пятница, 17 мая 2013 г.

Դանիել Վարուժան - «Է ՏԱՌԸ ՄԵՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ ՄԵՋ»

Բերանդ կես բա՛ց. որովայնդ ներս քաշե՝ շունչ առնելու համար, և ամբողջ ուժովդ հնչե – Է՜: Եվ ահա կոկորդեդ հանած պիտի ըլլաս այն ամեն գոյությունները, որոնք երևակայությանդ մեջ իսկ հազիվ կը պատկերանան: Միտքդ, եթե այդ գոյությանց կեսը կրնա ըմբռնել աղոտ կերպով, թերևս ուրիշ բանով լավ պիտի չկրնա բացատրել, բայց եթե այդ փոքր տառովը, այդ չնչին նշանովը:

Սկսյալ հյուլլեե մը, նշանախեցիե մը ավելի մեծ չափով և ավելի ընդարձակությամբ մարմիններ կը պարփակե այս տառն իր մեջ: Թե կենդանի և թե անկենդան բնությունք հոն են՝ իրենց ամեն ձևերովն ու գույներովը:

Այդ տառը ընդարձակ հայելի մ’ըլլալ կը թվի և ամբողջ տիեզերքը կանդրադարձնե. դիտե՛ հոն, և նախ՝ դուն զքեզ պիտի տեսնաս. հոն՝ ծովը պիտի անցնի իր փրփուրներովն, իր հավիտենական մութ անդունդներովը, ձուկերովն ու խեցիներովը և ամենեն չնչին ավաչովը. հոն է ամեն բան. փոքր զեռնու մը սողոսկյունեն՝ մինչև իշու մը ականջներու խաղցնելը պիտի տեսնես: Անհուն և աննշմարելի աշխարհները. աստղերն ու արևը հո՛ն պիտի թավալին, և թերևս Գալիլեոս մ’ալ, դիտակը աչքին, իր զմայլումներովը պիտի պատկերանա:

Մեծցնենք այդ տառը. գծերու թանձրություն մը տանք իրեն. և սրբազան գործ մ’ընելու պես՝ ջնջենք մեր անտարբեր ժպիտը. ամփոփենք մեր միտքը. աս անգամ ավելի դողդոջուն և երկյուղած ձայնով մը հնչելով՝ Է՜: Եվ գիտե՞ք ինչ ըսել է… Եթե կուզեք գիտնալ նշանակությունը՝ կարդացեք այս մեծ Էն պզտիկին մեջ. այն ատեն պիտի ըմբռնենք զինքը, այսինքն ա՛յն, որ կրցավ “չէ”են “է”ն բաժնել, հանել, անծայրածի՜ր կարողություն:

Շաթոպրիան կըսե. “Ամեն ջանք ընդունայն պիտի ըլլա զԱստված բացատրելու, բավական է ըսել՝ Է…”

Ո՜հ, հիրավի, ո՜ տառդ նվիրական, դուն ամեն ինչ ես, դուն կյանք ես, դուն հավիտենական Սերն ես: Թո՛ղ որ խորին երկյուղածությամբ խոնարհիմ առջևդ, երբ եկեղեցվո մը ճակատը՝ եռանկյունի մը միջև զքեզ կը նշմարիմ ճաճանչներու մեջ փառապանծ:

Առաջին անգամ, երբ մանուկ շրթներով քեզ հնչել սովրեցա, կարծես այն օրեն ես իմ էությունս ճանչցա:

Այո՜, ձեզմով սովրեցա զզվանքի հեգնող ծիծաղ մը ձգել քու հակառակորդիդ` չ-ին վրա, որ լոկ սխալանք մ’է, անէացող նյութականթյուն է, սկեպտիկի մը ցնորքն է, գարշություն է, մղեղ է, ոչինչ է:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 1903թ.

Комментариев нет:

Отправить комментарий