понедельник, 11 июня 2012 г.

Ուսմունք թրթռանքների բարձրացման մասին


6 հունվարի, 2008 թիվ

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ կրկին ձեզ այցի եկածս:
Այս օրով ես եկել եմ խրատներ տալու և այն բանի համար, որ նորացված մեկնաբանություն տամ մեր  Ուսմունքի այն դրույթների վերաբերյալ, որոնց մասին հավանաբար արդեն մոռացել եք:
Այսպիսով, ես եկել եմ, որ այս աշխարհի չափ հին մի Ուսմունք տամ ձեզ: Այն ես տվել եմ Երկրի վրա ունեցած իմ մարմնավորման ընթացքում: Եվ այժմ էլ օգտվում եմ այս հնարավորությունից, որպեսզի գիտելիք տամ ձեր ուսյալ լսարանին: Ես հաշվի եմ առնում, որ այժմ իմ խոսքը կարող են կարդալ շատ ու շատ հոգիներ: Դրանց մեջ կան այնպիսինները, որոնք ունակ են ընկալելու իմ ամեն մի խոսքը, բայց և կան այնպիսինները, որոնց իմ ուղերձն իրենց կյանքի հերթական զվարճանքը կթվա: Վերջիններս անց կկենան իմ խոսքերի կողքով այնպես, ինչպես անց են կացել երեկվա այն տոնական ազդագրի կողքով, որն իրենց կանչում էր հերթական զվարճալի միջոցառմանը մասնակցելու: Եվ հենց դրանով էլ հինավուրց Ուսմունքի իրենց ճանաչման գործը կավարտվի:
Ի՜նչ արած, մենք համբերությամբ կսպասենք, մինչև ձեր ճանաչողական ունակությունները բացվեն, որպեսզի կարողանաք Ճշմարտությունը ստից  և իրականությունը պատրանքից ջոկել:
Դուք այժմ գտնվում եք մատերիականության ցածրագույն կետում: Ուստի և շատ ու շատ Ճշմարտություններ չեք կարողանում ընկալել այն բանի պատճառով, որ ձեզ շրջապատող աշխարհի խտությունը չափազանց մեծ է: Ձեր աշխարհը թրթռում է այս տիեզերքի համար հնարավոր ամենացածր հաճախությամբ: Եվ, որպեսզի դուք հաղորդակցվեք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում տիեզերքում, հարկ է, որ մի փոքր բարձրացնեք ձեր թրթիռների հաճախությունը: Պետք է ձեզ ասեմ, որ եթե շրջապատող աշխարհի թրթռանքները թեկուզ շատ աննշան բարձրանան, ապա ձեր ֆիզիկական մարմինները կարող են և չդիմանալ ծանրաբեռնվածությանը:
Ահա թե ինչու շատ դավանանքներում, եթե ոչ բոլորում, խոսվում է ֆիզիկական և ավելի նուրբ մարմինների մաքրման մասին, որոնց շարքին են պատկանում ձեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ եթերային, աստեղային և մենտալ մարմինները:
Ահա թե ինչու է ձեզ մշտապես հիշեցվում, որ պաս պահեք, մաքուր վիճակում պահեք ձեր մտքերն ու զգացմունքները:
Հենց որ Երկիրը ևս մի փոքր բարձրացնի իր թրթռանքները, ապա հազի՜վ թե իմ այս ուղերձն ընթերցողների մեջ գտնվեն մի քանի հարյուր մարդիկ, որ դիմանան մոլորակի այդ նոր թրթռանքներին:
Ուստի ես եկել և տալիս եմ այս Ուսմունքը, թե ինչպես պահպանեք ձեր մարմինները Երկիր մոլորակի թրթռանքների փոփոխման ընթացքում:
Նախ և առաջ հարկ է, որ անհանգստանաք ձեր ֆիզիկական մարմնի համար: Այն ամենաշատը կվնասվի, քանի որ նրա թրթռանքների հաճախությունն ամենացածրն է: Ուստի անհրաժեշտ է, որ արդեն իսկ անցնեք թեթևացած սննդի:
Հարկավոր է սննդի մեջ բացառել մսամթերքի ցանկացած կիրառություն՝ ներառյալ նաև թռչնի միսն ու ձկնեղենը: Արդեն չեմ խոսում ալկոհոլից, նիկոտինից, թմրանյութերից և այլ վնասակար նյութերից հրաժարվելու մասին, որոնք նախանձելի համառությամբ շարունակում եք օգտագործել՝ ուշք չդարձնելով մեր իրազեկումներին ու նախազգուշացումներին:
Հարկ է, որ դուք ուշադրություն դարձնեք ձեզ շրջապատող ամեն ինչի՝ օդի, ջրի, սննդի, որակի վրա: Այն սնունդը, որը ձեզնից շատերն օգտագործում են, չի կարող սնունդ ծառայել ապագայում: Ձեր սնունդը պետք է բաղկացած լինի բուսական հիմքով ապուրներից, հյութերից, հանքային ջրից և որոշ այլ բնական մթերքներից, ինչպիսիք են՝ մեղրը, մրգերը, բանջարեղենը: Ամեն կերպ խուսափե՛ք քիմիական մշակում անցած սննդամթերքից՝ ներառյալ պահածոյացվածները:
Սննդի մեջ մի՛ օգտագործեք այն մթերքները, որոնք գործարանային մշակում են անցել: Վնասակար ու չարորակ ուռուցքներ առաջացնող նյութերով հարստացվելուց բացի, դրանք հագենում են նաև բացասական էներգիայով, երբ պահվում են պահեստներում, արտադրամասերում և, հատկապես՝ խանութների դարակների վրա:
Եթե դուք հետևեք մեր խորհուրդներին, ապա շատ շուտով ձեր օգտագործած սննդի քանակությունը կհասնի իր նվազագույնին, և ինքներդ արդեն մեծ քաղաքներից հեռու գտնվող ձեր հողամասերում կաճեցնեք ձեզ և ձեր ընտանիքի համար անհրաժեշտ ամբողջ սննդամթերքը:
Ձեր ավելորդ սնունդ ընդունելը կապված է այն բանի հետ, որ ձեր էներգետիկական կենտրոնները՝ ձեր չակրաները, աղտոտված են: Այդ պատճառով չեք կարողանում ձեր չակրաներով ստանալ լիարժեք էներգետիկական սնունդ:
Իրականում ձեր սննդի հիմնական էներգետիկական բաղադրիչն Աստվածային աշխարհից ձեզ է հասնում ձեր չակրաների համակարգի միջոցով:
Ձեր ֆիզիկական մարմնի կենսապահովմանն ընդամենն անհրաժեշտ է հանքային նյութերի, սպիտակուցների, վիտամինների, ճարպերի, ածխաջրատների մի համախումբ, որը բավարար չափով պարունակվում է բուսական ծագմամբ սննդի մեջ, որն աճեցված պետք է լինի էկոլոգիապես մաքուր շրջաններում՝ առանց թունաքիմիկատների կիրառության:
Դուք այնքան սննդի կարիքը չունեք, որքան որ սովոր եք ընդունել: Ձեր մարմինները պետք է առավելագույնս թեթևացվեն, որպեսզի թրթռան ավելի բարձր հաճախությամբ:
Այլապես կհիվանդանաք և վատ կզգաք ձեզ, հետո նոր վերջին հաշվով կհետևեք իմ խորհուրդներին. բայց այդ դեպքում շատ ժամանակ կկորցնեք, իսկ ես հենց հիմա՛ եմ առաջարկում արդեն նախապատրաստվել:
Ձեր նուրբ մարմինների մաքրմանը վերաբերող Ուսմունք մեր ուղերձներով ձեզ նախկինում արդեն տրվել է, և ես չեմ ուզում ժամանակ վատնել արդեն անցածը կրկնելու վրա:
Հատկապես խորհուրդ եմ տալիս վերադառնալ պաշտելի Կութհումիի թելադրություններին, որոնցում նա ակնառու կերպով բացատրում է, թե ինչպես հրաժարվեք ձեր ցածրակարգ մտքերից ու զգացմունքներից:
Այն բանից հետո, երբ կսովորեք նոր էներգետիկական տիրույթում կառավարել ձեր մարմինների նյութափոխանակային գործընթացները, ձեր մարմինները ձեռք կբերեն հատուկ նրբազգացություն: Եվ անմիջապես դրան կհետևի մի փուլ, երբ ձեր հետագա էվոլյուցիայի համար ձեր ֆիզիկական մարմիններն այլևս պետք չեն գա: Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք շարունակում մեր էվոլյուցիան՝ չունենալով ֆիզիկական մարմին:
Պետք է ձեզ ասեմ, որ ճիշտ սննդակարգն ու ճիշտ կենսակերպն, իհարկե, նշանակալից դիր են խաղում ձեր զարգացման գործում, սակայն առաջնայինը ձեր գիտակցության ընդլայնումն է՝ ավելի տարողունակ բաների ընկալումն ու սովորական շրջանակներից և դոգմաներից վեր կանգնելը:
Մենք՝ Համբարձյալ Վեհապետներս, մշտապես անհրաժեշտ պայման ենք համարել այն, որ վեր ձգտողն իր Ուղու որոշակի փուլում անպայման պետք է իր ողջ կյանքը նվիրաբերի Երկրի կենսահոսքերին ծառայելուն՝ դրանով հանդերձ կանգնելով մեր երկրային Հիերարխիայի աստիճանի վրա: Ձեռնադրումների Ուղու այդ Ուսմունքն իր լիակատար ծավալով նույնպես տրվել է ձեզ, և ես այժմ դրա վրա մանրամասն կանգ չեմ առնի:
Ինչպես տեսնում եք, ձեր առջև աշխատանքների բավականին լայն ճակատ կա, որպեսզի աշխատեք ինչպես ինքներդ ձեզ ու ձեր սեփական գիտակցության վրա, այնպես էլ ձեր մերձավորներին օգնություն ցուցաբերելու բնագավառում:
Ուստի մի՛ տրտնջացեք, թե զբաղմունք չունեք, և որ չգիտեք, թե ինչ անեք:
Պարզապես վերընթերցեք իմ և մյուս Վեհապետների թելադրությունները, որոնք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով. վերընթերցեք այն դիտանկյունից, թե Վեհապետներն ի՞նչն են խորհուրդ տալիս, որ կիրառեք ձեր կյանքում: Թուղթ ու մատիտ վերցրեք և գրանցեք բոլոր խորհուրդներն ու հանձնարարականները:
Հետո խաչ դրեք բոլոր այն կետերի առջև, որոնք արդեն կատարել եք կամ արդեն կատարում եք:
Ես վստահ եմ, որ այդ պարզ գործողությունից հետո դուք ձեզ համար ճիշտ եզրահանգումներ կանեք:
Ես այս օրով եկա խրատներ տալու համար:

ԵՍ ԵՄ Զրադաշտը

«Հուրն է իմ տարերքը», Երևան, 2010թ

Комментариев нет:

Отправить комментарий