среда, 25 декабря 2013 г.

Գուան Ինի այսօրվա Ուղերձը



Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ

Գուան Ին
25 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Գուան Ինը:
Ինչպես իմ քույր Մարիամը, ես նույնպես Ուղերձ եմ բերել ձեզ, որով մտադիր եմ տալ հավատի հիմունքները և ուսուցանել ձեզ հետևողական լինել ձեր հավատի մեջ՝ անկախ բոլոր արտաքին դժվարություններից ու խոչընդոտներից:
Ուստի տրամադրվեք լուրջ խոսակցության:
Մեր առջև խնդիր է դրված գիտակցելու մարդկության գիտակցության մեջ հեղաշրջում անելու օրախնդիր անհրաժեշտությունը: Հասել է բոլորաշրջանների շրջադարձի պահը, և դա այն ժամանակն է, երբ պետք է փոխվի ձեր գիտակցությունը:
Դա տառացիորեն հեղափոխություն կլինի ձեր գիտակցության համար, ինչի մասին ձեզ արդեն ասել է պաշտելի Բաբաջին:
Իսկ ես այսօր եկել եմ, որպեսզի դուք գիտակցեք վերահաս փոփոխությունների բնույթը:
Մարդկությունն իր հիմնական զանգվածով մտել է զարգացման փակուղային ճյուղ: Արտաքին բաների վրա կենտրոնանալու գերակշռությունը, սպառման և կյանքից հաճույքներ ստանալու վրա կենտրոնանալը հանգեցրել են մարդկության գիտակցության հետաճին: Ուստի մոտակա ժամանակներում մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մարդկությանը վերադարձնենք զարգացման էվոլյուցիոն ուղին, որին բնորոշ է ներքին, Աստվածային արժեքների գերակշռությունը:
Կան հավերժական հատկանիշներ, որոնք ձեզնից անբաժան են մնում ձեր ամբողջ էվոլյուցիոն ուղու վրա: Դրանք ձեզ հայտնի հատկանիշներ են և իրենց օգտին որևէ ապացույցի կարիք չեն զգում:
Ահա դրանք՝ Բարություն, Գթասրտություն, Կարեկցանք, Սեր, ազնվություն, արիություն, նվիրվածություն, նպատակամղվածություն, կայունություն:
Շատ կան հատկանիշներ, որոնք ներկայումս երկրորդ պլան են մղված և մնացել են մարդկության հետաքրքրության շրջանակներից դուրս: Ուստի ներկայումս մեր և ձեր խնդիրն է՝ այդ Աստվածային հատկանիշները վերադարձնել ձեր կյանք:
Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ: Իսկ դա նշանակում է, որ մոտակա ժամանակներում ձեզ կվիճակվի հեղաշրջում անել ձեր գիտակցության մեջ:
Միայն այնժամ դուք կարթնանաք հավերժական կյանքի համար, երբ կկարողանաք հաղթահարել պատրանքային ուժերի մոգական ազդեցությունը:
Ես կամենում եմ, որ դուք հավերժ ապրեք:
Ուստի եկել և իմ խրատներն եմ տալիս ձեզ:
Ձեզ թվում է, թե ես հասարակ բաներ եմ ասում, որոնք զուրկ են խորությունից: Դուք կուզենայիք սնունդ ստանալ ձեր ինտելեկտի, ձեր մարմնական խելքի համար:
Ո՛չ, պաշտելինե՛րս, մարմնական մկանները ոչ մի ընդհանուր բան չունեն հոգևոր նվաճումների հետ: Հենց այն պատճառով, որ Ուսմունքը շատ պարզ է, դրան ուշադրություն չեն դարձնում շատ ինտելեկտուալներ, որոնք սովոր են գիտականակերպ ասույթներ ու արտահայտություններ որոճել:
Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, դեպի արտաքին դրսևորումներն ուղղված ձեր մղումներից այն կողմ է գտնվում և կապ չունի ինտելեկտուալ նրբամտության հետ: Չկա և չի կարող Աստված լինել այնտեղ, որտեղ առկա է սեփական նշանակալիությունն ու հեղինակությունը ցուցադրելու միտում:
Աստված հեռու է ֆիզիկական ոլորտում որևէ բացառիկություն ստեղծելուց: Աստծո միասնական մարմնի, օրգանիզմի որևէ մասը չի կարող հավակնել բացառիկության և պնդել ղեկավարելու ու գլխավորելու իր իրավունքը:
Աստվածային առաջնորդությունը ոչ թե դրսից է գալիս, այլ մարդկային անհատների ներսից:
Ուստի ուշադրության կիզակետը հարկ է արտաքին բաներից տեղափոխել ներքինի վրա:
Պատրանքային ուժերի ամբողջ արածն այն է, որ մշտապես ջանում են ձեր ուշադրությունը պահել արտաքին դրսևորումների վրա: Արագ-արագ փոխվում են ձևերը, ապրանքների արտաքին տեսքերը: Նույնը մատուցվում է նաև հեռուստատեսությամբ: Մշտապես ձեզ է մատուցվում կադրերի, լուսային ու ձայնային էֆեկտների արագահոս փոփոխություն: Եվ այդ հնարքներով ճնշվում է ձեր ներքին, Աստվածային էությունը: Ներքին, Աստվածային հատկանիշները փոխարինվում են արտաքին սուռոգատների առատությամբ:
Դուք մշտապես գտնվում եք տեղեկատվական հոսքի ազդեցության տակ և ժամանակ չունեք մտածելու հավերժի մասին:
Եթե չմտորեք հավերժի մասին, ապա չեք կարողանա հավերժ ապրել:
Եթե ժամանակ չհատկացնեք ձեր հատկանիշների շուրջ մեկուսի մտորումներին, ապա չեք կարողանա ձեր ներսում զարգացնել Աստվածայնությունը:
Եթե որակյալ տեքստեր ընթերցելուն ժամանակ չհատկացնեք, ապա կդադարեք մտածել:
Եթե դադարեք մտածել, ապա կկորցնեք ձեր անկախությունը և կընկնեք անորակ տեղեկատվական հոսքի ազդեցության տակ, որը ձեզ դուրս կհանի զարգացման էվոլյուցիոն ուղուց:
Ես չեմ հոգնում ձեզ համար կրկնել, որ եկել է այն ժամանակը, երբ դուք պետք է կյանքի ամբողջ բազմազանությունից այն կողմ գտնեք այն, ինչը հավերժական արժեք է, և հրաժարվեք այն ամենից, ինչը րոպեական արժեք ունի ու անցողիկ է:
Այն բարձրագոչությունն ու բռիությունը, որը բնորոշ է զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցներին, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ձեզ դուրս հանել զարգացման էվոլյուցիոն ուղուց: Իսկ մեր խնդիրն է՝ փրկել և պատրանքի թավուտներից դուրս հանել հնարավորինս շատ մարդկայիին հոգիների:
Ներկայումս մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց գիտակցության մեջ տպավորենք զարգացման Աստվածային ուղու կերպարը: Եվ մենք դրա համար օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները: Բայց պետք է ձեզ ասեմ, որ շատ բաներ հնարավոր է անել միայն մարմնավորված վիճակում՝ միայն մարդկային ձեռքերով ու ոտքերով:
Ուստի մենք անխոնջ կերպով ձեզ կոչ ենք անում կոնկրետ գործողությունների դիմել ֆիզիկական ոլորտում: Մեր Ուղերձներն օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Դրանք կարող են ամենօրյա ընթերցողի գիտակցությունը փոխել ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Սակայն մեզ հակադիր ուժերը ներդրել են նոր տեխնոլոգիաներ, գիտելիք ստանալու մարդկանց բնական ցանկությունը փոխարինել են տեղեկատվություն ստանալու ձգտմամբ:
Գիտելիք ստանալն ու տեղեկատվական հետաքրքրասիրությունը բավարարելը տարբեր բաներ են:
Գիտելիքները հավերժ են, իսկ տեղեկատվությունը շատ արագ հնանում է: Մշտապես գտնվելով տեղեկատվական հոսքի մեջ՝ դուք կորցնում եք վերլուծելու և զանազանելու կարողությունը: Զանազանման հատկանիշն արգելափակվում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Եվ եթե դուք դեռևս հակված չեք հավատալու Բարձրագույնին, տիեզերակառույցի բանական լինելուն, վերջին հաշվով՝ հակված չեք հավատալու Աստծուն, ապա գործնականում որևէ շանս չունեք պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու դեպի հավերժական կյանք:
Ես եկա ձեզ նախազգուշացնելու, որ մոտակա ժամանակներում ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցական ընտրություն կատարի՝ արդյո՞ք շարունակելու է անմտորեն ցած սահել դեպի անհավատության ու տգիտության անդունդը, թե՞ հայացքն ուղղելու է դեպի Աստվածային գիտակցության գագաթները:
Պատրանքը հնազանդորեն դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք տեսնել:
Եթե դուք համակված եք կյանքից անընդհատ հաճույքներ ստանալու մշտական ցանկությամբ, ապա հաճկատարորեն ձեզ կմատուցվեն այդ հաճույքների ավելի ու ավելի նրբակերտ ձևեր: Իսկ եթե ներքին որոշում կայացնեք մղվելու դեպի Աստվածային Ուղին, ապա ձեր կյանքում կգտնեք անհրաժեշտ ամեն ինչ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալու էվոլյուցիոն զարգացման ամուր ճանապարհի վրա:
Բոլոր բանալիներն ու մեխանիզմները թաքցված են ձեր ներսում, և միայն դուք եք որոշում կայացնողը: Ոմանք լայն ճանապարհով գնում են ոչ մի տեղ չտանող ուղղությամբ, ոմանք էլ գտնում են այն նեղ արահետը, որը տանում է դեպի հավերժական կյանք:
Ընտրությունը ձերն է:
ԵՍ ԵՄ Գուան Ինը

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

вторник, 24 декабря 2013 г.

ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք,
որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք

Մայր Մարիամ
24 դեկտեմբերի, 2013 թ.

Ես եմ Մայր Մարիամը:
Այսօրվա օրով ես ձեզ այցի եմ եկել որպես լավագույն բախտի ու ճակատագրի նախանշան, որոնք սպասվում են Երկրի վրա ապրող Աստծո ուստրերին ու դուստրերին:
Այժմ հյուսիսային կիսագնդում շատ քիչ է արև շողում, և միայն հույսն է ջերմացնում մարդկանց հոգիները: Դուք գիտեք, որ կանցնի որոշ ժամանակ, և արևը հորիզոնից օր օրի ավելի ու ավելի վերև կբարձրանա:
Այդպես է նաև ձեր հոգևոր կյանքում. մարդկային մառախլապատ գիտակցությունն անկասելիորեն պետք է փոխվի պայծառ արևային օրով: Ձեր Աստվածայնության Արևը պետք է լուսավորի ձեր բանականությունը, մտքերն ու զգացմունքները: Եվ դա անպայման տեղի կունենա, սիրելինե՛րս:
Ներկայումս ձեր աշխարհում մոլեգնում են մութ ուժերն ու էներգիաները: Եվ յուրաքանչյուր ոք, ով լուսավոր էներգիա է ներմուծում ձեր աշխարհ, ենթարկվում է մեղադրանքների և նույնիսկ հալածանքի: Շատ տխուր բան է դա...
Մի ժամանակ իմ որդի Հիսուս լրիվ չափով իր վրա կրեց մարդկային ատելությունն ու հակակրանքը: Նա իր կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն: Շատ ու շատ անբուժելի հիվանդների նա բուժեց Աստծո օգնությամբ: Շատ ու շատ մարդիկ էին գալիս, որ տեսնեին իմ որդի Հիսուսի գործած հրաշքները:
Սակայն որքան շատ բան էր նա անում մարդկանց համար, այնքան մեծանում ու ամրապնդվում էր նրա և նրա առաքելության նկատմամբ ընդդիմությունը:
Մարդկային տրամաբանության տեսակետից շատ դժվար է բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մոլեգնած ամբոխը, որի մեջ կային և Հիսուսի կողմից բուժված մարդիկ, կատաղի կերպով իմ որդու մահապատիժն էր պահանջում:
Սակայն եթե մեզ թույլ տանք բարձրանալու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա, ապա Քրիստոսի խաչելության տխուր իրողությունը միանգամայն հասկանալի կդառնա: Հիսուս աշխարհին բերեց հսկայական քանակությամբ Լույս՝ ոչ միայն գիտելիքի լույս, այլև հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա:
Այն ամենը, ինչ Լույսից չէր ծնված, ենթագիտակցական մակարդակով հակակրանք էր տածում Քրիստոսի առաքելության նկատմամբ: Այդ հակակրանքն իր արտահայտությունը գտավ Լույսին հակադիր ուժերի դրսևորումներով: Ձեզ հայտնի է այն օրենքը, որն ասում է՝ ամեն մի ազդեցություն ծնում է հավասար և հակառակ ուղղված հակազդեցություն: Ֆիզիկական աշխարհի այդ օրենքը լրիվ չափով կիրառելի է նաև աշխարհում տեղի ունեցող հոգևոր գործընթացների նկատմամբ: Եվ եթե մեկն օժտված է պատրանքային աշխարհին Աստվածային Լույս բերելու ներուժով, ապա կբախվի այն ուժերի հակազդեցությանը, որոնք պաշտպանում են պատրանքը:
Այդպես է, սիրելինե՛րս: Ձեր աշխարհում մինչև այժմ այդ օրենքն անխափան գործում է:
Հիսուս Քրիստոսի օրինակով քրիստոնյաների մի քանի սերունդ հնարավորություն ունեցան իրենց վրա զգալու և ուսումնասիրելու այդ օրենքի ազդեցությունը: Եվ առ այսօր քրիստոնեության ճշմարիտ շատ հետևորդներ, որոնք հետևում են Քրիստոսի Ուսմունքի էությանը, և ոչ թե դրա տառին՝ իրենց վրա զգում են հակադիր ուժերի ճնշումը:
Ձեր աշխարհում այդ հակադրությունն անխուսափելի է և միանգամից չի դադարի: Ինչպես ձեր աշխարհում ամեն ինչը, տիեզերքում գործող այդ երկու հիմնական ուժերի հակադրությունը չի կարող անմիջապես դադարել: Բայց ժամանակի ընթացքում այն ավելի քիչ ավերիչ բնույթ կստանա: Իսկ հեռավոր ապագայում այդ երկու ուժերն իրենց դրսևորումներն այնքան կհավասարակշռեն, որ նրանց հակադրությունից կծնվի համագործակցություն և փոխօգնություն:
Պաշտելինե՛րս, ձեզնից շատերն էլ են հակադրվում մեկը մյուսին: Եվ դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ կարծես թե ընթանում եք միևնույն հոգևոր ուղով:
Այդ հակադրությունը բացատրվում է ձեր աշխարհի անկատարությամբ: Ուստիև ձեր էությունների միջոցով ինքնադրսևորվում են երկու հակադիր ուժեր: Տվյալ փուլում այդ դրսևորումը թշնամանքով է արտահայտվում, կասկածամտությամբ և նույնիսկ ատելությամբ: Նույն օրվա ընթացքում միևնույն մարդը կարող է ընկնել տարբեր ուժերի ազդեցության տակ:
Այդ ամենը, սիրելինե՛րս, տեղի է ունենում ձեր սրտերում Սիրո պակասության պատճառով: Իսկ ձեր սրտերի Սիրո այդ պակասությունը պայմանավորված է Աստվածային աշխարհից ձեր աշխարհի կտրվածությամբ:
Չկա Աստված՝ չկա և Սեր: Ուստի դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք, որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք:
Տեսեք, թե ինչով եք շրջապատված ձեր աշխարհում: Գովազդներ, ուրբանիստական բնապատկերներ, մռայլ դեմքերով անցորդներ, ճղճիմ հեռուստահաղորդումներ: Ձեր աշխարհը բարյացակամ տրամադրված աշխարհ չէ: Եվ, մշտապես գտնվելով վախի, լարվածության ու մռայլության պայմաններում, մարդիկ համակվում են արտաքին աշխարհի այդ վիճակներով: Իսկ երիտասարդությունն իր մատաղ հասակում կորցնում է լավատեսության և ուրախության իր լիցքը, ինչն ի բնե հատուկ պետք է լիներ երիտասարդ մարդուն:
Ճշմարիտ ուրախությունները փոխարինվում են անկատար պատրաստուկներով՝ անկատար ֆիլմերով, երաժշտությամբ, թմրանյութերով:
Ճշմարիտ Սերը փոխարինվում է անկատար սիրով, որը ոչ մի ընդհանուր բան չունի Սիրո մեծ զգացմունքի հետ:
Անաստված շրջակա աշխարհում շատ հեշտ է հոգին կորցնելը:
Հենց այն պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց, հատկապես երիտասարդների հոգիների համար ձեր ժամանակները շատ վտանգավոր են, ես և մյուս Վեհապետները գալիս և ձեզ տալիս ենք ձեր աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ըմբռնումը և հիշեցնում, որ աշխարհը միշտ այսքան տխուր չի եղել, և որ առջևում մարդկությանը լուսավոր ապագա է սպասվում:
Սկզբում այդ ապագան կծլարձակի սակավաթիվ մարդկանց սրտերում՝ նրանց, ովքեր Ոգով ուժեղ են և կարող են շրջապատի պատրանքին հակադրել իրենց հավատը և Աստծուն ու Վեհապետներին իրենց նվիրվածությունը: Այնուհետև, երբ Աստվածային գիտակցության վիճակ ունեցող հոգիների քանակը կմեծանա, մարդկությունն իր մեծ մասով կշրջվի Լույսի կողմը: Իսկ այն մարդիկ, որոնք ներկայիս մարդկության մեծ մասին բնորոշ գիտակցության վիճակը կունենան, կդիտվեն որպես բացառիկ շեղածիններ՝ արժանի անսահման Կարեկցանքի ու Սիրո:
Միայն Կարեկցանքի, Գթասրտության ու Սիրո ազդեցությամբ է, որ ձեզնից շատերի հոգիներն ունակ կդառնան հարթելու իրենց հոգևոր հագուստի ճմռթվածքներն ու հառնելու դեպի Կյանք:
Իմ որդի Հիսուսի սխրանքն այն էր, որ չկորցրեց իր Սերն այն մարդկանց նկատմամբ, որոնք կտտանքների ենթարկեցին իրեն և իր մահը կամեցան:
Այդ է պատճառը, որ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ շարունակում են խոնարհվել իմ որդու սխրանքի առջև:
Ես կանխատեսում եմ, որ իմ այս Ուղերձը կարդացողներից շատերն ապագայում ունակ կլինեն Սիրով հատուցելու պատրանքային ուժերի բոլոր ծուղակների ու խորամանկ հնարքների դիմաց: Եվ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ իմ զավակներն ունակ կլինեն Գթասրտություն ու Կարեկցանք տածելու այն մարդկանց հոգիների նկատմամբ, ովքեր իրենց կչարչարեն: Քանզի շատ ու շատ են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե իմանային, ապա երբեք թույլ չէին տա իրենց արարքներից շատերը:
Դուք կարող եք Ուղի ցույց տալ շատ մոլորյալ հոգիների: Աղոթեցե՛ք մարդկության պայծառացման համար և ներեցե՛ք բոլորին:
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

понедельник, 23 декабря 2013 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու Ուղին

Տեր Մայտրեյա
23 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Մայտրեյան, ձեզ այսօր այցի եմ եկել, որպեսզի Երկրի մարկության հետ կրկին հաղորդակցվելու զգացմունքն ապրեմ:
Քաղցր է ձեզ այցելելն ու մտածելն այն մասին, որ ամեն մի իմ գալստյամբ մոտենում են Նոր Ժամանակները, երբ մարդկությունը վերջապես կկարողանա դուրս գալ իր զարգացման լուսավոր ուղին:
Վաղ թե ուշ խավարի շրջանը հետևում կմնա: Վաղ թե ուշ կգա այն ուրախալի ժամանակը, երբ կկարողանաք հետ նայել ու գիտակցել այն մոլորությունների ողջ անդունդը, որում մարդկությունը գտնվել է հազարավոր տարիներով:
Ժամը հասել է: Եկել է արթնացման ժամանակը: Դուք դեռևս ննջում եք և չեք շտապում քաղցր պատրանքի երազից դուրս գալ:
Եկել է նոր իրականության մեջ արթնանալու ժամանակը: Իսկ այդ նոր իրականության և ձեր գիտակցության ներկայիս վիճակի միջև ընդամենը մեկ քայլ է ընկած: Մեկ քայլ:
Եվ այդ քայլը դուք անպայման կանեք...
Իսկ այսօր ես եկել եմ, որպեսզի ձեր Ուղու դժվարին հատվածում օգնեմ ձեզ: Եկել եմ, որ պատմեմ ձեր մասին, աշխարհում ձեր ունեցած դիրքի մասին: Եկել եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ մոտակա ժամանակներում դուք անպայման պետք է կատարեք ձեր վերջնական ընտրությունը: Իսկ այդ ընտրությունը վերաբերում է այն բանին, թե որոշում եք էվոլյուցիայի ուղով ընթանալ առա՞ջ, թե՞ գերադասում եք անցյալի գրկում մնալ՝ ընթանալով անցյալի ձախողված քաղաքակրթությունների ուղով:
Այո, սիրելինե՛րս, անցյալում շատ քաղաքակրթություններ են եղել, որոնք կամեցել են ընթանալ իրենց ուզած ուղով: Եղել են ոչ միայն ձեր մոլորակում, այլ նաև ուրիշ մոլորակային համակարգերում:
Էվոլյուցիայի ամբողջ գործընթացը բաղկացած է ձեր այն նախընտրանքներից, որոնք կատարում եք ինքներդ՝ օժտված լինելով կամքի ազատությամբ: Եթե ձեր ազատ կամքով չառաջնորդվեիք, ապա կգործեիք ըստ Վեհապետների կամքի և զարգանալ չէիք կարողանա: Քանզի ստիպված կլինեիք ենթարկվել ուրիշի կամքին:
Երբ երեխան ծնվում է, սկզբնական շրջանում լրիվ կախված է լինում իր ծնողներից. ինքնուրույն չի կարողանում շարժվել, սնունդ ընդունել: Բայց հետո գալիս է այն փուլը, երբ մեծանալով երեխաները լքում են հայրական տունը և գործում ինքնուրույն՝ իրենց կյանքի պատասխանատվությունն ամբողջովին վերցնելով իրենց ուսերին: Սակայն իմաստուն երեխաները շարունակում են կապ պահպանել իրենց ցեղի ու իրենց ծնողների հետ, որ խորհուրդներ և օգնություն ստանան:
Որոշակի իմաստով դուք մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս, երեխաներն եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներսում կա մեզնից մի մասնիկ՝ ձեր ապագա Աստվածայնության սաղմը:
Ձեր մեջ կան անհնազանդ երեխաներ, որոնք մոռացել են իրենց ծագման ու իրենց երկնային խնամարկուների մասին և այնպես են տարվել պատրանքի իրենց խաղով, որ այդ վիճակում խիստ դժվարանում են հիշել, թե իրականում ովքեր են իրենք, ինչպես են հայտնվել որբերի ողբալի վիճակում և ինչ պետք է անեն, որպեսզի վերադառնան Հայրական Տուն:
Ի տարբերություն շատ որբացած հոգիների, որոնք մոլորվել են ձեր աշխարհում՝ կան որոշակի թվով հոգիներ, որոնք հիշում են իրենց Աստվածային առաքելությունն ու Աստվածային ծագումը: Հենց այդ հոգիներին եմ ես այսօր դիմում և հանձն առնում նրանց Ձեռնադրումների Ուղու ղեկավարությունը:
Դուք սակավաթիվ եք, բայց ես ձեզնից յուրաքանչյուրին շատ լավ գիտեմ և ձեզ հետ աշխատել եմ ձեր ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:
Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է հարուցում մեր հաղորդակցության և մեր կապի համար:
Ձեզնից շատերը մոռացել են ինձ: Բայց ես ձեզ հիշում եմ: Ամեն մեկիդ: Ուստի մերթ ընդ մերթ գալիս եմ, որպեսզի թարմացնեմ մեր հաղորդակցությունն ու կապը, որը չի ընդհատվել հազարավոր տարիներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դուք այնքան եք թաղվում պատրանքի մեջ, որ մոռանում եք Աստծուն և Վեհապետներին, մեր կապը շարունակում է պահպանվել լինելիության ավելի նուրբ ոլորտներում:
Ձեզնից շատերը նորից են անցնում իրենց Ուղու թեստերը: Շատերը նույնիսկ չեն էլ կարող գիտակցել, որ իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան թեստ, որոնցով  իրենք կրկին ու կրկին անցնում են մարմնավորումից մարմնավորում:
Իսկ հիմնական թեստը՝ նյութական որևէ բանի հետ կապվածություն չունենալն է: Եթե չափազանց կապված եք ձեր երեխաների, ծնողների, սիրելիների, իրեղենի հետ, ապա կյանքի հանգամանքները ձեզ կզրկեն ձեր կապվածության առարկայից:
Գլխավոր ընտրությունը, որը դուք կատարում եք ձեր կյանքում ու կյանքից կյանք՝ Աստծո աշխարհի կամ պատրանքային աշխարհի օգտին ընտրություն կատարելն է:
Երբ ընտրում եք պատրանքային աշխարհը, ձեզ կապում եք այդ աշխարհի հետ և շարունակում դրանում մարմնավորվել:
Իսկ եթե Բարձրագույն աշխարհն եք ընտրում, ապա անցնում եք այդ աշխարհ:
Մեր տիեզերքն այնպիսի հատկություն ունի, որ ամեն մարդ էվոլյուցիայի սանդուղքին զբաղեցնում է այն տեղը, որը համապատասխանում է իր գիտակցության զարգացման մակարդակին: Եվ եթե դուք հայտնվում եք ձեր աշխարհում, ուրեմն այդ աշխարհի հետ կապվածություն ունենալու պատճառով դուք մշտապես դա եք ընտրում:
Որպես ձեր Ձեռնադրիչի՝ իմ խնդիրն այն է, որ ձեզ բացատրեմ ձեր կապվածություններն ու ցույց տամ ձեր Ուղու խոչընդոտները: Եվ միայն այնժամ, երբ ձեր ներսում հաղթահարում եք բոլոր կապվածություններն ու ձեր էության անկատարությունները, հնարավորություն եք ստանում անցում կատարելու մի այլ, ավելի կատարյալ աշխարհ:
Աշխարհների միջև ընկած էներգետիկական սահմանը կարող եք հաղթահարել միայն ձեր թրթիռները բարձրացնելու շնորհիվ:
Սակայն ձեր աշխարհն ամեն ինչ անում է, որ ձեզ կապի իր հետ: Դուք հավատում եք ձեր պատրանքին, և այն ձեզ ներկայանում է որպես իրականություն:
Ամեն մի նոր մարմնավորման հետ խաղը բարդանում է, և դուք հայտնվում եք ավելի վատ պայմաններում, որոնցում պետք է ցուցադրեք ձեր նկրտումն ու վճռականությունը, որպեսզի վերջապես դուրս գաք պատրանքի թակարդից:
Ձեր պատրանքն այժմ շատ նրբածածուկ միջոցներ է կիրառում, որպեսզի ձեր գիտակցությունը մշտապես պահի թրթռանքի ցածր մակարդակի վրա: Այն ամենը, ինչ ձեր կյանքում ձեզ շրջապատում է, դեպի ավելի բարձր աշխարհներ տանող ձեր Ուղու վրա խոչընդոտներ ստեղծելու նպատակ է հետապնդում:
Ժամանակակից ցանկացած արտադրություն ստիպում է ձեզ իջեցնելու ձեր թրթիռները և բառացիորեն զոռով ձեզ հեռացնում է Բարձրագույն աշխարհներից:
Ուստի ձեր խնդիրն է՝ չենթարկվել պատրանքի խորամանկություններին և հոգևոր գործառույթների ու մեթոդների միջոցով այնպես մարզել հոգևոր մկանները, որ կյանքի ամենադժվարին իրադրություններում կարողանաք անկախ լինել պատրանքային ուժերից:
Դուք գտվում եք ձեռնադրումների համար նախատեսված բուրգի ներսում: Եվ ահա ես ձեզ ցույց եմ տալիս պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու Ուղին:
Արդյո՞ք շատերն են ունակ լսելու ինձ...
Ես գիտեմ, որ իմ նվիրյալ բոդհիսատվաներն ունակ են լսելու և հետևելու ինձ՝ ինչպիսի պատրանքի մեջ էլ որ գտնվելիս լինեն:
Այնտեղ, ուր մեկն անցնում է՝ կանցնեն միլիոնավոր հոգիներ:

ԵՍ ԵՄ Մայտրեյան

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

воскресенье, 22 декабря 2013 г.

ՏԵՐ ՍՈՒՐԻԱՅԻ (ՄԻՀՐԻ) ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ

Փոխելով ինքներդ ձեզ՝ դուք փոխում եք ձեր շրջակա աշխարհը

Տեր Սուրիա
22 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Սուրիան:

Շատ ուրախ եմ կրկին ձեզ հետ հանդիպելուս համար... Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ստանում իմ Ուղերձը փոխանցելու ձեր աշխարհ, ես մեծ հրճվանք և հուզմունք եմ ապրում:

Սիրելինե՛րս, դուք նույնիսկ չեք պատկերացնում ձեզ տրվող ողորմածության ողջ մեծությունը՝ ստանալ մեր Ուղերձները, որոնք աշխարհների միջով ձեզ են հասնում մեր դեսպանորդի մարմինների միջոցով:

Ձեր գիտակցության վիճակը ձեզ թույլ չի տալիս մինչև վերջ գիտակցելու և հասկանալու տեղի ունեցող Աստվածային հրաշքի չափն աստիճանը: Եվ եթե ես ձեր տեղը լինեի, ապա կմտորեի այն մասին, թե ինչու՞ է այս Աստվածային Ողորմածությունը, այս թողության շնորհն ու Աստվածային հրաշքն ի կատար ածվում այսքան նշանակալից ժամանակահատվածի ընթացքում:

Բացատրությունը շատ պարզ է, սիրելինե՛րս. Երկնոլորտները մտահոգված են Երկրում տիրող իրավիճակով և օգտագործում են ամեն մի հնարավորություն, որպեսզի Աստվածային էներգիաներ փոխանցեն ձեր աշխարհին:

Մեր Ուղերձների ամեն մի շրջանի ընթացքում ձեր աշխարհ է փոխանցվում հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա: Մենք օգտագործում ենք մեր Ուղերձները կարդացող յուրաքանչյուր մարդու հաղորդիչները, ում մարմինները թեկուզ մի փոքր չափով մաքրված են լինում:

Նշանակություն չունի, թե երկրագնդի որ մասում է գտնվում տվյալ մարդը, որը պատրաստ է ընդունելու մեր էներգիաները: Մենք անմիջականորեն հասնում ենք ձեզ՝ օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները: Աստվածային էներգիայի նեկտարը հնարավորություն ունի անցնելու ձեր մարմինների միջով և սնուցելու այն վայրի շրջակա տարածությունը, որտեղ դուք գտնվում եք:

Այդ եղանակով մենք Երկիր մոլորակի տարածությունը հագեցնում ենք մեր էներգիաներով: Եվ դա է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք շարունակում տալ մեր Ուղերձները: 

Մարմնավորվածների մեջ շատ քչերը կան, որ ունակ են իրենց գիտակցությունը պահելու Աստվածային մակարդակի վրա: Ուստի մեր Ուղերձները ձեզ համար այն օգնությունն են, որով թեկուզ կարճատև ժամանակով դուք կարող եք բարձրացնել ձեր թրթիռները և դրանք մոտեցնել Աստվածային մակարդակին:

Ձեր աշխարհը հայելի է, որն արտացոլում է ձեր գիտակցությունը: Ուստիև, օգնելով ձեզ գիտակցությունը պահել բարձր մակարդակի վրա, մենք փոխում ենք ձեզ շրջապատող աշխարհը:

Եթե համեմատենք այն ազդեցության հետ, որ ձեր գիտակցության վրա թողնում են զանգվածային լրատվության միջոցները, ապա, իհարկե, մեր ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եվ մենք չենք կարող մրցակցել ձեր զանգվածային լրատվության միջոցների հետ: Սովորաբար այն ամենը, ինչ մարդն իր գիտակցության մեջ է առնում հեռուստահաղորդումներից, համացանցից և ձեր աշխարհի տեղեկատվական այլ միջոցներից, ամուր նստում է նրա ենթագիտակցության մեջ և մթագնում մաքուր Աստվածային էներգիայի անցումը: Այդ պատճառով ներկայումս մարդկանց մեծ մասը չեն կարող Աստվածային էներգիա փոխանցել ձեր աշխարհ: Ուստիև ձեր աշխարհն այժմ տառապում է Աստվածային էներգիայի խրոնիկական անբավարարությունից: Մարդկությունը շարունակաբար հայտնվում է գիտակցության ցածրակարգ վիճակներում, ճնշվածության, ատելության և ագրեսիվության մեջ:

Հայտնվելով գիտակցության ցածրակարգ վիճակներում՝ անխուսափելիորեն մարդն ինքն իրեն ու իր մերձավորներին խորասուզում է պատրանքի մեջ, որն արտացոլում է հենց իր գիտակցության այդ ցածրակարգ վիճակները:

Ձեր աշխարհն արտացոլանքի, պատրանքի աշխարհ է, որում ամեն ինչ իրար են ձգվում ըստ թրթռանքի: Եվ, մշտապես սուզվելով գիտակցության ցածրակարգ վիճակների մեջ, դուք ինքներդ ձեզ կապկպում եք արտաքին ցածրակարգ պատրանքի կապանքներով:

Հասկանու՞մ եք, սիրելինե՛րս, այն, ինչ առկա է ձեր գիտակցության մեջ, ինքնաբերաբար դրսևորվում է ձեզնից դուրս՝ որպես ձեր արտաքին միջավայրը: Եվ եթե դուք մշտապես կլանված եք լրատվության աշխարհով, որը լի է բռնությամբ, ագրեսիայով, հեղաշրջումներով, զանգվածային հուզումներով, ապա որոշակի ժամանակից հետո այդ ամենը ձեր կյանքում  սկսում է ի հայտ գալ հենց ձեր շուրջը:

Այդ եղանակով մարդկությունն ավելի ու ավելի է խորասուզվում անաստված իրականության մեջ:

Ուստի միակ օգնությունը, որ ներկայումս կարելի հասցնել մարդկությանը՝ մեր Ուղերձներն ու մեր էներգիաներն են, որոնք մենք ձեր աշխարհ ենք փոխանցում մեր Ուղերձների միջոցով:

Ձեզնից շատերը հարցնում են. «Ուղերձներն ինչպե՞ս կարող են փոխել աշխարհը, եթե դրանք կարդում են Երկրում բնակվող միլիարդավոր մարդկանիցից միայն եզակիները...»:
Պաշտելինե՛րս, Աստվածային էներգիան մենք երբեք իզուր չենք ծախսում: Ցանկացած Աստվածային Ողորմածություն, նախքան մատուցվելը, մանրազնին կշռադատվում է Տիեզերքի Բարձրագույն Խորհուրդներում:

Մեր նուրբ էներգիաներն ի վիճակի են չեզոքացնելու ձեր աշխարհի հսկայական քանակությամբ բացասական էներգիան: Դա մեր աշխատանքն է, որով պահպանում ենք մոլորակի համակշռությունը: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունը բերել Երկրի մարդկության փրկության այդ վիթխարի աշխատանքին:

Համատեղ ջանքերով մենք կփոխենք մոլորակում տիրող իրավիճակը: Բավական է միայն, որ օրական մի Ուղերձ կարդաք, որոնք մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով՝ կարդաք այն ժամանակագրական հաջորդականությամբ, որով դրանք փոխանցվել են:

Մեր Ուղերձներն ի վիճակի են փոխելու ձեր գիտակցությունը, իսկ այդ փոփոխությանն անխուսափելիորեն կհետևի ձեր շրջապատի փոփոխությունը: Մենք չենք կարող նախապես գուշակել իրավիճակը, քանի որ չգիտենք, թե որքան մարդ կարձագանքի մեր կոչին և կկարդա մեր Ուղերձները: Շատ կարևոր է այն վիճակը, որում դուք ձեռնամուխ եք լինում կարդալու մեր Ուղերձները: Որպեսզի ձեր աշխատանքն առավելագույնս արդյունավետ լինի, դուք պետք է նախապես տրամադրվեք մեր Ուղերձները կարդալուն և դրանք կարդաք ձեզ համար հնարավոր ամենավերամբարձ վիճակում: Միայն այդ դեպքում է, որ դուք կկարողանաք Աստվածային էներգիա փոխանցել ձեզ շրջապատող աշխարհին:

Որպեսզի մեր Ուղերձները կարդալուց առաջ համալարվեք մեր աշխարհի հետ, հարյուրից ավելի միջոցներ են ձեզ առաջարկված, որոնց նկարագրությունը կարող եք գտնել մեր Ուղերձներում: Դրանց որոշ մասը, ինչպես օրինակ՝ Վարդարանները կամ մեդիտացիաները, Դեսպանորդը գրի է առել մեր խնդրանքով:

Որպեսզի նախատրամադրվեք մեր Ուղերձները կարդալուն, ձեզ անհրաժեշտ է դրանից առաջ ամենաքիչը մեկ ժամ տրամադրել հոգևոր աշխատանքին:

Պարտադիր չէ կիրառության մեջ դնել բոլոր ձեզ տրված միջոցները: Դրանցից ընտրեք այն, որը հոգեհարազատ է ձեզ՝ կլինի դա, կանչ, Վարդարան, մեդիտացիա թե տեսահոլովակ:
Ուղերձը սկսեք ընթերցել միայն այնժամ, երբ ամբողջովին ներդաշնակեցրել եք ձեր բոլոր մարմինները, մտքերն ու զգացմունքները:

Փոխելով ինքներդ ձեզ՝ դուք փոխում եք ձեր շրջակա աշխարհը:

Մի՛ կարծեք, թե ձեր գիտակցությունը փոխելը հեշտ գործ կլինի: Հարկ կլինի, որ օգտագործեք ձեր ողջ վճռականությունը, որպեսզի իրագործեք Վեհապետների բոլոր այն հանձնարարականները, որոնք առկա են մեր Ուղերձներում:

Առաջին տեղում վնասակար սովորություններից հրաժարվելը կլինի, որոնց թվում են՝ ցածրակարգ երաժշտություն լսելը, սեքսուալ էներգիայի չարաշահումը, հեռուստացույց դիտելն ու համացանցի ցածրակարգ դրսևորումներին հետևելը:

Ձեզնից կպահանջվի լարել ամբողջ կամքի ուժն ու վճռականությունը, որ կարողանաք ընթանալ ձեր գիտակցությունը փոխելու Ուղով:

Եվ միայն նրանք, ովքեր կկարողանան կատարել մեր հանձնարարականներն ու խնդրանքները, կարժանանան պարգևի՝ Աստծո աշխարհում, Աստծո Արքայությունում լինելուն, որը կդրսևորվի ձեր գիտակցության ներքին վիճակից դուրս:

Ես այս օրով եղա ձեզ հետ:

ԵՍ ԵՄ Սուրիան


Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը