Եթե փորձենք անաչառորեն գնահատել ներկայումս Հայաստանում լրատվության
բնագավառում տիրող վիճակն ու ժողովրդի համար դրա օգտավետության աստիճանը, ապա
ստիպված կլինենք խոստովանել, որ ունենք միայն մեկ հիրավի օգտակար և բավականաչափ
օպերատիվ գործող լրատվության աղբյուր. անձնավորված ձևով այն կարելի է անվանել Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան:
Մնացած պետական և ոչ պետական լրատվամիջոցները մեծ մասամբ զբաղվում են այնպիսի
լրատվությամբ, որից ժողովուրդ մի մազաչափ անգամ օգուտ չունի: Փորձենք մի քիչ
թվարկել դրանց տեսակներն ու բնույթը. պետական պաշտոնյաների արտագնա թռիչքներ և
փոխադարձ անօգուտ հյուրընկալումներ, դրանց շաբլոն ու ոչինչ չասող հերթապահ ճառաբանությունների
ընթերցումներ, իշխանավորների և օլիգարխների
նորանոր «օյինբազությունների ու զորբայությունների» լուսաբանումներ, մարզիկների
վաղանցիկ հաջողությունների փողհարումներ, տեղական ու ոչ տեղական բնական աղետների,
վթարների ուռճացված ներկայացումներ, տհաս ու անհավասարակշիռ մարդկանց ու «աստղերի»
տարօրինակություների երկարաշունչ քննարկումներ և այլն, և այլն, որոնց
համախբությունն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան «դեղին մամուլ»:
Ի տարբերություն դրանց՝ Մարիամի լրատվությունները համարյա միշտ հագեցած են
լինում ժողովրդի առողջ կենսակերպի և աճող սերնդի քիչ թե շատ նորմալ գոյատևման
համար անհրաժեշտ պայմանների ապահովման անկեղծ և ակտիվ մտահոգությամբ:
Պետք է կարծել, որ սույն համեմատությունը կարող է և հարվածի տակ դնել Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին՝ այն
առումով, որ նախանձից դրդված որոշ լրատվամիջոցներ ու գործիչներ կարող են բամբասել ու չարախոսել, առիթը եղած դեպքում գուցե նաև խանգարել նրան: Բայց ես վստահ եմ, որ նա հոգով
բավականաչափ ուժեղ է ու խելացի, և նմանատիպ մանր ու ճղճիմ բաներին առանձնապես շատ ուշադրություն
չի դարձնի, այլ կշարունակի իր հայրենանվեր գործը՝ ընթացքում ձեռք բերելով նորանոր
կողմնակիցներ ու օգնականներ: Չնայած ոչ այնքան ջահել տարիքիս ու խիստ զբաղվածությանս՝ ես նույնպես
պատրաստ եմ օգնել նրան, ինչով կարող եմ:
Հ.Գ. Մարիամին անձամբ չեմ ճանաչում, որովհետև մեր ճանապարհները դեռ երբեք չեն խաչվել: Այնինչ նա բազմիցս այցելել և իր մտահոգությունն է արտահայտել նաև իմ ծննդավայրի բնապահպանության հարցով:
Հ.Գ. Մարիամին անձամբ չեմ ճանաչում, որովհետև մեր ճանապարհները դեռ երբեք չեն խաչվել: Այնինչ նա բազմիցս այցելել և իր մտահոգությունն է արտահայտել նաև իմ ծննդավայրի բնապահպանության հարցով:
Комментариев нет:
Отправить комментарий