Ձեր
աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի,
որպեսզի
շարունակի զարգանալ
ըստ
Աստվածային նմուշօրինակի
Սանատ Կումարա, 20 դեկտեմբերի
2013 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ես կրկին այցի եմ եկել ձեզ, Երկրի զավակնե՛ր:
Ամեն մի մեր գալստյան հետ ձեզ հնարավորություն է տրվում հպվելու Հինավուրց գիտելիքին,
որն առնչվում է տիեզերքի կառուցվածքին և ձեր՝ որպես ընդհանուր տիեզերակառույցի մի մասի,
առաքելությանը:
Այո, սիրելինե՛րս, ձեզնից յուրաքանչյուրը հատուկ առաքելությամբ է օժտված այս տիեզերքի
ընդհանուր էվոլյուցիոն գործընթացների շրջանակներում:
Եվ երբեմն շատ դժվար է լինում ձեզ համակած մոլորությունները հանդուրժելն ու դրանց
հետ համակերպվելը:
Ազատ կամքի օրենքն անխախտելի է ձեր աշխարհում: Սակայն կան տիեզերական ժամկետներ
և կա Աստվածային հնարավորության միջանցք: Ես եկել եմ ձեզ հիշեցնելու, որ Աստվածային
հնարավորության այդ միջանցքը նեղանում է: Եվ ձեր աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի,
որպեսզի շարունակի զարգանալ ըստ Աստվածային նմուշօրինակի: Սա աքսիոմա է, սակայն ես
ստիպված եմ հիշեցնել ձեզ այդ մասին:
Ես հաճախ եմ մուտք գործում ձեր աշխարհ, որպեսզի կարծիք կազմեմ ընթացիկ պրոցեսների
մասին և ժամանակին շտկումներ կատարեմ դրանցում: Սակայն դուք պետք է գիտակցեք, որ կա
այս տիեզերքի Արարչի կողմից ձեր հոգիների համար նախանշված էվոլյուցիոն ուղի, և կա այն
ուղին, որով ժամանակի այս պահին մղվում է մարդկության մեծամասնությունը: Դա ոչ մի տեղ
չտանող ճանապարհ է՝ ստորակարգ, կենդանական բնազդներին և մարմնական խելքի քմայքներին
հագուրդ տալու ուղին:
Մենք չենք կարող ձեզ ստիպել, որ հրաժարվեք ձեր կատարած ընտրությունից: Եվ դուք
պետք է հասկանաք, որ ո՛չ ես, ո՛չ մի որևէ ուրիշ Վեհապետ չի գա և անհնազանդ երեխայի
պես ձեզ չի քաշի դեպի զարգացման Աստվածային Ուղին:
Ձեր ժամանակների առաքելությունը հենց սա է՝ հետագա էվոլյուցիային ունակ հոգիներին
ջոկել այն հոգիներից, որոնք ենթակա են տիեզերական վառարանում մոլախոտի պես այրվելու:
Ես և մյուս Վեհապետներն այս դեսպանորդի միջոցով ձեզ այցի ենք գալիս հենց այն բանի
համար, որ տանք ընթացող պրոցեսների ըմբռնումը և ձեզ ցույց տանք Ուղին:
Էվոլյուցիոն զարգացման ձեր փուլում դուք պետք է ցուցաբերեք ավելի՛ շատ ինքնազոհողություն,
Կյանքին ավելի՛ մեծ Սպասավորություն: Եվ ձեր զարգացման այն դանդաղումը, որը մենք հիմա
տեսնում ենք, գլուխ է եկել մեզ հակադիր ուժերի ազդեցությամբ: Դուք պետք է իմանաք, որ
ձեր աշխարհում գործում են երկու հակադիր ուժեր. դրանցից մեկը նպաստում է Ընդհանուր
Բարօրությանն ու Բարուն, իսկ մյուսը՝ պառակտմանը, անհատականացմանը, էգոիզմին, ամենաստորին
կրքերը բորբոքելուն:
Ձեր աշխարհում տեղի ունեցող երևույթներում դուք պետք է կարողանաք զանազանել այդ
երկու ուժերի գործողությունները: Սկզբի համար դա միանգամայն բավարար կլինի: Ուղղակի
դիտում եք ձեր շուրջը կատարվող ամեն ինչ և միայն մի հարց տալիս ինքներդ ձեզ. այս բանը,
որ հիմա տեղի է ունենում, ո՞ր ուժերին է ձեռնտու:
Եթե նկատում եք պահանջմունքների անզուսպ ուռճացում և անսանձ վարքի հակումներ, ապա
պետք է գիտակցեք, որ այդ գործընթացին ձեր կողմից ինչպես դրական, այնպես էլ բացասական
վերաբերմունք դրսևորելով՝ դուք այն սնուցում եք ձեր Աստվածային էներգիայով:
Ուստի մենք գալիս և ուսմունք ենք տալիս բռնություն չդրսևորելու մասին: Քանզի անիմաստ
է չարին հակառակվելը: Այլապես այն կսնուցվի ձեր էներգիայով և կբազմապատկվի:
Միևնույն ժամանակ դուք պետք է գիտակցեք, որ ձեզնից յուրաքանչյուրը գտնվում է էվոլյուցիոն
զարգացման իր աստիճանի վրա, և յուրաքանչյուրն իր չափով է փոխանցում Աստվածային էներգիան:
Եթե դուք զարգացած անհատականություն եք, ապա ձեր չակրաները բաց են, և դուք բարձր
որակի Աստվածային էներգիա եք փոխանցում ձեր աշխարհ: Ուստիև այդ էներգիայի ցանկացած
անորակ կիրառություն մեծ կարմա է ստեղծում՝ նույնիսկ աշխարհի ցածրակարգ դրսևորումները
դատապարտելու մասին միտքը:
Իսկ մեր ուղերձները կարդացողների մեծ մասն առայժմ ունակ չեն մեծ քանակի մաքուր
էներգիա փոխանցելու: Չակրաներն աղտոտված են և չեն կարող գործ ունենալ էներգիայի մեծ
հոսքերի հետ: Զարգացման ձեր փուլը ենթադրում է գործընթացների մեջ հակադիր ուժերի ակտիվ
միջամտություն, որոնք առկա են ձեր աշխարհում: Չարի դեմ ձեր ակտիվ գործողություններով
և ինչպես մտքերով, այնպես էլ գործողություններով Բարու կողմը պահելով դուք նպաստում
եք ձեր սեփական զարգացմանն ու ձեր չակրաների բացվելուն:
Ուստի բռնություն չգործադրելու մասին այն Ուսմունքը, որը մենք տալիս ենք, այլ կերպ
կկիրառվի տարբեր էվոլյուցիոն աստիճանների վրա գտնվող անհատների կողմից:
Ընդհանուր Բարօրության և Բարու սկզբունքների պաշտպանությունը ձեզնից ակտիվ գործողություններ
է պահանջում ֆիզիկական ոլորտում: Բայց որոշների համար այդ գործողությունները ֆիզիկական
ոլորտում իրական արարքների ու ֆիզիկական գործերի հետ են կապված, իսկ մյուսներից՝ ավելի
զարգացած անհատներից, պահանջում է ներքին, հոգևոր մկանների լարում:
Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մարդկության զարգացման այս փուլում շատ քիչ են զարգացման
բարձր հոգևոր մակարդակ ունեցող անհատները: Ուստի ձեր հիմնական խնդիրն այն է, որ այդ
անհատների օգնեք պահպանելու Աստվածային նմուշօրինակները:
Վաղ թե ուշ մեզ կհաջողվի աշխարհում հաստատված ներկա քաոսը վերածել մի հասարակության,
որը բավարարում է Ոսկեդարի չափանիշներին:
Սակայն որպեսզի Ոսկեդարը հնարավորինս շուտ վրա հասնի և հնարավորինս քիչ լինեն մարդկային
կորուստները, դուք պետք է հասկանաք և գիտակցված վերաբերմունք դրսևորեք ընթացիկ պրոցեսների
նկատմամբ:
Ինչպես զրույցների այս շրջանների ընթացքում, այնպես էլ դրանց միջև ընկած ժամանակներում
մեր ուղերձների ամենօրյա ընթերցումով ձեր գիտակցությունը հղկվում է ու փոխվում: Եվ
այն մարդիկ, ովքեր անցած յոթ և ավելի տարիների ընթացքում ամեն օր կարդում էին մեր ուղերձները,
ինքնաբերաբար հայտնվել են մարդկության ոսկե ֆոնդում:
Ըստ այդմ, էվոլյուցիայի Ուղով հետագա հաջող ընթացքի ամբողջ գաղտնիքը դրված է մեր
ուղերձներում և փոխանցված է ձեզ:
Ամեն ինչ կախված է ձեր այն նկրտումներից ու միտումներից, որոնցով առաջնորդվում
եք կյանքում:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий