Դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք,
որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք
Մայր Մարիամ
24 դեկտեմբերի, 2013 թ.
Ես եմ Մայր Մարիամը:
Այսօրվա օրով ես ձեզ այցի եմ եկել որպես լավագույն բախտի ու ճակատագրի նախանշան,
որոնք սպասվում են Երկրի վրա ապրող Աստծո ուստրերին ու դուստրերին:
Այժմ հյուսիսային կիսագնդում շատ քիչ է արև շողում, և միայն հույսն է ջերմացնում
մարդկանց հոգիները: Դուք գիտեք, որ կանցնի որոշ ժամանակ, և արևը հորիզոնից օր օրի ավելի
ու ավելի վերև կբարձրանա:
Այդպես է նաև ձեր հոգևոր կյանքում. մարդկային մառախլապատ գիտակցությունն անկասելիորեն
պետք է փոխվի պայծառ արևային օրով: Ձեր Աստվածայնության Արևը պետք է լուսավորի ձեր
բանականությունը, մտքերն ու զգացմունքները: Եվ դա անպայման տեղի կունենա, սիրելինե՛րս:
Ներկայումս ձեր աշխարհում մոլեգնում են մութ ուժերն ու էներգիաները: Եվ յուրաքանչյուր
ոք, ով լուսավոր էներգիա է ներմուծում ձեր աշխարհ, ենթարկվում է մեղադրանքների և նույնիսկ
հալածանքի: Շատ տխուր բան է դա...
Մի ժամանակ իմ որդի Հիսուս լրիվ չափով իր վրա կրեց մարդկային ատելությունն ու հակակրանքը:
Նա իր կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն: Շատ ու շատ անբուժելի հիվանդների նա բուժեց
Աստծո օգնությամբ: Շատ ու շատ մարդիկ էին գալիս, որ տեսնեին իմ որդի Հիսուսի գործած
հրաշքները:
Սակայն որքան շատ բան էր նա անում մարդկանց համար, այնքան մեծանում ու ամրապնդվում
էր նրա և նրա առաքելության նկատմամբ ընդդիմությունը:
Մարդկային տրամաբանության տեսակետից շատ դժվար է բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ,
որ մոլեգնած ամբոխը, որի մեջ կային և Հիսուսի կողմից բուժված մարդիկ, կատաղի կերպով
իմ որդու մահապատիժն էր պահանջում:
Սակայն եթե մեզ թույլ տանք բարձրանալու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա,
ապա Քրիստոսի խաչելության տխուր իրողությունը միանգամայն հասկանալի կդառնա: Հիսուս
աշխարհին բերեց հսկայական քանակությամբ Լույս՝ ոչ միայն գիտելիքի լույս, այլև հսկայական
քանակությամբ Աստվածային էներգիա:
Այն ամենը, ինչ Լույսից չէր ծնված, ենթագիտակցական մակարդակով հակակրանք էր տածում
Քրիստոսի առաքելության նկատմամբ: Այդ հակակրանքն իր արտահայտությունը գտավ Լույսին
հակադիր ուժերի դրսևորումներով: Ձեզ հայտնի է այն օրենքը, որն ասում է՝ ամեն մի ազդեցություն
ծնում է հավասար և հակառակ ուղղված հակազդեցություն: Ֆիզիկական աշխարհի այդ օրենքը
լրիվ չափով կիրառելի է նաև աշխարհում տեղի ունեցող հոգևոր գործընթացների նկատմամբ:
Եվ եթե մեկն օժտված է պատրանքային աշխարհին Աստվածային Լույս բերելու ներուժով, ապա
կբախվի այն ուժերի հակազդեցությանը, որոնք պաշտպանում են պատրանքը:
Այդպես է, սիրելինե՛րս: Ձեր աշխարհում մինչև այժմ այդ օրենքն անխափան գործում է:
Հիսուս Քրիստոսի օրինակով քրիստոնյաների մի քանի սերունդ հնարավորություն ունեցան
իրենց վրա զգալու և ուսումնասիրելու այդ օրենքի ազդեցությունը: Եվ առ այսօր քրիստոնեության
ճշմարիտ շատ հետևորդներ, որոնք հետևում են Քրիստոսի Ուսմունքի էությանը, և ոչ թե դրա
տառին՝ իրենց վրա զգում են հակադիր ուժերի ճնշումը:
Ձեր աշխարհում այդ հակադրությունն անխուսափելի է և միանգամից չի դադարի: Ինչպես
ձեր աշխարհում ամեն ինչը, տիեզերքում գործող այդ երկու հիմնական ուժերի հակադրությունը
չի կարող անմիջապես դադարել: Բայց ժամանակի ընթացքում այն ավելի քիչ ավերիչ բնույթ
կստանա: Իսկ հեռավոր ապագայում այդ երկու ուժերն իրենց դրսևորումներն այնքան կհավասարակշռեն,
որ նրանց հակադրությունից կծնվի համագործակցություն և փոխօգնություն:
Պաշտելինե՛րս, ձեզնից շատերն էլ են հակադրվում մեկը մյուսին: Եվ դա տեղի է ունենում
նույնիսկ այն դեպքերում, երբ կարծես թե ընթանում եք միևնույն հոգևոր ուղով:
Այդ հակադրությունը բացատրվում է ձեր աշխարհի անկատարությամբ: Ուստիև ձեր էությունների
միջոցով ինքնադրսևորվում են երկու հակադիր ուժեր: Տվյալ փուլում այդ դրսևորումը թշնամանքով
է արտահայտվում, կասկածամտությամբ և նույնիսկ ատելությամբ: Նույն օրվա ընթացքում միևնույն
մարդը կարող է ընկնել տարբեր ուժերի ազդեցության տակ:
Այդ ամենը, սիրելինե՛րս, տեղի է ունենում ձեր սրտերում Սիրո պակասության պատճառով:
Իսկ ձեր սրտերի Սիրո այդ պակասությունը պայմանավորված է Աստվածային աշխարհից ձեր աշխարհի
կտրվածությամբ:
Չկա Աստված՝ չկա և Սեր: Ուստի դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք, որպեսզի
Աստծուն վերադարձնեք ձեր կյանք:
Տեսեք, թե ինչով եք շրջապատված ձեր աշխարհում: Գովազդներ, ուրբանիստական բնապատկերներ,
մռայլ դեմքերով անցորդներ, ճղճիմ հեռուստահաղորդումներ: Ձեր աշխարհը բարյացակամ տրամադրված
աշխարհ չէ: Եվ, մշտապես գտնվելով վախի, լարվածության ու մռայլության պայմաններում,
մարդիկ համակվում են արտաքին աշխարհի այդ վիճակներով: Իսկ երիտասարդությունն իր մատաղ
հասակում կորցնում է լավատեսության և ուրախության իր լիցքը, ինչն ի բնե հատուկ պետք
է լիներ երիտասարդ մարդուն:
Ճշմարիտ ուրախությունները փոխարինվում են անկատար պատրաստուկներով՝ անկատար ֆիլմերով,
երաժշտությամբ, թմրանյութերով:
Ճշմարիտ Սերը փոխարինվում է անկատար սիրով, որը ոչ մի ընդհանուր բան չունի Սիրո
մեծ զգացմունքի հետ:
Անաստված շրջակա աշխարհում շատ հեշտ է հոգին կորցնելը:
Հենց այն պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց, հատկապես երիտասարդների
հոգիների համար ձեր ժամանակները շատ վտանգավոր են, ես և մյուս Վեհապետները գալիս և
ձեզ տալիս ենք ձեր աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ըմբռնումը և հիշեցնում, որ աշխարհը
միշտ այսքան տխուր չի եղել, և որ առջևում մարդկությանը լուսավոր ապագա է սպասվում:
Սկզբում այդ ապագան կծլարձակի սակավաթիվ մարդկանց սրտերում՝ նրանց, ովքեր Ոգով
ուժեղ են և կարող են շրջապատի պատրանքին հակադրել իրենց հավատը և Աստծուն ու Վեհապետներին
իրենց նվիրվածությունը: Այնուհետև, երբ Աստվածային գիտակցության վիճակ ունեցող հոգիների
քանակը կմեծանա, մարդկությունն իր մեծ մասով կշրջվի Լույսի կողմը: Իսկ այն մարդիկ,
որոնք ներկայիս մարդկության մեծ մասին բնորոշ գիտակցության վիճակը կունենան, կդիտվեն
որպես բացառիկ շեղածիններ՝ արժանի անսահման Կարեկցանքի ու Սիրո:
Միայն Կարեկցանքի, Գթասրտության ու Սիրո ազդեցությամբ է, որ ձեզնից շատերի հոգիներն
ունակ կդառնան հարթելու իրենց հոգևոր հագուստի ճմռթվածքներն ու հառնելու դեպի Կյանք:
Իմ որդի Հիսուսի սխրանքն այն էր, որ չկորցրեց իր Սերն այն մարդկանց նկատմամբ, որոնք
կտտանքների ենթարկեցին իրեն և իր մահը կամեցան:
Այդ է պատճառը, որ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ շարունակում են խոնարհվել իմ
որդու սխրանքի առջև:
Ես կանխատեսում եմ, որ իմ այս Ուղերձը կարդացողներից շատերն ապագայում ունակ կլինեն
Սիրով հատուցելու պատրանքային ուժերի բոլոր ծուղակների ու խորամանկ հնարքների դիմաց:
Եվ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ իմ զավակներն ունակ կլինեն Գթասրտություն ու Կարեկցանք
տածելու այն մարդկանց հոգիների նկատմամբ, ովքեր իրենց կչարչարեն: Քանզի շատ ու շատ
են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե իմանային, ապա երբեք թույլ չէին տա իրենց
արարքներից շատերը:
Դուք կարող եք Ուղի ցույց տալ շատ մոլորյալ հոգիների: Աղոթեցե՛ք մարդկության պայծառացման
համար և ներեցե՛ք բոլորին:
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը
Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить