суббота, 27 октября 2012 г.

Երկխոսություն հետմահու գոյության գաղտնիքների շուրջ

Ե. Պ. Բլավատսկայա

Երկխոսություն հետմահու գոյության 

գաղտնիքների շուրջ

Ներքին մարդու կառուցվածքի ու բաժանման մասին


Մ. Անշուշտ, չափազանց դժվար է և, ինչպես դուք եք ասում, «առեղծվածային» է տարբեր ասպեկտների միջև եղած տարբերությունները ճիշտ հասկանալն ու դրանք տեսնելը, որոնք մենք անվանում ենք ճշմարիտ ԵՍ-ի «սկզբունքներ»: Դա առավել ևս բարդ է այնքանով, որ տարբեր Արևելյան դպրոցներում տարբերություններ կան այդ սկզբունքների քանակի որոշման հարցում, թեև ընդհանուր առմամբ բոլորն էլ միևնույն նյութն են ուսումնասիրում:
Խ. Նկատի ունեք վեդանտիստների՞ն: Ենթադրում եմ, որ նրանք մեր յոթ «սկզբունքների» փոխարեն ընդամենը հինգն են առանձնացնում...
Մ. Այո, այդպես է. թեև ես հանձն չէի առնի այդ առիթով վիճաբանել գիտուն վեդանտիստների հետ, բայց, որպես սեփական կարծիք, այնուամենայնիվ կարող եմ բացատրել, թե նրանց մոտ ինչն է ակնհայտ պատճառ հանդիսացել դրա համար: Նրանք Մարդ ասելով հասկանում են միայն տարբեր մենտալային ասպեկտներից բաղկացած հոգևոր մի կառույց, և այդ ընթացքում ֆիզիկական մարմինն ինչ-որ արգահատելի մի բան՝ պարզապես պատրանք են համարում: Վեդանտան միակ փիլիսոփայությունը չէ, որ հենվում է այդպիսի կարծիքի վրա: Լաո Ցզին իր «Դաո Դէ Ցզի» գրքում միայն հինգ սկզբունք է հիշատակում, քանի որ, ինչպես վեդանտիստները, խուսափում է ներառել ևս երկու սկզբունք՝ ոգին (Ատմա) և ֆիզիկական մարմինը. դեռ ավելին՝ դրանցից երկրորդին նա ուղղակի «դիակ» է կոչում: Այժմ անդրադառնանք ռաջա յոգայի Չարակի դպրոցին: Այս ուսմունքն իրապես գոյություն ունեցող միայն երեք սկզբունք է ընդունում: Սակայն իրականում՝ նրանց Ստհուլոպադհին կամ ֆիզիկական մարմինն՝ իր ջագրատի կամ արթնության վիճակով, նրանց Սուկշմոպադհին կամ նույն մարմինն՝ իր սվապնայի կամ քնի վիճակում և նրանց Քարանոպադհին կամ «կաուզալ» մարմինը, որը մի մարմնավորումից մյուսին է անցնում՝ բոլոր դրանք օժտված են երկակի ասպեկտներով, ինչի արդյունքում դրանց քանակը վեցն է դառնում: Դրանց հավելելով Ատման՝ արտանձնական աստվածային սկզբունքը կամ Մարդու մեջ առկա անմահ տարրը, որն անբաժանելի է Տիեզերական Ոգուց, դուք կրկին կստանաք յոթ թիվը՝ ճիշտ այնպես, ինչպես թաքնատեսությունն է բաժանում:
Խ. Ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ այդ բաժանումը համարյա այնպիսին է, ինչպիսին քրիստոնեական միստիկների մոտ է՝ մարմին, հոգի և ոգի:
Մ. Ճիշտ այդպես: Մեզ համար ավել հեշտ կլիներ մարմինը համարել «կենսական Գոլորշու» կրիչ, ոգուն՝ Կյանքի կամ Պրանայի կրիչ, իսկ Կամարուպային կամ (կենդանական) հոգուն՝ բարձր ու ստորին բանականությունների կրիչ և այդպիսով ստանալ վեց սկզբունքները՝ բոլորն իրար հետ պսակելով միևնույն անմահ ոգով: Օկուլտիզմը գիտակցության յուրաքանչյուր որակակիր փոփոխության դիմաց մարդուն նոր ասպեկտ է հատկացնում, և եթե այն տարածվում ու դառնում է կենդանի ու գործուն ԵՍ-ի մաս, ապա նրան կարող է տրվել (և տրվում է) հատուկ անուն, որով այդ առանձնահատուկ վիճակում հայտնված մարդը տարբերվում է մի այլ մարդուց, որն իրեն մի այլ վիճակի մեջ է պատկերացնում:
Խ. Այ, հենց դա է, որ շատ դժվար է հասկանալ...
Մ. Ընդհակառակը՝ դա ինձ հասարակ բան է թվում այն ժամանակից սկսած, երբ ես մի շատ կարևոր գաղափար ըմբռնեցի, այն է՝ մարդը գիտակցության այս կամ այն պլանում գործում է իր մենտալային ու հոգևոր վիճակին ճշգրիտ համապատասխան: Սակայն ներկա դարի մատերիալիզմն այնպիսին է, որ մենք որքան ավելի շատ ենք բացատրում, այնքան մարդիկ ավելի քիչ են ունակ դառնում հասկանալու այն, ինչ բացատրում ենք...

(շարունակելի)

Комментариев нет:

Отправить комментарий