среда, 13 июня 2012 г.

Հանրագիտարանային հոդված Գյուրջիևի մասին


Գ. Հ. ԳՅՈՒՐՋԻԵՎԻ ՄԱՍԻՆ
Գ. Հ. Գյուրջիև (1877? - 1949), Գեորգի Հովհաննեսի[1] Գյուրջիև, ծագումով՝ կեսհույն-կեսհայ, հոգևոր ուսմունքի հիմնադիր: Ժամանակակից կրոնական և հոգեբանական ուսմունքների գունապնակում Գյուրջիևը շարունակում է մնալ հանելուկային դեմք՝ անընդհատ աճող ազդեցությամբ: Առավել նման լինելով ձեն-բուդդայականության հոգևոր նահապետի կամ Սոկրատին, քան հայտնի կերպարով քրիստոնեական միստիկի՝ Գյուրջիևն իրեն ճանաչողների շրջապատում ուներ մարդկանց «արթնացնելու» անգերազանցելի շնորհով օժտված մարդու հռչակ: Նա Արևմուտք հասցրեց գաղտնատեսական համընդգրկուն գիտելիքներ և իրենից հետո թողեց մի դպրոց, որն աչքի է ընկնում գիտակցության զարգացման իր ուրույն մեթոդաբանությամբ:
«Գիտակցություն» ասելով Գյուրջիևը հասկանում էր ավելին, քան ուղեղի ակտիվ վիճակն ու գործունեությունը: Ըստ նրա ուսմունքի՝ գիտակցելու ունակությունը պահանջում է մտավոր, զգացական և մարմնական առանձին էներգիաների ներդաշնակ համակցություն, և միայն դա է թույլ տալիս, որ մարդու ներսում գործեն այն բարձրագույն գործոնները, որոնք կապված են այնպիսի ավանդական հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ նուս-ը (համաշխարհային բանականությունը), բուդդան (պայծառացումը) կամ ատման-ը (կյանքի հիմքը, հոգին): Այդ տեսակետից մարդը, ինչպիսին կա, իրականում անկատար էակ է, որին արտաքին խթաններով առաջնորդում են նրա պայմանական ռեֆլեքսները: Լայն բազմազանությամբ աչքի ընկնող գյուրջիևյան մեթոդները կարող են որպես միջոց ծառայել «իսկական մարդու» ինքնագիտակցությանն ու հոգևոր որակներին հասնելու համար, ինչպիսիք են՝ կամքը, անձը և օբյեկտիվ գիտելիքները: Մարդու էվոլյուցիային առնչվող նրա մեթոդն ու ուսմունքն իրենց արտացոլում են գտել տիեզերաբանական մի ընդարձակ համակարգում, որը լուսաբանված է հենց իր՝ Գյուրջիևի թողած ժառանգության մեջ և Պ. Դ. Ուսպենսկու «Հրաշալիի որոնումներ» գրքում (Նյու Յորք, 1949):
Չնայած 1920-ական թվականներին մամուլում տեղ գտած և նրան վերաբերող սենսացիոն բնույթի տեղեկատվությանը՝ իր հետևորդների շրջանակից դուրս Գյուրջիևը համարյա անհայտ մնաց իր ողջ կյանքի ընթացքում: Սակայն 1950-ականներին նրա գաղափարները սկսեցին տարածվել. դրան նպաստեց ինչպես նրա սեփական ստեղծագործությունների, այնպես էլ աշակերտների հուշագրությունների հրատարակումը: Նրա անձի բացառիկ հատկանիշները և հատկապես կյանքի հանգամանքների օգտագործման հանճարեղ ունակությունը, որով նա աշակերտներին օգնում էր, որպեսզի նրանք իրենց մասին իմանան ամբողջ ճշմարտությունը, առիթ տվեցին նաև, որ նրա մասին տարածվեն բազմաթիվ կեղծ պատմություններ, որոնք էլ երկար տարիների ընթացքում ստվեր գցեցին նրա գաղափարների մաքրության վրա: Բայց այսօր արդեն կարելի է ասել, որ Գյուրջիևի ուսմունքն ազատվել է ասեկոսեների ու զրպարտությունների սարդոստայնից և ճանաչվել որպես ներկա դարաշրջանի ամենախորաթափանց հոգևոր ուսմունքներից մեկը:
Գյուրջիևը ծնվել է ռուսական Անդրկովկասի հարավային մասում գտնվող Ալեքսանդրապոլ քաղաքում: Հայրը հույն էր, մայրը՝ հայ: Արտակարգ ընդունակություններով օժտված պատանին վայելում էր իր դաստիարակների՝ ուղղափառ վանականների հատուկ բարեհաճությունը և ժամկետից շուտ ստացել է հոգևոր ու բժշկական կրթություն: Համոզված լինելով, որ հավերժական գաղտնատեսական գիտելիքների ավանդույթներն ինչ-որ տեղ դեռևս պահպանվում են, նա լքում է ակադեմիական ուսումնառության արահետը և սկսում փնտրել իր առջև ծառացած էական հարցերի պատասխանները: Մոտ 20 տարի (1894-1912) ճամփորդելով հիմնականում Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում՝ նա փորձում է խորամուխ լինել հինավուրց ավանդույթների բուն էության մեջ: Նրա կյանքի այդ շրջանն առաջվա պես մեզ համար գաղտնի է մնում, թեև դրա առավել նշանակալից իրադարձությունները նա շարադրել է «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» ինքնակենսագրական պատումում:
1913 թ-ին Գյուրջիևը հայտնվում է Մոսկվայում: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր լիարժեք ուսմունք ստեղծել և սկսում է իր շուրջը հավաքել աշակերտների խմբեր՝ հիմնականում մտավորական միջավայրից: Այդ շրջանից սկսած՝ նրա կենսագրությունն ավելի հստակ է: Ռուս գրող Պ. Դ. Ուսպենսկին և երգահան Թոմաս դը Հարթմանը նկարագրում են, թե ինչպես է նա, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում աշխատել նաև բոլշևիկյան հեղափոխության տարիներին, ինչպես է իր հետևորդների հետ ճանապարհորդում դեպի Կովկաս (1917), Կոստանդնապոլիս (1920) և վերջապես հասնում Փարիզից հարավ գտնվող Ֆոնտեբլո քաղաքը, որտեղ էլ՝ դը Ավոն ամրոցում (Prieure d’Avon), մշտական հիմունքով վերականգնում է իր «Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը»:
Ինստիտուտի վարդապետությունն ու դրանում կիրառվող փորձարարական մեթոդները շուտով իրենց կողմն են գրավում Անգլիայի և ԱՄՆ-ի առաջատար շատ նկարիչների ու մտածողների, որոնք գալիս էին ծանոթանալու Գյուրջիևի հետ և ի վերջո մնում, որպեսզի աշխատեն նրա կողքին: Նրանցից շատերին, օրինակ՝ Մորիս Նիկոլին, Ջեյն Հիփին ու Քետրին Մենսֆիլդին Գյուրջիևի ուսմունքին ծանոթացրել են հայտնի քննադատ և «Նոր դար» ամսագրի խմբագիր Ա. Ռ. Օրեյջը և Պ. Դ. Ուսպենսկին:
1924 թ-ի սկզբին Գյուրջիևն աշակերտների հոծ խմբի ուղեկցությամբ առաջին անգամ այցելում է Միացյալ Նահանգներ, որտեղ մի քանի հրապարակային ելույթներ է ունենում սրբազան պարերի իր ուսումնասիրությունների թեմայով: Այդ ելույթները կայացել են հիմնականում Նյու Յորքում: Գյուրջիևն իր առջև նպատակ էր դրել ցուցադրելու «շարժումների գիտության» մոռացված սկզբունքները և լուսաբանելու այն հատուկ դերը, որն այդ գիտությունն ունի հոգևոր զարգացման ասպարեզում:
1924 թ-ի ամռանը տեղի ունեցած ավտովթարից հետո, որը քիչ էր մնացել նրա համար ճակատագրական լիներ, Գյուրջիևը որոշ չափով սահմանափակում է իր ինստիտուտի գործունեությունը, նեղացնում իր հետևորդների շրջանակը և ձեռնամուխ լինում իր ժառանգությանը գրավոր տեսք տալու գործին: Մինչև 1934 թ նա արդեն ավարտին էր հասցրել իր աշխատությունների առաջին երկու գրքերը և երրորդ գրքի մի մասը: Այդ ընթացքում նա շարունակում էր կապ պահպանել նախկին աշակերտների հետ, ևս երկու անգամ այցելում է ԱՄՆ (1929 և 1933 թթ) և վերջնականապես բնակություն հաստատում Փարիզում:
1935 թ Գյուրջիևը վերսկսում է աշխատանքն աշակերտների խմբերի հետ: Այդ գործում նրան օգնում էր Ժաննա դը Զալցմանը, որը նրա հետևորդների շարքում նրան ամենամոտ անձնավորությունն էր և ավելի ուշ շարունակեց նրա գործը: Թեև Գյուրջիևի աշակերտներին պատվիրված էր ծայրահեղ փակ գործել, սակայն Ֆրանսիայում նրա հետևորդների թիվն անընդհատ աճում էր նույնիսկ պատերազմի տարիներին: Նրանց թվում կային գրականության, արվեստի և բժշկության այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք են՝ Ռենե Դոմալը, Քատրին Հալմը, Պ. Լ. Թրեվերսը: Պատերազմից հետո Գյուրջիևի աշակերտների բազմազգ ընտանիքը կրկին հավաքվեց նրա շուրջը: 1948 թ-ի դեկտեմբերին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա և, չնայած հիվանդությանը, իր եռանդուն աշխատանքը շարունակեց ընդհուպ մինչև իր մահը, որը վրա հասավ հաջորդ տարվա հոկեմբերի 29-ին, Փարիզում:
«Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը» գիրքը, որն առաջին անգամ անգլերեն լեզվով լույս տեսավ 1950 թ-ին, Գյուրջիևի ստեղծագործությունների գլուխգործոցն է: Այն ընթերցողի առջև փռում է Երկրի վրա մարդու կյանքի անօրինակ լայնարձակ համայնապատկերը, ինչպես այն կներկայանար հեռավոր աշխարհի էակին: Պատմությունների ոչ հաջորդական հերթագայությամբ և միտումնավոր  լեզվական իմաստաբանություններով հյուսված տիեզերական այլաբանության հետևում Գյուրջիևի ուսմունքի էությունն է թաքնված:
1963 թ լույս տեսած «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» գրքում Գյուրջիևը պատմում է իր պատանեկության և գիտելիքների համառ որոնումների մասին:
Նախապես Գյուրջիևը մտադրվել էր իր եռագրությունն ավարտել «Կյանքն իրական է միայն այնժամ, երբ ԵՍ կամ» գրքով, սակայն այն այդպես էլ անավարտ է մնում.  դեռ ավելին, դրա մի մասն այժմ  անհետ կորած է համարվում: Պահպանված մնացած հատվածները հրատարակվել են 1981 թ: 1973 թ լույս տեսած «Հայացքներ իրական աշխարհից» գիրքը պարունակում է Գյուրջիևի դասախոսությունները, որոնք նրա աշակերտների կողմից գրի են առնվել 1920-ական թվականներին: Այդ ամենից զատ, Գյուրջիևը թողել է նաև բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ, որոնք գրվել են Թոմաս դը Հարտմանի համահեղինակությամբ: Դրանց մի մասն օգտագործվել է այն սրբազան պարերի ու շարժումների նվագակցության համար, որոնք Գյուրջիևի ուսմունքի կարևոր մասն են կազմում: Այդ շարժումները փաստագրվել և պահպանվել են նրա աշակերտների կողմից:
Գյուրջիևի սկսած գործունեությունն ու դրան հարակից հետազոտությունները նրա աշակերտների գլխավորությամբ շարունակվել ու ընդլայնվել են զանազան ֆոնդերի և ընկերությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են արևմտյան աշխարհի խոշորագույն քաղաքների մեծ մասում: Առաջացել են նաև որոշակի թվով խմբեր, որոնք նրա աշակերտների հետ որևէ կապ չունեն, թեև իրենք իրենց Գյուրջիևի հետևորդներ են հռչակում կամ պնդում նրա ուսմունքի հետ իրենց կապված լինելը:

Միշել դը Զալցման
(Հեղինակի սույն ակնարկը զետեղվել է
Մ. Էլիադեի 16-հատորանոց
«Կրոնի հանրագիտարան» գրքում
 (The Encyclopedia of Religion, 16
Volumes, Mircea Eliade, editor in chief,
New York: Macmillan, 1987) )


[1] Իվան, աշուղ Ադաշ

Комментариев нет:

Отправить комментарий