воскресенье, 1 апреля 2012 г.
пятница, 30 марта 2012 г.
Ընդդեմ մարտնչող անգրագիտության
Վերջերս համացանցում ինչ-որ տեղ աչքովս ընկավ մի
նորահայտ «բանաստեղծուհու» տրտունջը` «Տերտերականության մասին» հավակնոտ վերնագրով,
որի ընթերցումն ինձ այն համոզմանը հանգեցրեց, որ ձեռքս է ընկել մարտնչող
անգրագիտության դասական մի օրինակ: Նպատակ չունեմ այստեղ քննարկման դնելու դրանում
տեղ գտած բազմաթիվ անհեթեթ մտքերն ու ձևակերպումները, բայց մի հարցի, կարծում եմ,
այնուամենայնիվ արժե անդրադառնալ: Ո՛չ այն բանի համար, որ նշածս «տրտունջի»
հեղինակին հակառակն ապացուցեմ (հազիվ թե դա ինձ հաջողվի), այլ որ իմ այս էջն
այցելողներին ծանոթացնեմ համաշխարհային հռչակ վայելող և էզոթերիկական
քրիստոնեության հայր համարվող Գեորգի Գյուրջիևի մի բացահայտմանը, որը վերաբերում է
«աստղաբաշխություն-աստղագիտություն» հակադրությանն ու էվոլյուցիային: Հատվածը, որն
ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, թարգմանել և ընտրել եմ Գյուրջիևի «Ամենն
ամենայնիվ» ընդհանուր վերնագիրը կրող ստվարածավալ աշխատության առաջին հատորից, որի
հայերեն լեզվով ամբողջական տարբերակը հավանաբար այս տարի կդրվի հայ ընթերցողի
սեղանին.
«... Հինավուրց երկրային
աստղաբաշխները ճիշտ էին կազմում ամուսնական զույգերն այն պատճառով, որ թեև իրենց
գիտելիքներով դեռ շատ հեռու էին տիեզերական տրոգոավտոէգոկրատական
ճշմարտությունները հասկանալուց, այնուհանդերձ շատ լավ գիտեին իրենց մոլորակի վրա
բազմացող էակների վրա իրենց համակարգի տարբեր մոլորակների ազդեցության
օրինաչափությունների մասին՝ ինչպես ամեն մի էակի ծննդյան պահին, այնպես էլ հետագա
հասունացման և պատասխանատու տարիքին համապատասխանող իրենց Լինելիությանը հասնելու
ընթացքում:
Սերնդեսերունդ փոխանցված և
իրենց հասած բազմադարյան գործնական գիտելիքների շնորհիվ նրանք արդեն շատ լավ
գիտեին, թե պասսիվ սեռի տվյալ տիպին ակտիվ սեռի ինչ տիպ կարող է համապատասխանել:
Դրա հետևանքով այն զույգերը,
որոնք կազմվում էին այդ աստղաբաշխների ցուցումներին համապատասխան, համարյա միշտ
ներդաշնակ էին լինում, և ոչ թե այնպես, ինչպես ներկա ժամանակներում է. հիմա
ամուսնական զույգ կազմած էակների տիպերը համարյա երբեք չեն համապատասխանում իրար:
Իսկ դա բերում է նրան, որ զույգ կազմելուն հետևած, ինչպես իրենք են ասում,
«ամուսնական կյանքի» համարյա կեսից ավելին ծախսվում է միայն այն բանի վրա, որը մեր
պատվարժան Մոլլա Նասրեդինն իր ասույթներից մեկում բնորոշում է հետևյալ կերպ. «Էլ
ի՞նչ լավ ամուսին կամ լավ կին, որ ամբողջ ամուսնական կյանքում «իրար հոգի
չուտեն»»:
Ամեն դեպքում, զավա՛կս, եթե
այնտեղ այդ աստղաբաշխների գոյությունը շարունակական լիներ, ապա, իհարկե, նրանց
գործունեության շնորհիվ այդ դժբախտ մոլորակի էակների կյանքը ներկայումս կլիներ
այնպիսին, որ նրանց ընտանեկան հարաբերությունները գոնե մի քիչ կնմանվեին մեր Մեծ
Տիեզերքի մյուս մոլորակների վրա ապրող
էակների ընտանեկան հարաբերություններին:
Սակայն, ինչպես բոլոր այն
օգտակար բաներն ու լավ նվաճումները, որոնք իրենց գոյության ընթացքում ժամանակին
հաստատված են եղել այնտեղ, այդ մե՛կն էլ, դեռևս հարկ եղած չափով չօգտագործած, նետեցին Մոլլա Նասրեդինի ասած` «խոզերի առաջ»:
Եվ այդ աստղաբաշխներն էլ,
ինչպես միշտ է այնտեղ լինում՝ նախ սկսեցին աստճանաբար «խամրել», որից հետո
կատարելապես, ինչպես ասում են, «չքացան»:
Երբ այդ աստղաբաշխների
պարտականությունների կատարումն այնտեղ ամբողջովին ի չիք դարձավ, նրանց փոխարեն այդ
նույն բնագավառում նոր մասնագետներ ի հայտ եկան, սակայն նրանք արդեն պատկանում էին
«նոր կազմավորված գիտուն էակների» շարքին. սրանք նույնպես սկսեցին դիտել և
հետազոտել զանազան տիեզերական մեծ խտացումների, այսպես կոչված, արդյունքները և
դրանց թողած ազդեցությունն իրենց մոլորակի էակների վրա: Բայց քանի որ նրանց
շրջապատի սովորական էակները շատ շուտով նկատեցին, որ այդ նոր մասնագետների
«դիտումներն ու հետազոտությունները» սահմանափակվում են միայն հեռավոր և իրենց
համար ոչ մի նշանակություն չունեցող զանազան աստղերի ու մոլորակների համար
անուններ հորինելով, որոնց քանակությունը Տիեզերքում միլիարդներ է կազմում, նաև
այն բանով, որ միայն իրենց հայտնի և մասնագիտական գաղտնիք համարվող եղանակով
չափում են տիեզերական այն կետերի միջև եղած հեռավորությունները, որոնք իրենց
մոլորակից տեսանելի են լինում մանկական խաղալիք հիշեցնող իրենց, այսպես կոչված,
«աստղադիտակներով», ապա այդ նոր մասնագետներին սկսեցին անվանել, ինչպես արդեն քեզ
ասել եմ, «աստղագետներ»...»:
Զարմանք է հարուցում նաև այն, որ Գյուրջիևն այդ
նույն գրքում բավականին մանրամասն նկարագրում է ներկայիս Կահիրեի մոտակայքում ժամանակին
կառուցված հսկա աստղադիտարանը, որի հետքերն ու շինություններն այսօրվա հնագետները դեռ նոր են սկսել հայտնաբերել և դուրս բերել ավազի հաստ շերտերի տակից...
Անկասկած է, որ նման աստղադիտարաններ գործել են նաև հինավուրց Հայաստանում:
Առայժմ այսքանը: Մնացածը՝ մի այլ առիթով, որը,
հույս ունեմ, շատ չի ուշանա:
Նիլ Դոնալդ Ուոլշ - Փոքրիկ Հոգին և Արևը
Կար-չկար, ժամանակից անդին մի Փոքրիկ Հոգի կար: Այս
Փոքրիկ Հոգին մի անգամ եկավ և ասաց Աստծուն.
- Ես գիտե՜մ, թե ով եմ ես...
- Հա՞... Հրաշալի՜ է,- ասաց Աստված,- և ո՞վ ես դու:
Փոքրիկ Հոգին բացականչեց.
- Ես Լու՜յս եմ...
Աստված ժպտաց իր մեծ ժպիտով.
- Ճշմարիտ է... Դու Լու՜յս ես:
Փոքրիկ Հոգին շատ երջանիկ էր, որովհետև հասկացել էր
մի բան, որը բոլոր հոգիները վաղ թե ուշ հասկանում են՝ մտնելով Աստծո Արքայութուն:
- Ու՜խ, ինչ լավ է,- ասաց Փոքրիկ Հոգին,- իրոք
հրա՜շք է սա...
Բայց շուտով նրան անբավարար թվաց միայն այն
իմանալը, թե ով է ինքը: Փոքրիկ Հոգին զգաց, թե ինչպես է իր մեջ ցանկությունների
նոր ալիք բարձրանում: Հիմա նա ուզում էր իրապես լինել այն, ինչ կար: Ուստի Փոքրիկ Հոգին որոշեց նորից վերադառնալ
Աստծո մոտ (ինչն ինքնին այնքան էլ վատ գաղափար չէ այն հոգիների համար, որոնք
ուզում են լինել այն, ինչ Իրականում Կան):
Եվ այսպես, