суббота, 21 декабря 2013 г.

Մովսես Մարգարեի այսօրվա ուղերձը

Ոգու ուժը կառավարում է աշխարհը

Մովսես
21 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Մովսեսը:
Ես կրկին ձեզ այցի եմ եկել: Եկել եմ, որովհետև մարդկությունն այն առաջնորդության և օգնության կարիքն ունի, որը բխում է Համբարձյալ Դասերից:
Ես ապրել եմ Երկրում և գիտեմ այն պայմանները, որոնցում այժմ գտնվում է մարդկությունը: Ինձ չափազանց հուզում է Երկրում տեղի ունեցող ամեն ինչ, որովհետև դա իմ հարազատ մոլորակն է, իմ բանականության օրրանը:
Իսկ հիմա կամենում եմ ձեզ տալ իմ խրատները, որոնք հրատապ կլինեն մարմնավորման մեջ գտնվող մարդկանց մեծ մասի համար: Նախ ասեմ, որ ուրախ եմ, որ վիթխարի ջանքերի շնորհիվ հաջողվում է պահպանել մոլորակի համակշռությունը: Բայց նաև հասկանում եմ, որ մարդկության էվոլյուցիան կարող է և ավելի հաջող ընթանալ, եթե ավելի մեծ փոխազդեցություն ապահովվի մեր աշխարհների միջև՝ այն աշխարհի, որում գտնվում եք դուք, և այն աշխարհի, որում գտնվում են մարդկության լավագույն ներկայացուցիչները, որոնք հասել են գիտակցության համբարձյալ վիճակին:
Եվ իրոք՝ ձեր կողքին գոյություն ունի մի ամբողջ բարձր զարգացած քաղաքակրթություն, որը բաղկացած է մարդկության լավագույն ներկայացուցիչներից: Այն տառացիորեն հենց այնտեղ է, որտեղ դուք եք գտնվում՝ նույն տարածության մեջ, բայց այլ հաճախությունների վրա: Այդ բարձր զարգացած քաղաքակրթության հետ ձեր փոխազդեցությունն ամբողջովին և լրիվ կերպով կապված է ձեր ցանկությունից: Դուք պետք է ձեր գիտակցության մեջ ընդունեք այդ կապի հնարավորությունը: Պետք է այնքան փոխեք ձեր գիտակցությունը, որ այդ փոխազդեցությունը հնարավոր դառնա: Եվ հենց դա է գոյություն ունեցող իրականությունը: Շատ քիչ բան է մնացել՝ պետք է կամենաք կապի մեջ մտնել այն աշխարհի հետ, որում բնակվում են Համբարձյալ Վեհապետները:
Մեր աշխարհների կտրվածությունն ապագայում կդադարի: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մարդկության բոլոր ներկայացուցիչները չէ, որ կկարողանան մոտ գալ և շարունակել իրեն գոյությունը նոր իրականության մեջ: Ցավոք, դա այդպես է:
Նույնիսկ իմ այս ուղերձը կարդացող ոչ բոլորը կկարողանան իրենց ներսում հաղթահարել այն ինչ-որ բանը, որը խոչընդոտում է հետագա էվոլյուցիան:
Ձեր հետագա զարգացումն ամբողջովին և լրիվությամբ կախված է այն ջանքերից, որոնք գործադրում եք ձեր սեփական անկատարություններն ու թերությունները հաղթահարելու ուղղությամբ:
Ձեր քաղաքակրթությունը չի կարող գոյատևել որոշակի սահմանից այն կողմ, որը նշել է Աստված: Չի կարող գոյատևել, քանի որ ինքն իրեն կտրել է Աստծուց և Նրա Օրենքից: Բայց մարդկության այն ներկայացուցիչների համար, որոնք կընդունեն Աստվածային Օրենքն ու կառաջնորդվեն դրանով, լայնորեն կբացվեն հետագա էվոլյուցիայի դռները:
Արդեն ամենամոտ ժամանակներում ձեզ կվիճակվի ցուցադրել ձեր հավատն ու վճռականությունը: Դրա համար եմ ես այսօր ձեզ այցի եկել: Ձեզնից շատերը հավատարմորեն ծառայել են ինձ իմ երկրային մարմնավորման ժամանակ: Ես հիշում եմ ձեր հավատարմության մասին և հիմա պատրաստ եմ ձեզ ցուցաբերելու ամբողջ հնարավոր օգնությունը:
Ես տեսնում եմ, որ կարիք կա ձեզ հերթական անգամ հիշեցնելու Աստվածային Օրենքով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, որը ես գրի էի առել քարե սալիկների վրա:
Հազարավոր տարիներ են անցել, և էլի ես ստիպված եմ գալ ու հիշեցնել ձեր կյանքերում Աստվածային Օրենքով առաջնորդվելու անհրաժեշտության մասին:
Հենց միայն դա կարող է ձեզ պոկել պատրանքի կապանքներից, հենց միայն դա կարող է բացել ձեզ համար Աստվածային հնարավորության պատուհանն ու հետագա էվոլյուցիայի Ուղին:
Դուք մոռացել եք Աստծուն: Այն քաղաքակրթությունները, որոնք մոռանում են Աստծուն, դատապարտված են չգոյության:
Ես խոսում եմ Աստծո մասին՝ որպես Բարձրագույն Օրենքի, որը գործում է այս տիեզերքում: Դուք կարող եք ձևացնել, թե ոչ մի Օրենք էլ գոյություն չունի և որոշ ժամանակ գոյատևել ձեր հնարած օրենքներով: Բայց դա հնարավոր է մինչև մի որոշակի սահման, որն Աստված է գծել ձեզ համար:
Ուստի ես այսօր դիմում եմ ձեզ՝ ձեզնից նրանց, ովքեր իրենց գիտակցությամբ պատրաստ են ընդունել Օրենքը և իրենց կյանքում առաջնորդվել դրանով:
Կարիք չկա, պաշտելինե՛րս, դուրս գալ փողոց և գոռալ Աստվածային Օրենքին հետևելու անհրաժեշտության մասին: Ո՛չ, դա Վեհապետների ուղին չէ: Վեհապետներն ուսուցանում են Օրենքին հետևել սրտերի ներսում: Այդ պատճառով Ուղին կոչվում է Ներքին Ուղի:
Արտաքին աշխարհը հնազանդորեն կրկնում է ձեր ներքին վիճակը: Ուստիև ձեր ամբողջ հոգսը պետք է լինի այն, որ Աստծո Օրենքով առաջնորդվեք ձեր սրտերում ու ձեր ներքին տարածության մեջ:
Դուք կարող պահպանել ձեր նվիրվածությունն Աստծուն և հետևել Նրա Օրենքին նույնիսկ այնժամ, երբ բանտում եք գտնվում: Ձեր ներքին ազատությունը կախված չէ այն արտաքին շրջապատից, որում գտնվում եք:
Ըստ այդմ՝ ես կոչ եմ անում, որ դրսևորեք ձեր Աստվածային Ազատությունը, որը ձեր գիտակցության որակն է և միշտ ձեզ հետ է, նույնիսկ այնժամ, երբ դուք ամբողջովին թաղված եք արտաքին աշխարհի պատրանքի մեջ:
Հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ խոսում...
Ես խոսում եմ այն մասին, որ միայն ձեր ներքին նվաճումների աստիճանն է բացում ձեր հետագա էվոլյուցիայի ուղին:
Արտաքին պատրանքային ուժերի դիմադրությունը դուք պետք է հաղթահարեք ձեր գիտակցության մեջ:
Երբ մարդիկ թերզարգացած են, ելնում են փողոց, հեղափոխություն են անում, իշխանություն են տապալում:
Ես ձեզ ուսուցանում եմ արտաքին աշխարհը փոխել ներքնաշխարհը փոխելու ճանապարհով: Եվ հենց դա է այն Ուղին, որով ձեզ առաջնորդում են Համբարձյալ Վեհապետները:
Ձեր ներքին մրրիկների խաղաղեցումը հանգեցնում է արտաքին փոթորիկների խաղաղեցմանը: Ներքինը կառավարում է արտաքինը: Ոգու ուժը կառավարում է աշխարհը:
Այդ պատճառով մեզ հակադիր ուժերն ամեն ինչ անում են, որ ձեր Ոգին լռի: Եվ ձեր Ոգու դեմ այդ կռիվը ոչ մի րոպե չի դադարում: Ժամանակակից հասարակության ամբողջ ինդուստրիան ուղղված է ձեր Ոգու դեմ պայքարին:
Եվ փոխանակ դա գիտակցելու և պատրանքի ուժերին հակադրելու ձեր հավատն ու նվիրվածությունն առ Աստված, դուք ընդառաջում  եք պատրանքի ուժերին և կրում մի պարտությունը մյուսի հետևից:
Մտածե՛ք ասածներիս մասին այնժամ, երբ ի վիճակի կլինեք այդ անել: Մի՛ շտապեք մի կողմ նետել իմ այս Ուղերձի տեքստը և մղվել դեպի հաճկատարորեն ձեզ մատուցվող ժամանցների ու սուռոգատների կողմը:
Ես կշռադատել եմ իմ այս Ուղերձի բովանդակությունն ամբողջ կես տարվա ընթացքում:
Եվ հիմա դուք պետք է հաջորդ կես տարվա ընթացքում մտասևեռվեք իմ այս Ուղերձի էության վրա: Միայն այդ դեպքում Օրենքը կբավարարվի: Միայն այդ դեպքում դուք կդադարեք ստեղծել այն կարման, որն առաջանում է Վեհապետների խոսքերին ականջ չդնելուց:
Ես այս օրով եկա, որպեսզի ձեզ օգնեմ և պահպանեմ ձեր Աստվածայնությունն Ուղու վրա:

ԵՍ ԵՄ Մովսեսը
Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

пятница, 20 декабря 2013 г.

ՀԱՅՐ ԱՐԱՄԱԶԴԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Ձեր աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի,
որպեսզի շարունակի զարգանալ
ըստ Աստվածային նմուշօրինակի

Սանատ Կումարա, 20 դեկտեմբերի 2013 թ.



 



ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Ես կրկին այցի եմ եկել ձեզ, Երկրի զավակնե՛ր:

Ամեն մի մեր գալստյան հետ ձեզ հնարավորություն է տրվում հպվելու Հինավուրց գիտելիքին, որն առնչվում է տիեզերքի կառուցվածքին և ձեր՝ որպես ընդհանուր տիեզերակառույցի մի մասի, առաքելությանը:

Այո, սիրելինե՛րս, ձեզնից յուրաքանչյուրը հատուկ առաքելությամբ է օժտված այս տիեզերքի ընդհանուր էվոլյուցիոն գործընթացների շրջանակներում:
Եվ երբեմն շատ դժվար է լինում ձեզ համակած մոլորությունները հանդուրժելն ու դրանց հետ համակերպվելը:

Ազատ կամքի օրենքն անխախտելի է ձեր աշխարհում: Սակայն կան տիեզերական ժամկետներ և կա Աստվածային հնարավորության միջանցք: Ես եկել եմ ձեզ հիշեցնելու, որ Աստվածային հնարավորության այդ միջանցքը նեղանում է: Եվ ձեր աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի, որպեսզի շարունակի զարգանալ ըստ Աստվածային նմուշօրինակի: Սա աքսիոմա է, սակայն ես ստիպված եմ հիշեցնել ձեզ այդ մասին:

Ես հաճախ եմ մուտք գործում ձեր աշխարհ, որպեսզի կարծիք կազմեմ ընթացիկ պրոցեսների մասին և ժամանակին շտկումներ կատարեմ դրանցում: Սակայն դուք պետք է գիտակցեք, որ կա այս տիեզերքի Արարչի կողմից ձեր հոգիների համար նախանշված էվոլյուցիոն ուղի, և կա այն ուղին, որով ժամանակի այս պահին մղվում է մարդկության մեծամասնությունը: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է՝ ստորակարգ, կենդանական բնազդներին և մարմնական խելքի քմայքներին հագուրդ տալու ուղին:

Մենք չենք կարող ձեզ ստիպել, որ հրաժարվեք ձեր կատարած ընտրությունից: Եվ դուք պետք է հասկանաք, որ ո՛չ ես, ո՛չ մի որևէ ուրիշ Վեհապետ չի գա և անհնազանդ երեխայի պես ձեզ չի քաշի դեպի զարգացման Աստվածային Ուղին:

Ձեր ժամանակների առաքելությունը հենց սա է՝ հետագա էվոլյուցիային ունակ հոգիներին ջոկել այն հոգիներից, որոնք ենթակա են տիեզերական վառարանում մոլախոտի պես այրվելու:

Ես և մյուս Վեհապետներն այս դեսպանորդի միջոցով ձեզ այցի ենք գալիս հենց այն բանի համար, որ տանք ընթացող պրոցեսների ըմբռնումը և ձեզ ցույց տանք Ուղին:

Էվոլյուցիոն զարգացման ձեր փուլում դուք պետք է ցուցաբերեք ավելի՛ շատ ինքնազոհողություն, Կյանքին ավելի՛ մեծ Սպասավորություն: Եվ ձեր զարգացման այն դանդաղումը, որը մենք հիմա տեսնում ենք, գլուխ է եկել մեզ հակադիր ուժերի ազդեցությամբ: Դուք պետք է իմանաք, որ ձեր աշխարհում գործում են երկու հակադիր ուժեր. դրանցից մեկը նպաստում է Ընդհանուր Բարօրությանն ու Բարուն, իսկ մյուսը՝ պառակտմանը, անհատականացմանը, էգոիզմին, ամենաստորին կրքերը բորբոքելուն:

Ձեր աշխարհում տեղի ունեցող երևույթներում դուք պետք է կարողանաք զանազանել այդ երկու ուժերի գործողությունները: Սկզբի համար դա միանգամայն բավարար կլինի: Ուղղակի դիտում եք ձեր շուրջը կատարվող ամեն ինչ և միայն մի հարց տալիս ինքներդ ձեզ. այս բանը, որ հիմա տեղի է ունենում, ո՞ր ուժերին է ձեռնտու:

Եթե նկատում եք պահանջմունքների անզուսպ ուռճացում և անսանձ վարքի հակումներ, ապա պետք է գիտակցեք, որ այդ գործընթացին ձեր կողմից ինչպես դրական, այնպես էլ բացասական վերաբերմունք դրսևորելով՝ դուք այն սնուցում եք ձեր Աստվածային էներգիայով:

Ուստի մենք գալիս և ուսմունք ենք տալիս բռնություն չդրսևորելու մասին: Քանզի անիմաստ է չարին հակառակվելը: Այլապես այն կսնուցվի ձեր էներգիայով և կբազմապատկվի:

Միևնույն ժամանակ դուք պետք է գիտակցեք, որ ձեզնից յուրաքանչյուրը գտնվում է էվոլյուցիոն զարգացման իր աստիճանի վրա, և յուրաքանչյուրն իր չափով է փոխանցում Աստվածային էներգիան:

Եթե դուք զարգացած անհատականություն եք, ապա ձեր չակրաները բաց են, և դուք բարձր որակի Աստվածային էներգիա եք փոխանցում ձեր աշխարհ: Ուստիև այդ էներգիայի ցանկացած անորակ կիրառություն մեծ կարմա է ստեղծում՝ նույնիսկ աշխարհի ցածրակարգ դրսևորումները դատապարտելու մասին միտքը:

Իսկ մեր ուղերձները կարդացողների մեծ մասն առայժմ ունակ չեն մեծ քանակի մաքուր էներգիա փոխանցելու: Չակրաներն աղտոտված են և չեն կարող գործ ունենալ էներգիայի մեծ հոսքերի հետ: Զարգացման ձեր փուլը ենթադրում է գործընթացների մեջ հակադիր ուժերի ակտիվ միջամտություն, որոնք առկա են ձեր աշխարհում: Չարի դեմ ձեր ակտիվ գործողություններով և ինչպես մտքերով, այնպես էլ գործողություններով Բարու կողմը պահելով դուք նպաստում եք ձեր սեփական զարգացմանն ու ձեր չակրաների բացվելուն:

Ուստի բռնություն չգործադրելու մասին այն Ուսմունքը, որը մենք տալիս ենք, այլ կերպ կկիրառվի տարբեր էվոլյուցիոն աստիճանների վրա գտնվող անհատների կողմից:

Ընդհանուր Բարօրության և Բարու սկզբունքների պաշտպանությունը ձեզնից ակտիվ գործողություններ է պահանջում ֆիզիկական ոլորտում: Բայց որոշների համար այդ գործողությունները ֆիզիկական ոլորտում իրական արարքների ու ֆիզիկական գործերի հետ են կապված, իսկ մյուսներից՝ ավելի զարգացած անհատներից, պահանջում է ներքին, հոգևոր մկանների լարում:

Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մարդկության զարգացման այս փուլում շատ քիչ են զարգացման բարձր հոգևոր մակարդակ ունեցող անհատները: Ուստի ձեր հիմնական խնդիրն այն է, որ այդ անհատների օգնեք պահպանելու Աստվածային նմուշօրինակները:
Վաղ թե ուշ մեզ կհաջողվի աշխարհում հաստատված ներկա քաոսը վերածել մի հասարակության, որը բավարարում է Ոսկեդարի չափանիշներին:

Սակայն որպեսզի Ոսկեդարը հնարավորինս շուտ վրա հասնի և հնարավորինս քիչ լինեն մարդկային կորուստները, դուք պետք է հասկանաք և գիտակցված վերաբերմունք դրսևորեք ընթացիկ պրոցեսների նկատմամբ:

Ինչպես զրույցների այս շրջանների ընթացքում, այնպես էլ դրանց միջև ընկած ժամանակներում մեր ուղերձների ամենօրյա ընթերցումով ձեր գիտակցությունը հղկվում է ու փոխվում: Եվ այն մարդիկ, ովքեր անցած յոթ և ավելի տարիների ընթացքում ամեն օր կարդում էին մեր ուղերձները, ինքնաբերաբար հայտնվել են մարդկության ոսկե ֆոնդում:

Ըստ այդմ, էվոլյուցիայի Ուղով հետագա հաջող ընթացքի ամբողջ գաղտնիքը դրված է մեր ուղերձներում և փոխանցված է ձեզ:

Ամեն ինչ կախված է ձեր այն նկրտումներից ու միտումներից, որոնցով առաջնորդվում եք կյանքում:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ


Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը



понедельник, 2 декабря 2013 г.

"Առաջին հանդիպում"

Ամերիկաբնակ հոգեբան-մանկավարժ Լևոն Մոսինյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ Լոս-Անջելեսում լույս տեսնող "Համայնապատկեր" գրական-մշակութային հանդեսն իր էջերից մեկում զետեղել է իմ քառյակների մի փունջ`



Որպես հեղինակ` իմ երախտագիտությունն եմ հայտնում Լևոն Մոսինյանին և հանդեսի գլխավոր խմբագիր Սարո Գյումրեցուն (Գյոդակյան):

пятница, 1 ноября 2013 г.

Պտտվող «խելացի» տոնածառ

Մի փոքր էլ կատարելագործելով տոնածառի շարժիչը՝ փաստորեն ես այն դարձրի թոռնիկիս համար հավերժ պտտվող: Առավոտյան արթնանալով՝ նա կտեսնի, որ տոնածառը պտտվում է և կանգ չի առնում մինչև իր քնելը: Բանն այն է, որ տոնածառը ցերեկվա ժամերից բացի հիմա արդեն պտտվում է նաև այն ժամանակ, երբ սենյակն այնքան է մթնում, որ դուք ստիպված եք լինում սենյակի լույսը վառել: Հենց որ լույսը հանգցնեք, որ քնեք, տոնածառն էլ «կքնի», այսինքն կանգ կառնի՝ արևի առաջին շողերի հետ իր պտույտը ինքնուրույն վերսկսելու պայմանով...

Ահա այսպիսի «խելացի» տոնածառ է նախապատրաստել պապիկն իր թոռնիկի համար:)


Համոզված եմ, որ նման տոնածառ այսօր դուք չեք գտնի աշխարհի և ոչ մի երկրում ու խանութում:

пятница, 25 октября 2013 г.

Հատուցման օրը սարերի հետևում չէ

Հարգելի ԱԺ պատգամավոր, երկուսից մեկը՝ կամ դատի ենթակա թալանչի ես, կամ հարգանքի արժանի իշխանավոր: Միջին դիրք չկա: Բոլոր այն ԱԺ պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն պետական պաշտոնյաների աշխատավարձերի բազմակի բարձրացմանը, կհայտնվեն «թալանչիների սև ցուցակում»՝ ընդմիշտ զրկվելով հետագա ցանկացած մակարդակի ընտրություններում թեկնածու առաջադրվելու հնարավորությունից: Անձեռնմխելիությունից զրկելուց հետո նրանց դեմ նաև համապատասխան դատական գործեր կհարուցվեն՝ ունեցվածքի բռնագրավման նվազագույն սպառնալիքով: ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրն այժմվանից պետք է աչքի առաջ ունենա, որ նման հատուցման առջև կանգնելն արդեն սարերի հետևում չէ:

воскресенье, 20 октября 2013 г.

Լև Տոլստոյ - «Դժոխքի ավերումն ու վերաշինումը»



Լև Տոլստոյ
Դժոխքի ավերումն ու վերաշինումը

(լեգենդ)

I
Սա եղել է այն ժամանակ, երբ Քրիստոս մարդկանց մեջ տարածում էր իր ուսմունքը:
Ուսմունքն այնքան պարզ էր, դրան հետևելն այնքան հեշտ, և այնքան ակներևաբար էր մարդկանց ազատում չարից, որ անհնարին էր այն չընդունելը, ուստիև ոչինչ չէր կարող խանգարել ամբողջ աշխարհով մեկ դրա տարածմանը: Բեհեղզեբուղը՝ բոլոր դևերի հայրն ու տիրակալը, տագնապահար էր եղել: Նա պարզ տեսնում էր, որ ընդմիշտ կկորցնի իր իշխանությունը մարդկանց վրա, եթե Քրիստոս հետ չկանգնի իր քարոզչությունից: Նա տագնապած էր, բայց վհատված չէր և իրեն հնազանդ փարիսեցիներին ու դպիրներին դրդում էր հնարավորինս սաստիկ վիրավորել ու տանջել Քրիստոսին, իսկ նրա աշակերտներին համոզեց փախչել և մենակ թողնել իրենց ուսուցչին: Նա հույս էր տածում, որ խայտառակ մահապատժի դատապարտվելը, հայհոյանքների ենթարկվելն ու աշակերտների կողմից լքվելը, ինչպես նաև հենց մահապատժի տառապանքները, կստիպեն, որ Քրիստոս վերջապես հրաժարվի իր ուսմունքից: Իսկ այդ հրաժարումն իր հերթին լրիվ ուժազուրկ կաներ նրա ուսմունքը:
Հարցն ի վերջո որոշվում էր խաչի վրա: Եվ երբ Քրիստոս հառաչեց. «Աստվա՜ծ իմ, աստված, ինչու՞ ես լքում ինձ...», Բեհեղզեբուղը ցնծաց: Վերցրեց Քրիստոսի համար նախատեսած կապանքները և իր վրա այնպես կապկպեց ու նախապատրաստեց, որ դրանք որևէ կերպ չբացվեն, երբ հագցվեն Քրիստոսին:
Բայց ահա հանկարծ խաչի վրայից լսվեց. «Հայր, ների՜ր սրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում», որին հետևեց հաջորդ խոսքը՝ «Ի կատա՛ր ածվեց...», ապա խաչվածը հոգին ավանդեց: Բեհեղզեբուղը հասկացավ, որ իր համար ամեն ինչ կորած է: Նա փորձեց արձակել իր իսկ ձեռքով ոտքերին փաթաթած կապանքները և փախչել, բայց չկարողացավ տեղից պոկվել: Կապանքները կարծես ձուլվել և կաշկանդում էին նրա ոտքերը: Փորձեց թևերով վեր բարձրանալ, բայց չկարողացավ բացել և ուղղել դրանք: Ապա Բեհեղզեբուղը տեսավ, թե ինչպես է Քրիստոս իր ողջ պայծառափայլությամբ իջնում դժոխքի դարպասների մոտ, տեսավ, թե ինչպես են Ադամից մինչև Հուդա բոլոր մեղավորներն ազատվում դժոխքից, տեսավ դևերի խուճապահար փախուստը, տեսավ, թե ինչպես են լռելյայն փլվում դժոխքի պատերը: Այլևս չկարողանալով տանել այդ ամենը՝ նա աղեկտուր ոռնաց և դժոխքի հատակի վրա բացված ճեղքվածքով գահավիժեց դեպի սանդարամետ:

II
Անցավ 100 տարի, 200, 300 տարի: Բեհեղզեբուղը չէր հաշվում ժամանակը: Նա անշարժ պառկել էր անթափանց խավարում, մեռելային լռության մեջ: Աշխատում էր չմտածել կատարվածի մասին, բայց և այնպես՝ մտածում և անզոր ատելությամբ էր համակվում իրեն կործանման մատնողի հանդեպ:
Նա չէր հիշում և չգիտեր, թե ինչքան ժամանակ է անցել, երբ հանկարծ ձայներ լսեց, որոնք նմանվում էին ոտքերի դոփյունի, հառաչանքների, ճիչերի, ատամների կրճտոցի:
Բեհեղզեբուղը մի փոքր բարձրացրեց գլուխը և սկսեց ականջ դնել:
Քրիստոսի հաղթանակից հետո նա բոլորովին չէր հավատում, որ դժոխքը երբևէ կվերականգնվի, այնուամենայնիվ ոտքերի դոփյունը, հառաչանքները, ճիչերն ու ատամների կրճտոցներն ավելի ու ավելի պարզորոշ էին լսվում:
Բեհեղզեբուղը վեր հանեց փլված մարմինը, իր տակն առավ հսկա, սմբակավոր ոտքերը (ի զարմանս իրեն՝ կապանքներն իրենք-իրենց արձակվել էին) և, ազատորեն շտկելով հսկա թևերը, արձակեց այն կանչ-սուլոցը, որի միջոցով նախկինում իր շուրջն էր հավաքում իր ծառաներին ու օգնականներին:
Դեռ չէր հասցրել շունչ քաշել, երբ գլխավերևում անցք բացվեց, կարմիր կրակ ժայթքեց, որից հետո դևերի ամբոխը հրմշտոցով սկսեց անցքով ցած սահել դեպի հատակ: Ի վերջո  դևերը, ինչպես ագռավներն են հավաքվում լեշի մոտ, իջան ու շրջան կազմեցին Բեհեղզեբուղի շուրջ:
Դևերի մեջ կային խոշորներ և մանրեր, գերեր և նիհարներ, երկար ու կարճ պոչավորներ, սրածայր ուղիղ ու կեռ կոտոշավորներ:
Դրանցից մեկը՝ ուսին վզնոց գցած, ամբողջովին մերկ, սևաբոսոր մարմնով, անբեղ-անմորուս ու կլոր դեմքով, հսկա, կախ ընկած փորով, կուչուձիգ նստել էր ուղիղ Բեհեղզեբուղի հայացքի դեմ և իր հրակարմիր աչքերը մեկ այս, մեկ այն կողմ պտտելով անընդհատ ժպտում էր՝ հատակի վրա հավասարաչափ այսուայն կողմ թափ տալով իր բարակ ու երկար պոչը:

