понедельник, 15 октября 2012 г.

Տիեզերակառույց և ժողովրդավարություն



Աստվածային Սիրով շաղախված ու փոխկապակցված եռամիասնական Տիեզերքը կառուցված է աստիճանակարգային (հիերարխիկ) սկզբունքով: Այն հնարավորություն է տալիս, որ նրանում միաժամանակ ընթանան վերընթաց (էվոլյուցիոն) և հետընթաց (ինվոլյուցիոն) զարգացումներ կամ անցումներ՝ առանց խաթարելու Տիեզերքի հավերժական կարգավորվածությունը կամ Օրենքը: Ժամանակի ընթացքում աստիճանակարգի ստորին հիմքում հայտնված և իրենց դարն ապրած որոշ կառույցներ անէանում են, իսկ վերին հիմքում՝ էանում, հավերժորեն ձգտելով դեպի Աստված:
Խիստ որոշակի աստիճանակարգ է գործում Տիեզերքի երեք հիմնական աշխարհների միջև, որի ստորին աստիճանը ֆիզիկական աշխարհն է, միջին աստիճանը՝ նուրբ կամ հանդերձյալ աշխարհը և վերին աստիճանը՝ հրեղեն կամ աստվածային աշխարհը: Տիեզերակառույցին հատուկ է նաև «Ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում» սկզբունքը կամ Օրենքը, համաձայն որի՝ աշխարհներից յուրաքանչյուրը նույնպես ունի աստիճանակարգային կառուցվածք: Մասնավորապես, ֆիզիկական երևացող աշխարհը՝ սկսած մեկ առանձին ատոմից, վերջացրած Մետագալակտիկայով, կարգավորված հավերժական շարժման մեջ է գտնվում աստիճանակարգային կառուցվածքով օժտված լինելու շնորհիվ: Ակնհայտ է, որ լիակատար քաոս կտիրեր ֆիզիկական աշխարհում, եթե, ասենք, մոլորակները միանգամից իրենց զգային աստղերի կարգավիճակում և փորձեին նույնքան լույս ու ջերմություն արձակել, որքան այն աստղերը, որոնց շուրջն իրենք պտտվում են: Նման բան, իհարկե, հնարավոր է, սակայն միայն և միայն երկարաժամկետ էվոլյուցիայի արդյունքում:
Լինելով տիեզերակառույցի մեջ՝ մարդկային հասարակությունը նույնպես պետք է կառուցված լինի աստիճանակարգային սկզբունքով, որի համար հիմք պետք է ծառայեն առանձին անհատների գիտակցության մակարդակների միջև առկա տարբերությունները: Ներկայումս լայն տարածում գտած և դեռևս գովերգման փուլում գտնվող ժողովրդավարության գլխավոր արատներից մեկն այն է, որ փորձում է համահարթեցնել այդ տարբերությունները՝ հանրության բոլոր անդամներին օժտելով հավասար իրավունքներով: Դրա արդյունքում ի հայտ են գալիս մի շարք արատավոր երևույթներ, որոնցից առավել ցայտունները փորձենք նկարագրել այստեղ.

1. Բարձր գիտակցության մակարդակ ունեցող անհատները (ազգային ընտրանին) ինքնաբերաբար հայտնվում են նվաստացված ու ճնշված վիճակում, ինչն ի վերջո հանգեցնում է տվյալ ազգի վերընթացի կանգին:
2. Նյութապաշտական ընդգծված հակումներ ունեցող անհատները լայն հնարավորություն են ստանում իրենց ձեռքում անհարկի անբավ հարստություններ կուտակելու համար, ինչը մեծապես վնասում է թե՛ իրենց, թե՛ հանրության մնացած անդամների բնականոն կյանքին՝ նրանց գիտակցական ուշադրությունը շեղելով դեպի անիմաստ նպատակներ:
3. Գիտակցական մոտ մակարդակներ ունեցող անհատները, ակամա ենթարկվելով «նմանը զնմանին գտանէ» տիեզերական օրենքին, կազմում են առանձին խմբավորումներ (կուսակցություններ), որոնք ձգտում են ձեռք բերել իշխանական լծակներ, որպեսզի ժողովրդի կյանքը կարգավորեն իրենց պատկերացրած գաղափարական հենքով: Սակայն, քանի որ կուսակցությունների գաղափարական հենքերը հաճախ իրարամերժ են ստացվում, արդյունքում ժողովուրդը պառակտվում է մի քանի բանակի և սկսում անառողջ ու ապարդյուն պայքար մղել ինքն իր ներսում:
4. Ձայների հավասար իրավունքներով ընտրված իշխանությունները, նույնիսկ եթե այդ ընտրությունները տեղի են ունենում «արդար ու թափանցիկ», չեն կարող առաջընթաց և բարեկեցիկ կյանք ապահովել ժողովրդի համար, քանի որ գիտակցության ցածր մակարդակ ունեցող անհատների քանակական գերակշռության պատճառով իշխանության ղեկի մոտ հայտնված անարժաններն էլ են նույնպիսի քանակական գերակշռություն ստանում: Այստեղ անխուսափելիորեն դեր են խաղում ազգակցական, ծանոթ-բարեկամական («թայֆայական») հարաբերությունները, որոնցից ժողովրդավարական համակարգում գործնականում ձերբազատվել հնարավոր չէ:


1 комментарий:

  1. Այս տեսակետի հետ համամիտ եմ, դա այդպես է իրականում: Դիրքային եվ կարգավիճակային համահարթեցումները տանում են դեգրադացման:

    ОтветитьУдалить