среда, 13 июня 2012 г.

Գյուրջիևի հիշատակին


Գ. Հ. Գյուրջիևի հիշատակին

Հանճարեղ գյումրեցու գաղտնաիմաց ձայնիվ,
Որ աշխարհին տվեց «Ամենն ամենայնիվ»,
Ավետում եմ ահա Վերահասի Բարին,
Որ մեր դուռն է բախում այս էլ քանի՜ տարի:

Գյումրիում էր ծնվել, գյումրեցի էլ մնաց՝
Երգ ու խաղ կապողի միջավայրից սնված.
Հայացքով ու խոսքով ունակ էր նա ազդել,
Որպես վաղեմի քուրմ ու առաքյալ-նժդեհ:

Դեգերեց նա երկար՝ դարձած անտուն պանդուխտ,
Քանզի ուներ սրտում Որոնումի սուրբ ուխտ,
Մեկի համար՝ աստված, մեկի էլ՝ սատանա,
Նայած ով ինչ սրտով իրեն կմոտենար:


Գյուրջիևյան հարցադրումներ

Չե՞նք սխալվում, ի՞նչ եք կարծում,
Մեր սրտի ու սիրո հարցում.
Պրպտում ենք, միտք արծարծում
Մեր սրտի ու սիրո հարցում:

Չե՞նք սխալվում, ի՞նչ եք կարծում,
Երկնքի ու Աստծո հարցում.
Երկատում ենք ու մեղք բարձում
Երկնքի ու Աստծո հարցում:

Չե՞նք սխալվում, ի՞նչ եք կարծում,
Մեր հայրերի ու մեր հարցում.
Հետ ենք նայում, սնապարծում
Մեր հայրերի ու մեր հարցում:

Գուցե պետք է սիրե՞նք առաջ.
Գուցե պետք է նայենք առա՞ջ
Իսկ առաջ ու ետի հարցում
Չե՞նք սխալվում, ի՞նչ եք կարծում:

Գուցե Այստե՞ղ, Հիմա՞ անենք
Այն, ինչ պիտի անենք հետո.
Գուցե չարի աչքը հանե՞նք
Մեր սրտերի Սիրո նետով:

Комментариев нет:

Отправить комментарий