среда, 24 октября 2012 г.

ԷՍ ԿԱՐԳԻ` ՎԱՐՔ ՉԱՐՔԻ



Հե՜յ, լավ մանրու՜ք,
Ասե՜ղ, հուլու՜նք...
Հ. Թումանյան - «Թագավորն ու չարչին»

Հե՜յ, լավ գովա՜զդ, անոնս ու սեքս,
Սուտը ճշտով սքողված տեքստ,
Ալան-թալան, ճարպիկ ճանկում,
Մարդաորս ու առևանգում,
Փրփուր սերիալ խառնացրիվ,
Լեզվակռիվ մազախռիվ,
Աննպատակ հերոսություն,
Անմիտների երկխոսություն,
«Քուչի» հարցում, բազմակարծում,
«Ձայն բազմաց»-ի թատերացում՝
Գաղտնամոնտաժ ներկայացում,
Կեղծված անցյալ, պղծված բարձրյալ,
Կատակ տափակ, ծիծաղ տափուկ,
Գովաբանում հեշտ ու փափուկ,
Մոլագարներ արյունախում,
Թաղում, բախում, ծախում, կախում,
Կլկլոցներ ու պորտապար,
Երգ ու տաղի ծաղրանկար,
Ամոթածածկ ներքնահագուստ,
Ամոթաբաց արտահագուստ,
Քսուք, օճառ, թեփի նոր ճար,
Թեփից էլ շատ՝ գովազդաճառ,
Թույների դեմ` հակաթույներ,
Բույծերի դեմ` մակաբույծներ,
Մադոննաներ ու դոննաներ,
Թիթեռակյանք նոր մոդաներ,
Ճողված քայլվածք, պաղված նայվածք,
Խեղված տոտիկ, շեղված տիտիկ,
Մոդել դռի, գրանդ պրի,
Ֆստան-ֆլան, բիզնես պլան,
Դրսի չոլեր, օտար քոլեր,
Գերեվարում, ավարառում,
Ծափ ու շառաչ, ճիչ ու բառաչ,
Աստղահիվանդ, աստղագուշակ,
Կախարդ, գրբաց, հեքիմ, բուժակ,
Արժեքների աղավաղում,
Կեղծում, եղծում ու սվաղում,
Մեղքաբարդում ճեղքահարթում,
Կեղծ բարեգործ ու կեղծ հերոս,
Կեղծ բարեպաշտ ու կեղծ քարոզ,
Շահամոլի արդարացում,
Հոգու սովի վատթարացում,
Մութ ընտրանի,  բարձր ժողով,
Պահող «տանիք»«աթոռ» փողոտ,
Առերևույթ` օրենք ու կարգ,
Աներևույթ՝ անպատկառ վարք,
Ձրի փողեր, մոլի խաղեր,
Ժամանցհոթելփողոց նետել,
Զառ ու վիզա, քարտ ու քիսա,
Լոտո, ավտո...
Է՜, լավ, հետո՞...

Էսպես խուժելով ալիքից ալիք`
Իբրև խոսափող և իբրև բանբեր
Կառչած էկրանին հեռատեսիլի՝
Իբրև օրհասի գազան վիրավոր,
Հտպիտ ձայներով` մերթ գոռ, մերթ կերկեր,
Շատերի աչքին անտեսանելի
Երախը բացած, նենգ ու թունավոր`
Հոգեորսով է զբաղված էլի
Մարդու կերպ առած չարքը դարավոր...

Комментариев нет:

Отправить комментарий