вторник, 21 мая 2013 г.

ԴԱՌԸ ԽՈՍՔԵՐ



Ու՞ր էիք, հայե՛ր...

Կյանքում մեր տեղը չգիտենք հաստատ,
Բայց Աստծո տեղն ենք հարցնում երգով.
Ապրում ենք անգետ, խեղճ ու անազատ
Եվ մեզ սահմաններ գծում մեր ձեռքով:

Թշնամին եկել, մեր հողն է զավթել,
Իսկ մենք ողբում ենք անզոր, պառակտված,
«Ապահով» վայր ենք փնտրում, որ գաղթենք
Եվ անհույս ճչանք. «Ու՞ր էիր, Աստված...»:

Կեռ լուսին շողաց գարնան երկնքում,
Եվ եղավ եղեռն, և եղան վայեր...
Ձեր հողը, ջուրը, երկինքն էր տնքում,
Իսկ դուք լու՞ռ էիք... Ու՞ր էիք, հայե՛ր...

Մի քաջ Անդրանիկ, մի Աղբյուր Սերոբ,
Եվ բազում «խելոք» քաջազնունիներ...
Որպեսզի հողդ չտաս քո ձեռով,
Պետք է անհողդողդ և ազնիվ լինել:


Բավ է, հայե՛ր

Աստված՝ ձեր մեջ, դուք՝ անաստված,
Ձեր խելքին եք զոռ տալիս
Եվ, հուսահատ ու պառակտված,
Նույն ողբերն եք ծոր տալիս,

Որ անտեր եք, աստծուց լքված,
Մեկը չկա՝ ձեզ փրկի...
Բա՜վ է, հայե՛ր, ճկված, կքված՝
Փրկիչ փնտրեք անհարկի:

Թե՛ ձեր ուժը, թե՛ ձեր զենքը
Ձեր ներսում եք թաքցրել
Եվ ձեր նախնյաց խրոխտ դեմքը
Սև սքեմի տակ դրել:

Комментариев нет:

Отправить комментарий