III
- Ի՞նչ է նշանակում այս աղմուկը,- հարցրեց Բեհեղզեբուղը, ապա դեպի վեր ցույց տվեց,- ի՞նչ կա այնտեղ:
- Այն, ինչ միշտ է եղել,- պատասխանեց վզնոց կապած, սևաբոսոր դևը:
- Մի՞թե դեռ մեղավորներ կան,- հարցրեց Բեհեղզեբուղը:
- Շա՜տ,- պատասխանեց սևաբոսորը:
- Իսկ ի՞նչ եղավ նրա ուսմունքը, որի անունը չեմ ուզում տալ,- հարցրեց Բեհեղզեբուղը:
Վզնոցով դևը երախն այնպես ծռեց, որ երևացին սուր ժանիքները, իսկ մնացած դևերի շրջանով զսպվող քրքիջ անցավ:
- Այդ ուսմունքը մեզ չի խանգարում: Նրանք չեն հավատում դրան,- ասաց վզնոցով դևը:
- Բայց չէ՞-որ այդ ուսմունքն ակնհայտորեն նրանց փրկում է մեզնից, և նա էլ իր մահով հաստատեց դա,- ասաց Բեհեղզեբուղը:
- Ես այն վերափոխել եմ,- ասաց վզնոցով դևը՝ պոչով հատակը դոփդփելով:
- Ինչպե՞ս թե՝ վերափոխել ես...
-Վերափոխել եմ այնպես, որ մարդիկ ոչ թե նրա, այլ իմ ուսմունքին են հավատում՝ այն կոչելով նրա անունով:
-Բայց ինչպե՞ս ես դա արել,- հարցրեց Բեհեղզեբուղը:
-Ինքն իրեն է ստացվել: Ես միայն օգնել եմ:
-Պատմի՛ր համառոտ,- ասաց Բեհեղզեբուղը:
Վզնոցով դևը գլուխը կախեց, լռեց, կարծես անշտապ մտորելիս լիներ, ապա սկսեց պատմել:
- Երբ եղավ այն ահավոր բանը, որ դժոխքը քանդվեց, և մեր հայրն ու տիրակալը հեռացավ մեզնից,- ասաց նա,- ես գնացի այն վայրերը, որտեղ քարոզվում էր մեզ կործանման եզրին հասցրած ուսմունքը: Ես ուզում էի տեսնել, թե ինչպես են ապրում դրանով առաջնորդվող մարդիկ: Եվ ես տեսա, որ այն մարդիկ, որոնք այդ ուսմունքով են ապրում, կատարելապես երջանիկ են ու մեզ համար անմատչելի: Նրանք իրարից չէին նեղանում, չէին ենթարկվում կանանց հրապուրանքներին և կա՛մ չէին ամուսնանում, կա՛մ էլ ամուսնանալու դեպքում բավարարվում էին մի կնոջով. ունեցվածք չէին պահում և ամեն ինչ ընդհանուր էին համարում. ուժով չէին ընդդիմանում հարձակվողներին և չարին բարով էին հատուցում: Եվ այնպես լավ էին ապրում, որ մնացած մարդիկ էլ էին հրապուրվում այդ կյանքով: Այդ ամենը տեսնելով՝ ես մտածեցի, որ ամեն ինչ կորած է, և արդեն ուզում էի հեռանալ: Բայց այդ ժամանակ մի հանգամանք ի հայտ եկավ, որը չնայած աննշան էր, բայց ինձ ուշադրության արժանի թվաց, և ես մնացի: Բանն այն էր, որ այդ մարդկանց մի մասը գտնում էր, որ բոլորը պետք է թլպատվեն ու զոհի միս չուտեն, մյուս մասն էլ գտնում էր, որ դրանք պարտադիր բաներ չեն: Ահա և ես սկսեցի երկու կողմին էլ ներշնչել, որ այդ տարաձայնությունը շատ կարևոր նշանակություն ունի, որ ո՛չ այս, ո՛չ մյուս կողմն իրենց դիրքերը չպետք է զիջեն, քանի որ գործն Աստծո սպասավորությանն է վերաբերվում: Նրանք հավատացին ինձ, և վեճերը սաստկացան: Երկուստեք նեղացան իրարից, որից հետո երկու կողմին էլ ներշնչեցի, որ իրենց ուսմունքի ճշմարտացիությունը կարող են հաստատել հրաշքներ գործելով: Որքան էլ ակհայտ չէր, որ հրաշքները կարող են ուսմունքի ճշմարտացիության չափանիշ ծառայել, նրանք այնքան էին ուզում ճշմարտացի երևալ, որ հավատացին ինձ, և ես սկսեցի նրանց համար հրաշքներ մոգոնել: Դա այնքան էլ դժվար չեղավ, քանի որ նրանք հավատում էին այն ամենին, ինչը բավարարություն էր տալիս իրենց ճշմարտացի երևալու ցանկությանը:
Մի մասն ասում էր, որ իրենց վրա կրակե լեզուներ են իջել, մյուսներն էլ ասում էին, որ տեսել են հենց իրեն՝ մեռած ուսուցչին, և այլն, և այլն: Նրանք հորինում էին բաներ, որոնք երբեք չէին եղել և խաբում էին իրար հենց նրա անունով, ով մեզ խաբեբաներ էր անվանել: Եվ խաբում էին մեզնից ոչ վատ՝ առանց իրենք դա նկատելու: Մի կողմը մյուսին ասում էր՝ ձեր հրաշքներն իսկական չեն, մերոնք են իսկական, մյուս կողմն էլ պնդում էր դրա հակառակը:
Գործը լավ էր առաջ գնում, բայց ես վախենում էի, որ չափազանց ակնհայտ խաբեությունը կարող է և բացահայտվել, ուստի հորինեցի եկեղեցու գաղափարը: Եվ հենց որ նրանք հավատացին եկեղեցուն, ես հանգիստ շունչ քաշեցի. հասկացա, որ մենք փրկված ենք, և դժոխքը կվերաշինվի:

IV
-Ի՞նչ է եկեղեցին,- խստորեն հարցրեց Բեհեղզեբուղը, որը չէր ուզում հավատալ, որ իր որևէ ծառա իրենից խելացի կարող է լինել:
-Եկեղեցին մի այնպիսի բան է, երբ մարդիկ ստում են և զգում, որ իրենց չեն հավատում, բայց, հղում անելով Աստծուն, պնդում են՝ աստված է վկա, ճիշտ եմ ասում: Եկեղեցին, ըստ էության, հենց դա է, բայց և ունի այն առանձնահատկությունը, որ այն մարդիկ, որոնք եկեղեցի են կազմում, վստահեցնում են, որ իրենք այլևս չեն կարող մոլորվել և, ըստ այդմ, ինչ հիմարություն էլ որ ասած լինեն, այլևս չեն կարողանում դրանից հետ կանգնել: Եկեղեցին այսպես է կազմվում. մարդիկ իրենք իրենց և մյուսներին վստահեցնում են, որ իրենց ուսուցիչը՝ Աստված, որպեսզի մարդկանց շնորհած իր օրենքը սխալ չմեկնաբանվի, ընտրել է հատուկ մարդկանց, որ սրանք էլ ընտրեն նրանց, ում պետք է փոխանցեն իշխանությունը, և ահա դրանք են միայն, որ կարող են ճիշտ մեկնաբանել ուսմունքը: Այնպես որ, այն մարդիկ, ովքեր իրենց եկեղեցական են համարում, գտնում են, որ իրենք ճշմարտության մեջ են ո՛չ այն պատճառով, որ իրենց քարոզածը ճշմարտություն է, այլ այն պատճառով, որ իրենք իրենց համարում են ուսմունքի միասնական և օրինական ժառանգորդներ և, վերջին հաշվով, ուսուցիչ Աստծո աշակերտներ: Թեև այս հնարքի մեջ նույնպիսի անհարմար մի պահ կա, ինչպիսին հրաշքների դեպքում էր, այն է՝ ամեն մի մարդ կարող է պնդել, որ ինքը ճշմարիտ միասնական եկեղեցու անդամ է (ինչը որ միշտ է եղել), բայց այս հնարքն օգտակար է նրանով, որ հենց որ մարդիկ իրենք իրենց եկեղեցի են հռչակում և դրա վրա կառուցում իրենց ուսմունքը, ապա դրանից հետո այլևս չեն կարողանում իրենց ասածներից հետ կանգնել, որքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ինչ էլ որ ասելու լինեն ուրիշ մարդիկ:
- Բայց ինչպե՞ս ստացվեց, որ եկեղեցիների մեկնաբանությունները շուռ եկան մեր օգտին,- հարցրեց Բեհեղզեբուղը:
- Այն պատճառով,- շարունակեց վզնոցով դևը,- որ իրենք իրենց հռչակելով որպես Աստծո օրենքի ընդհանրական մեկնիչներ՝ այդ մարդիկ դարձան մյուս մարդկանց ճակատագրերի տերը և դրանով իշխանություն ձեռք բերեցին նրանց վրա: Այդ իշխանությունը բնականաբար իր հետևից բերեց սնապարծություն ու այլասերում, որոնք էլ իրենց հերթին ծնեցին տարակուսանք ու թշնամություն մարդկանց միջև: Իսկ թշնամիների դեմ պայքարի այլ զենք չկա, քան բռնությունը, հալածանքը, մահապատիժը, խարույկ հանելը բոլոր նրանց, ովքեր դեմ են գնում իշխանությանը: Եվ հենց նման վիճակն էլ անհրաժեշտություն ծնեց, որպեսզի ուսմունքը մեկնաբանվի այն իմաստով, որ արդարացնի իրենց վատաբարո կյանքն ու այն դաժանությունները, որոնք ստիպված են կիրառել իրենց թշնամիների նկատմամբ: Եվ նրանք հենց այդպես էլ վարվեցին:

V
- Բայց չէ՞-որ ուսմունքն այնքան պարզ ու հստակ է ձևակերպված,- ասաց Բեհեղզեբուղը, որը դեռևս չէր ուզում հավատալ, որ իր ծառաները կարող են անել մի բան, որն ինքը ժամանակին գլխի չի ընկել անելու,- որ հնարավոր չէր այն խեղաթյուրելը: «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ ուրիշները քեզ հետ վարվեին»: Սրան ինչպե՞ս կարելի է այլ իմաստ տալ:
- Այդ հարցում իմ խորհրդով նրանք տարբեր միջոցներ ձեռնարկեցին,- պատասխանեց վզնոցով դևը:- Մարդիկ մի հեքիաթ ունեն այն մասին, թե ինչպես բարի կախարդը մարդուն չարից փրկելու նպատակով նրան ցորենի հատիկ է դարձնում, իսկ չար կախարդը վերածվում է աքաղաղի և փորձում կտցել հատիկը: Բայց հենց այդ պահին բարի կախարդը հատիկի վրա բազմաթիվ ուրիշ հատիկներ է թափում, և չար կախարդը, քանի որ չի կարողանում բոլոր հատիկները կտցել, արդյունքում չի գտնում այն հատիկը, որն իրեն պետք էր: Իմ խորհրդով մարդիկ հենց այդպես էլ վարվեցին նրա ուսմունքի հետ, ով ուսուցանում էր ուրիշների հետ վարվելու կերպը: Նրանք Աստծո օրենքի սրբազան շարադրանք ճանաչեցին 49 գրքեր և դրանց միջի ամեն մի խոսքը համարեցին Աստծո՝ սուրբ հոգու, ստեղծագործություն: Նրանք պարզ շարադրված, հասկանալի ճշմարտության գլխին թափեցին սրբազան համարվող կեղծ ճշմարտությունների այնպիսի մի կույտ, որ անհնարին դարձավ ինչպես այդ բոլորն ընդունելը, այնպես էլ դրանց մեջ գտնելու այն միակը, որն իսկապես պետք է մարդկանց: Սա առաջին միջոցն էր: Երկրորդ միջոցը, որը հազար տարի հաջողությամբ կիրառվում էր, այն էր, որ պարզապես սպանում, խարույկ էին հանում բոլոր նրանց, ովքեր ուզում էին փնտրել ճշմարտությունը: Ներկայումս այդ միջոցն արդեն դուրս է հանվել գործածությունից, բայց ճշմարտություն փնտրողներին խարույկ հանելու փոխարեն հիմա զրպարտում են և այնպես թունավորում նրանց կյանքը, որ շատ քչերն են դրանից հետո շարունակում իրենց փնտրտուքը: Սա, ուրեմն, երկրորդ միջոցն է: Իսկ երրորդ միջոցն այն է, որ մարդիկ իրենց հռչակելով եկեղեցի, այսինքն թե՝ անսխալական, հարկ եղած դեպքում ուղղակի վերցնում և տրամագծորեն հակառակն են ուսուցանում այն ամենի, ինչ գրված է սուրբ գրքում՝ իրենց հետևորդների հայեցողությանը թողնելով, թե ինչպես վերջիններս կցանկանան գլուխ հանել ծագած հակասություններից: Օրինակ՝ սուրբ գրքում գրված է. «Քրիստո՛ս է ձեր միակ ուսուցիչը, և երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի՛ կոչեք, քանզի ձեր հայրը մեկն է, որ երկնքում է. և ոչ մեկին ձեզ խրատատու մի՛ համարեք, քանզի Քրիստոս է ձեր միակ խրատատուն»: Իսկ սրանք վերցնում և ասում են. « Մենք ենք հայրերը, և միայն մենք ենք մարդկանց խրատողները»: Կամ ասված է. «Եթե ուզում ես աղոթել, ապա աղոթիր մեկուսի ու գաղտնի, և Աստված կլսի քեզ», իսկ սրանք ուսուցանում են, որ պետք է աղոթել եկեղեցում միասնաբար՝ երգերի ու երաժշտության տակ: Գրքում գրված է. «Երբեք մի՛ խոնարհվեք», իսկ իրենք ուսուցանում են թե պետք է խոնարհվել և անվերապահ հնազանդվել իշխանություններին, ինչ էլ որ դրանք պահանջելիս լինեն: Կամ ասված է. «Մի՛ սպանիր», իսկ իրենք ուսուցանում են, թե կարելի է և պե՛տք է սպանել պատերազմում և ըստ դատարանի որոշման: Կամ ասված է. «Իմ ուսմունքը ոգի է և կյանք, սնվե՛ք դրանցով, ինչպես հացով», իսկ իրենք սովորեցնում են, որ եթե հացի կտորները թաթախվեն գինու մեջ, հետո այդ կտորները հայտնի խոսքերով օրհնեն, ապա հացը մարմին կդառնա, իսկ գինին՝ արյուն, և որ դրանից հետո այդ կտորտանքն ուտելն ու այդ գինին խմելը շատ օգտակար է հոգու փրկության համար: Մարդիկ հավատում են դրան, ջանասիրաբար ուտում են այդ կտորտանքը, և հետո, երբ հայտնվում են մեզ մոտ, շատ են զարմանում, որ այդ նշխարներն իրենց չեն օգնել,- ավարտեց իր խոսքը վզնոցով դևը, աչքերը պտտացրեց և երախը բացեց մինչև ականջները:
- Դա շատ լավ է,- ասաց Բեհեղզեբուղն ու ժպտաց: Եվ բոլոր դևերը բարձրաձայն հռհռացին:

VI
- Մի՞թե առաջվա պես ձեզ մոտ կան անառակներ, թալանչիներ, մարդասպաններ,- արդեն ավելի ուրախ հարցրեց Բեհեղզեբուղը:
Դևերն իրենք էլ աշխուժացան և մեկը մյուսից առաջ ընկնելով ամենքն ուզում էին արտահայտվել Բեհեղզեբուղի առաջ:
- Ոչ թե առաջվա պես, այլ առաջվանից ավելի՜ շատ,- գոռաց մեկը:
- Անառակները նախկին բաժանմունքներում չե՜ն տեղավորվում,- բղավեց մի ուրիշը:
- Ներկայիս թալանչիները նախկիններից ավելի՜ անխիղճ են,- Ճչաց երրորդը:
- Մարդասպանների համար վառելիքը չի՜ բավականացնում,- մրթմռթաց չորրորդը:
- Բոլորդ միասին մի՛ խոսեք: Թող պատասխանի նա, ում կհարցնեմ: Ո՞վ է զբաղվում անառակներով. թող առաջ գա և պատմի, թե ինչպես է վարվում նրա աշակերտների հետ, ով արգելում էր կին փոխելն ու ասում, թե չպետք է ուրիշ կանանց ցանկասիրությամբ նայել: Ո՞վ է զբաղվում անառակության գործով:
- Ես,- պատասխանեց արտաքնապես կնոջ նմանվող գորշագույն մի դև՝ հետույքի վրա մոտ սողալով Բեհեղզեբուղին: Դեմքի կաշին թորշոմած էր ու կախ ընկած, լորձոտ բերանով անընդհատ մաստակ էր ծամում: Մյուս դևերից առանձնանալով սողաց առաջ, վրձնանման պոչը ոտքերի արանքն առնելով կուչուձիգ նստեց, գլուխը թեքեց կողքի և ծորուն ձայնով սկսեց պատմել,- մենք դա անում ենք այն նախկին հնարքով, որը մեր հայրն ու տիրակալն էր կիրառել դեռևս դրախտում, որի շնորհիվ մենք իշխանություն ստացանք մարդկային ցեղի վրա: Կա նաև նոր, եկեղեցական միջոց, ըստ որի՝ այսպես ենք անում. հավատացնում ենք մարդկանց, որ իսկական ամուսնությունն այն չէ, ինչ իրականում կա՝ տղամարդու և կնոջ միությունը, այլ այն է, որ պճնվեն լավագույն զգեստներով, մտնեն հատուկ դրա համար նախատեսված մեծ դահլիճը, գլխներին դնեն հատուկ դրա համար պատրաստված գլխարկներ և տարբեր երգերի հնչյունների տակ երեք անգամ պտտվեն սեղանի շուրջ: Մենք ներշնչում ենք մարդկանց, որ միայն դա՛ է իսկական ամուսնությունը: Եվ մարդիկ դրան հավատալով համարում են, որ առանց այդ պայմանի բավարարման՝ տղամարդու և կնոջ կապը հասարակ և ոչինչ չպարտադրող մի հաճույք է կամ սոսկ պահանջի բավարարում: Ուստիև նրանք առանց ամաչելու տրվում են այդ հաճույքին:
Կնոջ նմանվող դևը թորշոմած գլուխը թեքեց մյուս կողմ և մի պահ լռեց՝ կարծես սպասելով Բեհեղզեբուղի վրա իր պատմածի թողած ազդեցությանը:
Բեհեղզեբուղը գլխով հավանության նշան տվեց, և դևը շարունակեց.
- Այդ եղանակով, ինչպես նաև այն նախկին եղանակով, որը կիրառվել էր դրախտում՝ հանձինս արգելված պտղի ու հետաքրքրասիրության բորբոքման,- դևն ակնհայտորեն ուզում էր քծնել Բեհեղզեբուղին,- մենք հասնում ենք լավագույն հաջողությունների: Երևակայելով, որ իրենք կարող են ազնիվ եկեղեցական ամուսնություն կազմել նաև շատ ուրիշ կանանց հետ կապ ունենալուց հետո, մարդիկ գնում են դրան և այնպես են այլասերվում, որ այդ գործը շարունակում են նաև եկեղեցական ամուսնությունից հետո: Իսկ եթե ստացվում է այնպես, որ ինչ-որ պատճառներով որոշ պահանջներ ամոթ են հարուցում՝ կապված այդ եկեղեցական ամուսնության հետ, ապա գործը կազմակերպում են այնպես, որ սեղանի շուրջ պտտվեն երկրորդ անգամ՝ առաջինը համարելով անվավեր:
Կնոջ նմանվող դևը լռեց, պոչի ծայրով սրբեց բերանից հոսող լորձը, գլուխը թեքեց մյուս կողմ և հայացքը հառեց Բեհեղզեբուղին:

VII
- Պարզ է և գովելի,- ասաց Բեհեղզեբուղը:- Չե՛մ առարկում: Ո՞վ է զբաղվում թալանչիներով:
- Ե՛ս,- առաջ գալով ասաց խոշորակազմ մի դև՝ հսկա, կեռ կոտոշներով, դեպի վեր ծռած բեղերով և վիթխարի, կորությամբ իջնող թաթերով: Սա նախկինի պես սողեսող առաջ եկավ, զինվորականի պես երկու թաթով սղալեց բեղերը և սպասեց հարցի:
- Նա, ով ավերեց դժոխքը,- ասաց Բեհեղզեբուղը,- մարդկանց ուսուցանում էր ապրել երկնքի թռչունների պես, խորհուրդ էր տալիս շապիկ ուզողին բաճկոնն էլ տալ և ասում էր, թե փրկության համար պետք է ողջ ունեցվածքը բաժանել աղքատներին: Ինչպե՞ս եք կողոպուտի մեջ ներքաշում մարդկանց, որոնք լսել են նման բաներ:
- Իսկ մենք դա անում ենք,- ասաց բեղերով դևը՝ սնապարծորեն գլուխը ետ թեքելով,- ճիշտ այնպես, ինչպես մեր հայրն ու տիրակալն արեց, երբ Սավուղը թագավոր էր ընտրվում: Ինչպես այն ժամանակ էր ներշնչվում մարդկանց, որ իրար թալանելը դադարեցնելու փոխարեն ավելի ձեռնտու է մեկին իշխանություն տալ  բոլորի նկատմամբ և թալանելու իրավունքը հանձնել նրան, հիմա էլ ենք նույնն անում: Նորությունը միայն այն է, որ այդ մեկին թալանողի իրավունք տալու համար նրան տանում ենք տաճար, հատուկ գլխարկ ենք դնում գլխին, նստեցնում բարձր աթոռի վրա, ձեռքն ենք տալիս ճիպոտ ու գունդ, ձիթայուղով օծում ենք նրան հանուն Աստծո և նրա որդու, որից հետո այդ օծյալին հռչակում ենք որպես սուրբ: Այդ ամենից հետո օծյալի կողմից իրականացվող թալանը սրբազան է համարվում և որևէ կերպ չի սահմանափակվում: Ե՛վ սրբազան այրերը, և՛ նրանց օգնականները, և՛ այդ օգնականների օգնականները՝ բոլորն անխոնջ կերպով, հանգիստ ու անվտանգ թալանում են ժողովրդին: Ընդ որում, սովորաբար այնպիսի օրենքներ ու կարգեր են հաստատվում, որոնք անբան փոքրամասնությանը, նույնիսկ առանց օծման էլ, թույլ են տալիս անպատիժ կերպով թալանելու աշխատավոր մեծամասնությանը: Այնպես որ՝ վերջին ժամանակներում օծյալներ չունեցող որոշ պետություններում թալանը շարունակում է ընթանալ նույն հաջողությամբ, ինչպես այն երկրներում, որտեղ կա՛ն օծյալներ: Ինչպես տեսնում է մեր հայրն ու տիրակալը, մեր կողմից կիրառվող եղանակը, ըստ էության, հնից չի տարբերվում: Նորամուծությունը միայն այն է, որ մենք այն դարձրել ենք առավել ընդհանրական, առավել քողարկված, տարածության ու ժամանակի մեջ առավել լայն ընդգրկմամբ ու առավել հուսալի: Եղանակն առավել ընդհանրական է դարձել նրանով, որ եթե առաջ մարդիկ իրենց հոժար կամքով ենթարկվում էին նրան, ում ընտրել էին, ապա հիմա այնպես ենք արել, որ, անկախ իրենց կամքից, ենթարկվում են ոչ թե նրան, ում ընտրել են, այլ՝ ում պատահի: Առավել քողարկված է դարձել նրանով, որ այժմ թալանվողները, շնորհիվ առանձնահատուկ ու կողմնակի տուրքերի համակարգի, չեն տեսնում իրենց թալանողներին: Ինչ վերաբերում է առավել տարածվածությանը, ապա, այսպես կոչված, քրիստոնեական ժողովուրդները, չբավարարվելով սեփական ժողովրդին թալանելով, ամենատարբեր ու տարօրինակ պատրվակներով (մեծ մասամբ՝ այդ պատրվակը քրիստոնեություն տարածելն է լինում) թալանում են նաև օտար ժողովուրդներին, եթե դրանք որևէ թալանելու ենթակա բան են ունենում: Ժամանակային ընդլայնումն էլ ապահովվում է նրանով, որ մտցվում է փոխառությունների համակարգ՝ հասարակական և պետական, որպեսզի թալանվեն ոչ միայն ներկա ապրողները, այլ նաև եկող սերունդները: Իսկ հուսալիությունն ապահովվում է նրանով, որ գլխավոր թալանչիները սրբազան այրեր են համարվում, և մարդիկ չեն համարձակվում նրանց ընդդիմանալ: Բավական է գլխավոր թալանչին հասցնի ձիթայութով օծվել և արդեն կարող է, ում ինչքան ուզում է, թալանել: Օրինակ՝ մի ժամանակ Ռուսաստանում ես փորձի համար իրար հետևից գահին նստեցրի ամենազազրելի կանանց՝ տխմար, անգրագետ, այլասերված և իրենց իսկ օրենքներով որևէ իրավունք չունեցող: Վերջինը ոչ միայն այլասերված էր, այլ նաև հանցագործ էր. սպանել էր իր ամուսնուն՝ օրինական թագաժառանգին: Եվ մարդիկ, միայն այն բանի պատճառով, որ նա օծված էր, քթածակերից բռնած քարշ չտվեցին, ոչ էլ մտրակահարեցին, ինչպես վարվում էին իրենց ամուսիններին սպանողների հետ, այլ դրա փոխարեն ամբողջ 30 տարի ստրկաբար ենթարկվեցին նրան՝ թույլ տալով, որ նա իր բազմաթիվ սիրեկանների հետ կողոպտի ոչ միայն իրենց ունեցվածքը, այլ նաև իրենց ազատությունը: Այնպես որ՝ մեր ժամանակներում բացահայտ թալանը՝ լինի դա ուժի միջոցով քսակ, ձի, հագուստ թե ուրիշ մի բան խլելը, հազի՜վ թե մեկ միլիոներորդական մասը կազմի օրինականացված այն թալանի, որն իրականացվում է դրա իրավունքն ունեցող մարդկանց կողմից: Մեր ժամանակներում կողոպուտներն անպատժելի են, քողարկված, և ընդհանրապես մարդկանց միջև թալանի նկատմամբ այնպիսի հակվածություն է հաստատվել, որ այն դարձել է համարյա բոլոր մարդկանց կյանքի հիմնական նպատակը, ինչը մի փոքր չափավորվում է միայն թալանչիների միջև ծագած մրցակցության պարագայում:

VIII
- Դե ինչ, լա՜վ է, լա՜վ է,- ասաց Բեհեղզեբուղը:- Իսկ սպանություննե՞րը: Ո՞վ է զբաղվում սպանություններով:
- Ե՛ս,- ամբոխից առաջացավ արնակարմիր գույնի մի դև՝ երախից դուրս ցցված ժանիքներով, սրածայր կոտոշներով և դեպի վեր ցցված հաստ, անշարժ պոչով:
- Ինչպե՞ս ես ստիպում սպանություն գործել նրա աշակերտներին, ով ասում էր. «Չարին չարով մի՛ հատուցիր, սիրի՛ր թշնամիներիդ»: Ինչպե՞ս ես մարդասպան դարձնում նման մարդկանց:
- Դա անում ենք ինչպես հին եղանակով՝- խլացուցիչ, ականջ ծակող ձայնով պատասխանեց կարմիր դևը,- գրգռելով մարդկանց մեջ շահամոլություն, կիրք, ատելություն, վրեժ, սնապարծություն, նաև առաջվա պես մարդկանց ուսուցիչներին ներշնչում ենք, որ մարդկանց սպանություն գործելուց հետ վարժեցնելու լավագույն ձևն այն է, որ հենց իրենք՝ ուսուցիչները, հրապարակավ սպանեն նրանց, ովքեր սպանություն են գործել: Այդ եղանակը մեզ ոչ այնքան շատ մարդասպաններ է մատակարարում, որքան նախապատրաստո՛ւմ է մարդասպաններ: Առավել մեծ քանակ է ապահովում նոր ուսմունքը եկեղեցու անսխալականության, քրիստոնեական ամուսնության ու քրիստոնեական հավասարության վերաբերյալ: Նախկին ժամանակներում մարդասպանների ամենամեծ քանակը բերում էր եկեղեցու անսխալականության ուսմունքը: Մարդիկ, որոնք իրենց եկեղեցու անդամ էին համարում, գտնում էին, որ հանցանք գործած կլինեն, եթե թույլ տան  ուսմունքի կեղծ մեկնիչներին մարդկանց մոլորեցնելու, ուստիև աստվածահաճո գործ էին համարում նման մարդկանց սպանելը: Եվ նրանք բնաջինջ էին անում ամբողջ բնակավայրեր, գլխատում, կախում ու այրում էին հարյուր-հազարավոր մարդկանց: Ընդ որում, զվարճալին այստեղ այն էր, որ նրանք, ովքեր մահապատիժ էին սարքում և այրում այն մարդկանց, որոնք սկսում էին հասկանալ ճշմարիտ ուսմունքը, վերջիններիս համարում էին մեր տիրոջ, այսինքն՝ դևերի ծառաներ: Իսկ իրենք իրենց, որ իրապես մեր խոնարհ ծառաներն էին, համարում էին սրբեր և Աստծո կամքը կատարողներ: Բայց դա առաջ էր: Ներկայումս շատ մեծ քանակի մարդասպաններ մենք ստանում ենք քրիստոնեական ամուսնության ու հավասարության ուսմունքից: Նախ և առաջ, ամուսնության ուսմունքի շնորհիվ ամուսիններն իրար են սպանում, երեխաներին՝ մայրերը: Այր և կին սպանում են իրար, եթե իրենց նեղում են օրենքի պահանջներն ու եկեղեցական ամուսնության ավանդույթները: Իսկ մայրերը սպանում են իրենց զավակներին մեծ մասամբ այն դեպքերում, երբ նրանք ծնված են լինում արտամուսնական կապերից: Նման սպանություններ տեղի են ունենում մշտապես ու անընդհատ: Մերթ ընդ մերթ սպանություններ են իրականցվում նաև քրիստոնեական հավասարության հիման վրա, և, եթե իրականացվում են, ապա՝ միանգամից շատ: Ըստ այդ ուսմունքի՝ մարդկանց ներշնչվում է, որ իրենք բոլորը հավասար են օրենքի առաջ: Թալանվածները զգում են, որ դա սուտ է: Նրանք տեսնում են, որ օրենքի առաջ հավասար լինելն արտահայտվում է այնպես, որ թալանողների համար ավելի հարմար լինի թալանելը, իսկ իրենք դա չեն կարողանում անել: Դրանից նրանք խիստ բորբոքվում են ու հարձակվում թալանողների վրա: Սկսվում են փոխադարձ սպանություններ, որոնց արդյունքում երբեմն տասնյակ հազարավոր մարդասպաններ ենք ձեռք գցում:
- Իսկ պատերազմական սպանություննե՞րը: Ինչպե՞ս եք դրան հասցնում նրա աշակերտներին, ով բոլոր մարդկանց նույն Հոր զավակներ էր կոչում և պատգամում սիրել թշնամիներին:
Արնակարմիր դևը երախը բացեց, կրակ ու ծուխ ժայթքեց և, ուրախ-ուրախ, հաստ պոչով խփեց սեփական մեջքին:
- Այսպե՛ս ենք անում. ամեն մի ժողովրդի մենք ներշնչում ենք, որ ինքն ամենալավն է աշխարհում: Deutschland ueber alles (Գերմանիան բարձր է բոլորից), Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը բոլորից բարձր են, և որ տվյալ երկրի ժողովուրդը պետք է իշխի բոլոր մյուս ժողովուրդների վրա: Բայց քանի որ բոլոր ժողովուրդներին նույն բանն ենք ներշնչում, ապա նրանք հարևանների կողմից մշտապես վտանգ են զգում, անընդհատ պատրաստվում են պաշտպանության և չարանում մեկը մյուսի վրա: Որքան լավ են պատրաստվում պաշտպանության, այնքան դրա պատճառով շատ են չարանում հարևանների վրա: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ընդունել են նրա ուսմունքը, ով մեզ մարդասպան էր կոչում, այժմ մշտապես ու գերազանցապես զբաղված են սպանությունների նախապատրաստման ու հենց սպանության գործերով:
- Դե ինչ, սրամի՜տ է,- ասաց Բեհեղզեբուղը մի փոքր լռելուց հետո,- բայց ինչպե՞ս է, որ խաբկանքին չենթարկված գիտուն մարդիկ չտեսան, որ եկեղեցին խեղաթյուրել է ուսմունքը և չփորձեցին վերականգնել այն:
- Նրանք դա չե՛ն կարող անել,- ինքնավստահ ձայնով առաջացավ մի ուրիշ սևագորշ դև, որը հագին պատմուճան ուներ, ճակատը՝ ողորկ ու կլորավուն, անդամներն՝ անմկան, ականջները՝ խոշոր ու դուրս ցցված:
- Ինչո՞ւ,- խիստ հարցրեց Բեհեղզեբուղը՝ դժգոհ մնալով պատմուճան հագած դևի ինքնավստահ տոնից:
Դևը դրանից չշփոթվեց, անշտապ ու հանդարտ նստեց՝ ոչ թե կուչուձիգ, այլ արևելյան ձևով ծալապատիկ խաչելով մկանազուրկ ոտքերը, ապա սկսեց խոսել ցածր, չափած-ձևած ձայնով.
- Նրանք դա չեն կարող անել, քանի որ ես նրանց ուշադրությունն անընդհատ շեղում եմ այն ամենից, ինչ կարող են անել և պետք է իմանան՝ այն ուղղելով այնպիսի բաների վրա, որ իրենց պետք չէ իմանալ և երբեք չեն կարող իմանալ:
- Ինչպե՞ս ես դրան հասնում:
- Տարբեր ժամանակներում տարբեր բաներ եմ անում,- պատասխանեց պատմուճանով դևը:- Հին ժամանակներում ներշնչում էի մարդկանց, թե իրենց համար ամենակարևորն այն է, որ պարզեն Եռամիասնություն կազմող դեմքերի փոխհարաբերության մանրամասները՝ Քրիստոսի ծագումը, նրա բնույթները, Աստծո հատկանիշները և այլն: Եվ նրանք երկար ու բարակ դատողություններ էին անում, ապացույցներ բերում, վիճում, իրարից նեղանում: Այդ դատողություններում այնքան էին խորացել, որ բոլորովին չէին մտածում, թե ինչպես ապրեն: Եվ քանի որ չէին մտածում ապրելու մասին, ապա իրենց պետք չէր լինում իմանալ, թե ինչ է ասել իրենց ուսուցիչը կյանքի վերաբերյալ:
Հետո, երբ այնքան էին խճճվել իրենց դատողություններում, որ արդեն իրե՛նք էլ չէին հասկանում իրենց ասածները, որոշներին ներշնչեցի, թե իրենց համար ամենակարևորն այն է, որ ուսումնասիրեն ու պարզաբանեն այն ամենը, ինչ ասել է հազար տարի առաջ Հունաստանում ապրած Արիստոտելը: Այլոց էլ ներշնչեցի, թե ամենակարևորն այն քարը գտնելն է, որի միջոցով կարելի է ոսկի ստանալ և այնպիսի համադարման, որը բուժում է բոլոր հիվանդություններից ու մարդկանց դարձնում անմահ: Արդյունքում բոլոր խելոքներն ու գիտուններն իրենց մտավոր ուժերն ուղղեցին այդ հարցերի վրա:
Իսկ նրանց, որոնք նման բաներով չէին հետաքրքրվում, ես ներշնչեցի, թե ամենակարևորն այն է, որ իմանան՝ Երկի՞րն է պտտվում Արեգակի շուրջը, թե՞ Արեգակը՝ Երկրի: Իսկ երբ նրանք իմացան, որ Երկի՛րն է պտտվում, ոչ թե Արեգակը, և թե քանի՛ մղոն է կազմում Արեգակից մինչև Երկիր, անչափ ուրախացան դրանցով և մինչև այսօր ջանասիրաբար պարզում են մինչև աստղերը եղած հեռավորությունները, չնայած գիտեն, որ դրա վերջը չկա և չի կարող լինել՝ աստղերի անթիվ լինելու պատճառով, նաև գիտեն, որ դա իրենց բոլորովին պետք չէ իմանալ: Դրանից զատ՝ ես ներշնչեցի նաև, որ իրենց համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են առաջացել բոլոր գազանները, որդերը, բույսերը, մեծ ու փոքր բոլոր կենդանի արարածները: Եվ չնայած դա՛ էլ իրենց բոլորովին պետք չէ իմանալ,  ու կատարելապես պարզ է, որ իմանալ հնարավոր չէ, քանի որ կենդանիներն էլ են աստղերի պես բազմաքանակ, այնուամենայնիվ նրանք նյութական աշխարհի նմանանատիպ հետազոտությունների վրա են ծախսում իրենց մտավոր բոլոր ուժերը և ապա զարմանում, որ ինչքան շատ բան են իմանում, այնքան չիմացածն ավելի է շատանում: Եվ, չնայած դա էլ է ակնհայտ, որ հետազոտություններին զուգընթաց՝ ձեռք բերված գիտելիքների շրջանակն ավելի ու ավելի է լայնանում, հետազոտվող առարկաներն ավելի են բարդանում, իսկ ձեռք բերված գիտելիքներն էլ դառնում են կյանքում ավելի ու ավելի անկիրառելի՝ այդ հանգամանքները նրանց բոլորովին չի վրդովեցնում. նրանք, լիովին համոզված լինելով իրենց զբաղմունքի կարևորության հարցում, շարունակում են հետազոտել, դասավանդել, գրել ու հրապարակել, մի լեզվից մյուսը թարգմանել մեծավ մասամբ անօգուտ հետազոտությունների արդյունքները, որոնք, եթե երբեմն «օգտակար» են լինում, ապա միայն ի օգուտ հարուստ փոքրամասնության և ի վնաս աղքատ մեծամասնության:
Իսկ որպեսզի երբեք գլխի չընկնեն, որ միակ կարևոր բանն իրենց համար դա կյանքի այն օրենքների հաստատումն է, որոնք իր ուսմունքում ցուցանել է Քրիստոս, ես այդ խելոքներին ու գիտուններին ներշնչում եմ, որ հոգևոր կյանքի օրենքներն իրենք չեն կարող իմանալ, և որ ցանկացած կրոնական ուսմունք՝ այդ թվում նաև Քրիստոսի ուսմունքը, մոլորություն է և սնահավատություն: Ներշնչում եմ նաև, որ այն մասին, թե ինչպես ապրել, կարող են իմանալ իմ հորինած գիտության միջոցով, որը սոցիոլոգիա անունն է կրում և հետազոտում է մասնավորապես այն, թե որքան վատ ձևով են ապրել մարդիկ անցյալում: Այնպես որ, փոխանակ հենց իրենք Քրիստոսի ուսմունքով փորձեն ավելի լավ ապրել՝ նրանք կարծում են, թե պետք է միայն ուսումնասիրեն անցյալի մարդկանց կյանքը, որից դուրս կբերեն կյանքի ընդհանուր օրենքները և կսկսեն ավելի լավ ապրել, հենց որ իրենց կյանքը հարմարեցնեն իրենց գտած այդ հնարովի օրենքների հետ:
Որպեսզի է՛լ ավելի ամրապնդեմ խաբկանքը, ես նրանց ներշնչում եմ, որ եկեղեցու ուսմունքի համանմանությամբ գոյություն ունի գիտելիքների որոշակի փոխանցելիություն, որը գիտություն է կոչվում, և որ այդ գիտության պնդումները նույնքան անսխալական են, որքան եկեղեցու պնդումներն են:
Եվ հենց որ իրենց գիտության ներկայացուցիչներ համարող անձինք վստահ են դառնում իրենց անսխալականության մեջ, ապա, բնականաբար, անառարկելի ճշմարտություններ են հռչակում ոչ միայն անպետք, այլ նաև անհեթեթ հիմարություններ, որոնցից, եթե արդեն մի անգամ ասել են, այլևս չեն կարողանում հետ կանգնել:
Այս ամենից ելնելով է, որ ասում եմ՝ քանի դեռ ես նրանց հարգանք ու պատկառանք տածել եմ ներշնչում այն գիտության նկատմամբ, որը ես հորինել եմ իրենց համար, նրանք երբեք չեն հասկանա այն ուսմունքը, որը քիչ մնաց մեր կործանման պատճառը դառնար:

X
- Շա՜տ լավ է: Շնորհակալություն,- ասաց Բեհեղզեբուղը, և դեմքը փայլեց:- Դուք արժանի եք պարգևների, և ես արժանին կհատուցեմ ձեզ:
- Մեր մասին մոռացա՜ք,- բազմաձայն աղմկեցին մնացած խայտաբղետ, մանր ու խոշոր, ծուռոտ, գեր ու նիհար դևերը:
- Իսկ դուք ի՞նչ եք անում,- հարցրեց Բեհեղզեբուղը:
- Ես տեխնիկական զարգացում եմ ապահում:
- Ես՝ աշխատանքի բաժանում:
- Ես՝ հաղորդակցության ուղիներ:
- Ես՝ գրահրատարակչություն:
- Ես՝ արվեստ:
- Ես՝ բժշկություն:
- Ես՝ մշակույթ:
- Ես՝ դաստիարակություն:
- Ես՝ հանցավորներին ուղղելը:
- Ես՝ ուղեղները մթագնելը:
- Ես՝ բարերարություն:
- Ես՝ սոցիալիզմ:
- Ես՝ սեռերի հավասարարություն...- այսպես ճչում էին բոլորը՝ խտանալով Բեհեղզեբուղի հայացքի դեմ:
- Խոսեք առանձին-առանձին ու կա՛րճ,- բղավեց Բեհեղզեբուղը:- Դո՛ւ, օրինակ,- դիմեց նա տեխնիկական զարգացման դևին,- կոնկրետ ի՞նչ ես անում:
- Ես մարդկանց ներշնչում եմ, թե որքան ավելի շատ ու արագ զանազան իրեր պատրաստեն, այնքան ավելի լավ կլինի իրենց համար: Եվ մարդիկ, չխնայելով իրենց կյանքը, ավելի ու ավելի շատ իրեղեն են արտադրում՝ չնայած որ դրանք պետք չեն նրանց, ովքեր ստիպում են դրանք արտադրել, և անմատչելի են նրանց համար, ովքեր դրանք արտադրում են:
- Լավ: Իսկ դո՞ւ,- դիմեց Բեհեղզեբուղը աշխատանքի բաժանման դևին:
- Ես ներշնչում եմ՝ քանի որ մեքենաներն ավելի արագ են իրեղեն արտադրում, ուրեմն պետք մարդկանց վերածել մեքենաների: Նրանք դա անում են, և այն մարդիկ, ովքեր մեքենայի են վերածվում, սկսում են ատել նրանց, ովքեր իրենց մեքենայի են վերածում:
- Դա էլ է լավ: Դո՞ւ,- դիմեց Բեհեղզեբուղը հաղորդակցության ուղիների դևին:
- Ես ներշնչում եմ, թե իրենց համար բարին այն կլինի, որ հնարավորինս արագ տեղից-տեղ տեղափոխվեն: Եվ մարդիկ, փոխանակ բարելավեն իրենց կյանքն այնտեղ, որտեղ ապրում են, կյանքի մեծ մասն անց են կացնում տեղից-տեղ տեղափոխվելով և հպարտանում են, երբ մի ժամում ընթանում են 50 մղոն և ավելի:
Բեհեղզեբուղը դա էլ գովեց: Հետո խոսեց գրքի տպագրության դևը: Ինչպես սա բացատրեց, իր գործն այն է, որ հնարավորինս շատ մարդկանց իրազեկ դարձնի այն տխմարություններին, որոնք արվում ու գրվում են աշխարհում: Արվեստի դևը բացատրեց, որ իբր մարդկանց սփոփելու և նրանց մեջ վերամբարձ զգացմունքներ գրգռելու նպատակով՝ մեջտեղ է բերում նրանց արատները և դրանք պատկերում գրավիչ տեսքով:
Բժշկության դևը բացատրեց, թե իր գործն այն է, որ մարդկանց ներշնչի, թե իրենց համար ամենակարևոր բանը մարմնի մասին հոգ տանելն է: Եվ քանի որ այդ հոգածությունը վերջ չունի, ապա մարդիկ, բժշկության միջոցով իրենց մարմնի մասին հոգալով, ոչ միայն մոռանում են մյուս մարդկանց կյանքի, այլ նաև սեփական կյանքի մասին:
Մշակույթի դևը բացատրեց, որ այն է ներշնչում մարդկանց, թե բոլոր այն արդյունքներից օգտվելը, որոնք տնօրինում են տեխնիկական զարգացման, աշխատանքի բաժանման, հաղորդակցության ուղիների, գրատպության, արվեստի, բժշկության և մյուս դևերը, որոշակի բարեմասնություններ են ավելացնում, և նա, ով դրանցից օգտվում է, կարող է գոհ լինել ինքն իրենից և այլևս չձգտել ավելի լավը լինել:
Դաստիարակության դևը բացատրեց, որ ինքը ներշնչում է մարդկանց, թե կարող են վատաբարո կյանք վարել և, նույնիսկ չիմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ճիշտ կյանքը՝ այն ուսուցանել իրենց զավակներին:
Հանցավորներին ուղղող դևը բացատրեց, որ մարդկանց ուսուցանում է, թե իրե՛նք իսկ լինելով արատների մեջ թաղված, կարող են ուղղել ուրիշների արատները:
Ուղեղներ մթագնող դևը բացատրեց, որ մարդկանց սովորեցնում է ոչ թե ազատվել վատաբարո կյանքի հարուցած տառապանքներից՝ ձգտելով ավելի ճիշտ ապրել, այլ անջատվել ամեն ինչի մասին՝ օգտագործելով գինի, ծխախոտ, հաշիշ և այլ թմրանյութեր:
Բարերարության դևն ասաց, որ ներշնչում է մարդկանց, թե փթերով թալանելով և թալանվածներին գրամներ վերադարձնելով՝ իրենք բարեգործ են դառնում և այլևս կատարելության ձգտելու կարիք չունեն. դրանով իսկ՝ ինքը մարդկանց անընկալունակ է դարձնում բարու նկատմամբ:
Սոցիալիզմի դևը գլուխ գովեց, թե հանուն ամենաբարձր հասարակական կյանքի հաստատման՝ ինքը թշնամություն է սերմանում ոչ միայն դասակարգերի, այլ նաև սեռերի միջև:
- Ես՝ հարմարավետություն, ես՝ նորաձևություն...- շարունակում էին բղավել ու ճղավել մյուս դևերը՝ մոտ սողալով Բեհեղզեբուղին:
- Մի՞թե կարծում եք, թե ես այնքան ծեր եմ ու հիմար, որ չեմ հասկանում մի հասարակ բան. եթե կյանքի ուսմունքը կեղծ է, ապա այն ամենը, ինչ կարող էր մեզ վնաս պատճառել, ընդհակառակը՝ դառնում է մեզ համար օգտակար,- գոչեց Բեհեղզեբուղը և բարձրաձայն հռհռաց:- Հերի՛ք է այլևս: Շնորհակալ եմ բոլորից,- և, թափ տալով թևերը, նա ոտքի կանգնեց:
Դևերը շրջան կազմեցին Բեհեղզեբուղի շուրջ: Դևերի շղթայի մի ծայրին վզնոցով դևն էր՝ եկեղեցու հորինողը, իսկ մյուս ծայրին պատմուճանով դևը՝ գիտության հորինողը: Սրանք իրենց թաթերը միացրին իրար, և շղթան փակվեց:
Եվ քրքջում, հռհռում, բղավում, շվշվացնում ու թռչկոտում էին բոլոր դևերը՝ թափահարելով ու զարկելով պոչերը, պտտվելով ու պար գալով Բեհեղզեբուղի շուրջ: Բեհեղզեբուղն էլ, թևերն ուղղելով ու իջեցնելով, պարում էր կենտրոնում՝ ոտքերը բարձր ծալելով: Իսկ վերևից լսվում էին աղեկտուր ճիչեր, լաց, հառաչանք, ատամների կրճտոց: