четверг, 28 июня 2012 г.

Կութհումիի նոր Ուղերձը՝ հայերեն


Որոշ պարզաբանումներ Կարմայի և
Վերամարմնավորման Օրենքների վերաբերյալ

Կութհումի
28 հունիսի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Կութհումին:
Այսօրվա մեր զրույցի թեման կրկին ձեր գիտակցությունը կլինի: Քանզի ներկայումս  ձեզ համար չկա դրանից ավելի կարևոր բան: Ձեր գիտակցության միջոցով է, որ կա՛մ մոտենում եք Աստծուն, կա՛մ հեռանում եք Աստծուց: Այսպիսով, ձեր կյանքում ամեն ինչ որոշվում է ձեր գիտակցության մակարդակով:
Ուստի առանց շտապելու եկեք մտորե՛նք հավերժական թեմաների շուրջ:
Նախքան ձեզ այցի գալս, իմ մենաստանում ես զրուցել եմ Դեսպանորդի հետ: Եվ այդ զրույցի ընթացքում ես փորձում էի հասկանալ, թե ինչպես ավելի լավ կլինի ձեր գիտակցությանը հասցնել այն խնդիրները, որոնք օրախնդիր հարցեր են դարձել մարմնավորված մարդկության համար: Եվ գիտե՞ք, ես զարմանքով նկատեցի, որ բոլոր այն գիտելիքներն ու ըմբռնումները, որոնք անհրաժեշտ է հացնել ձեզ, մենք արդեն տվել ենք այն թելադրություններով, որոնք, պարբերաբար և ընդհատումներով, այս վերջին ութ տարիների ընթացքում ձեզ ենք փոխանցել  մեր Դեսպանորդի միջոցով:
Արդեն ասվածին ոչինչ չունեմ ավելացնելու:
Եվ միայն այն բանի համար, որ օգտագործեմ ընձեռնված Աստվածային հնարավորությունը և շարունակեմ այսօրվա զրույցը՝ ես կկրկնեմ որոշ ճշմարտություններ ձեզ համար՝ ձեզ, որ մոտեցել եք, որպեսզի ծանոթանաք այսօրվա Ուղերձի բովանդակությանը:
Մերթ ընդ մերթ ես գալիս եմ, և մեր զրույցները հիշեցնում են այնպիսի տեսարան, կարծես նրբագույն գործիքներով՝ ունելիով ու բզով, փորձում եմ գտնել ու ցույց տալ ձեզ այն նուրբ պրոցեսները, որոնք ընթանում են ձեր գիտակցության մեջ: Քայլ առ քայլ ես ցույց եմ տալիս ձեզ, թե ինչպես պետք է վարվեք այս կամ այն իրավիճակում, որ կարողանաք պահպանել ձեր ներսի Աստծո մասնիկը և դրա հետ անմիջական կապ հաստատեք:
Եվ մեծ է լինում իմ զարմանքը, երբ մեր զրույցներից հետո դուք ձեր էությունը տրամադրում եք մի ամբողջ բեռնատար լիքը անկատարությունների՝ ներառյալ հեռուստացույցն ու զանգվածային խրախճանքներին ձեր մասնակցելը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե զանգվածային գիտակցության ինչպիսի՜ ահռելի աղբակույտ եք ընդունում ձեր ենթագիտակցության մեջ, երբ մասնակցում եք անորակ երաժշտությամբ ու ցածր թրթիռներով լի զանգվածային միջոցառումներին, որոնց հավելվում է նաև խորոված մսի ու ալկոհոլի հոտը:
Մեր վարած զրույցները և հեռուստացույցի ու մարդկանց հոծ զանգվածների հետ  անցկացրած ձեր ժամանցային զվարճանքներն իրարից խիստ տարբեր կշռային կատեգորիաների պատկանող բաներ են: Եվ դուք պետք է մեկընդմիշտ կողմնորոշվեք և որոշում կայացնեք, թե ո՞ր ուղղությամբ եք մտադիր գնալ՝ դեպի Աստվածային գիտակցության գագա՞թը, թե՞ դեպի պատմության աղբանոցը:
Ո՜չ, ես չեմ կարող ձեզ ինչ-որ բան արգելել, ձեզ զրկել ձեր զվարճանքներից կամ ձեր սիրելի կապվածություններից որևէ մեկից:: Միայն ինքնե՛րդ կարող եք որոշում կայացնել և գործել դրան համապատասխան: Իմ խնդիրն է՝ ձեզ պարզապես գիտելիք և ըմբռնում տալ այն մասին, թե ի՞նչ կկատարվի ձեզ հետ թե մեկ և թե մյուս դեպքերում:
Նկատի՛ ունեցեք. ես ձեզ չեմ ահաբեկում և որևէ բռնության չեմ դիմում: Մենք պարզապես խաղաղ զրուցում ենք, և ես ձեզ բացատրում եմ ձեր արարքների հետևանքները:
Մեր ուսուցման գլխավոր անկյունաքարերից են Կարմայի Օրենքը և Վերամարմնավորումների Օրենքը: Քանզի մնացած ամեն ինչը սոսկ Ուսմունքի այդ երկու հիմնարար դրույթների հետևանքներն են:
Օրինակ՝ ոչ ոք վեր չի կենա ու ձեզ արգելի, որ կամայականորեն տնօրինեք ձեր սեքսուալ էներգիան: Դուք կարող եք ուզածներիդ չափ չարաշահել այն: Բայց պետք է հասկանաք, որ որքան շատ շռայլեք ձեր սեքսուալ կարողությունը, այնքան ավելի քիչ էներգիա կմնա ձեզ, որպեսզի շարունակեք ձեր էվոլյուցիան. այնքան ավելի թույլ կլինի ձեր սերունդը, եթե այն ընդհանրապես լինի, և այնքան ավելի շատ հիվանդություններով կծանրաբեռնեք ձեզ ու ձեր մերձավոր ազգականներին:
Ի վերջո, ինչի՞ դա կհանգեցնի՝ միայն հետընթացի և այլասերման: Եվ ընդամենը մի քանի սերնդից հետո ձեր ընտանիքն ու ձեր տոհմը հասարակության առողջ բջջից կվերածվեն ընկեցիկ ու հիվանդ մարդկանց խմբի, որոնք ունակ չեն լինի հետագա էվոլյուցիայի:
Իսկ եթե ուզում եք, որ ձեր տոհմը բարգավաճի, և դուք էլ մինչև ձեր կյանքի ավարտը հրաշալի առողջություն ունենաք, ապա ձեզ կվիճակվի զսպվածություն ու մաքրակյացություն պահպանել սեքսի բնագավառում: Ինչպես տեսնում եք, ես ոչինչ չեմ հորինում, այլ պարզապես ձեզ տրամաբանորեն բացատրում եմ Կարմայի կամ հատուցման Օրենքի գործողությունը:
Իսկ եթե ավելի մանրամասն քննարկման դնենք Վերամարմնավորումների Օրենքը, ապա մեծագույն հավանականությամբ դուք նորից կծնվեք այն նույն տոհմի կազմում, որում այժմ մարմնավորված եք: Եվ եթե հիմա հոգ չտանեք ձեր ընտանիքի բարոյականությունը պահպանելու համար, ապա մի քանի տասնամյակ հետո դուք կմարմնավորվեք այդ նույն ընտանիքի կազմում, բայց այն արդեն ծանրաբեռնված կլինի բազմաթիվ հիվանդություններով, որոնցից շատերն անհամատեղելի կլինեն կյանքի շարունակման հետ: Այդ եղանակով այլասերվում ու վերանում են նրանք, ովքեր հետևում են ոչ թե Աստվածային Օրենքին, այլ այն զանգվածային գիտակցությանը, որն այժմ հաստատված է ձեր հասարակությունում:
Հավատացե՛ք ինձ, երկրային չափանիշներով այնքան էլ շատ ժամանակ չի անցնի, և զանգվածային գիտակցության բոլոր հետևորդները ստիպված կլինեն քարշ տալու իրենց խղճուկ գոյությունն անկատար մարդկանց համար ստեղծված այնպիսի ռեզերվացիաներում, ինչպիսիք հիմա Ավստրալիայի բնիկների բնակության վայրերն են:
Ես այսօր ձեզ հետ շատ կարևոր զրույց ունեցա: Եվ այն այնքանով է այժմեական, որքանով որ ավելի քիչ ժամանակ է մնացել ամբողջ մարդկության համար, որպեսզի որոշի, թե ո՞ր ուղղությամբ է ընթանալու՝ այն ուղով, որն ուսուցանում են Համբարձյալ Վեհապետնե՞րը, թե՞ այն ուղով, որը բռնի կերպով պարտադրվում է տեղեկատվության զանգվածային միջոցների կողմից:
Ես մեծ հույսեր եմ կապում, որ գոնե մեկ տասնորդական մասն այն մարդկանց, որոնք կծանոթանան իմ այս Ուղերձին, լրջորեն կմտորեն, թե իրենց գիտակցության վրա ինչպիսի՜ հետևանքներ են թողնում այն բաներից շատերը, որոնք ազատորեն քարոզվում են հասարակությունում՝ չլինելով ձեր էության համար այնպես օգտակար, ինչպես մեր Ուղերձները:

ԵՍ ԵՄ Կութհումին

Տատյանա Միկուշինա, 2012 թ
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий