատանքների բավականին լայն ճակատ կա, որպեսզի աշխատեք ինչպես ինքներդ ձեզ ու ձեր սեփական գիտակցության վրա, այնպես էլ ձեր մերձավորներին օգնություն ցուցաբերելու բնագավառում:
Ուստի մի՛ տրտնջացեք, թե զբաղմունք չունեք, և որ չգիտեք, թե ինչ անեք:
Պարզապես վերընթերցեք իմ և մյուս Վեհապետների թելադրությունները, որոնք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով. վերընթերցեք այն դիտանկյունից, թե Վեհապետներն ի՞նչն են խորհուրդ տալիս, որ կիրառեք ձեր կյանքում: Թուղթ ու մատիտ վերցրեք և գրանցեք բոլոր խորհուրդներն ու հանձնարարականները:
Հետո խաչ դրեք բոլոր այն կետերի առջև, որոնք արդեն կատարել եք կամ արդեն կատարում եք:
Ես վստահ եմ, որ այդ պարզ գործողությունից հետո դուք ձեզ համար ճիշտ եզրահանգումներ կանեք:
Ես այս օրով եկա խրատներ տալու համար:

ԵՍ ԵՄ Զրադաշտը

«Հուրն է իմ տարերքը», Երևան, 2010թ

суббота, 9 июня 2012 г.

Ռուսաստանը շարունակում է ծանրացնել իր կարմայական բեռը

«Մեր Դեսպանորդի դեմ ուղղված ցանկացած գործողություն ավելացնում է այն երկրի կարմայական բեռը, որում նա գործում է: Եվ հակառակը՝ Աստծո օրհնանքին է արժանանում այն երկիրը, որն ապաստան է տալիս և ընդունում մեր Դեսպանորդին»: 
Մայր Մարիամ