воскресенье, 1 июля 2012 г.

Մի հատված Գյուրջիևի «Ամենն ամենայնիվ» աշխատության Բ գրքից


«...Որպեսզի համակողմանիորեն լուսաբանվի ժամանակակից երկրային արվեստի նշանավոր հարցը, և որպեսզի դու հստակ հասկանաս, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, նախ պետք է իրազեկ դառնաս երկու փաստի, որոնք պատահել են Բաբելոնում՝ այն ժամանակ, երբ մենք հինգերորդ անգամ վայրէջք էինք կատարել քո այդ մոլորակի մակերևույթի վրա:
Առաջինն այն է, թե ինչու և ինչպես ես ականատեսը դարձա այն իրադարձությունների, որոնք հիմք հանդիսացան այն պատճառների  համար, որ Երկիր մոլորակի ժամանակակից եռուղեղ էակներն այժմ ունեն որոշակիորեն չարաղետ և արվեստ կոչվող հասկացությունը. երկրորդն էլ այն է, թե իրենց հերթին ինչպիսի իրադարձություններ են նախորդել և այն ժամանակ աղբյուր հանդիսացել այդ պատճառների ծագման համար:
Ինչ վերաբերում է առաջինին, ես պետք է ասեմ, որ Բաբելոն քաղաքում մեր եղած ժամանակ, իմ նկարագրած այն դեպքերից հետո, որոնք տեղի ունեցան երկրային գիտուններ կոչվող և երկրագնդի համարյա բոլոր ծայրերից այնտեղ հավաքված եռուղեղ էակների հետ, այսինքն՝ այն բանից հետո, երբ նրանք, ինչպես արդեն պատմել եմ, տրոհվեցին մի քանի ինքնուրույն խմբերի և արդեն թաղվեցին, այսպես կոչված, «քաղաքականության» մեջ, և, քանի որ ես այդ ժամանակ արդեն մտադրվել էի լքել Բաբելոնը և այդ էակների միջավայրում իմ դիտարկումները շարունակել այն ժամանակ արդեն հզորացած մի ուրիշ հանրությունում, որը Հելլադա էր կոչվում, ապա որոշեցի առանց հապաղելու ուսումնասիրել նրանց լեզուն: Այդ ժամանակից սկսած, ես գերադասում էի այցելել Բաբելոն քաղաքի այն վայրերը և հանդիպել այն էակների հետ, որոնք առավել օգտակար կլինեին այդ լեզվի իմ գործնական ուսումնասիրության հարցում:
Մի անգամ, երբ ես Բաբելոն քաղաքում քայլում էի մեր տնից ոչ հեռու ընկած մի փողոցով, մի մեծ շենքի վրա, որի կողքով ես առաջ հաճախ էի անցել, նկատեցի հենց նոր կախված մի, այսպես կոչված, «ազդագիր» կամ, ինչպես հիմա են ասում Երկրի վրա՝ «ցուցանակ», որն ազդարարում էր այն մասին, որ այդ շենքում վերջերս բացվել է արտասահմանցի գիտուն էակների՝ «լեգոմինիզմի հետևորդների» ակումբ: Դռան վրա նաև հայտարարություն էր փակցված, որը հայտնում էր, որ ակումբի անդամագրությունը դեռևս շարունակվում է, և որ բոլոր գիտական զեկուցումներն ու քննարկումները տեղի են ունենալու միայն տեղական և հելլենական լեզուներով:
Դա ինձ շատ հետաքրքրեց, և ես իսկույն սկսեցի մտածել, թե չե՞մ կարող արդյոք օգտվել այդ նորաբաց ակումբից, որ ինձ համար գործնական դասեր քաղեմ հելլենական լեզվից:
Այդ ժամանակ ես այնուամենայնիվ լրացուցիչ հարցեր տվեցի շենք մտնող կամ դուրս եկող մի քանի էակների, որպեսզի նոր մանրամասներ պարզեմ այդ ակումբի վերաբերյալ: Եվ երբ մի գիտուն էակի բացատրությունները լսեցի, որի հետ, ինչպես պատահաբար իմացա, ես արդեն ծանոթ էի, և ինձ համար քիչ թե շատ պարզ եղավ ամեն ինչ՝ ես անմիջապես որոշեցի դառնալ այդ ակումբի անդամ:
Առանց երկար մտածելու մտա շենքը և, ներկայանալով որպես արտասահմանցի գիտնական՝ խնդրեցի, որ ինձ՝ որպես լիգոմինիզմի հետևորդի, ընդունեն ակումբի անդամ. և դա ինձ հեշտությամբ հաջողվեց՝ շնորհիվ պատահաբար հանդիպած իմ հին ծանոթի, որը մյուսների պես ինձ ընկալել էր որպես արտասահմանցի գիտնական, ինչպիսին ինքն էր:
Այսպիսով, զավա՛կս, դառնալով այդ ակումբի, այսպես կոչված, «լիիրավ անդամ»՝ ես դրանից հետո կանոնավորապես հաճախում և զրուցում էի գլխավորապես այն գիտուն անդամների հետ, որոնք տիրապետում էին հելլենական լեզվին, որի կարիքը ես ունեի:
Ինչ վերաբերում է երկրորդ գործոնին, ապա այն ի հայտ եկավ բաբելոնյան հետևյալ իրադարձությունների արդյունքում:
Պետք է նկատի ունենալ, որ Բաբելոնում գտնվող Երկիր մոլորակի գիտուն էակների շարքում, որոնք համարյա ամբողջ մոլորակից այդտեղ էին հավաքվել հիշյալ պարսից թագավորի պարտադրանքով, իսկ մի մասն էլ սեփական կամքով, որպեսզի քննարկեն հիշատակածս նշանավոր «հոգու հարցը»՝ կային նաև հարկադրաբար այդտեղ բերված մի քանի էակներ, որոնք մեծամասնության պես «նոր տեսակի գիտնականների» դասին չէին պատկանում, այլ ամենայն անկեղծությամբ, որը բխում էր իրենց առանձին ոգեկոչված մասերից, ձգտում էին Բարձրագույն Գիտելիք ձեռք բերել միայն ինքնակատարելագործման նպատակով:
Շնորհիվ իրենց անեղծ ու անկեղծ այդ ձգտման և համապատասխան կենսակերպի ու լինելիական գործելակերպի՝ այդ մի քանի երկրային էակները, դեռևս նախքան Բաբելոն բերվելը, արդեն համարվում էին առաջին աստիճանի ձեռնադրման հասած երկրային եռուղեղ էակներ, որոնք արժանացել էին կոչվելու «Լիիրավ Ձեռնադրյալներ՝ ըստ Սրբազնագույն Աշիաթա Շիեմաշի նորացված կանոնակարգի»:
Եվ այսպես, տղա՛ս, երբ ես սկսեցի այցելել հիշյալ ակումբը, ինչպես այնտեղ ունեցած իմ զրույցների, այնպես էլ այլ տվյալների շնորհիվ ինձ համար լիովին պարզ դարձավ, որ այդ մի քանի երկրային գիտունները, որոնք անկեղծորեն ձգտում էին կատարելագործել իրենց բանականությունը, հենց սկզբից Բաբելոնում իրենց առանձին էին պահում և չէին խառնվում այն գործերին, որոնցով այն ժամանակ կլանված էր բաբելոնյան գիտուն էակների հիմնական զանգվածը:
Այդ մի քանի գիտուն էակներն առանձին էին մնում ոչ միայն սկզբնական շրջանում, երբ Բաբելոն քաղաքում գտնվող բոլոր մյուս գիտուն էակները նախ քաղաքի կենտրոնում բացեցին իրենց կենտրոնական հավաքատեղին և, ինչպես բարոյական, այնպես էլ նյութական փոխօժանդակության նպատակով հիմնեցին բոլոր երկրային գիտուն էակների կենտրոնական ակումբները, այլ առանձին էին մնում նաև հետո, երբ գիտուն էակների ամբողջ զանգվածը տրոհվեց երեք առանձին «ստորաբաժանումների», և ամեն մի ստորաբաժանումն իր առանձին ակումբն ուներ Բաբելոն քաղաքի որևէ մասում. նրանք չհարեցին այդ երեք ստորաբաժանումներից և ոչ մեկին:
Նրանք ապրում էին Բաբելոն քաղաքի արվարձանում և համարյա չէին հանդիպում գիտուն էակների հիմնական զանգվածից որևէ մեկի հետ: Եվ նրանց շրջապատում որպես ակումբի անդամ իմ հայտնվելուց ընդամենը մի քանի օր առաջ էին նրանք առաջին անգամ միաբանվել՝ նպատակ ունենալով ստեղծել «լեգոմինիզմի հետևորդների» ակումբ:
Այդ գիտուն էակները, որոնց մասին խոսում եմ, բոլորն առանց բացառության հարկադրաբար էին Բաբելոն բերվել, և մեծ մասամբ այն գիտուն էակներն էին, որոնց պարսից արքան տեղահանել էր Եգիպտոսից:
Ինչպես ես հետո իմացա, նրանց միաբանվելը նախաձեռնել էին առաջին աստիճանի ձեռնադրում անցած երկու գիտուն էակներ:
Երկրային այդ ձեռնադրյալ գիտուն էակներից մեկին, որը մավրական ծագում ուներ, կոչում էին Ջամիլ էլ-Նորկել[1]: Մյուս գիտուն էակին Պյութագորաս էին կոչում, և նա ծագումով հելլենացի էր՝ այն հելլեններից, որոնց հետագայում հույներ անվանեցին:
Ինչպես հետագայում ինձ համար պարզ դարձավ, այդ երկու գիտուն էակները պատահաբար հանդիպել էին Բաբելոն քաղաքում և իրենց, այսպես կոչված, «հույս-ապագայական[2] կարծիքների փոխանակման» ընթացքում, այսինքն՝ այն զրույցի ընթացքում, որի թեման այն էր եղել, թե էակների լինելիական գոյատևման ո՞ր ձևերը կարող են բարենպաստ լինել երկրային էակների ապագայի համար, նրանք հստակորեն արձանագրել էին, որ Երկրի էակների սերնդափոխության ընթացքում տեղի է ունենում շատ անցանկալի ու ողբալի մի երևույթ, այն է՝ փոխադարձ ոչնչացման գործընթացներում կամ, այսպես կոչված, «պատերազմների» և «ժողովրդական ապստամբությունների» ժամանակ, այս կամ այն պատճառով անխուսափելիորեն մեծ քանակությամբ ոչնչացվում են ամեն աստիճանի ձեռնադրյալ էակներ, որոնց հետ մեկտեղ ոչնչացվում են նաև բազմաթիվ լեգոմինիզմներ, որոնց միջոցով է միայն հնարավոր սերնդեսերունդ փոխանցել այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Երկրի վրա անցյալում տեղի ունեցած հավաստի իրադարձություններին:
Երբ հիշյալ անկեղծ ու ազնիվ երկու երկրային գիտուն էակները փաստեցին այն, ինչն իրենք այն ժամանակ որակեցին որպես «ողբալի երևույթ», երկար մտորեցին այդ մասին և արդյունքում որոշեցին օգտվել այն բացառիկ հանգամանքից, որ միևնույն քաղաքում հավաքվել են այդքան շատ գիտուն էակներ, քանի որ առիթ էր առաջացել համատեղ խորհրդակցելու և մի որևէ միջոց գտնելու, որպեսզի կանխարգելվի այդ ողբալի երևույթը, որը Երկրի վրա տեղի էր ունենում մարդու կյանքի աննորմալ պայմանների հետևանքով:
Եվ հենց այդ նպատակով էլ նրանք կազմակերպել էին վերոհիշյալ ակումբը և այն անվանել «Լեգոմինիզմի հետևորդների Ակումբ»:
Նրանց կանչին արձագանքեցին այնքան շատ համախոհներ, որ այնտեղ այդ ակումբին իմ անդամագրվելուց երկու օր հետո նոր անդամների գրանցումն ավարտվեց:
Իսկ այն օրվա ընթացքում, երբ դադարեցվեց նոր անդամների գրանցումը, արդեն անդամագրված գիտուն էակների թիվը հասավ հարյուր երեսունիննի. և անդամների այդ քանակով էլ ակումբը գոյատևեց այնքան, մինչև որ հիշյալ պարսից արքան հրաժարվեց երկրային գիտուն էակների հետ կապված իր շահադիտական մտադրությունից:
Ինչպես ինձ հայտնի դարձավ ակումբին անդամագրվելուցս հետո, դրա բացման հենց առաջին օրը բոլոր գիտուն էակներն ընդհանուր ժողով էին կազմակերպել, որի ընթացքում միաձայն որոշել էին ամենօրյա ընդհանուր ժողովներ հրավիրել և զեկուցումներ ու քննարկումներ անցկացնել, որոնք պետք է վերաբերեին հետևյալ երկու խնդիրներին. դրանք են՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն ակումբի անդամներն իրենց տները վերադառնալուց հետո, որ հավաքեն բոլոր այն լիգոմինիզմները, որոնք գոյություն ունեն իրենց հայրենիքներում, որպեսզի հետո դրանք հանձնեն իրենց հիմնադրած ակումբի գիտուն էակների տնօրինմանը, և երկրորդ՝ ի՞նչ պետք է արվի, որ այդ լեգոմինիզմները փոխանցվեն հեռավոր սերունդներին՝ ոչ միայն ձեռնադրյալների միջոցով, այլև մի որևէ ուրիշ եղանակով:
Մինչև իմ անդամագրվելը, այդ երկու խնդիրների շուրջ արդեն իրենց ընդհանուր ժողովներում եղել էին մեծ քանակությամբ զեկուցումներ ու քննարկումներ, իսկ իմ անադամագրվելու օրը շատ էր խոսվում այն մասին, թե ինչպես հասնեն նրան, որ տարբեր, այսպես կոչված, «Ուղիների» հետևորդ հանդիսացող ձեռնադրյալ գիտուն էակները մասնակցություն ունենան ակումբի գլխավոր խնդրի իրականացման գործում: Այդ հետևորդներին այն ժամանակ անվանում էին «օնանջիկներ», «շամանիստներ», «բուդդիստներ» և այլն:
Եվ ահա, այդ ակումբին իմ անդամագրվելուց երեք օր անց, առաջին անգամ արտաբերվեց այն բառը, որը պատահաբար հասել է մինչև այնտեղի ժամանակակից էակներին և դարձել այն դեռևս պահպանված տվյալների հետաճի հզոր գործոններից մեկը, որոնք անհրաժեշտ են քիչ թե շատ նորմալ տրամաբանական լինելիական մտածողության համար. այդ բառը «արվեստն» էր, որն այն ժամանակ կիրառվեց այլ իմաստով և իր սահմանմամբ առնչվում էր բոլորովին այլ գաղափարի հետ՝ ունենալով բոլորովին այլ նշանակություն:
Այդ բառն արտաբերվեց հետևյալ հանգամանքներում:
«Արվեստ» բառն առաջին անգամ արտաբերվեց, և նրա իսկական գաղափարն ու ճշգրիտ նշանակությունը արմատավորվեցին նաև մյուս զեկուցողների մոտ այն օրը, երբ ելույթ ունեցավ այն ժամանակներում հանրահռչակ և Աշխարհպանծեար[3] անունը կրող հալդեացի մի գիտուն էակ, որը նույնպես այդ ժամանակ լեգոմինիստների ակումբի անդամ էր:
Քանի որ այդ զառամյալ հալդեացի գիտուն էակ մեծն Աշխարհպանծեարի զեկուցումը սկիզբ հանդիսացավ հետագա բոլոր իրադարձությունների համար, որոնք կապված էին այնտեղի ժամանակակից արվեստի հետ, ես կաշխատեմ հիշել այդ ճառը և հնարավորինս բառացի կրկնել այն:
Այն ժամանակ նա ասաց հետևյալը.
«Անցած և հատկապես վերջին երկու հարյուրամյակները մեզ ցույց են տալիս, որ անխուսափելի զանգվածային հոգեգարությունների ժամանակ, որոնց հետևանքով միշտ պատերազմներ և զանազան ներպետական ժողովրդական խռովություններ են բռնկվում, անփոփոխ կերպով մարդկային գազանությունների անմեղ զոհ են դառնում նրանք, ովքեր, շնորհիվ իրենց առաքինության ու գիտակցական զոհողությունների, արժանանում են ձեռնադրման՝ հենց նրանք, որոնց միջոցով հետագա սերունդների գիտակից էակներին են փոխանցվում զանազան լեգոմինիզմներ, որոնք տեղեկություններ են պարունակում անցյալում հավաստիբար տեղի ունեցած ամենատարբեր պատմական իրադարձությունների վերաբերյալ:
Այդ առաքինի մարդիկ միշտ մարդկային գազանությունների զոհ են դառնում, իմ կարծիքով, միայն այն բանի պատճառով, որ ներքուստ ազատ լինելով և ուրիշների նման երբեք ամբողջովին չտրվելով շրջապատի հետաքրքրություններին՝ դրանով հանդերձ չեն կարող մասնակից դառնալ ո՛չ զվարճություններին, հաճույքներին ու տրամադրություններին, ո՛չ էլ իրենց շրջապատողների իրապես անկեղծ մյուս դրսևորումներին:
Եվ չնայած այն բանին, որ սովորական ժամանակներում նրանք նորմալ կյանք են վարում և բարյացակամ վերաբերմունք են դրսևորում իրենց շրջապատի մարդկանց նկատմամբ ինչպես ներքնապես, այնպես էլ արտաքնապես և դրանով իսկ նորմալ ժամանակներում հարգանքի ու պատվի արժանանանում մյուսների կողմից՝ սակայն, երբ սովորական մարդկանց զանգվածն ընկնում է հոգեգարության մեջ և, ինչպես միշտ, բաժանվում երկու հակադիր ճամբարների, ապա այդ վերջիններն իրենց կռիվների ընթացքում հասնելով գազանության աստիճանի՝ սկսում են հիվանդագին կասկածամտություն դրսևորել հենց նրանց նկատմամբ, որոնք սովորական ժամանակներում իրենց պահել են համեստ ու լուրջ. և հենց որ հոգեգարության մեջ հայտնվածների ուշադրությունը կենտրոնանում է այդ բացառիկ մարդկանց վրա, նրանց մոտ ոչ մի կասկած չի մնում, որ այդ լուրջ և արտաքնապես միշտ խաղաղ մարդիկ սովորական ժամանակներում, ոչ ավել, ոչ պակաս՝ լրտեսություն են արել իրենց ներկայիս հակառակորդների ու թշնամիների համար:
Այդ գազանացած մարդիկ իրենց հիվանդ բանականությամբ անվերապահորեն եզրակացնում են, թե նման մարդկանց նախկին լրջությունն ու հանդարտությունը եղել է ոչ այլ ինչ, քան, այսպես կոչված, «ծպտյալություն» և «երկերեսանիություն»:
Եվ այդ խելագար եզրահանգումների արդյունքում, և՛ այս, և՛ այն ճամբարին պատկանող գազանացած մարդիկ, առանց խղճի որևէ խայթ զգալու, նման լուրջ ու խաղաղ մարդկանց մահվան են դատապարտում:
Կարծում եմ, որ հենց նոր ասածս երևույթն է շատ հաճախ պատճառ դարձել, որ Երկրի վրա տեղի ունեցած իրական դեպքերի լեգոմինիզմները սերնդափոխությունների ընթացքում իսպառ չքացել են Երկրի երեսից:
Եվ ահա, ո՜վ հարգարժան կոլեգաներ, եթե ուզում եք իմ անձնական կարծիքն իմանալ, ապա իմ ողջ էությամբ անկեղծորեն կասեմ ձեզ, որ չնայած այն ամենին, ինչ ասացի ձեզ համապատասխան լեգոմինիզմների օգնությամբ հեռավոր սերունդներին ճշմարիտ գիտելիքներ փոխանցելու վերաբերյալ՝ այդ միջոցներով այժմ այլևս ոչինչ հնարավոր չէ անել:
Թո՛ղ որ այդ մեթոդն առաջվա պես շարունակվի, ինչպես որ դարեդար եղել է Երկրի վրա, և ինչպես որ ձեռնադրյալների «լինելու ունակության» միջոցով փոխանցման այդ ձևը վերականգնել է մեծ մարգարե Աշիաթա Շիեմաշը:
Եթե մենք՝ ժամանակակից մարդիկս, ներկա պահին ուզում ենք ինչ-որ բարի գործ կատարել ապագայի մարդկանց համար, ապա դա այն կլինի, որ արդեն գոյություն ունեցող փոխանցման եղանակին հավելենք ևս մի նոր եղանակ, որը բխում է ինչպես երկրային մեր կյանքի ժամանակակից դրվածքից, այնպես էլ նախկին սերունդների բազմադարյան փորձից մեզ հասած համապատասխան տեղեկություններից:
Անձամբ ես առաջարկում եմ, որ ապագա սերունդներին փոխանցելու գործն իրականացվի մարդկային, այսպես կոչված, «աֆալկալների[4]», այսինքն՝ մարդու ձեռքի գործ հանդիսացող զանազան ստեղծագործությունների միջոցով, որոնք կիրառություն են գտել մարդկանց առօրյա կյանքում. նաև՝ մարդկային «սոլջինողների[5]», այսինքն՝ զանազան ծիսակատարությունների ու արարողությունների միջոցով, որոնք մարդկանց բազմադարյան հասարակական և ընտանեկան կյանքով ինքնաբերաբար փոխանցվում են մի սերնդից մյուսին:
Հնարավոր է, որ կա՛մ հատուկ ամրությամբ նյութերից պատրաստված մարդկանց հենց այդ աֆալկալները կպահպանվեն և տարբեր պատրվակներով կպոխանցվեն հեռավոր սերունդներին, կա՛մ դրանց պատճեները կփոխանցվեն սերնդեսերունդ՝ մարդկանց էության մեջ արմատացած այն հատկության շնորհիվ, որ նրանք ուզում են սեփական ստեղծագործությունը ներկայացնել որպես վաղեմի ժամանակներից իրենց հասած բան՝ փոխփխելով աննշան մանրամասներ:
Ինչ վերաբերում է մարդկային սոլջինողներին, ինչպիսիք են, օրինակ՝ տարբեր «գաղտնածեսերը», «կրոնական ծեսերը», «ընտանեկան ու հասարակական ավանդույթները», «կրոնական ու ժողովրդական պարերը» և այլն, ապա թեև դրանց արտաքին ձևերը հաճախ փոփոխության են ենթարկվում ժամանակի ընթացքում, այնուհանդերձ մարդկանց մեջ առաջ բերած ազդակներն ու դրանց ազդեցության հետևանքով մարդկանց դրսևորումները մշտապես նույնն են մնում. ուստիև, ներդնելով մեր արդեն ձեռք բերած զանազան օգտակար տեղեկություններն ու ճշմարիտ գիտելիքներն այն ներքին գործոնների մեջ, որոնք ծնում են այդ ազդակներն ու օգտավետ դրսևորումները՝ մենք լիովին կարող ենք հուսալ, որ դրանք կհասնեն մեր շատ հեռավոր սերունդներին, որոնց որոշ ներկայացուցիչներ կկարողանան վերծանել դրանք՝ մյուսներին հնարավորություն տալով բարիք ստանալ դրանցից:
Այժմ հարցը միայն այն է, թե ի՞նչ միջոցներով է հնարավոր իրականացնել իմ նկարագրած զանազան մարդկային աֆալկալների ու սոլջինողների փոխանցումը:
Անձամբ ես առաջարկում եմ, որ դա արվի «Յոթնագրյանք» կոչվող Համընդհանուր Օրենքի միջոցով:
Յոթնագրյանքը գոյություն ունի և միշտ գոյություն կունենա Երկրի վրա ամեն ինչում...»



[1] ռուս. տարբերակում՝ Каниль-ель-Норкель, անգլ. տարբերակում՝ Kami el-Norkel
[2] ռուս. տարբերակում՝ уйсапагаумского, անգլ. տարբերակում՝ ooissapagaoomnian
[3] ռուս. տարբերակում՝ Акшарпанзиар, անգլ. տարբերակում՝ Aksharpantziar
[4] ռուս. տարբերակում՝ афалканы, անգլ. տարբերակում՝ afalkalnas
[5] ռուս. տարբերակում՝ солджинохи, անգլ. տարբերակում՝ soldjinokhas

Комментариев нет:

Отправить комментарий