пятница, 15 июня 2012 г.

Դենիս Սոկոլով - Ավետարանի կորսված էջերը


ºí »Ã» ÝáõÛÝÇëÏ ²í»ï³ñ³ÝÇó Ïáñëí»Ý ¿ç»ñ`
γñáÕ »ù ·ïÝ»É Ïáñ³Í ¿ç»ñÁ. Ó»ñ ëñïÇ Ù»ç »Ý



Դենիս Սոկոլով

Ավետարանի կորսված էջերը
(Ավետարան ըստ Դիոնիսոսի)

Այս գիրքը եզակի իմաստասիրական-գեղարվեստական մի ստեղծագործություն է՝ հիմնված Աստվածաշնչում տեղ գտած Սուրբ Գրվածքների և Սուրբ Ավանդությունների վերլուծության վրա:
Գրքի առաջին մասը գրված է պիեսի ձևով, որում տեղ են գտել Հիսուսի հիմնական մտքերն ու ասույթները: Այդ կերպ հեղինակը կարողացել է շարքային ընթերցողի համար մատչելի և միաժամանակ մանրամասն ու ամբողջական շարադրել Քրիստոսի ուսմունքի էությունը:
Երկրորդ մասում խոսք է գնում զանազան կրոնական դավանաբանությունների ընդհանրական արմատների վերաբերյալ:
Գիրքն անփոխարինելի կլինի ինչպես նրանց համար, ովքեր նոր են որոշել ձեռնամուխ լինել աստվածաշնչյան տեքստերին ծանոթանալուն, այնպես էլ նրանց համար, ովքեր արդեն փորձել են կարդալ դրանք, բայց ընկալման առումով բախվել են որոշակի դժվարությունների:
  




  


Այս գիրքը պայծառ լույս է սփռում դեպի ճշմարտություն տանող ուղու վրա: Հիսուսի զանազան աղբյուրներում սփռված խոսքերն ու ասույթներն առաջին անգամ ի մի են բերվել և շարադրվել տրամաբանական հաջորդականությամբ: Սա ոսկերչական մի աշխատանք է, որով անգին քարերը գտել են իրենց բնիկները և կազմել հրաշակերտ ապարանջան:
Յան Փաթի



Նախաբան

Աշխարհը մահացու հիվանդ է, և երկու հազար տարի առաջ նրան դեղամիջոց է առաջարկվել: Ցավոք, հետագա ողջ ընթացքում մարդիկ միայն ձևացրել են, թե ընդունում են այն, ուստիև հիվանդությունը շարունակել է խորանալ, իսկ այսօր արդեն սպառնում է անցնել այն սահմանագիծը, որից այլևս վերադարձ չկա:
Եվ եթե այնուամենայնիվ մարդկությունը կործանման է դատապարտված, ապա այդ վախճանը խայտառակ ձևով կլինի, ինչպես զինվորն է մեռնում մարտի դաշտում՝ իր փոքրոգության երեսից նույնիսկ չմերկացնելով սուրը:
Այս գիրքը ստեղծված է Հին և Նոր կտակարանների տեքստերի և Հիսուսի ապրած կյանքին վերաբերող ու մեզ հասած վկայությունների վերլուծության հիման վրա: Գիրքը մարդկության գիտակցության դուռը բախելու ևս մեկ փորձ է:
Ընթերցողի ընկալմանը մատչելի գրական ոչ մեծ ստեղծագործության միջոցով հեղինակը փորձել է հնարավորինս լրիվ փոխանցել Քրիստոսի ուսմունքի էությունը: Պիեսում 126 հղումներ են արված հայտնի Ավետարանների և Նոր կտակարանի մյուս տեքստերի վրա: Ըստ էության, հեղինակը միայն երաժշտությունն է հորինել, իսկ բուն երգի բառերը պատկանում են Հիսուսին:
Բուդդա, Հիսուս, Մահավիրա, Սոկրատես, Քաբիր, Լաո-Ցզի...
Անուններ, որոնց առջև գլուխ են խոնարհել աշխարհի տիրակալները, և որոնց կողքին մեծամեծներն զգացել են իրենց ոչնչությունը:
Գիտե՞նք արդյոք մենք, թե ովքեր են եղել այդ անունները կրողները...
Հասկանու՞մ ենք արդյոք, թե ինչ են նրանք փորձել ուսուցանել մեզ...
Ցավոք, չգիտես ինչու, մարդկանց միշտ ավելի շատ հետաքրքրում են այն հեղինակները, որոնք բոլոր ժամանակներում տարբեր կողմերից մոտեցել են Ճշմարտությանը, սակայն չեն կարողացել ըմբռնել այն: Լավ գրականությունն անշուշտ արժանի է ուշադրության, սակայն ամենահայտնի պոետների ու գրողների լավագույն գործերը միայն գունավոր նկարազարդումներ կարող են համարվել այն «Իմաստության Գրքի» համար, որը դեռևս մնում է յոթ փականքի տակ:
Մարդկությունը նման է երեխայի, որն իր ձեռքն է վերցրել մեծահասակների համար գրված գիրք, բայց ի վիճակի չէ այն կարդալ և բավարարվում է միայն հետաքրքրասիրությամբ նկարազարդումները դիտելով: Դրանք որոշակի պատկերացում տալիս են, թե գիրքն ինչի մասին է, բայց բուն էությունը նա չի կարող ըմբռնել: Եվ մենք այնքան էլ հաճախ չենք հիշում նրանց անունները, ովքեր ըմբռնել են էությունը, է՛լ ավելի հազվադեպ փորձում ենք հասկանալ նրանց ասածների բուն իմաստը:
Խորհե՞լ ենք արդյոք այն մասին, թե ինչու ամենահայտնի գիրքը՝ Աստվածաշունչը, դեռևս մնում է ամենագաղտնախորհուրդն ու անհասկանալին: Գուցե կան ուժեր, որոնք շահագրգռվա՞ծ են, որ այդպես շարունակվի...
Հիսուս ասել է, որ եթե ճանաչեք ճշմարտությունը, ապա կթագավորեք բոլորին (Թ.1), աստվածներ կլինեք (Հ. 10:34-35) և, հետևաբար, ձեռք կբերեք ճշմարիտ ազատություն: Գուցե դա՞ է պատճառը, որ դարերով այդքան խնամքով թաքցվել են ճշմարիտ գիտելիքների բանալիները (Թ.44): Այդպես ապրել շարունակելն առնվազն անմտություն է: Այսօր առանձնահատուկ սրությամբ արդեն հասունացել է երանելի դուռը բացելու անհրաժեշտությունը, և առկա է դրա հնարավորությունը:

Խոնարհվում եմ ձեզնից յուրաքանչյուրի ներսում առկա
«Աստծո Կայծի» առջև
Դ. Սոկոլով



Ավետարանի կորսված էջերը

Գործող անձինք

Հիսուս
Առաքյալներ՝
Հակոբոս
Հովհաննես
Պետրոս
Անդրեաս
Թովմաս
Մատթեոս
Փիլիպոս
Բարդուղեմեոս
Հակոբոս՝ որդի Ալփեոսի
Թադևոս
Սիմոն
Հուդա
Առաջին քաղաքացի
Երկրորդ քաղաքացի
Հերովդես, արքա
Հերովդիադա, Հերովդեսի կինը
Ախազ, Հերովդեսի խորհրդականը
Ծառաներ






                                                               




Ձայն հետնաբեմից.

Սուրբ Հոգի, Պայծառացում, Նիրվանա, Սամադհի...
Ի՞նչ է թաքնված այս անունների հետևում...
Անունը չի կարող բացել անդրսահմանային գաղտնի խորհուրդը.
ձեռք բեր այն, և կճանաչես...



ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Հիսուս ընթրիքի է նստած տասնմեկ առաքյալների հետ: Ծառի տակ դրված են կժով գինի, հաց, ձու, սոխ, գավաթով ջուր:
Հիսուս աղոթք է կարդում.

ՀԻՍՈՒՍՀա՜յր մեր, որ երկնքում ես, սու՜րբ լինի Քո անունը. գա՜ Քո Արքայությունը. Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է. մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ այսօր և ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին. մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից... Ահա այսպե՛ս աղոթեք Երկնավոր Հորը. ոչ մի ուրիշ աղոթքի կարիք դուք չունեք:
ՓԻԼԻՊՈՍ – Արդյո՞ք նրանք են Աստծուն ավելի մոտ, ովքեր երկար ժամերով անկեղծորեն աղոթում են: Միայն աղոթքը նրանց հերի՞ք է:
ՀԻՍՈՒՍՀավատով ամենատկարները ձեզնից նրանք են, ովքեր մյուսներից ավելի երկար են աղոթում՝ կարծելով, թե դրա շնորհիվ իրենց ավելի շատ կտրվի [1]: Քանզի իրենք էլ չգիտեն, թե ինչին են հավատում: Մուրացկանների պես, ոչ մի ուրիշ բանի ընդունակ չեն և նվաստաբար իրենց ցանկությունների կատարումն են խնդրում... Ի՜նչ եք բարբաջում առ Աստված: Թե՞ կարծում եք սխալվել է նա՝ տալով ձեզ այն, ինչ ունեք, և հիմա նրան խելք եք սովորեցնում, թե ինչպես ուղղի իր սխալը: Ասել է թե՝ ձեր Աստված խելացի չէ. այդ դեպքում ինչու՞ եք նրան Աստված անվանում և ինչու՞ եք աղոթում նրան: Ինքներդ էլ չգիտեք, թե ում եք երկրպագում [2]: Եվ թերի է ձեր հավատը ճշմարիտ:
Ահա ասում եմ ձեզ. թերահավատ լինելն ավելի վատ է, քան ընդհանրապես չհավատալը: Քանզի Աստծուն ժխտելով՝ ի վերջո Աստծո մոտ կգաս: Որովհետև երկրի վրա որ կողմ էլ շարժվես, միևնույնն է, կհասնես օվկիանոսին: Բայց եթե հավատդ թույլ է, ոչ մի տեղ չես հասնի, այլ մի կողմից մյուսը կճոճվես: Այդպիսով հոտած ջրհորի կամ փտած գերանի կվերածվես, բայց մաքուր ջուր և կրակ երբեք չես դառնա:
ՓԻԼԻՊՈՍ – Իսկ ե՞րբ կամ որտե՞ղ է հարկավոր աղոթել: Բոլորս ենք վկա, թե ինչպես զայրակնած շուռ տվեցիր առևտուր անողների սեղանները և, թոկը մտրակ դարձնելով, բոլորին դուրս քշեցիր տաճարից [3]:
ՀԻՍՈՒՍ – Ու՞մ լսելու և ու՞մ երկրպագելու համար եք դուք տաճար գնում: Եվ ովքե՞ր են այնտեղի պաշտելի մարդիկ. Դպիրնե՞րը, փարիսեցինե՞րը, թե՞ քահանայապետերը: Բոլոր նրանք, որ անցան Իմ առջևով, սոսկ գողեր և ավազակներ էին [4] և ավելի վատթար: Զի ձեր հացն ու ոսկին չեն գողանում, այլ հենց ձեր կյանքը:
Շուրթերով ու լեզվով մեծարում են Աստծուն, իսկ սրտերը հեռու են նրանից [5]: Եվ նմանվում են ներկված դագաղների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, իսկ ներսում լի են մեռյալի ոսկորներով և ամենայն ապականությամբ [6]:
Հենց այդ կեղծավորներն են մարդկանց առաջ փակում Երկնքի Արքայությունը, քանզի իրենք չեն մտնում և ուրիշներին էլ թույլ չեն տալիս [7]: Եվ սիրում են, որ մարդիկ իրենց կոչեն՝ վարդապե՜տ, վարդապե՜տ... Իսկ դուք նրանց վարդապետներ մի՛ անվանեք [8]: Նրանք կույրերի կույր առաջնորդներ են, իսկ երբ կույրն է կույրին առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում [9]: Եվ դարեդար թաքցնում են նրանք ճշմարիտ գիտելիքների բանալիները [10], փոխարինում դրանք Ճշմարտության դիմակ հագցրած կիսաճշմարտություններով, որոնք դրանով ավելի ահավոր ու վտանգավոր են դառնում, քան սուտը:
ՍԻՄՈՆ -  Բայց դու ասացիր. «Ես կավերեմ ձեռակերտ տաճարը և երեք օրվա ընթացքում մի ուրիշը կկանգնեցնեմ՝ անձեռակերտը [11]»,  որով մեծ վրդովմունք առաջացրիր, քանի որ այդ տաճարը կառուցվել է քառասունվեց տարվա ընթացքում:
ՀԻՍՈՒՍ -  Այո, հենց այդպես է եղել, և հիմա էլ եմ նույնը կամենում:
ՍԻՄՈՆ – Կներե՛ս հարցիս համար. չափազանց փոքր չէ՞ քո ասած ժամկետը նոր տաճար կառուցելու համար...
ՀՈՎՀԱՆՆԵՍ – Ա՜խ, Սիմոն, Սիմոն... Ուսուցիչն իր մարմնի տաճարի մասին էր ասում՝ հոգու տաճարի [12]:
ՀԻՍՈՒՍ – (Ձեռքը դնում է Հովհաննեսի ուսին, խոսում մեծ սիրով)  Ճշմարիտ է, Օհա՛ն, դու ամենաջահելն ես, ուստի աչքերդ ավելի լավ են տեսնում և ունկերդ էլ ավելի լավ են լսում:
ՓԻԼԻՊՈՍ – Իսկ որտե՞ղ ես մտադիր այդ տաճարը կառուցել:
ՀԻՍՈՒՍ – Այն արդեն կառուցվել է դարասկզբին, իսկ ինքս երեք օրում խոստացա աչքեր բաց անել, որ կարողանան տեսնել:
Ա՜խ, եղբայրնե՛ր իմ, որքա՜ն հեռու եք դեռ Երկնքի Արքայությունից... Զի Երկնքի Արքայությունը ուժով է վերցվում, և ուժ գործադրողները փառավորում են այն [13]:  Միայն պետք է վճռել և անել առաջին քայլը, որից հետո երկրորդն ու հաջորդ քայլերը նախորդներից ավելի հեշտ կտրվեն: Զի Երկնքի Արքայությունը նման է այն թթխմորին, որ կինը խառնում է երեք գրիվ ալյուրի հետ, մինչև որ ամբողջը խմոր դառնա [14]:
Թո՛ղ որ Աստծո Խոսքը, որն իմ միջոցով ձեզ է փոխանցվում, նմանվի այդ թթխմորին: Ականջ ունեցողը կլսի:
Քանզի ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, նաև այն, ինչ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից [15]:
Մեկ որ ընտրել եք դեպի Աստծո Արքայությունը տանող ճանապարհը՝ համառ պետք է լինեք և անսասան:
Քանզի նա, ով իր ձեռքը մաճի վրա է դնում և ապա հետ նայում՝ հուսալի չէ Աստծո Արքայության համար [16]:
Խնդրե՛ք, և կտրվի ձեզ. փնտրե՛ք, և կգտնեք. բախե՛ք, և կբացվի ձեր առաջ, և Երկնավոր Հայրը Սուրբ Հոգի կտա նրան, ով Իրենից խնդրում է [17]:
Եվ Երկնավոր Հորից կեղծ գանձեր ու երկրային բարիքներ մի՛ խնդրեք, ինչպես մեղսագործներն են անում, այլ՝ որ ուղղի ձեզ համար դեպի Իր Արքայությունը տանող շավիղները, որպեսզի ձեր երկրային կյանքում կարողանաք տեսնել Բարձրյալին [18]:

Քանզի եթե կենդանության օրոք չտեսնեք Աստծուն, ապա դրանից հետո՛ էլ չեք տեսնի:

ՊԵՏՐՈՍ – Իսկ ի՞նչ հասկանալ Աստված ասելով: Ինչպե՞ս տեսնել կամ լսել նրան:
ՀԻՍՈՒՍ – Նա հեռու չէ ձեզնից յուրաքանչյուրից, բայց դուք չպետք է կարծեք, թե Նրան կարող եք գտնել նկարազարդումներում կամ քանդակներում, որոնք կերպարանք են ստանում արվեստով ու մարդկային հորինվածքով [19]: Քանզի այդ դեպքում Արարչի փոխարեն կպաշտեք ու կծառայեք արարվածին [20]:
Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի ապրում: Ինչպես մարգարեն է ասում՝ Երկի՛նքն է Իմ գահը, և Երկիրը՝ պատվանդանն Իմ ոտքերի [21]:
Եվ Նա մարդկային ձեռքերի կարիք չի զգում, որ ծառայեն իրեն,
քանզի ոչնչի կարիքը չունի [22]:
ՊԵՏՐՈՍ -  Բայց եթե նա ամենուր է և աներևույթ, ինչպես դու ես ասում, ապա մարդ ինչպե՞ս կարող է Նրան տեսնել:
ՀԻՍՈՒՍ – Աստծուն դեռ ոչ ոք երբեք չի տեսել [23]: Բայց այն, ինչ Նրա աներևույթն է կազմում՝ Նրա մշտնջենական զորությունն ու Աստվածայնությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա արարածների մեջ [24]: Եվ դուք ոչ թե Աստծու՛ն ջանացեք տեսնել, այլ Աստվածայնությունը: Այն Աստվածայնությունը, որով Նա երևում է համայն գոյի մեջ և որով լեցուն է արար աշխարհը:
Մի՞թե վարդի գեղեցկությունն աստվածային չէ, և արդյո՞ք մանկան աչքերով Աստված չէ, որ նայում է մեզ: Թե՞ ձեզ էլի՛ տեղեր ցույց տամ Աստծուն փնտրելու համար (քմծիծաղ է տալիս):
Եվ հավատացե՛ք ինձ, որ գալիս է այն ժամանակը, երբ միայն մի տեղում չէ, և Երուսաղեմում չէ, որ դուք կերկրպագեք Աստծուն [25]:  Եվ մարդը ձեռակերտ տաճարի կարիք չի ունենա, որպեսզի այնտեղից խոսի Նրա հետ,  քանզի Բարձրյալի տունը Երկինքն է և Երկիրը, աստղերը և ինքներդ 21: Եվ, ինչպես գրված է՝ այդ տունը բոլոր ազգերի համար աղոթատուն է հռչակվելու  [26]: Իսկ այնտեղի լավագույն աղոթքը սրտի երանության երգը կլինի՝ սիրո ու երախտագիտության երգը, որը կհնչի համայն գոյի բազմաձայն միասնության մեջ:
Հավատացե՛ք ինձ, երկրի երեսին մարդ ծնվելն Արարչի մեծագույն շնորհն է: Միայն մարդուն է տրված գիտակցել և գնահատել սեփական արարմունքները և օգտվել սեփական ուղին ընտրելու մեծագույն հնարավորությունից: Քանզի դռները շատ են, իսկ բանալիներ բոլորին չէ, որ տրված են: Ոչ մի ուրիշ կենդանի արարած չունի նման հնարավորություն, ուստիև մարդու պատասխանատվությունն էլ է ավելի մեծ: Ում շատ է տրված՝ նրանից շատ էլ կպահանջվի, և ում շատ է ավանդ տրված՝ հենց նրանից էլ շատ բան հետ կպահանջեն [27]:
ՓԻԼԻՊՈՍ – Մի՞թե մեր հոգու փրկության համար չպետք է աղոթենք:
ՀԻՍՈՒՍ – Ի՞նչն եք հոգի անվանում: Ի՞նչ հոգու համար եք աղոթել ուզում: Գոնե գիտե՞ք, թե որն է ձեր իսկական հոգին:
Արդյո՞ք ձեր այն կեղծ արտաքին հանդերձի համար չեք ուզում աղոթել, որի քողի տակ ապրելը ձեզ այդպես հարմարավետ է թվում: Եվ, քանի որ այդ հանդերձը վաղուց եք կրում, այնքան եք հարմարվել դրան, որ այն արդեն ձեր մաշկն է դարձել, և առանց ցավի չեք կարող ձեր վրայից հանել:
Ախր, դուք սպանու՜մ եք ձեր իսկական հոգին՝ ինքներդ էլ դա չնկատելով, քանի որ նրա կողքին ակնհայտ է դառնում ձեր արտաքին անձի ոչնչությունն ու կեղծությունը: Բայց ձեր հոգին, որին դուք ստորացրել և կիսամեռ վիճակի եք հասցրել, թաքնվել է ձեր ներսում և, անուհանդերձ, հեզորեն կանչում է ձեզ: Արդյունքում՝ երկատվել եք ձեր ներսում: Դուք կիսված եք երկուսի միջև և հանգիստ չեք գտնի,  մինչև չմտնեք Աստծո Արքայությունը և երկուսը մեկ չդարձնեք. մինչև ձեր դրսի կողմը ներսի կողմի վրա չդարձնեք [28]  և չվերածնեք ձեր կորուսյալ հոգին:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իր արտաքին անձը պահպանի, իր հոգին կկորցնի. իսկ ով ազատվի դրանից, իր հոգին կկենդանացնի [29]: Եվ եթե ձեր մարմինը ծնունդ է առել հանուն ձեր ոգու՝ մի հրաշք է դա: Բայց եթե գտնեք ձեր հոգին և կենդանություն պարգևեք նրան հանուն ձեր մարմնի, ապա հրաշքների հրա՜շքը կլինի դա [30]:
Իսկ հոգու փրկության համար աղոթելն ուղղակի անիմաստ է: Ոչ ոք չի փրկի ձեր հոգին, եթե ինքներդ չհոգաք նրա համար: Եվ Աստծո Արքայությունն էլ ոչ ոք չի բերի ու տա ձեզ, եթե ինքներդ այն չփնտրեք:
ՀԱԿՈԲՈՍ – Բայց գոնե ասա՛, թե որտեղ փնտրենք, և ինչ է Այն, որ պիտի փնտրենք: Չէ՞-որ հենց Աստծո Արքայության համար ենք մենք լքել մեր տներն ու մեր հարազատներին և պատրաստ ենք հանուն դրա հասնել մինչև աշխարհի ծայրը:
ՀԻՍՈՒՍ – Աստծո Արքայությունը միշտ այստեղ է, բայց դուք չգիտեք, թե ինչպես այնտեղ մտնեք [31]: Իսկ թե ինչ բան է Այն՝ հարցրեք կաթնակեր նորածիններին, որոնք դեռ խոսել չգիտեն: Եթե կարողանաք պատասխան լսել, ապա կիմանաք [32]: Ականջ ունեցողը կլսի: Եթե ձեզ առաջնորդողներն ասեն՝ ահա տեսեք, Արքայությունը երկնքում է, ապա երկնային թռչունները ձեզնից առաջ կընկնեն: Իսկ եթե ասեն, թե ծովում է, ապա ձկները ձեզնից առաջ կընկնեն [33]: Մի՛ հավատացեք այդպիսիններին և մի՛ հետևեք նրանց:
ՀԱԿՈԲՈՍ – Բայց եթե Արքայությունը երկնքում չէ, ապա ինչու՞ ես Բարձրյալին Երկնավոր Հայր կոչում:
ՀԻՍՈՒՍ – Երկինքը, որի մասին խոսում եմ, ձեր ներսում է և ձեզնից դուրս. և Աստծո Արքայությունը հենց այդ երկնքում է և ո՛չ ուրիշ մի տեղ 31:  Հանուն դրա հեռու գնալ պետք չէ, և թող չասեն՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, քանզի Աստծո Արքայությունը ձեր ներսում էլ է [34]:
Ինքնե՛րդ էլ գլխի չեք, թե ինչպիսի գանձ ունեք ձեր ներսում, ուստիև ձեզ աղքատի պես եք պահում: Բայց ես... Ահա ես զարմացա՜ծ եմ, թե ինչպե՞ս է այդքան մեծ հարստությունը պարփակվել նման թշվառության մեջ ...[35]
Եվ իմացե՛ք, եթե Աստված բախի ձեր դուռը, ապա կբախի միաժամանակ և՛ դրսից, և՛ ներսից 31: Ուստի եթե ուզում եք բացել նրա ճանապարհը, ապա սռնիներից հանե՛ք ձեր դուռը և նետեք մի կողմ: Թո՛ղ որ մարդու ներքին լույսը միախառնվի աստվածային լույսի հետ և, միասնական դառնալով, լուսավորի համայն աշխարհը [36]:
  ՄԱՏԹԵՈՍ – Երբ դու ես խոսում, Վարդապե՛տ, մարդ ուզում է միայն լսել ու լսել... Ուրեմն թու՛յլ տուր, որ միշտ քո կողքին լինենք՝ որտեղ էլ գնալու լինես, որտեղ էլ հանգրվանես:
ՀԻՍՈՒՍ – Աղվեսներն իրենց որջերն ունեն, երկնքի թռչուններն՝ իրենց բները. իսկ Մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը վայր դնի [37]: Ամբողջ Երկիրն է իր տունը: Վա՜յ նրան, ով սահմաններ է գծում Երկրի վրա և բաժանում մարդկանց: Քանզի Երկնքում սահմաններ չկան, և Երկրի վրա էլ չպետք է լինեն: Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդ բաժանումները փոխադարձ թշնամության ու խռովությունների պատճառ են դառնում, անկախ այն բանից՝ բաժանիչ սահմանագծերը երկրների՞ միջև են, լեզուների՞, թե՞ ըստ հավատի. բոլորը մեկ են... Իսկ եթե մարդ ներքուստ է բաժան-բաժան եղած, ապա նույն թշնամությունը և նույն խավարը կլինի նրա ներսում, և նա հանգիստ չի գտնի [38]:
ԹԱԴԵՈՍ – Վաղուց ուզում եմ հարցնել քեզ, Վարդապե՛տ, այդ ի՞նչ հրաշքի ուժով ես բուժում հիվանդներին և դուրս քշում դևերին:
ՀԻՍՈՒՍ – Հոգի՛ն է ամոքում հոգուն: Եվ եթե շունչդ մաքուր է, ապա կարող ես այն փոխանցել նաև ուրիշին: Հակառակն էլ է ճիշտ. եթե շունչդ մաքուր չէ, ապա այն ուրիշերի համար վարակիչ է և վտանգավոր: Քանզի դու ներքին կապ ունես համայն գոյի հետ՝ ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում:

(Նկատում է, որ աշակերտները տարակուսած սկսում են փսփսալ իրար մեջ)

Որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, այսպես ասեմ. ամառվա մի օր դու քեզ համար մատղաշ մի շիվ կտրեցիր, որ շվի սարքես դրանից: Ջահել մի կույս էլ, թիթեռների հետևից ընկած, ոտքը դրեց այդ կտրած շիվի կոթունի վրա և արյունոտեց այնպես, որ քայլելն իսկ դժվարացավ: Ուստի, մոտիկ խրճիթը մտնելով, խնդրեց, որ արյունը կանգնեցնեն  ու վերքը կապեն: Այդ խրճիթում էլ մի ջահել դարբին էր ապրում. կույսի արցունքները ծիծաղի փոխվեցին, և հետո, սահմանված ժամանակին, աշխարհ եկավ նրանց սիրո պտուղը: Հետագայում այդ պտղից ևս ինը ծնվեցին, և դրանցից ամեն մեկն էլ իր ծնողներից ավելի բազմազավակ ընտանիք ունեցավ: Դժվար չէ հաշվել, որ հինգերորդ սերնդում նրանց ցեղը գերազանցեց հարյուր հազարը: Նրանց մեջ և՛ մարգարե ծնվեց, որը լույսով ողողեց հողը, և՛ բռնակալ, որն արյունով ու արցունքով ոռոգեց այն:
Իսկ թե ի՞նչն էր, որ սկիզբ դրեց այդ ամենին՝ վաղուց մոռացված է արդեն:
ԹԱԴԵՈՍ – Մատղաշ շի՞վը...
ՀԻՍՈՒՍ – Գուցե՝ շիվը, գուցե՝ քամին, որ բերել էր այն սերմը, որից աճել էր այդ շիվը, կամ գուցե արևը, որ տաքացրեց ու արթնացրեց սերմին, կամ անձրևը, որ ջրեց ու ծլեցերեց նրան, կամ էլ գուցե հենց դու, որ ուզում էիր շվի սարքել: Քո մայրը գուցե, որ ծնեց քեզ, կամ տատդ, որ քո հոր մայրն էր: Իսկ գուցե թիթե՞ռը, որի հետևից կույսը վազում էր. չէ՞-որ առանց այդ թիթեռի՛ էլ այդ ամենը չէր լինի: Եվ եթե աննշան միջատն այդքան մեծ նշանակություն ունի աշխարհակառույցի համար, ապա որքա՜ն ավելի մեծ նշանակություն ունես դու՛...
Շիվ կկտրես, ափիդ վրայից տերևը դուրս կփչես, թե ժպիտ կպարգևես անծանոթ ճամփորդին՝ աշխարհում դրանից շատ բան կփոխվի: Քանզի ողջ կենդանականն ու անկենդանն անտեսանելի կապերով կապված են իրար հետ, և բոլորն էլ նույն համայնի առանձին մասերն են [39]:  Եվ ամենայն ինչ միասնության ու երանության մեջ է: Ոչ ոք չի կարող խլել այդ երանությունը, քանզի այն չունի իր պատճառը. հենց կյանքն է նրա պատճառը:
Ո՞վ է տեսել դժբախտ խնձորենի: Նույնիսկ փոթորկից ջարդվելուց հետո՛ էլ նա ծաղկում է և մինչև իր օրերի վերջը շարունակում պտուղ տալ՝ ի ուրախություն իրեն և իր պտուղը ճաշակողների:
Ո՞վ է երբևէ տրտմած գետ տեսել: Նույնիսկ սառցապատ վիճակու՛մ էլ այն առաջ է քշում իր ջրերը՝ առանց դույզն-ինչ ուղին փոխելու:
Իսկ ո՞վ է թախծոտ երգ երգող սոխակ տեսել: Այդպիսի երգ սոխակը չունի:
Եվ միայն մարդն է, որ ինքն իրեն տառապանքների է մատնել. քանզի կուրացրել է իր աչքերը, առանձնացրել իրեն աշխարհակառույցից և այդպիսով հասել է այն բանին, որ դրախտավայրում իր համար դժոխք է ստեղծել:
Ահա այսօր ես ձեզ հետ հաց եմ կիսում և գինի խմում, իսկ վաղը մեծ հրաշք կկատարվի. հացն այս Իմ Մարմինը կդառնա, իսկ գինին՝ Իմ Արյունը: (Ձեռքն է առնում հաց և գինի) Ահա ասում եմ ձեզ. ա՛յս է Իմ Մարմինը, և ա՛յս է իմ Արյունը [40]: Եվ նույնն է բոլորի համար, որովհետև մենք բոլորս եղբայրներ ենք ու նույն հացով ենք կերակրվել. ուստիև մեր Մարմինն ու Արյունը միասնական են:
Բոլորս մի մարմին ենք, և ամեն մեկը դրա անդամներից մեկն է: Մարմնի տերը գիտե, որ եթե մարմնի մի անդամը ցավում է՝ թեկուզ դա ճկույթը լինի, ապա ամբողջ մարմինն է տկարանում: Մատն ինքը չի կարող իմանալ այդ մասին, որովհետև բանական դատելու կարողություն չունի: Բայց դուք ամբողջի այնպիսի մասեր եք, որ կարող եք բանական դատել, և չեք անում դա: Քանզի եթե դատեիք, ապա ոչ թե վնաս կպատճառեիք ձեր մերձավորին, այլ նրան կգրկեիք սիրով ու հոգածությամբ:
Բոլորս աներևույթ ուժերով կապված ենք իրար հետ: Ահա թե ինչու՛ է սիրտդ երանություն զգում, երբ մեկի համար բարիք ես ստեղծում. չէ՞-որ ինքդ քեզ ես բարիք ստեղծում: Ուստիև ասում եմ. սուրդ մի՛ մխրճիր ուրիշի մարմնի մեջ, եթե չես ուզում, որ քո մարմնից արյուն ծորա: Երբ այդ ամենն ի սրտե գիտակցես, սիրտդ արդեն այլ կերպ կբաբախի, և Աստծո Արքայությունը կմոտենա քեզ: Եվ նոր ճշմարիտ գանձեր կտեսնեն քո աչքերը, իսկ նախկին կեղծ գանձերն այլևս աչքիդ չեն երևա: Ուստի ես դատաստանի համար եմ եկել այս աշխարհ, որ կույրերը տեսնեն, իսկ տեսնողները կուրանան [41]:
Նաև ասում եմ ձեզ. ինչ աչքերով աշխարհին նայում եք, այնպիսին էլ այն դարձնում եք: Եվ եթե աչքդ մաքուր լինի, ապա ամբողջ մարմինդ լուսավոր կլինի [42]: Եվ քո շուրջն էլ լուսավոր կլինի այնպես, կարծես  ճրագն է իր պայծառ շողերով լուսավորում քեզ [43]: Քանզի խավար չկա, այլ միայն ձեր աչքերն ու ձեր հոգին են մթնած: Եթե լուսամուտը մթնեցված է, ապա տան ներսն էլ մութ կլինի: Հապա բացի՛ր լուսամուտը. ու՞ր կորավ մութը... ի՞նչ էր այն, և ու՞ր անհետացավ: Փորձիր լույս գցել խավարի վրա, որպեսզի զննես այն, և դու կտեսնես, որ այն բոլորովին գոյություն չունի: Լույսի բացակայությու՛նն եք դուք խավար անվանում: Եվ այդ նույն խավարը նաև ձեր ներսում կլինի, եթե թույլ չտաք, որ Աստծո Լույսը՝ Ճշմարտության Լույսը, մուտք գործի այնտեղ:

(Գալիս է Անդրեասը)

ԱՆԴՐԵԱՍ – (դիմում է Հիսուսին) Այնտեղ (ձեռքով ցույց է տալիս) ճանապարհի եզրին քո մայրն ու եղբայրներն են կանգնած:
ՀԻՍՈՒՍ – Նստի՛ր, Անդրեա՛ս, մեզ հետ ընթրիքի, հա՛ց կիսիր եղբայրներիդ հետ: (Ցույց է տալիս աշակերտներին) Ահա՛ Մայրն Իմ, և եղբայրներն Իմ, որ լսում են Բանն Աստծո և ի կատար ածում այն [44]:
ՀԱԿՈԲՈՍ – (զարմացած) Սուրբ չէ՞ արդյոք մեզ համար ծնողների անունը. չէ՞-որ ուսուցանեցիր, որ պետք է պաշտել սեփական հորը: Եվ եթե քո մայրը չլիներ, դու էլ հիմա այստեղ չէիր լինի, ինչն անչափ մեծ վիշտ կպատճառեր մեզ:
ՀԻՍՈՒՍ – Ես կայի Աբրահամից առաջ [45], և իմ մոր ծնվելուց առաջ էլ ես կայի: Երկրի վրա հայտնվելն է միայն մայրական արգանդի միջոցով կատարվում: Եվ ահա ասում եմ ձեզ. երբ ձեր մեջ գտնեք Նրան, Ով կնոջից չի ծնվել, ճշմարտապես կգտնեք ձեզ և կթագավորեք ամենայն ինչին [46]:
ՀԱԿՈԲՈՍ – Իսկ ի՞նչ է նշանակում երկրի վրա ծնվելը, և այդ դեպքում ու՞մ համարենք մեր իսկական ծնողը: Բացատրի՛ր մեզ խոսքերի իմաստը, քանի որ ուզում ենք հասկանալ, բայց չենք կարողանում:
ՀԻՍՈՒՍ – Մեր իսկական ծնողը մեկն է՝ Երկնավոր Հայրը: Կարող եք նրան և Մայր անվանել, քանի որ Նա է ամբողջը միասնության մեջ:
ՀԱԿՈԲՈՍ – Բայց եթե դա այդպես է, ապա որպես ի՞նչ ընդունենք մեր երկրային հորն ու մորը: Եվ որպես ի՞նչ ընդունեն նրանք իրենց զավակներին:
ՀԻՍՈՒՍ – Մարդիկ կարծես հավաբնում լույս աշխարհ եկած անտեղյակ հավեր լինեն: Ճտի հայրն ու մայրը նույնպես հավեր են և իրենց հավային երգերով փառաբանում են իրենց հարգարժան հավերին, քուջուջ են անում գոմաղբում և չեն կարողանում թռչել: Բոլոր նրանք՝ և՛ հենց իրենք, և՛ իրենց հարազատները, բարեկամներն ու թշնամիները, կամենում են ճուտ ծնել և աճեցնել:
Ոմանք վախենում են ամոթով մնալ՝ հանկարծ ճտերը չմեծանան և դառնան արծիվներ և սոխակներ, ինչպիսիք իրենք էլ կարող էին դառնալ, բայց չեն դառել հոգու թուլության պատճառով: Վախենում են, թե կստորանան իրենց զավակների աչքին և կկորցնեն իշխանությունը նրանց վրա: Եթե թռչունը թևեր ունի և կարող է ազատ սավառնել երկնքում, ապա ո՞վ կարող է կառավարել նրա թռիչքը և ուղղություն ցույց տալ: Նա ինքը կընտրի այն ուղին, որը կհուշի իր սիրտը: Եվ դրանից ավելի ճիշտ ուղի չկա, քանի որ Աստված մեր սրտի միջոցով է մեզ հետ խոսում:
Ոմանք էլ տագնապում են, երբ տեսնում են, որ իրենց զավակը փոքրիկ թռչուն է, իսկ իրենք ընդամենը հավեր են: Ուստի շտապում են կտրտել թևերը, դուրս քաշել արծվային փետուրները, որ չփորձեն թռչել. կամ՝ սեղմել սոխակային կոկորդը, որ միայն կչկչան հավերի պես:
Ոմանք այդպես են վարվում իբր բարի նկատառումներով: Դե, ուրա՜խ կլինեին տեսնել, որ իրենց զավակը թռչում է, բայց վախենում են, թե կյանքին վտանգ կսպառնա: Նման հնարավորություն իրենք էլ են ունեցել, բայց չեն օգտագործել, ուստի իրենց ճտին էլ թույլ չեն տալիս դա անել:
Իսկ ես ասում եմ ձեզ՝ մի՛ շտապեք խելք սովորեցնել ձեր զավակներին, քանզի Աստված նրանց տվել է, որ ձեզ սովորեցնեն վերադարձնել այն, ինչ ունեիք ու կորցրել եք [47]: Եվ ձեզնից՝ իմաստուններից ու գիտուններից, ծածկված է այն, ինչ բաց է նորածինների համար [48]: Մի՞թե, նայելով նրանց աչքերի մեջ, ինքներդ չեք տեսնում, որ իրենք ունեն մի բան, որը բազմակի անգամ գերազանցում է ձեր ունեցած բոլոր գիտելիքներն ու գանձերը: Եվ նրանց Հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են Երկնավոր Հոր երեսը [49]:
Վա՜յ ձեզ, որ կույր լինելով փակում եք Աստծո Արքայության դարպասներն այդ փոքրիկների համար: Եվ զավակները կընդվզեն իրենց ծնողների դեմ, քանզի չեն ուզենա հոտած ջրհորի ջուր խմել, երբ նրանց աչքերը մաքուր աղբյուրը կտեսնեն: Մի՛ կարծեք, թե ես երկրում խաղաղություն հաստատելու համար եմ եկել. ոչ թե խաղաղություն եմ բերել, այլ՝ սուր, քանզի եկել եմ, որ բաժանեմ որդուն իր հորից, դստերը՝ իր մորից և հարսին՝ իր կեսուրից [50]: Ես կրակ եմ բերել երկրին, և որքա՜ն կուզենայի, որ արդեն իսկ բորբոքված լիներ այն... Եվ ինչքա՜ն եմ շտապում, որ կատարված տեսնեմ դա...[51]
Շատերը չեն ճանաչում ինձ, քանզի այս ժողովուրդը կուրացրել է իր աչքերը և կարծրացրել իր սիրտը [52]: Բայց երանի՜  ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են [53]:  Այս խոսքերն ուղղում եմ ձեզ, բայց ոչ բոլորին, քանի որ այն հացը, որ տալիս եմ ձեզ՝ թույն կլինի հիմարի համար: Նա, ով չի ատել իր հորն ու մորն այնպես, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել. նաև՝ նա, ով չի սիրել իր հորն ու մորն այնպես, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել. Քանզի մենք Երկնքից ենք, բայց հիրավի մեր հայրն ու մայրն են մեզ կյանք տվել երկրի վրա [54]:
Ականջ ունեցողների համար եմ այս խոսքերն ասում: Ի՞նչ կշահի նա, ով հարազատներից երես կթեքի, բայց Աստծո Արքայությունը նրան անմատչելի կմնա: Թո՛ղ առայժմ նա իզուր չվշտացնի իր քույրերին ու եղբայրներին և շարունակի հարգանք տածել իր հոր և մոր նկատմամբ: Բայց և թող հասնի այն ժամանակը, երբ ծնողների տանը մնալը նրա համար անտանելի կդառնա՝ կերակուրը չհագեցնի նրան, և գինին էլ չհարբեցնի [55].  որ նա ուզենա լքել այն փարախը, որում իր նախնիները դարեդար վարժվել են ապրել. որ ձանձրանա ծամել այն նախօրոք կուտակված խոտը, որն այլևս կյանքի համ ու հոտ չունի, և կամենա դուրս գալ դեպի ազատություն: Թեև նման ոչխարին կսկսեն մոլորյալ կոչել, բայց ահա ես ասում եմ ձեզ.
Մի՛ երկյուղեք մոլորվելուց, երբ կսկսեք փնտրել ձեր ուղին. միայն ամենահամարձակներն են ունակ դրան: Եվ նրանք, ովքեր հեռացել են հոտից, առավել սիրելի են Հովվին, քանի որ միայն նրանց է տրված նվիրական ուղին [56]:
ՊԵՏՐՈՍ – Ներիր, Վարդապե՛տ, բայց պատշա՞ճ է արդյոք մարդուն համեմատել անբան անասունի հետ:
ՀԻՍՈՒՍ – Իրոք՝ պատշաճ չէ: Քանզի մարդն ավելի վատթար է դարձել... Անասունը մեղավոր չէ, որ փարախում է գտնվում, որովհետև տերն է նրան այնտեղ քշել: Իսկ մարդը, ի ամոթ իրեն, ստեղծել է մի բան, որին ունակ չէ ոչ մի ուրիշ կենդանի արարած. նա իր ձեռքով իր համար բանտ է ստեղծել և ինքն իրեն բանտարկել դրա մեջ:
Դժբախտություն է, որ նրա զավակներն այդ բանտում են ծնվում: Նրանք հասակ են առնում և իրենց ծնողների կյանքից բացի այլ կյանք չեն տեսնում: Եվ հետո՛ էլ տեսնել չեն կարողանա, քանի որ նրանց աչքերն արդեն կուրացել են բանտարկության խավարից: Եվ նրանք չեն տեսնում այլ կերպ ապրող ուրիշ որևէ մեկին, ուստիև համարում են, որ իրենց այդ կյանքը գոյատևելու միակ հնարավոր եղանակն է: Քանզի եթե աչքերդ երբեք լույսը չեն տեսել, ապա ինչպե՞ս կիմանաս, որ խավարի մեջ ես [57]: Եվ մարդիկ աշխատում են հնարավորինս զարդարել իրենց բանտը. մեկը՝ թանկարժեք հանդերձներով, մյուսը՝ չքնաղ ստրկուհիներով: Բայս դրանցից ի՞նչ օգուտ. բանտի՜ց պետք է դուրս ելնել...
ՍԻՄՈՆ – Դու մեզ եղբայր ես անվանում և ասում, որ նույն Հորից ենք. ուրեմն մեզ ներկայացրու Նրա առաջ:
ՀԻՍՈՒՍ – Եթե ինձ ճանաչեիք՝ իմ Հորն էլ կճանաչեիք [58], քանի որ Ես և Հայրը մեկ ենք [59]: Հարց եք տալիս, քանի որ Նրա Արքայությունը դեռ չեք մտել և Նրա երեսը դեռ չեք կարող տեսնել: Իսկ երբ մտնեք, և Սուրբ Հոգին էլ ձեզ հետ կլինի, ապա իմ Հայրը ձեզ իր հարազատ զավակների պես կընդունի:
ԹԱԴԵՈՍ – Իսկ որքա՞ն զավակներ ունի Քո Հայրը, և կարո՞ղ է արդյոք Նա բոլորին ընդունել:
ՀԻՍՈՒՍ – Անհանգստանալու կարիք չկա. Իմ Հոր տունն օթևաններ շատ ունի [60], բոլոր այնտեղ մտնողները տեղ կունենան:
Բայց հարկ է, որ նախ ճանաչեք ինքներդ ձեզ: Եթե ինքներդ ձեզ ճանաչեք, ապա Բարձրյալի կողմից էլ ճանաչված և ընդունված կլինեք և կիմանաք, որ կենդանի Հոր զավակներն եք [61]: Եվ Նա ինչպես ձեր, այնպես էլ բոլոր մյուս իր ստեղծածների միջոցով է դրսևորում Իրեն 24: Բայց մարդը գլխավորն է Նրա ստեղծածների մեջ: Արդ, ինչու՞ եք Աստծուն ծածկում ձեր ներսում: Ցու՛յց տվեք Նրան աշխարհին և փառավորեք թե՛ ձեզ, թե՛ Արարչին...
Ահա ասում եմ ձեզ՝ երբ ճանաչեք ինքներդ ձեզ, այնժամ ճշմարտապես կիմանաք ձեզ, և բոլոր այն գաղտնիքները, որոնք ծածկված էին ձեզանից, կբացվեն ձեր առաջ [62]: Իսկ եթե չճանաչեք ինքներդ ձեզ, ապա թշվառության մեջ կլինեք և հենց ինքներդ կլինեք այդ  թշվառությունը [63]:
Ճշմարիտ եմ ասում,  եթե չգիտես սկիզբը, ապա չես կարող իմանալ և վերջը: Նույն կերպ՝ չես կարող ճանաչել քո շուրջը եղածը, եթե չգիտես, թե ինչ կա քո ներսում, քանզի չի լինի այն ճանաչողը, որին տրված է իմանալ Երկնավոր Հոր գաղտնիքները [64]:
Եվ մի՛ բաժանեք Երկինքը Երկրից, քանի որ այն շարունակությունն է Երկրի. նաև ինքներդ ձեզ Երկրից մի՛ բաժանեք, քանի որ դուք նրա շարունակությունն եք, նա էլ՝ ձերը 39: Ուստիև ասում եմ՝ դուք եք և՛ սկիզբը, և՛ վախճանն ամեն ինչի: Երբ սա տեսնեք՝ Աստծո Արքայությու՛նն էլ կտեսնեք 64:
Իսկ երբ կմտնեք Արքայություն, այդ օրը կիմանաք, որ Ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Իմ մեջ, ու Ես՝ ձեր մեջ [65]: Այնժամ կհասկանաք, որ Իմ Հայրը նաև ձեր Հայրն է, և դուք էլ ինձ նման Նրա դեսպանները կլինեք Երկրի վրա:
ՀՈՒԴԱ – Երբ Աստծո Արքայություն մուտք գործենք և Սուրբ Հոգի ձեռք բերենք, արդյո՞ք դա կնշանակի, որ Քեզ հավասար ենք դարձել:
ՀԻՍՈՒՍ – Աշակերտն իր ուսուցչից բարձր չի լինում, բայց, կատարելագործվելով, ամեն ոք կարող է նմանվել իր ուսուցչին [66]: Ով իմ շուրթերից է խմել, ինձ նման կլինի: Ես՝ նույնպես. ես կլինեմ նա, և ծածկվածը կբացվի նրա համար [67]:
ՀՈՒԴԱ – Բայց եթե դա այդպես է՝ ուրեմն Դու, ինչպես և մենք, սովորական մարդիկ ենք:
ՀԻՍՈՒՍ – (Հիացական, երջանիկ ժպիտով մոտենում է Հուդային և գրկում նրան) Սովորականը՝ իմ անունը չէ: Նա, ով արթնացել է, այլևս երբեք սովորական չի լինի: Արթնացիր՝  կհասկանաս: Քանզի արդեն Աստծո Արքայության շեմին ես, ինչպես քո նոր ծննդի շեմին: Քո հավատն օգնեց քեզ:
ՊԵՏՐՈՍ – Ամրացրու և մե՛ր հավատը, Վարդապե՛տ, որովհետև մենք էլ ենք ուզում մտնել Երկնքի Արքայություն. հենց դրա համար է, որ ամեն ինչ թողած հետևում ենք քեզ:
ՀԻՍՈՒՍ – Ի՞նչ բան է հավատը, եղբայրնե՛ր իմ: Ես ձեզ ուզում եմ հավատ ներշնչել բուն Աստծո Արքայության գոյության մասին, որում հավերժական բերկրանք ու երանություն է տիրում, որպեսզի հավատն այդ անշեջ ցանկության հուր վառի ձեր ներսում այն գտնելու և ձեռք բերելու համար:
Քանզի կա այդ Մեծ ու Անսահման Արքայությունը, որտեղ կարող է մուտք գործել միայն Ուղղահավատ Ոգին: Այն հնարավոր չէ տեսնել նույնիսկ հրեշտակային աչքերով. այն անմատչելի է բանականությանը, և նրա մասին հնարավոր չէ պատմել մարդկային լեզվով [68]:
Հավատալը՝ դեռ չհասունացած գազարի քաղցրությունը համտեսելն է, փորձով ստուգելը՝ մեղրինը...
Ուստի՝ ոչ միայն հավատալ, այլև սեփական փորձով ստուգել է պետք. Ձեռք բեր և ճանաչի՛ր՝ ահա թե ինչ եմ կոչ անում ձեզ:
Եթե հավատդ միայն անդամալույծի հենակ է ծառայելու, ապա դրանից քիչ օգուտ կա: Ես տկարին հենակ եմ տալիս ոչ այն բանի համար, որ ողջ կյանքի ընթացքում կաղալով քայլի, այլ՝ որ ապաքինվի և իր երկրային կյանքի ընթացքում մուտք գործի Աստծո Արքայություն 18:
Իսկ ով առողջ է, նրան հենակներ պետք չեն. թող փոխանցի նրան, ով դրանց կարիքն ունի: Քանզի եթե մի բան արդեն ճանաչել ես, ապա հավատալու անհրաժեշտություն այլևս չկա:
ՊԵՏՐՈՍ – Դու ուզում ես և՛ հավատ տալ մեզ, և՛ այն հետ վերցնել: Ինչպե՞ս մենք հասկանանք քո խոսքերը:
ՀԻՍՈՒՍ – Պատկերացրու, որ ապրում ես կյանքի համար անբարենպաստ անապատում, և մեկը գալիս է ու ասում. «Ավազաբլուրներից այն կողմ բարեբեր հողեր են, որտեղ ամեն ինչ երանության մեջ է, և այնտեղ ապրողները ո՛չ ցավ են տեսնում, ո՛չ պակասություն»:
Եվ դու պատասխանում ես. «Ո՛չ, չեմ հավատում: Դա ընդամենը տեսլախաբկանք է, որով անապատը հաճախ է մոլորեցնում: Հայրս էլ է այսպես ասել, պապս էլ»:
Մի ուրիշը սկսեց կասկածել, բայց իր հյուղակն ու ցանցառ թփուտի ստվերը չուզեց փոխել մի բանի հետ, ինչը կյանքում տեսած չկար: Նրան ահաբեկեց անապատի դժվարին ճանապարհը:
Բայց երրորդը հավատաց և ասաց. «Ի՞նչ ունեմ կորցնելու այս անապատում: Սա ի՞նչ կյանք է որ...»: Եվ այդ հավատով էլ անհապաղ ճանապարհ ընկավ, հաղթահարեց բոլոր դժվարություններն ու գտավ այդ հրաշալի վայրը:
Հիրավի, երջանիկ հոգին միշտ ուզում է իր երջանկությունը կիսել ուրիշների հետ: Եվ նա նորից վերադարձավ անապատ, որ իր եղբայրներին ցույց տա նվիրական ուղին ու նրանց այնպիսի հավատ ներշնչի, որ առանց կասկածի նրանք նույնպես ճանապարհ ընկնեն:
Եղբայրները նրան հարցրին. «Իսկ դու ինքդ հավատու՞մ ես այդ հրաշալի վայրի գոյությանը»: Եվ նրանց ունկերը պատասխան ստացան, իսկ ում համար բավարար չէր ունկերով լսելը, տեսան նաև նրա աչքերի փայլը, որոնց լույսն ավելի պերճախոս էր, քան ցանկացած լեզու.
«Հավատն ինչի՞ս է պետք, եթե արդեն գիտեմ. չէ՞-որ արդեն իսկ գտել այդ բարեբեր վայրը, որն իմ հոգին լցրեց ուրախությամբ ու լույսով: Եվ ես այնտեղ ապրում եմ մի հյուրի նման, որը հրավիրված է հավերժական տոնի, ուստի ձեզ նույնպես կուզենայի տեսնել հյուրերի շարքում: Իսկ այն հավատը, որն ինձ օգնեց ճանապարհ ընկնել, ամբողջությամբ ուզում եմ փոխանցել ձեզ: Նա, ով արդեն գիտի, երախտիքով մի կողմ է դնում հավատը»:
Դե ի՞նչ, պա՞րզ է արդեն...
ՊԵՏՐՈՍ – Այո, Վարդապե՛տ... Առակդ հենց քո մասին չէ՞ր արդյոք:
ՀԻՍՈՒՍ – (ժպտալով) Իսկ ինքդ ի՞նչ ես կարծում: Երանելի՜ են նրանք, ովքեր երկրային կյանքի ընթացքում կտեսնեն Երկնավոր Հոր երեսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ նստածների մեջ կան մի քանիսը, որոնք մահ չեն ճաշակի մինչև Աստծո Արքայությունը տեսնելը 18: Եվ թող հավատը նրանց օգնական լինի այդ ճանապարհին:
ԹԱԴԵՈՍ – Մենք բոլորս ապրում ենք Երկնային Արքայությունը տեսնելու ՀՈՒՅՍՈՎ: Այդ դժվարին ուղու համար մեզ նաև պատվիրաններ տուր, որ ՀԱՎԱՏԻ հետ մեկտեղ ուղեկից լինեն մեզ:
ՀԻՍՈՒՍ – Պատվիրաններ տրվում են նրանց, ովքեր ականջներով լսում են, բայց չեն ընկալում, աչքերով նայում են, բայց չեն տեսնում [69]: Որովհետև օրենքի կատարումը չի կարող կյանք ու բարեշնորհանք տալ և արդարակյաց դարձնել: Միայն Սիրով գործող ճշմարիտ հավատը դա կարող է անել [70]:
ԹԱԴԵՈՍ – Հապա ինչի՞ համար է օրենք տրված:
ՀԻՍՈՒՍ – Հավատով տկարների համար, որոնց ներսում Աստծո Բանը չի տեղավորվում [71], որպեսզի հետ պահի նրանց մեղքեր գործելուց, քանի դեռ բանական դատել չգիտեն [72]: Իսկ ձեզ վիճակված է Երկնավոր Հոր խորին խորհուրդներն իմանալ [73]:
Ուստի ձեզ միայն մեկ պատվիրան եմ տալիս՝

Ս Ե Ր

Այդ պատվիրանի վրա են հենված ամբողջ Օրենքն ու մարգարեները [74]: Իսկ մյուս բոլոր պատվիրանները դրա զավակներն են, և նա՝ մայրը նրանց: Եվ եթե մորը գտնես քո ներսում, ապա բոլոր նրա զավակներին էլ կգտնես: Եվ հարկ չի լինի նրանց ճանաչել անուն առ անուն, եթե նրանք քո ներսում են և քո էությունն են կազմում [75]:
Եվ ահա ասում եմ՝ սիրի՛ր քո Երկնավոր Հորը քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ բանական մտքով: Սիրի՛ր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ [76]:
Քանզի եթե մերձավորիդ չես սիրում, բայց ասում ես,
թե սիրում ես Բարձրյալին՝ ապա ստում ես...
ԱՆԴՐԵԱՍ – Պարզաբանի՛ր մեզ համար այդ խոսքերը: Եթե այդ պատվիրանն այդքան կարևոր է, ապա վախենամ թե մինչև վերջ մենք այն չհասկանանք:
ՀԻՍՈՒՍ – Հանձինս քո Երկնավոր Հոր՝ սիր՛ր բուն կյանքը, որպես Նրանից ստացած մեծագույն պարգև. սիրիր՝ քո ամբողջ էությունը ծայրեծայր լցնող սիրով:
Մերձավորին սիրել՝ նշանակում է ամբողջ սրտով և առանց այլևայլի սիրել Աստծո ամեն մի արարածի: Ուստի ասում եմ՝ սիրեցե՛ք ձեր թշնամիներին [77], քանզի այն քարից, որը կնետեք ձեր թշնամու վրա, կրակ կժայթքի և կայրի ձեզ: Բարություն արե՛ք ձեզ ատողներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին ու հալածողներին 77: Ներողամի՛տ եղեք այդպիսինների նկատմամբ, քանի որ կույր են նրանք և մյուսներից ավելի շատ են զգում ձեր կարեկցանքի ու սիրո կարիքը, որովհետև դիմակի տակ են առնում իրենց ցավը և թաքցնում արցունքները: Ձեր սիրով կենդանությու՛ն տվեք նրանց սառած սիրուն:
Եվ հիշեցե՛ք՝ ում առավել շատ ներեք, նա առավել շատ կսիրի ձեզ [78], իսկ ով քիչ է ներվում, քիչ էլ սիրում է [79]: Իսկ եթե սիրում եք ընդամենը ձեզ սիրողներին և բարություն անում միայն ձեզ բարություն անողներին, ապա ո՞րն է ձեր արած շնորհը. չէ՞-որ մեղավորներն էլ են այդպես վարվում [80]:
Թո՜ղ որ ձեր սիրտը լցվի Ճշմարիտ, Կատարյալ Սիրով: Քանզի եթե նույնիսկ աշխարհի ամենաառաջին արդարակյացը լինես ու պահպանես Աստծո Օրենքը, հրեշտակային լեզվով խոսես և լցված լինես ամենայն իմացությամբ ու հավատով, բայց սեր չունենաս և քո սրտում չարը կամենաս թեկուզ ամենաաննշան  ճիճվին, ապա ընդամենը պղնձի դատարկ զնգոց ես, և այդ ամենից ոչ մի շահ չունի քո հոգին [81], ինքդ չես մտնի Աստծո Արքայությունը և ուրիշներին էլ ուղի ցույց տալու արժանի չես լինի:
ԱՆԴՐԵԱՍ – Իսկ ինչպե՞ս տարբերենք Ճշմարիտ Սերն այն սիրուց, որին մարդի՛կ են սեր անվանում, և ինչպե՞ս նկատենք կամ Սիրո գալուստը զգանք:
ՀԻՍՈՒՍ – Եթե քո սիրտը լցվի այնպիսի սիրով, որ նույնիսկ իժի խաթոցը քեզ ի վերուստ ստացած պարգև թվա, ապա ինքդ կճանաչես այն: Եվ երբևէ կասկած չես ունենա, եթե ինքդ սեր դառնաս՝ լցվես սիրով այնքան, որ այլևս քո ներսում այն զսպել չկարողանաս, դուրս թափվի պռունկներից և ամենքին ու ամեն ինչ ողողի իր ոսկե հորդանքով: Կամ, ինչպես Գրքում է ասված՝ որովայնիցդ կենդանի ջրի գետեր կբխեն[82]:

Սիրո պտուղներ եք դուք՝ սիրուց ծնված. մի՞թե հենց ինքներդ սեր չպետք է դառնաք...

ԻՍԿ ՍԵՐ ԼԻՆԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ
ԵՎ ԱՍՏՎԱԾ ԴԱՌՆԱԼ

ՔԱՆԶԻ ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է [83]...

Եվ դեպի Նրա Արքայությունը տանող այլ ուղի չկա.
Մարդկանց միջոցով այդ անկարելի է,
Բայց Աստծո միջոցով ամեն ինչ հնարավոր է դառնում [84]:

(Ձեռքերը կարկառում է երկինք, խոսում հանդիսավոր)

Հա՜յր իմ արդար,
Ես հայտնեցի նրանց Քո անունը [85]:

Եվ եթե Սեր լինի նրանց մեջ, ապա Դու կլինես նրանց մեջ, և Ինքս էլ նրանց մեջ կլինեմ 85, ինչպես Դու ես Իմ մեջ, Հա՛յր, և Ես Քո մեջ [86]:

ՀԱԿՈԲՈՍ – (Ահաբեկված) Դու մարդուն Աստվա՞ծ կոչեցիր, Վարդապե՛տ... Թե՞ ես սխալ լսեցի քո խոսքերը:
ՀԻՍՈՒՍ – Այո՛, կոչեցի, և դու էլ սխալ չլսեցիր: Հենց ձեզ, ում փոխանցում եմ Բանն Աստծո, Աստվածներ եմ կոչում, ինչպես որ Գրքում է գրված [87]: Հիրավի, Աստվածներ եք դուք, միայն թե ձեր աչքերը փակ են, և դեռ չեք արթնացել, որպեսզի փառավորվեք: Դրա համար է ասված՝ արթանցի՛ր, ո՜վ քնած, հառնի՛ր մեռյալներից, և թող Սուրբ Ճշմարտության Լույսը քեզ հետ լինի [88]:
ՊԵՏՐՈՍ – Ա՜հ եմ զգում, երբ մտածում եմ, թե հանկարծ կարող ենք բաժանվել քեզնից, Վարդապե՛տ, և դեգերել խավարում: Ի՞նչ անենք, որ չշեղվենք ճշմարիտ ուղուց:
ՀԻՍՈՒՍ – Ճշմարիտ ուսուցչի հետ ուղին կարճ է, բայց քչերին է նման հաջողություն բաժին հասնում: Բայց առաջ ընթացողին դա չպետք է վախեցնի, քանզի ահը միշտ էլ արգելապատնեշ է ստեղծում ուղու վրա: Քո ներսի Լույսը ցույց կտա ուղին, և քո սրտում եղած Ճշմարիտ Սերը կբացի հարկ եղած դուռը:
Կատարյալ Սերն ու Սուրբ Հոգին միասին են հայտնվում, քանի որ իրար հետ մեկ են: Եթե քո մեջ Սեր ունես, ուրեմն Սուրբ Հոգին էլ է քո ներսում: Եվ եթե Սուրբ Հոգին քո ներսում է, ուրեմն Սերդ Կատարյալ է:
Թո՜ղ որ յուրաքանչյուրի սրտում պահված սիրո փոքրիկ կայծը բռնկվի այնպիսի պայծառ բոցով, որ այրի մարդուն ապականող բոլոր աղտեղությունները:

(Նկատում է, որ առաքյալներից մեկն ինչ-որ բան է գրում,
մոտենում է և վերցնում գրածը)

Լավ է, որ տառաճանաչ ես, բայց Ճշմարտության խոսքը սրտով պետք է լսել: Թե՞ ուզում ես բառ առ բառ ամեն ինչ հիշել:
ՄԱՏԹԵՈՍ – Այո, Վարդապե՛տ, այդպես է, քանի որ ուզում եմ քո բոլոր ասածներն անաղարտորեն փոխանցել ուրիշներին:
ՀԻՍՈՒՍ – Այդ մասին հիմա մի՛ մտահոգվիր: Երբ ինքդ գիտենաս ամեն ինչ, այլևս ոչինչ չես մոռանա և կկարողանաս ուրիշներին փոխանցել քո լեզվով:

Եվ եթե նույնիսկ Ավետարանից կորսվեն էջեր,
Կարող եք գտնել կորած էջերը. ձեր սրտի մեջ են...

Վարագույր













ԱՐԱՐ  ԵՐԿՐՈՐԴ

ԱՌԱՋԻՆ ԴՐՎԱԳ

Խաղաղ երեկո է: Արևը թեքվել է դեպի մայրամուտ: Հիսուս միայնակ է:
Նվիրատվություններով ներկայանում են երկու քաղաքացիներ, զգուշորեն մոտ են գալիս, խոսում մեծ ակնածանքով.

ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ – Ողջույն քեզ, ո՜վ Խրատատու, ողջունելի են և քո ուսմունքի խոսքերը, որ մատուցում ես ժողովրդին. դրանցից շատ բան մենք հասկանում ենք և ընդունում: Արդ, ընդունիր և դոււ մեր նվերները, որ մաքուր սրտով բերել ենք քեզ, և եթե այսուհետև որևէ բանի կարիք ունենաս, մեզ տեղյակ պահիր. մենք մեծ կալվածքների տերեր ենք և մեծ ուրախությամբ քեզ բաժին կհանենք մեր ունեցածից:
ՀԻՍՈՒՍ – Ի սրտե նվերը սիրտն էլ կընդունի: Բայց դուք միայն դրա համար չեք եկել, այնպես չէ՞:
ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ – Այո՛, ճշմարիտ է. գործ ունենք քեզ հետ:
ՀԻՍՈՒՍ – Խոսե՛ք: Ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգնել ձեզ:
ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ – Մենք ուսյալ մարդիկ ենք, և Աստված մեզ չի զրկել առատությունից. մեր կանայք գեղեցիկ են, մեր զավակները՝ հնազանդ, և ժողովրդից էլ հարգանք ենք վայելում, քանի որ այրիներին ու որբերին թշվառության մեջ չենք թողնում: Ասա՛ խնդրեմ, ուրիշ էլ ի՞նչ պետք է կամենանք, որպեսզի մեր հոգիները լցվեն երանությամբ, իսկ սրտերը՝ ուրախությամբ:
ՀԻՍՈՒՍ – Մարդու կյանքը կախում չունի նրա կալվածքի լիությունից [89]: Բայց դուք շատ բաների մասին եք մտահոգվում ու դեսուդեն ընկնում, մինչդեռ ձեր հոգուն միայն մի բան է պետք [90], այն է՝ Բանն Աստծո պետք է սերմի պես արմատ ձգի ձեր ներսում և պտուղ տա:
ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻ – Բայց մենք ձգտում ենք ապրել ըստ Աստծո Օրենքի, և բոլորն են վկա, որ մենք աստվածավախ մարդիկ ենք:
ՀԻՍՈՒՍ – Պետք է լինել ոչ թե աստվածավախ, այլ՝ աստվածասեր: Քանզի ի սկզբանե Աստված սիրել է ձեզ, և դուք էլ պետք է սիրեք Նրան Ճշմարիտ Սիրով՝ մի Սիրով, որում վախը տեղ չունի, զի Կատարյալ Սերը հեռու է վանում վախը, որովհետև վախն իր մեջ տանջանք է պարունակում: Երկյուղ կրողը կատարյալ չէ Սիրո մեջ [91]:
ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻ – Ուրեմն, ցու՛յց տուր մեզ Աստծո Արքայության ճանապարհը:
ՀԻՍՈՒՍ – Երուսաղեմի նեղ դարբասները դուք «Ասեղի անցք» եք կոչել, և ապրանքներով ծանրաբեռնված ուղտը դժվարությամբ է անցնում դրանց միջով. նույնպես էլ հարստությամբ ծանրաբեռնված մարդուն դժվար կլինի մուտք գործել Աստծո Արքայություն [92]: Քանզի, թեև լսում եք դուք Բանն Աստծո, բայց ձեր հոգսերը, հարստություններն ու կենսական հաճույքները խլացնում են այն, և նրանից պտուղ չեք ստանում [93]:
Վա՜յ ձեզ՝ մեծատուններիդ, քանզի արդեն ստացել եք ձեր մխիթարությունը [94]: Դուք արդեն ունեք այն, ինչ երազել եք: Բայց ձեր սրտերն ուրախ չեն, և ձեր հոգին շահ չունի այդ ամենից:
Երանելի՜ են աղքատներն ու ձեզնից բան խնդրողները, քանզի ձեռք բերելու ձգտում ունեն և այդ հույսով են ապրում: Իսկ դուք ամեն ինչ ձեռք եք բերել և հիմա չգիտեք, թե էլի ինչ ուզենաք կամ ինչի հետ հույս կապեք:
ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ –  Այդ հարցում իրավացի ես, Վարդապե՛տ. հիշում եմ, որ երբ աղքատ էի, ես միայն երազում էի հարստանալու մասին, և իմ կյանքն ավելի բերկրալից էր անցնում: Բայց, ասա՛, եթե մեր ունեցվածքը բաժանենք, կմտնե՞նք արդյոք Աստծո Արքայություն, և արդյո՞ք մեր հոգիները կհայտնվեն երանության մեջ:
ՀԻՍՈՒՍ – Ունեցած ավելցուկը կարիքավորներին տալն աստվածահաճո գործ է: Սակայն ոչ մի գանձով հնարավոր չէ գնել Աստծո Արքայությունը: Բարի գործերը մարդու արտաքին լույսն են, բայց նա՛ չէ, որ լուսավորում է Երկնային Արքայություն տանող ուղին, այլ մարդու ներքին լույսն է, որ լուսավորում է ամբողջ աշխարհը: Եվ եթե չի լուսավորում, ապա խավար է տիրում  36:
Եվ եթե նույնիսկ ձեր ամբողջ ունեցվածքը բաժանեք ուրիշներին և ձեր մարմինն էլ կրակին հանձնեք, բայց Սիրո լույսով չլուսավորեք ձեր գործերը, ապա այդ ամենից ոչ մի շահ չեք ունենա [95]:
Քանի որ ամեն ինչ բաց է երկնքի առաջ, մի՛ ստեք, և այն, ինչ ձեր սրտից չի բխում, մի՛ արեք [96]: Այլապես պաս պահելով ձեր ներսում մեղք կգործեք և աղոթելով դատապարտված կլինեք, ինչպես և ողորմություն տալով չարիք կգործեք ձեր իսկ հոգու դեմ [97]:
Ձեր ունեցած ավելցուկի համար չեմ հանդիմանում ձեզ, քանի որ տեսնում եմ, որ պատրաստ եք կիսվել մերձավորի հետ, այլ ասում եմ՝ եթե ավելցուկ ունեք, ապա ձեր սրտերը թող չլինեն այնտեղ, որտեղ ձեր հարստություններն են [98]:
Ձե՛զ եմ ուղղում իմ խոսքը, ո՜վ մեծահարուստներ. Ձեզ համար դժվար է Աստծո Արքայություն մտնելը, քանի որ ձեր հոգսերն ու հրապուրանքները քարե պատնեշ են ստեղծում դրա ճանապարհին: Բայց դրամն այդ մյուս երես էլ ունի. ո՞վ, եթե ոչ դուք, պետք է մուտք գործի այնտեղ... քանզի ձեր հարուստ լինելը ձեզ թույլ է տալիս ճանաչել այն, ինչի մասին մյուսները կարող են միայն երազել, և դուք հնարավորություն եք ունեցել ճաշակելու ամեն ինչ, շոշափելու երկրային բոլոր գանձերը: Ուստիև հենց դուք, և ոչ ուրիշ մեկը, կարող եք գիտակցել, թե որքան կեղծ ու չնչին են այդ գանձերը:
Իսկ եթե դեռ չեք գիտակցել, ապա գնացե՛ք և ամբողջ ձեր կրքով, որքանին ունակ եք, սուզվե՛ք երկրային հաճույքների շրջապտույտի մեջ և այնքան շատ երկրային գանձեր կուտակեք, որքան ձեր միջոցները ձեզ հնարավորություն են տալիս: Բայց իմացեք, որ այդ ամենով շրջապատված ձեզ կորած կզգաք և ի վերջո կհասկանաք, որ երկրային ոչ մի բարիք չի կարող ձեզ կշտացնել և ձեր հոգու ծարավը հագեցնել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝
Նա, ով ամեն ինչ ունի, բայց զգում է ինքն իր կարիքը,
իրականում ոչինչ չունի [99]:
Եվ երբ սա գիտակցեք, այլևս երկրի վրա գանձեր չեք կուտակի, ուր ցեցն ու ուտիճը ոչնչացնում են, և ուր գողերը ծակ են բացում և գողանում, այլ ձեր հայացքը կուղղեք անանց գանձերի կողմը 98:
Եվ եթե իսկապես ուժեղ եք, ապա ձեր հոգին չի ծանրաբեռնվի երկրային ցանկություններով ու կրքերով, որոնցով խենթացած մինչև հիմա եռ էր գալիս, և դրանց հետ մեկտեղ կչքանան նաև կեղծ գիտելիքներն ու ըմբռնումները [100], այնուհետև հոգին ձեռք կբերի Դատարկը, Մաքուրը և Լուսավորը [101]:
ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻ – Տարօրինակ է մեզ համար հոգու դատարկության մասին լսելը: Դու այն որպես բարիք ես ներկայացնում, բայց արդյո՞ք դա չի նույնանում անհոգի լինելու հետ: Եվ ինչպե՞ս կարող է դատարկ հոգին ինչ-որ բան տալ իրեն՝ մարդուն, կամ իր մերձավորին:
ՀԻՍՈՒՍ – Ձեր հոգին դատարկ չի լինի այնպես, ինչպես հիմա դուք եք պատկերացնում: Քանզի եթե այն դատարկեք ամբողջ աղբից, որով ձեր անգիտության պատճառով ձեր հոգին ապականել եք, ապա այն կլցվի Լույսով 101:

Եվ միայն Անաղարտից ու Լույսից կարող է ծնվել Սուրբ Հոգին,
բայց նախապես այդ Լույսն ամեն ոք պետք է ծնեցնի ինքն իրենից [102]:

Եվ եթե խոսենք երկրային բառերով և առաջնորդվենք երկրային չափանիշներով, ապա այդ դատարկությունը հոգով աղքատություն կարող ենք անվանել, թեև միայն այդ է հենց նրա միակ ճշմարիտ հարստությունը: Ուստիև ասում եմ ձեզ՝ երանի՜ հոգով աղքատներին, քանի որ նրանցն է Աստծո Արքայությունը [103]:
Արդ, մաքուր եղեք, ինչպես աղավնին, և իմաստուն, ինչպես օձը [104]: Ձեր փրկության Լույսը ձեր ներսու՛մ փնտրեք 36: Եվ եթե հավերժ հրաժեշտ տաք ոչ խելամիտ ցանկություններին ու դատարկ բաներին, ապա միայն այդ դեպքում կծնվեք ճշմարիտ կյանքի համար և ճշմարիտ ազատություն ձեռք կբերեք. իսկ այն, ինչ հիմա ազատություն եք անվանում, կերևա որպես ստրկություն: Այնժամ կիմանաք, որ Աստծո Բարեշնորհանք գոյություն ունի: Եվ բերկրանքով ու սիրով կդիմավորեք ամեն մի նոր օրը՝ այն ընկալելով որպես նոր հրաշք:
Ահա դա՛ է հենց Աստծո Արքայություն տանող այն ուղին, որի մասին հարցնում եք. և թո՛ղ Սիրո Լույսը ձեր ուղեկիցը դառնա այդ ուղու վրա:
ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻ – Շնորհակա՜լ ենք իմաստուն խոսքերիդ համար, և եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, մեզ իմաց տուր:

(Նվիրատվությունները թողնում են, խոնարհվում և հեռանում:
Հայտնվում է Անդրեասը)

ԱՆԴՐԵԱՍ – Ների՛ր, Վարդապե՛տ, որ այս ժամին անհանգստացնում եմ քեզ և խնդրում, որ քո ժամանակն ու քո անգին խոսքերը հատկացնես միայն ինձ: Ուղղակի այս մասին եղբայրների ներկայությամբ չեմ հանդգնում հարցնել...
ՀԻՍՈՒՍ – Ո՛չ ժամանակը, ո՛չ իմ խոսքերն ինձ չեն պատկանում, այլ նրան, ով ուղարկել է ինձ: Իմ միջոցով դու նրան ես դիմում, ինչպե՞ս կարող եմ չպատասխանել: Ասա՛ ասելիքդ:
ԱՆԴՐԵԱՍ – Չգիտեմ՝ մեղքս խոստովանելու՞ համար եմ եկել, թե՞ կասկածներս փարատելու, սակայն ծարավ եմ իմացության...
ՀԻՍՈՒՍ – Հիմար է նա, ով կասկածներ չի ունենում: Դե, սկսի՛ր, մի՛ երկնչիր:
ԱՆԴՐԵԱՍ – (Զսպելով հուզմունքը) Նրա Անունը Ռեբեկա էր: Բայց ես նրան աստվածուհի էի կոչում: Մի անգամ մուտք գործելով իմ կյանք՝ ամեն ինչ տակնուվրա արեց: Աշխարհիկ ունայնությունից և առօրյա հոգսերից կտրեց և կարծես թևեր տվեց ինձ ու դեպի վեր կանչեց, երկիրը լցրեց մի այնպիսի կախարդական լույսով, որ աշխարհի բոլոր գեղեցիկ բաները, որոնք առաջ չէի նկատում, առանձնահատուկ կերպով տեսանելի դարձան ինձ:
Աչքերս կարծես թե բացվեցին, բայց դրանք արդեն այն աչքերը չէին, որ առաջ ունեի: Ե՛վ զգալս, և՛ խորհելս, և՛ անգամ շնչելս ուրիշ դարձան: Մարմինս էլ կարծես իմն էր, բայց ահա դրանում բնակվող կենվորն էր փոխվել:
Հրճվանքով էի դիտում այդ փոփոխությունները, սիրտս երգում էր, և իմ գոյությունը մեծ բերկրանքով էր լցվում:
Եվ այդ մեծ բերկրանքը ես պատրաստ էի շռայլորեն կիսել բոլորի հետ: Քանզի այն ժամանակ վստահ էի, որ չի ցամաքի իմ բերկրանքի աղբյուրը: Ներքուստ զգում էի դրա ուժը և անու՛նն էլ գիտեի՝ Սե՛րն էր դա: Ինձ թվում էր, թե այդ բերկրանքն անվախճան կլինի:
Բայց ամեն ինչ չքացավ... Նույնքան հանկարծակի, որքան ծագել էր:
Կարելի էր կարծել, թե մեռել է իմ Ռեբեկան: Բայց ո՛չ, նա կենդանի էր: Այդ ե՛ս մեռա: Ավելի ստույգ՝ ոչ թե մեռա, այլ դարձա այնպիսին, ինչպիսին առաջ էի: Թե ուր կորավ Սերը՝ ես այդպես էլ չկարողացա հասկանալ: Ես կանչում էի այն, խնդրում վերադառնալ, բայց ամեն ինչ զուր էր:
Եվ ի՞նչ էր հիմա իմ կյանքը՝ համեմատած իմ ճանաչածի հետ. մռայլ մի երազ... Արդյո՞ք հիմա ես ավելի կենդանի էի, քան նրանք, որոնք հավերժ քուն են մտել՝ իրենց մարմինը հանձնելով որդերին կեր: Շա՜տ եմ տեսնում իմ շուրջն այդպիսի քնած կամ կիսակենդան մարդկանց, որոնց աչքերում ո՛չ լույս կա, ո՛չ ուրախություն: Խղճում եմ ես նրանց, խղճում եմ նաև ինձ...
ՀԻՍՈՒՍ – Վշտի հետևում հաճախ ուրախություն է թաքնված լինում, բայց մենք այն չենք նկատում:
Քեզ հաջողվել է նայել Աստծո Արքայության կիսաբաց դռնից ներս և, հետևաբար, դու համոզվել ես, որ Այն գոյություն ունի...
ԱՆԴՐԵԱՍ – Այո, Վարդապե՛տ... Բայց ինչու՞ փակվեց այդ դուռը, և ես չկարողացա մուտք գործել այնտեղ:
ՀԻՍՈՒՍ - Ընդամենը մի մարդու նկատմամբ սեր տածելով հնարավոր չէ երկար տեսնել Աստծո Արքայությունը, այլ այնտեղ կարող են մուտք գործել միայն Ճշմարիտ ու Կատարյալ Սեր ունեցողները: Ճշմարիտ Սերը թռչնի պես իր թևով հպվել է քո սրտին և այնտեղ թողել իր նշանը, բայց այնտեղ բույն չի դրել, քանի որ քո սիրտը դեռ պատրաստ չէր նրան օթևան տալուն: Այդ նշանը կրող սիրտը հավերժ կփնտրի իր կորուստը և չի հանգստանա, մինչև կրկին չգտնի:
ԱՆԴՐԵԱՍ – Սովորեցրու՛ խնդրեմ, թե ինչպես հետ բերեմ այդ թռչնին: Հիմա ես զգում եմ, որ սիրտս պատրաստ է նրան ընդունել:
ՀԻՍՈՒՍ – Կարևորն այն է, որ գիտես, թե որքան գեղեցիկ է նա: Ի՞նչ կտայիր, որ նրան ձեռք բերես հավերժորեն...
ԱՆԴՐԵԱՍ – Ասացիր՝ «հավերժորե՞ն»: Մի՞թե հնարավոր է...
ՀԻՍՈՒՍ – Եթե չիմանայի, ապա չէի ասի:
ԱՆԴՐԵԱՍ – (հրճվանքով) Ամե՜ն ինչ կտայի. այն ամենը, ինչ ունեմ...
ՀԻՍՈՒՍ – Ուրեմն երկար չի տևի Աստծո Արքայություն տանող քո ուղին: Դու արդեն գիտես այն Սերը, որն աղքատին արքա է դարձնում. հենց նա էլ քեզ ցույց կտա ճանապարհը:

(Գալիս է Հուդան, նկատում է Անդրեասին և դիմում նրան)

ՀՈՒԴԱ – Ահա թե որտեղ ես... Երկու գեղեցկուհիներ են եկել, ուզում են քեզ տեսնել:
ԱՆԴՐԵԱՍ – Ինչի՞ համար...
ՀՈՒԴԱ – (Բարի հեգնանքով) Ինձ հայտնի չէ, թե երբեմն ջահել կույսերի աչքերն ինչու են ավելի պայծառ վառվում, քան կեսգիշերային լուսինը, և շունչներն էլ լցված են լինում աշխարհի բոլոր ծաղիկների բույրերով՝ այնպես, որ եթե սովոր չես, գլխապտույտ կունենաս: Գնա, իմացի՛ր, հետո ինձ էլ կպատմես:
ԱՆԴՐԵԱՍ – Լավ, մի րոպեով դուրս գամ, նայեմ ու գամ... (Դուրս է վազում, Հիսուսն ու Հուդան ժպտալով նայում են նրա հետևից):
ՀՈՒԴԱ – Ողջու՜յն, Վարդապե՛տ:
ՀԻՍՈՒՍ – Գիտեի, որ կգաս, սպասում էի քեզ:
ՀՈՒԴԱ -  Քիչ առաջ ասացիր, որ կանգնած եմ Աստծո Արքայության շեմին: Ուստի հարց ունեմ քեզ տալու:
ՀԻՍՈՒՍ – Քո հարցերն իմ սրտին ուրախություն են պարգևում. վաղուց սկսել եմ նկատել, որ հարցիդ հետևում նաև պատասխանն է պատրաստ: Կարիք չկա հարց ուղղել ուրիշին, եթե ինքդ կարող ես պատասխանել: Չէ՞-որ կարող ես (խորամանկ ժպիտով նայում է Հուդային): Ինչու՞ ես խորամանկում՝ փոխանակ ուրախացնես ինձ: Չէ՞-որ ոչ թե Աստծո Արքայության շեմին ես կանգնած, այլ արդեն ներսում ես: Թե՞ դեռ կասկածներ ունես...
ՀՈՒԴԱ – (Հանդիսավոր) Ո՛չ այլևս: Այժմ ես գիտեմ. չի կարելի կասկածել Սուրբ Հոգու ներկայությամբ, երբ արդեն քո ներսում է և դու զգում ես Այն քո ամբողջ էությամբ: Հոգիս խաղաղ է ու բերկրանքով լի, իսկ սիրտս ցնծության մեջ է:
Ես կարծես նորից եմ ծնվել և հիմա հասկանում եմ, որ հենց այս է իմ գլխավոր, իսկական ծնունդը: Նախկին կյանքս ինձ երազ է թվում, և Սուրբ Գրքի այն խոսքերը, որոնք ինձ հիմա լրիվ հասկանալի են դարձել, այժմ կուզենայի ուղղել բոլորին.

«Արթնացի՛ր, ո՜վ քնած, հառնի՛ր մեռյալներից 88»
ՀԻՍՈՒՍ – Ես էլ եմ նույն բանը փափագում: Դու բոլորից արագ հաղթահարեցիր Աստծո Արքայություն տանող ուղու խոչընդոտները, և նույնիսկ կան այնպիսինները, որ նախանձում են քեզ...
ՀՈՒԴԱ – (Դառնացած) Ես գիտեմ այդ մասին:
ՀԻՍՈՒՍ – Իսկ ես անչափ ուրախ եմ, որ այժմ քեզ հայտնի է, որ կա Աստծո Արքայությունը և որտեղ է Այն գտնվում. ուրեմն կարող ես փնտրողներին ճիշտ ուղղություն ցույց տալ:
Նաև ուրախ եմ, որ չես երկնչում վիճել ինձ հետ [105], մինչ ուրիշները երբեմն չեն համարձակվում կրկնել իրենց հարցը [106]: Եվ ինձ համար այդտեղ որևէ վիրավորական բան չկա, քանի որ խավարից դեպի Աստծո Լույսը տանող ուղիները կարող են տարբերվել իրարից: Մեկի համար կարող է ավելի հարմար լինել այն ուղին, որը դու՛ կցուցանես, իսկ մի ուրիշի համար կարող է ավելի հեշտ լինել Իմ ցույց տված ճանապարհը: Կարևոր է այն, որ երկուսիս նպատակը նույնն է:
Ամեն մոլորյալ ոչխար իր ծմակում է գտնվում, ուստիև ամեն ոք դեպի Լույս տանող իր ճանապարհն ունի: Ուսուցիչը միայն կարող է օգնել, որ փնտրվի այդ ճանապարհը:
Ես միշտ քո նկատմամբ ավելի մեծ հավատ եմ ունեցել, քան մյուսների, և դու ինքդ էլ դա գիտես: Ուստի քեզ վստահեցի եղբայրության գանձարանի պահպանությունը և իրավունք տվեցի տնօրինել բարի գործերի համար [107]: Հիմա տեսնում եմ, որ չեմ սխալվել, և սիրտս գոհություն է զգում:
ՀՈՒԴԱ – Աչքերիդ արցունքնե՜ր եմ տեսնում, Վարդապե՛տ...
ՀԻՍՈՒՍ – Դրանք ուրախության արցունքներ են, քանի որ հիմա գիտեմ, որ ես մենակ չեմ, այլ մենք երկուսով ենք: Երջանկագույն օր պարգևեցիր ինձ այսօր: Եվ ես արդեն քո ուսուցիչը չեմ, և դու էլ իմ աշակերտը չես, այլ՝ ընկերը... Որովհետև դու մտար Աստծո Արքայություն, և հիմա մենք հավասարվեցինք 66, 67: Եվ եթե ուզում ես ինչ-որ բան ասել, ապա ասա, ինչպես ընկերոջդ կասեիր:
ՀՈՒԴԱ – Չէ՞-որ գիտես, թե ինչ եմ ուզում ասել. նաև՝ ես հիմա հասկանում եմ, թե ինչի մասին ես դու... լռում:
ՀԻՍՈՒՍ – Դու ճիշտ ես, Երկնավոր Հոր որդիներին բառեր պետք չեն, որպեսզի հասկանան իրար: Ափսոս, որ ուրիշները լսել չեն կարողանում և նույնիսկ առակով ասվածն ի վիճակի չեն լինում ընկալելու, ինչպես նաև չեն ուզում հավատ ընծայել Սուրբ Ճշմարտության խոսքերին:
ՀՈՒԴԱ – Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս բացել նրանց աչքերը և բախել սրտերը:
ՀԻՍՈՒՍ – Պարզվում է, որ այնքան էլ հեշտ գործ չէ դա: Չէ՞-որ ինքդ ես տեսնում. Եկավ Հովհաննես Մկրտիչը, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ գինի խմում, ասացին՝ դև կա նրա մեջ: Եկա Ես, և ասում են՝ ահա այս մարդը սիրում է ուտել և գինի խմել, ուրեմն՝ մաքսավորների ու մեղավորների ընկերն է [108]: Հովսեփի ու Մարիամի որդին չէ՞... Ինչու՞ մենք պիտի նրան հավատանք [109]: Հիրավի, ոչ մի մարգարե իր հայրենիքում և իր տանը մարգարե չէ [110]:
Բոլորը սպասում են Մեսիային, որի գալստյան մասին ասված է Սուրբ Գրքում: Եվ միայն նրան են պատրաստ հավատալ: Այդպես են ասում:
ՀՈՒԴԱ – Իսկ եթե հանկարծ նա չափազանց ուշ գա կամ ընդհանրապես չգա՞:
ՀԻՍՈՒՍ – (Մոտենում է Հուդային, նայում աչքերի մեջ, խոսում բազմանշանակալից տոնով) Կգա... Եվ շատ շուտով:

(Հուդայի հայացքը խիստ լրջանում է.
երևում է, որ նա հասկանում է նաև չասվածը)

ՀՈՒԴԱ – Ի՞նչ կա մտքիդ...
ՀԻՍՈՒՍ – Նորից հարցնում ես մի բան, որի պատասխանն ինքդ գիտես: (Ժպտում է) Ժամանակն է, որ ազատվես այդ սովորությունից: Ես կտամ նրանց այն, ինչին սպասում են...
Մեսիան ջահել ավանակի վրա նստած պետք է Երուսաղեմ մտնի, այնպես չէ՞:
ՀՈՒԴԱ – Այո, Գրքում այդպես է գրված [111]:
ՀԻՍՈՒՍ – Ի՜նչ արած, թող այդպես լինի, թեև սեփական ոտքերով քայլելն ինձ համար ավելի հաճելի է: Գտե՛ք և բերեք մի ավանակ [112], որ առողջ լինի ու չկաղի: Մարգարեին սազական չի լինի, որ հիվանդ անասուն հեծնի (ժպտում է):
ՀՈՒԴԱ – Եվ պատրաստ ես նաև մեռնե՞լ, ինչպես Գրքում է գրված... Ես թու՛յլ չեմ տա, որ խելագարները խլեն քո կյանքը...
ՀԻՍՈՒՍ – Թո՛ղ որ հանուն Սուրբ Ճշմարտության իրականանա Մարգարեությունը: Ոչ ոք չի խլում իմ կյանքը, այլ Ես Ինքս եմ այն տալիս [113]:
ՀՈՒԴԱ – Օ, ո՜չ, դու պետք է ապրես... Ինչու՞ ես կարծում, թե քո մահն ավելի կարևոր է, քան կենդանի խոսքդ:
ՀԻՍՈՒՍ – Ես բոլոր խոսքերն ասացի, բայց դրանք չլսվեցին, իսկ հիմա ուզում եմ, որ դրանց զորություն տամ:
ՀՈՒԴԱ – Մի՞թե այլ ուղի չկա... Ոչ, ո՛չ, Ես ուզում եմ պաշտպանել քեզ:
ՀԻՍՈՒՍ – Շնորհակալ եմ, ընկեր և եղբա՛յր իմ, բայց ես պաշտպանության կարիք չունեմ: Եվ եթե դրա կարիքը լիներ, Իմ Հայրը Հրեշտակների ավելի քան տասներկու գունդ կուղարկեր: Բայց այդ դեպքում ինչպե՞ս կիրականանար Գրքում գրվածը, թե՝ այսպես պիտի լինի [114]:
(Դադար)

ՀՈՒԴԱ(մոտենում է Հիսուսին) Բայց նաև ասված է, որ քեզ կմատնեն [115]: Իսկ ո՞վ կմատնի քեզ...

(Ակնդետ նայում են իրար աչքերի մեջ: Երկար դադար:
Հուդան տրտմած հետ է քաշվում)

ՀԻՍՈՒՍ – Ների՛ր...
Մյուսներն էլ կարող են դա անել, ոմանք՝ նույնիսկ ուրախությամբ, սակայն միայն դու կարող ես գաղտնիքը պահել: Իսկ եթե գաղտնիքը պահվի, ապա կհամարվի, որ Գրվածքները լիովին իրականացել են: Քանզի մարգարեությունը պետք է իրականանա ոչ թե մարդու, այլ Բարձրյալի կամքով:
Ես հասկանում եմ, թե որքա՜ն դժվար կլինի քեզ համար, հնարավոր է, որ դարեդար քեզ վրա անարժան նզովք լինի: Բայց երանի՜ նրանց, ում մարդիկ կատեն ու կհալածեն, կչարախոսեն և կանպատվեն նրանց անունը՝ մարդու Որդու պատճառով[116]: Ես քեզ որպես ընկեր եմ դիմում և գիտեմ, որ չես մերժի ինձ, ուստիև ինձ համար կրկնակի ծանր է քեզ այդ մասին խնդրելը:

(Երկար դադար)

ՀՈՒԴԱ – Ե՞րբ պետք է լինի դա:
ՀԻՍՈՒՍ – Երբ ժամանակը գա, ես քեզ նշան կտամ՝ այնպես, որ ոչ ոք չհասկանա[117]:Թո՛ղ կատարվի Գրվածքը, որ ասում է՝ ինձ հետ հաց կիսողը կրունկն իմ կողմը դարձրեց: Որպեսզի երբ սա կատարվի, բոլորը հավատան, որ Ես եմ [118]: Ուստի քեզ համար նշան թող լինի այն հացի պատառը, որ կտամ քեզ 117:

(Մոտենում է Հուդային, ձեռքը դնում նրա ուսին)

Ես գիտեմ, որ քո տառապանքներն իմից պակաս չեն լինի, և մեծ է քո զոհողությունը: Բայց երանի՜ ճշմարտության համար տառապանք կրողներին, քանզի կմխիթարվեն Աստծո Ողորմածությամբ[119] և մեծ կլինի նրանց երկնային պարգևը [120]: Եվ քեզ կվիճակվի ինձնից առաջ փառավորվել, և Աստված կփառավորվի քո մեջ: Եվ եթե Աստված փառավորվի քո մեջ, ապա Աստված կփառավորի քեզ Իր մեջ և շուտով Ինձ էլ կփառավորի 117:  Քանզի մենք երկուսով նույն գործն ենք անում:
Ուրեմն, մի՛ տրտմիր. չէ՞-որ գիտես արդեն, որ նա, ով հայտնվում է Աստծո Արքայությունում, այլևս մահ չի ճաշակում: Ես տալիս եմ Իմ կյանքը, որպեսզի կրկին հետ վերցնեմ այն: Իշխանություն ունեմ և՛ տալու, և՛ կրկին հետ վերցնելու այն [121]:
ՀՈՒԴԱ – Ես չեմ տրտմի, եղբա՛յր իմ: Ես հասկանում եմ ամեն ինչ (ժպտում է, փորձելով թաքուն սրբել աչքերը):
ՀԻՍՈՒՍ – (Գրկում է Հուդային) Պահպանի՛ր քեզ: Քանզի դուք՝ Ճշմարտությունը ճանաչողներդ, այս աշխարհից չեք:
Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը կսիրեր իրենը, բայց քանի որ այս աշխարհից չեք, ապա աշխարհն ատում է ձեզ [122]:
Նա, ով ճանաչեց աշխարհը, դիակ գտավ, ուստի հեռացավ և իրեն կենդանի գտավ, և աշխարհն արժանի չէ նրան [123]:
Եվ նույնիսկ կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր ոք, ով կսպանի ձեզ, կմտածի, թե դրանով ծառայում է Աստծուն: Այդպես կվարվեն, քանի որ ճանաչած չեն լինի ո՛չ Հորը, ո՛չ Ինձ [124]՝ մոլորեցված լինելով կեղծավորների ու կեղծ մարգարեների կողմից: Քանզի շատերը կգան իմ անունով՝ ասելով, թե Ես եմ, բայց դուք նրանց հետևից չգնաք  [125]:

Վարագույր

































ԵՐԿՐՈՐԴ ԴՐՎԱԳ

Հերովդեսի պալատը:
Հերովդեսը միայնակ կանգնած է պատուհանի մոտ:

ՀԵՐՈՎԴԵՍ – (Բարձրաձայն կրկնում է Հիսուսի խոսքերը) Եթե Ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, ապա որևէ մեղք չէին ունենա, իսկ հիմա՝ իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն [126]: (Դադար: Թառանչ, որը նմանվում է տնքոցի) Ինչու՞ խոսեցի նրա հետ... Մի՞թե նրա համար, որ հիմա ականջներիս մեջ հնչի նրա ձայնը, և արյունս քունքերիս խփի... (Ծանրորեն նորից կրկնում է) Իրենց մեղքի համար125... (Ձեռքը դնում է ճակատին, խոսում տնքոցով) Մութ է աչքերիս դեմ: (Գոռում է) Կրա՜կ բերեք այստեղ... (Մոտենում է հայելուն, ձեռքի օգնությամբ ծամածռում դեմքը) Հիմա այլևս ոչ մի արդարացում չունեն126... (Փլվում է բազկաթոռին, փակում աչքերը, հետո ձեռքով շոշափում է ճակատը, ինչպես գլխացավի ժամանակ... Ապա բացում է աչքերը և դռների մոտ նկատում ջահեր բռնած ծառաներին) Ինչու՞ եք եկել:
ԾԱՌԱ – Դու կրակ խնդրեցիր, արքա՛:
ՀԵՐՈՎԴԵՍ – Ի՞նչ կրակ... (Գոռում է) – Գինի՜ բերեք ինձ... Վառվու՜մ է ներսս: Գնա՛, կարգադրի՛ր:

(Ներս է մտնում Հերովդիադան)

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Այս ի՞նչ աղմուկ ու վազվզոց է չորսբոլոր: Ինչու՞ ես ծառաներին իրար խառնել: Բա՞ն է պատահել:
ՀԵՐՈՎԴԵՍ – (Չարացած) Բոլորին իրար եմ խառնել, բայց քեզ չեմ կանչել: Թո՛ղ ինձ և գնա քո հարկը: Բոլորդ հանգի՛ստ թողեք ինձ:

(Ծառան գինի է բերում)

ԾԱՌԱ – Գինին որտե՞ղ դնեմ, տե՛ր իմ:
ՀԵՐՈՎԴԵՍ – (Գոռում է) Դու՜րս կորիր...

(Վախեցած ծառան հեռանում է:
Մտնում է Ախազը)

ԱԽԱԶ – Պալատում ամենուրեք հուզմունք է տիրում: Ի՞նչն է քեզ այդպես բարկացրել, ո՜վ մեծ արքա:
ՀԵՐՈՎԴԵՍ – Երևի քեզ համար ավելի հաճելի կլիներ, եթե թաղման ժամանակ հիմարի պես կերուխում անեի ու խնդայի՞: Եթե գործով ես եկել, ապա գործի՛ց խոսա: Կուրախացնե՞ս, թե՞ թույն կավելացնես առանց այն էլ թունավորված գավաթիս մեջ:
ԱԽԱԶ – Դու՛ ես արքան, վճիռը քոնն է:
ՀԵՐՈՎԴԵՍ – Դե՞, ասելիքդ ասա՛:
ԱԽԱԶ – Իմացա՛ծ կենաս, որ խաչված Հիսուսի դին տապանակից գողացվել է և, ինչպես ես եմ կարծում, գաղտնի հողին է հանձնվել. բայց, թե որտեղ՝ ոչ ոք չգիտի:
ՀԵՐՈՎԴԵՍ – Եվ ի՞նչ: Էլ մի՛ ձգձգիր, խոսի՛ր:
ԱԽԱԶ – Եվ շատերը, իմանալով, որ մարմինը տապանակում չէ, հիմա ձայները գլուխներն են գցել, թե նա մեռելներից հարություն է առել, և իրականացել է Սուրբ Գրքի մարգարեությունը, որ իբր նա իսկապես Հրեաների Թագավորն էր և չարամտորեն սպանվեց. որ նա իրոք Աստծո որդին էր, և նրան Բարձրյալն էր ուղարկել որպես Փրկիչ: Կան նաև այնպիսինները, որոնք դեռ երեկ գոռում էին՝ խաչե՜լ դրան, իսկ հիմա պատրաստ են նրան երկինք հանել ու ծնկաչոք խոնարհվել նրա առաջ: Ժամ առ ժամ ժողովրդի մեջ հուզումն աճում է, և, թվում է՝ բոլորը պատրաստ են հավատալու, որ նա իսկապես Մեսիան էր... Եվ նրա մայրն էլ հանկարծ սկսել է պատմել, թե իբր ինքը կուսական ձևով է հղիացել երկնքից:
ՀԵՐՈՎԴԵՍ – (Գրգռված) Ի՞նքն է մտածել դա, թե՞ մեկնումեկը գլխի է գցել: Ու՞մ ձեռքն է այստեղ գործում և փորձում է ինձ թիկունքից դաշույնի հարված հասցնել... Այո՜, լա՜վ նորություն է... Եվ դուք այդ ամենին նայում եք՝ անմասն մնալո՞վ:
ԱԽԱԶ – Մի՞թե ես չէի, որ խորհուրդ տվեցի պահակախումբ կարգել տապանակի մոտ...
ՀԵՐՈՎԴԵՍ – Պահակախումբ՝ ինքնակոչի տապանակի մո՞տ... Արդյո՞ք շատ մեծ պատիվ չէր լինի նրա համար...
ԱԽԱԶ – Հիմա ի՛նքն է մեզ բոլորիս պատվազուրկ անում: Եվ քո թշնամիներն էլ լեզու են ծեծում, որ տեսել են, թե ինչպես է նա երկինք համբառնում, և լսել են, թե իբր նա այնտեղից ճառ է ասել՝ ամբողջովին ոսկեփայլ շողերով պատված:
ՀԵՐՈՎԴԵՍ – (Գոռում է) Պոկե՜ք դրանց լեզուները և բերեք ինձ... Մի՞թե ձեր գլուխներն այնքան դատարկ են, որ ինքնուրույն որոշում չեք կարող կայացնել...
Մարմինը գտե՛ք: Դրանով վերջ կդնեք ամբոխի հորինած ասեկոսեներին ու զառանցանքներին: Ամենուրեք փորեք ու տակնուվրա արեք՝ հողի տակ լինի, թե ջրի. առատ պարգևնե՛ր խոստացեք գտնողին: Ի՜նչ եք քար կտրած արձանացել, երբ արդեն ամպրոպն է որոտացել գլխավերևում. թե՞ սպասում եք, որ կայծակնահար լինեք...
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Բա չէ, գործի՜ անցեք... Նրանք պակասամիտներ են, իսկ դու՞: Մի հիմարություն արդեն թույլ ես տվել, մի տասն էլ դրանց վրա ավելացրու... Իսկ եթե մարմինը չգտնես, դրանով ու՞մ կրակի վրա յուղ ավելացրած կլինես:
Մի՞թե աչքերդ այնքան են կուրացել, որ չես տեսնում, թե որքան հեռու է ամեն ինչ գնացել, որ հազիվ թե այլևս հետադարձ ուղի գտնվի: Կարծես ինքդ չես տեսել ու չգիտես, թե որքա՜ն ահավոր է լինում մի գաղափարի շուրջ խռնված ամբոխը: Մրրիկի պես նա կարող է սրբել ամեն ինչ, որին քո գահը հազիվ թե դիմանա. եթե դիմանա էլ՝ կճոճվի փտած ատամի պես:
ՀԵՐՈՎԴԵՍ – Իսկ ո՞րն է քո խորհուրդը:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – (Թունոտ տոնով) Դու ինձ խորհուրդ ես տվել՝ քեզ խորհուրդներ չտալ: Կգնամ իմ հարկը, ինչպես բարեհաճեցիր հրամայել:
ՀԵՐՈՎԴԵՍ – (Բռնում է հեռացող Հերովդիադայի ձեռքը) Դու ի՛նքդ էլ չգիտես, թե ինչ պետք է անել այս պարագայում: Իսկ, թե ինչի են ընդունակ խելակորույս ստահակները, առանց քեզ էլ է հայտնի:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Հիմա՛ր...
ՀԵՐՈՎԴԵՍ – (Կտրուկ ցնցում է Հերովդիադայի թևը) Չհամարձակվե՛ս այդպես խոսել կողմնակի մարդկանց ներկայությամբ: Մի՛ մոռացիր, թե ով եմ ես...
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – (Գլխով ցույց է տալիս Ախազին) Իսկ դու խաչի՛ր դրան, եթե վախենում ես: (Չարախնդում է) Սպանի՛ր բոլորին, ումից վախենում ես կամ ում մոտ զգում ես քո ոչնչությունը:
ՀԵՐՈՎԴԵՍ – Օ՛ձ...
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Օձն իմաստուն կենդանի է, իսկ եթե կծում է, դեղագործիդ կանչիր, որ օգնի:
ՀԵՐՈՎԴԵՍ – Դե լա՜վ, խոսի՛ր, եթե ինչ-որ բան գիտես, էլ մի՛ ձգձգիր:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Խորհուրդս մեկն է. եթե հետադարձ ճամփա չես տեսնում, ապա առա՛ջ գնա: Մեծ իմաստություն այստեղ չի պահանջվում: Եվ եթե խմորումներ ես նկատում ժողովրդի մեջ, ապա տարերքն առանց հսկողության մի՛ թողնիր: Ամեն ինչի մեջ քո կարգը հաստատիր, կազմակերպիր և կանգնիր շարժման գլուխ: Այնժամ ամբոխին կառավարելի կդարձնես և քո օգուտը կքաղես նրանից, ինչը քեզ սկզբում աղետ էր թվում:
ՀԵՐՈՎԴԵՍ – Ե՞ս գլխավորեմ... (Դառը քմծիծաղ) Նա, ով խաչելությա՞ն մատնեց...
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ – Ինչի՞դ է դա պետք: Ուղարկիր քո մարդկանց և նրանց մեջ գլխավոր նշանակիր: Թեկուզ՝ հենց սրա՛ն (գլխով ցույց է տալիս Ախազին): Ուրա՜խ կլինի ծառայելու քեզ:
Եվ եթե ուզում ես ժողովրդին ենթարկեցնել, պետք է խոսես նրա լեզվով և ձևացնես, թե իբր համաձայն ես այն ամենի հետ, ինչի մասին նա աղմկում է ու պահանջներ ներկայացնում:
Նա, ով մենակ է, աչքեր ունի, իսկ ամբոխը կույր է և սպասում է իրեն առաջնորդողին:
Քեզ հարմար մի երկու բառ կավելացնես ճառերիդ մեջ, և նրանք այդ փոփոխությունը չեն էլ նկատի: Եվ ինքդ էլ հետո կզգաս, որ այն քարը, որը սպառնում էր քեզ, հանկարծ քո ձեռքերում փափուկ կավ է դարձել, որից կարող ես կերտել, ինչ ուզենաս...
Երբեմն, որպեսզի կենդանի մնա, գայլն էլ է գառան մորթի հագնում:

(Դադար)

ՀԵՐՈՎԴԵՍ – (Մտահոգ կրկնում է՝ խոսքին չար երանգ տալով) Գառան մորթի... Այո՜, երևի թե այսօր իմ լավագույն զգեստը դա կլինի:

(Դադար)

ԱԽԱԶ – (Անվստահ) Գնամ և կարգադրեմ, որ մարմինը փնտրե՞ն, ինչպես հրամայեցիր...

(Հերովդեսը չարացած, չռված աչքերով և դեմքին ահազդու տեսք տալով նայում է Ախազին. ձեռքերը բռունցք է արել, ամբողջ մարմինը լարված է)

ՀԵՐՈՎԴԵՍ – (Հիստերիկ ձայնով գոռում է՝ երկարաձգելով բառերը) Ո՜չ... Տխմա՜ր...

(Սպառնալից և ուժգին ամպրոպներ են դղրդում:
Հերովդեսը ձեռքը վեր է հանում, կարծես փորձում է պաշտպանել ինքն իրեն:
Բոլորն ահաբեկված, ամեն դղրդյունից ցնցվելով՝ լքում են բեմը:
Բեմը դատարկ է, ամպրոպը դեռ շարունակում է դղրդալ)

ՎԱՐԱԳՈՒՅՐ



Պիեսի ծանոթագրություններում օգտագործված տեքստերի ցանկն ու հապավումները

Մտթ. – Ավետարան ըստ Մատթեոսի
Մ. – Ավետարան ըստ Մարկոսի
Ղ. – Ավետարան ըստ Ղուկասի
Հ. – Ավետարան ըստ Հովհաննեսի
Թ. Ավետարան եստ Թովմասի
Գրծք. – Գործք Առաքելոց (Նոր Կտակարան)
1Հ. – Հովհաննեսի առաջին թուղթը (Նոր Կտակարան)
Հռմ. – Պողոս Առաքյալի առաջին թուղթը հռովմեացիներին (Նոր Կտակարան)
1Կրթ. - Պողոս Առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին (Նոր Կտակարան)
Գաղ. - Պողոս Առաքյալի թուղթը գաղիացիներին (Նոր Կտակարան)
Եփ. - Պողոս Առաքյալի թուղթը եփեսացիներին (Նոր Կտակարան)


















ՎԵՐՋԱԲԱՆ


ԳՐԿԵԼ ԱՆԸՆԴԳՐԿԵԼԻՆ

(շարունակելի)


1Մտթ.6:7-13 Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք, ինչպէս հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետև ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէ՛ք. «Հայր մեր, որ երկնքում ես. սու՛րբ թող լինի Քո անունը, Քո թագաւութիւնը  թող գայ, Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպէս երկնքում է՛. մեր հանապազօրեայ հացը տու՛ր մեզ այսօր եւ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև Քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն»:

2Հ.4:22 - «Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք...»
[3] Հ.2:15 - «Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց... իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց...»
[4] Հ.Ժ:8 - «Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին եւ ավազակներ...»
[5] Մ.15:7-8 - «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից...»
[6] Մտթ.23:27 - «Վա՜յ ձեզ՝ դպիրներիդ ու կեղծաւոր փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ»
[7] Մտթ.23:13 - «Վա՜յ ձեզ՝ դպիրներիդ ու կեղծաւոր փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն»
[8] Մտթ.23:6-8 - «Սիրում են... մարդկանցից կոչուել՝ ռաբբի, ռաբբի: Բայց դուք որեւէ մեկին վարդապետ մի՛ կոչեք»
[9] Մտթ.15:14 - «Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»
[10] Փ.44 - «Փարիսեցիներն ու դպիրները վերցրել են գիտելիքի բանալիները: Դրանք թաքցրել են ու իրենք չեն մտել և ուրիշներին էլ թույլ չեն տալիս, որ մտնեն»
[11]Մ.14:58 - «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»
[12] Հ.2:21 - «Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում»
[13] Մտթ.11:12 - «...եւ հզօրներն են յափշտակում այն...»
[14] Ղ.13:20-21 - «Ինչի՞ նմանեցնեմ Աստուծոյ արքայութիւնը. նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մեջ, մինչեւ որ ամբողջը խմորվեց»
[15] Ղ.8:18 - «...որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից»
[16] Ղ.9:62 - «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի ևւ ապա ետ կը նայի, եթէ յարմար է Աստուծոյ արքայութեանը»
[17] Ղ.11:9-13 - «...ուզեցէ՛ք, եւ կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար... ձեր երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»
[18] Մ.8:39 - «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստուծոյ արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»
[19] Գործք17:27-29 - «...նա մեզնից իւրանչիւրիցս հեռու չէ... Չպետք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած»
[20] Հռոմ.1:25 - «...նրանք փոխանակեցին Աստուծոյ ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին»
[21] Գործք7:48-49 - «...Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. «Երկի՛նքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պադունդանն իմ ոտքերի»
[22] Գործք17:24-25 - « նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ՝ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինի»
[23] Հ.1:18 - «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»
[24] Հռոմ.1:20 - «...Նրա աներեւոյթ հատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ»
[25] Հ.4:21 - «...հավատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ’երկրպագեն Հօրը»
[26] Մ.11:17 - «Գրւած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչւելու»
[27] Ղ.12:48 -«...նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ’ուզուի, եւ ում շատ է աւանդ տրուած, նրանից աւելին կը պահանջեն»
[28] Թ. 27 - «...մենք կմտնե՞նք Արքայություն... Հիսուս նրանց ասաց՝ այնժամ, երբ երկուսը՝ մեկ և ձեր ներքին կողմն էլ արտաքին  կդարձնեք»
[29] Ղ.17:33 - «Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն»
[30] Թ.34 - «Եթե մարմինը ոգու համար է ծնունդ առել՝ հրաշք է: Իսկ եթե ոգին՝ մարմնի համար, ապա դա հրաշքների հրաշքն է»
[31] Թ.2 - «Արքայությունը և՛ ձեր ներսում է, և՛ ձեզնից դուրս»
[32] Թ.27 - «Հիսուս տեսավ նորածինների, որոնք կաթ էին ծծում, և աշակերտներին ասած. « Ահա այդ մանկիկները, որոնք կաթ են ծծում, նման են արքայություն մտնողներին»
[33] Թ. 2 - «Եթե ձեզ առաջնորդողներն ասեն՝ ահա տեսեք, Արքայությունը երկնքում է, ապա երկնային թռչունները ձեզնից առաջ կընկնեն: Իսկ եթե ասեն, թե ծովում է, ապա ձկները ձեզնից առաջ կանցնեն»
[34] Ղ.17:21 - «...եւ չեն ասի, թէ՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»
[35] Թ.34 - «...Բայց ես, ահա ես զարմացած եմ, թե ինչպես է այդքան մեծ հարստությունը պարփակվել նման աղքատության մեջ»
[36] Թ.29 - «Կա լույս մարդու լույսի ներսում, և այն լուսավորում է ողջ աշխարհը: Եթե այն չի լուսավորում, ապա խավարն է տիրում»
[37] Մտթ.8:20 - «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»
[38] Թ.65 - «...երբ նա պառակտված լինի, ապա խավարը կտիրի նրան»
[39] Թ.81 - «Ամեն ինչ Ինձնից դուրս եկավ, և ամեն ինչ Ինձ վերադարձավ: Ծառ կտրես՝ այնտեղ եմ, քար վերցնես գետնից՝ այնտեղ էլ Ինձ կգտնես»
[40] Մտթ.26:26-28 - «Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը...»»
[41] Հ.9:39 - «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»
[42] Ղ.11:34 - «...երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի»
[43] Ղ.11:36 - «Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»
[44] Ղ.8:21 - «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ կատարում»
[45] Հ.8:58 - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»
[46] Թ.16 - «Երբ կտեսնեք Նրան, Ով կնոջից չի ծնված, խոնարհվե՛ք մինչև գետին և երկրպագե՛ք Նրան», Թ1 - «Փնտրողը թող շարունակի փնտրել այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել... և նա կթագավորի ամեն ինչին»
[47] Թ.4 - «...ծեր մարդն իր օրերում չի հապաղի 7 օրական մանկանը հարցնել կյանքի տեղը, և նա կապրի»
[48] Մտթ.11:25 - «...Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին»
[49] Մտթ.18:10 - «...երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է»
[50] Մտթ.10:35-35 - «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հօրից, եւ դստրին՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից»
[51] Ղ.12:49-50 - «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքուած լինի... եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի»
[52] Հ.12:40 - «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց...»
[53] Մտթ.13:16 - «Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են»
[54] Թ.105 - «Նա, ով չի ատել իր հորն ու մորն այնպես, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել. նաև՝ նա, ով չի սիրել իր հորն ու մորն այնպես, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել. Քանզի մենք Երկնքից ենք, բայց հիրավի մեր հայրն ու մայրն են մեզ կյանք տվել երկրի վրա»
[55] Թ.33 - «Բայց թող հասնի այն ժամանակը, երբ ծնողների տանը մնալը նրա համար անտանելի կդառնա՝ կերակուրը այլևս չի հագեցնի նրան, և գինին էլ չի հարբեցնի»
[56] Թ.111 - «Արքայությունը նման է այն հովվին, որը հարյուր ոչխար ունի: Դրանցից ամենախոշորը կորավ: Հովիվը թողեց մնացած ինսունիննին և կորածին փնտրեց այնքան, մինչև գտավ: Եվ գործն ավարտելուց հետո ասաց այդ մի ոչխարին՝ ես քեզ առավել շատ եմ սիրում, քան մնացած ինսունիննին»
[57] Ղ.11:35 - «...գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի»
[58] Հ.8:19 - «...եթէ ինձ գիտենայիք, թերեւս իմ Հօրն էլ կը գիտենայիք»
[59] Հ.10:30 - «Ես եւ իմ Հայրը մի ենք»
[60] Հ.14:2 - «Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան
[61] Թ.3 - «Եթե ինքներդ ձեզ ճանաչեք, ապա Բարձրյալի կողմից էլ ճանաչված և ընդունված կլինեք և կիմանաք, որ կենդանի Հոր զավակներն եք»
[62] «Հիսուս ասաց՝ ճանաչիր այն, ինչ քո հայացքի դեմ է, և այն, ինչ ծածկված է քեզանից, կբացվի քեզ համար: Քանզի չկա մի բան, որ ծածկված լինի ու չբացվի»
[63] Թ.3 - «...իսկ եթե չճանաչեք ինքներդ ձեզ, ապա թշվառության մեջ կլինեք և հենց ինքներդ՝ թշվառություն
[64] Թ.19 – «Աշակերտները հարցրին Հիսուսին. «Ասա՛ մեզ, ինչպիսի՞ն կլինի մեր վերջը»:Հիսուս ասաց. «Սկիզբն իմացե՞լ եք, որ վերջն եք ուզում իմանալ: Քանզի այնտեղ, ուր սկիզբն է, կլինի նաև վերջը: Երանելի է նա, ով սկզբում կանգնած կլինի. նա վե՛րջն էլ կգիտենա և մահ չի ճաշակի»»
[65] Հ.14:20 - «Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ, ու ես՝ ձեր մեջ»
[66] Ղ.6:40 - «Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կը լինի»
[67] Թ.112 - «Ով իմ շուրթերից է խմել, ինձ նման կլինի: Ես նույնպես. ես կլինեմ նա, և ծածկվածը կբացվի նրա համար»
[68] Հդ.48 - «...քանզի կա այդ Մեծ ու Անսահման Արքայությունը, որտեղ կարող է մուտք գործել միայն Ուղղահավատ Ոգին: Այն հնարավոր չէ տեսնել նույնիսկ հրեշտակային աչքերով. այն անմատչելի է բանականությանը, և նրա մասին հնարավոր չէ պատմել մարդկային լեզվով»
[69] Մտթ.13:14 - «...տեսնում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն լսում եւ չեն հասկանում»
[70] Գաղատ.3:21 - «...եթէ օրէնքը, որ տրուած է, կարո՛ղ լինէր կեանք տալ, ապա հաստապէս արդարութիւնը օրէնքից կը լիներ»: Գաղատ.5:4-6 - «Դուք, որ Օրէնքով եք արդարանում, Քրիստոսից կտրուած եք, շնորհից ընկած... քանի որ ի Քրիստոս Յիսուս ո՛չ թլփատութիւնը արժէք ունի, ո՛չ անթլփատութիւնը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում»
[71] Հ.8:37 - «...իմ խոսքը տեղ չունի ձեր մէջ»
[72] Գաղատ.3:19, 23 - «Իսկ արդ՝ ինչի՞ համար է որէնքը. յանցանքների պատճառով աւելացաւ այն... Քանի դեռ հաւատը չէր եկել, օրէնքի տակ փակուած էինք պաւում՝ սպասելով գալիք այն հաւատին, որ յայտնուելու էր մեր մէջ»
[73] Ղ.8:10 - «Ձեզ տրուած է գիտենալ Աստուծոյ արքայութեան խորհուրդները
[74] Մտթ.22:37-40 - «Պիտի սիրես քո Տէր Աստծուն... Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»
[75] Հռոմ.13:9-10 - «Մի՛ շնացիրը եւ մի՛ սպանիրը եւ մի՛ գողացիրը եւ սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այն խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը»
[76] Մտթ. 22:37-39 - «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով... պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»
[77] Ղ.6:27-28 - «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութիւն արէ՛ք. օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք»
[78] Ղ.7:41-43 - «...ո՞վ աւելի շատ կը սիրի նրան... ում աւելի շատը շնորհեց»
[79] Ղ.7:47 - «...ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակավ՝ սակավ»
[80] Ղ.6:32-33 - «Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին: Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում»
[81] 1Կորնթ.13:1-3 - «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ»
[82] Հ.7:38 - «...ինչպէս որ Գիրքն է ասում,–նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»
[83] 1Հ.4:16 - «Աստուած սէր է. եւ ով սրո մէջ է ապրում, բնակւում է Աստուծոյ մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ»
[84] Մտթ.19:23-26 - «Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մեծատունը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայպւթիւն...»: Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»: Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց միջոցով այդ անկարելի է, բայց Աստուծոյ միջոցով ամէն ինչ կարելի է»
[85] Հ.17:25-26 - «Արդա՛ր Հայր... եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»
[86] Հ.17:21 - «...ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ»
[87] Հ.10:34-35 - «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ եք»: Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստուծոյ խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը եղծուի)...»
[88] Եփես.5:14 - «Դրա համար էլ ասում է. «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, եւ կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսավորի քեզ»»
[89] Ղ.12:15 - «...մարդու կեանքը իր ունեցուածքի կուտակման մէջ չէ»
[90] Ղ.10:41-42 - «...դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ մեկ բան է պետք»
[91] 1Հ.4:18-19 - «Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանք է ենթադրում. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ: Սիրե՛նք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ»
[92] Մ.10:25 - «Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնի»
[93] Ղ.8:14 - «...նրանք, որ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ եւ զուարճությամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում»
[94] Ղ.6:24 - «...վա՜յ ձեզ՝ մեծատուններիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել եք
[95] 1Կորնթ.13:3 - «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչինչ չեմ շահի»
[96] Թ.6 – Հիսուս ասաց. «Սուտ մի՛ խոսեք, և այն, ինչ ատելի է ձեզ համար, մի՛ արեք»
[97] Թ.15 – Հիսուս ասաց. «Այլապես պաս պահելով՝ ձեր ներսում մեղք կգործեք և աղոթելով՝ դատապարտված կլինեք, ինչպես և ողորմություն տալով՝ չարիք կգործեք ձեր իսկ հոգու դեմ»
[98] Մտթ.6:19-21 - «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ուտիճ ոչնչացնում են, եւ ուր գողերը ծակ են բաց անում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում... քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»
[99] Թ.71 - «Ով գիտի ամեն ինչ, բայց ունի ինքն իր կարիքը, նա ունի ամեն ինչի կարիքը»
[100] Թ.85 – Ով հարստացել է, թող թագավորի, և ով ուժ ունի իր մեջ, թող հրաժարվի դրանից»
[101] Թ.65 - «Երբ նա դատարկվի, կլցվի լույսով»
[102] Թ.55 - «Եթե ձեզ հարցնեն՝ որտեղից եք ծագել, ապա պատասխանե՛ք՝ Լույսից ենք եկել՝ այնտեղից, ուր Լույսը ծնում է ինքն իրեն»
[103] Ղ.6:20 - «–Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև Աստուծոյ արքայութիւնը ձերն է»
[104] Թ.44 - «Արդ, իմաստուն եղեք օձերի պես և մաքուր՝ աղավնիների պես»
[105] Հ.12:3-5 - «Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը... Աղակերտներից մեկը՝ Յուդա Իսկարիովտացին... ասաց. «Ինչու՞ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր դենարի եւ չտրուեց աղքատներին»... Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուր նրան, որպէսզի իմ պատանքի օրուայ համար պահի այդ»»
[106] Ղ.9:45 - «Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չոմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալու նրան»
[107] Հ.12:6 - «...գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում» Հ.13:29 - «...քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին»
[108] Ղ.7:33-34 - «Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասասցիք՝ նրա մեջ դեւ կայ: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող ու խմող մի մարդ, մաքսաւորների ու մեղաւորների բարեկամ»
[109] Հ.6:41-42 - «Հրեաները... ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»»
[110] Մտթ.13:57 - «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»
[111] Մտթ.21:4-5 «...որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»»
[112] Մտթ.21:1-2 - «...Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնեէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ» Հ.12:14-16 - «Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս գրուած է... Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորվեց, այն ժամանակ հիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած»
[113] Հ.10:17-18 - «...ես իմ կյանքն եմ տալիս... Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս»
[114] Մտթ.26:53-54 - «Եվ կարծու՞մ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Գրուածքները, թէ՝ այսպէս պէտք է լինի»
[115] Մ.10:33-34 «...մարդու Որդին պիտի մատնուի... եւ նրան մահուան պիտի դատապարտեն»
[116] Ղ.6:22 - «–Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ զատորոշեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն»
[117] Հ. 13:26-32 - «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային... Յիսուս ասաց նրան. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»:  Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց... Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր... Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրա մէջ, քանի որ, եթէ Աստուած փառաւորուէց նրա մէջ, Աստուած էլ նրան կը փառաւորի ինքն իր մէջ. եւ իսկոյն կը փառաւորի նրան*»
*«Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրա մէջ, քանի որ, եթէ Աստուած փառաւորուէց նրա մէջ, Աստուած էլ նրան կը փառաւորի ինքն իր մէջ. եւ իսկոյն կը փառաւորի նրան» - Լիովին ակներև է, որ այս հատվածում այնքան էլ ճշգրիտ չեն ներկայացված Հիսուսի խոսքերը: Այդ շարադրանքով դրանք անտրամաբանական են հնչում: Վերլուծելով ասվածի իմաստը՝ կարելի է եզրակացնել, որ խոսքերը հիմնականում վերաբերում են Հուդա Իսկարիովտացուն, և միայն վերջում է, որ Հիսուս խոսում է իր մասին: Արտահայտությունն այսպես պետք է հնչեր. «Այժմ մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրա մեջ: Եթե Աստված փառավորվեց նրա մեջ, ապա Աստված էլ Նրա՛ն կփառավորի Իր մեջ, և շուտով կփառավորի Ինձ»: Այս հատվածում Հիսուս Հուդային, ինչպես և իրեն, Մարդու Որդի է անվանում, այսինքն՝ համարում է, որ նա արդեն արժանի է դարձել այդ կոչմանը. հետևաբար, տվյալ ենթատեքստում, թույլատրելի է Նրա մասին մեծատառով գրելը: Ավետարանական տեքստերում առկա բացասական արտահայտությունները պատկանում են բացառապես Հիսուսի աշակերտներին, որոնք ակնհայտորեն թերագնահատել և սխալ են հասկացել նրա առաքելությունը (ծանոթագր.՝ հեղինակի):
[118] Հ.13:18-19 - «...որպէսզի կատարուիգրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. հենց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ»
[119] Մտթ.5:10 - «-Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրա՛նցն է երկնքի արքայութիւնը»
[120] Ղ.6:23 - «Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում»
[121] Հ.10:17-18 - «...ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ... իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու»
[122] Հ.15:19 - «Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհը արդէն, որպէս իրենը, սիրած կը լիէր, բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է»
[123] Թ.61 - «Նա, ով ճանաչեց աշխարհը, դիակ գտավ, և նրան, ով դիակ գտավ, աշխարհն արժանի չէ» Թ.115 - «Ով կյանքից է կյանք առնում, մահ չի ճաշակի... Նա, ով գտել է ինքն իրեն, արժանի չէ նրան»
[124] Հ.16:2-3 - «...մինչեւ իսկ ժամանակ կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ»
[125] Ղ.21:8 - «Զգոյշ կացէ՛ք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն, թէ՝ ես եմ, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց ետեւից չգնաք»
[126] Հ.15:22 - «Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ»

Комментариев нет:

Отправить комментарий