вторник, 26 июня 2012 г.

Սեն Ժերմենի նոր Ուղերձը՝ հայերեն


Նրանք, ովքեր Աստծո հետ են, վախենալու ոչինչ չունեն...

Սեն Ժերմեն
26 հունիսի, 2012 թվական

ԵՍ ԵՄ ՍԵՆ Ժերմենը...
Տիկնայք և պարոնա՛յք, ես կրկին ձեզ այցի եմ եկել, որպեսզի հաստատեմ իմ ներկայությունը և հայտնեմ հարգանքներիս հավաստիքը նրանց, ովքեր անխոնջ աշխատում են իրենց վրա՝ կարդալով մեր Ուղերձները:
Դուք հիրավի վիթխարի աշխատանք եք կատարում, պաշտելինե՛րս...
Հասել է այն ժամանակը, երբ միայն Աստվածային գիտությունները յուրացնելու ձեր ամենօրյա ջանքերն ունակ կլինեն փոխելու աշխարհի իրադրությունը: Հիմա այն ժամանակն է եկել, երբ բոլոր ձեր ջանքերը կբազմապատկվեն բազմակիորեն... Եվ թող ձեզ չվրդովի այն, որ ձեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները չեն ընթանում ցանկալի տեմպերով: Ցավոք, մատերիային բնորոշ է իներտությունը, և ձեր ջանքերի արդյունքը կերևա միայն ընթացիկ տասնամյակի վերջում: Իսկ ես իմ հերթին խոստանում եմ ձեզ, որ Աստվածային էներգիայի նոր չափաբաժինը Երկիր մոլորակին կհատկացվի խիստ մոտակա ժամանակներում... Շատ շուտով մոլորակի թրթռանքները կբարձրանան նոր մակարդակի վրա...
Ի՞նչ է տեղի ունենում, սիրելինե՛րս, երբ դուք սկսում եք ջանքեր գործադրել, որ կարգու կանոն հաստատեք ձեր սեփական տանը կամ գրասենյակում: Այո՜, սկզբում ամեն ինչ շատ անդուր տեսք է ունենում: Դուք տեղաշարժում եք իրերը, որոշ անպետք բաներ դեն եք նետում և մնացած իրերը դասավորում նոր տեղերում: Նույն բանն այժմ տեղի է ունենում ձեր մոլորակի և հենց ձեզ հետ: Նոր Դարաշրջանի էներգիաները բառացիորեն ձեր ստորին չորս մարմիններից դուրս են մղում այն կարմայական նստվածքները, որոնք այնտեղ կուտակվել են միլիոնավոր տարիների ընթացքում: Այդ ձեր հին գիտակցության և հին մտածողության փլվածքներն են ձեր շուրջն այդպիսի անդուր տեսք ընդունել: Եվ, իհարկե, առաջին տեղում ձեր ահերն են: Քանզի հենց ձեր և մարդկության ընդհանրական անգիտակցականի այն մասը, որը սերտաճել է մութ ու բացասական էներգիաների հետ, ահ է ապրում: Նոր աշխարհում տեղ չկա և չի կարող լինել հին էներգիաների և այն հին մտածողության համար, որը վախի վրա է հիմնված: Ուստի ամենակուլ Աստվածային Սիրո էներգիան վախ է առաջացնում ամենայն հնի մեջ: Եվ շատ շուտով ամբողջ հին աշխարհը կփլվի անուժ... Իսկ նոր մտածողությունն ու նոր գիտակցությունը կստանան իրենց իրավունքները:
Սա օրե՜նք է... Ուզենաք թե չուզենաք, ձեր արտաքին գիտակցությամբ ընդունեք թե չընդունեք՝ նոր կարգը մուտք կգործի աշխարհ:
Առայժմ ձեզ ամեն ինչ անդուր ու անհաճո է թվում: Վստահեցնում եմ ձեզ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Եվ ես պատրաստ եմ ձեզ խորհուրդներ տալ, թե ինչպես նվազագույն դժվարությունների գնով անցում կատարեք զարգացման նոր գալարին: Դրա համար ներքուստ պետք է անվախանաք և հենվեք ձեր իսկ այն մասի վրա, որը փոփոխություններից չի վախենում: Անհրաժեշտ է, որ վերագտնեք ձեր իսկ Աստվածային մասի հետ ձեր համահնչունությունը: Միայն Աստվածային աշխարհի հետ համահնչունության այդ դիրքից նայելու դեպքում է, որ դուք կկարողանաք աշխարհում տեղի ունեցողը դիտել ճիշտ տեսանկյունից:
Երբ սկսում եք ձեր բնակարանը մաքրելու գործը, սկզբում տեսարանն այնքան էլ հաճելի չի լինում: Սակայն, աշխատանք թափելուն զուգընթաց, աստիճանաբար ամեն ինչ նոր տեսք է ստանում և կարգավորվում:
Նույն բանը տեղի է ունենում դարաշրջանների հերթագայման սահմանագծին: Սկզբում ամեն ինչ անհաճո է երևում, և թվում է, թե հնարավոր չէ նոր դարաշրջանի համար պիտանի բաներն առանձնացնել իրենց դարն ապրած բաներից, որոնցից պետք է արդեն հրաժարվել: Բայց եթե զինված եք ընթացող պրոցեսներին վերաբերող գիտելիքներով, ապա ավել հեշտ եք կողմնորոշվում և ավելի հեշտ եք դիմանում այն քաոսին, որը դեռ առկա է, բայց շուտով կվերածվի նոր կարգավորվածության:
Այս օրով ես եկել եմ, որ ձեզ վստահություն ներարկեմ վաղվա օրվա նկատմամբ: Քանզի այն բանից, թե ներքուստ որքան վստահ կլինեք, որ առջևում ձեզ սպասվում են անհամեմատ ավելի ուրախ ու լուսավոր ժամանակներ, կախված է այն, թե որքան կտևի անցումային ժամանակաշրջանը:
Հարկ կլինի, որ փոխեք ձեր գիտակցությունը, ձեր վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում է ձեզ: Քանզի նոր դարաշրջանը հիմնված կլինի բոլորովին նոր սկզբունքների վրա: Եվ եթե կառչեք ձեր վախից, ինդիվիդուալիզմից ու սահմանափակումներից, ապա հետ կմնաք և կուշանաք էվոլյուցիայի գնացքից:
Քանզի նոր դարաշրջանին բնորոշ կլինեն կոլեկտիվիզմը, ազատությունը և այնպիսի հարաբերությունները, որոնց հիմքում ընկած են բարեկամությունն ու սերը:
Փոխե՛լ գիտակցությունն ու մտածողությունը՝ ահա այն, ինչ հիմա պետք է անել առաջին հերթին... Եվ որքան արագ կարողանաք վերադասավորել ձեր գիտակցությունը, այնքան ավելի քիչ արհավիրքների և դժվարությունների հետ կբախվի մարդկությունը մոտակա ժամանակներում: Քանզի արտաքին անհաջողությունները պայմանավորված են լինում ձեր չկամությամբ, որ վերադասավորվեք և ընդունեք նոր դարաշրջանի էներգիաները:
Ես պարզորոշ կերպով շարադրեցի ձեր առջև դրված խնդիրները: Եվ հիմա ևս մի փոքր ժամանակ պետք է հատկացնեմ, որպեսզի ասեմ, թե ձեզ ինչ կբերի վրա հասնող դարաշրջանը:
Այնժամ, երբ ձեզ կթվա, թե շրջապատված եք անհաղթահարելի պատնեշների օղակով, հենց այդ պահին պետք է վեր բարձրացնեք ձեր գլուխը և դիմեք Աստծուն: Քանզի նոր դարաշրջանին բնորոշ կլինի վերադարձը անհավատությունից հավատին, աթեիզմից՝ աստվածապաշտությանը:
Հարկ կլինի, որ կրկին կարդաք մեր բոլոր Ուղերձները: Պետք է հասկանաք, որ այդ Ուղերձները ձեզ համար Ջրհոսի նոր դարաշրջանին անցում կատարելու ուղեցույց են: Կարող եք դրանք դիտարկել որպես աստվածաշունչ նոր դարաշրջանի համար կամ որպես հանձնարարականներ՝ տրված անցումային ժամանակաշրջանի համար: Ամեն դեպքում, ձեզնից նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել ներքին դիմադրությունը և լրջորեն խորասուզվել նոր դարաշրջանի հանձնարարականներն ուսումնասիրելու գործում, առավելություն ձեռք կբերեն այն մարդկանց նկատմամբ, որոնք այնքան անխելք են, որ փորձում են նոր դարաշրջանին հարմարեցնել անցած դարաշրջանի չափանիշները:
Ես ուրախ կլինեմ օգնության ձեռք մեկնել և օժանդակել այն խիզախ առաջամարտիկներին, որոնք համարձակություն են ունեցել հետևելու մեր խորհուրդներին և անվախ մղվելու դեպի Նոր դարաշրջան՝ իրենց էության առագաստները բացելով բարեփոխումների քամու դեմ:
Մի՜ վախեցեք ոչնչից: Նրանք, ովքեր Աստծո հետ են, վախենալու ոչինչ չունեն:

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը

Տատյանա Միկուշինա, 2012թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий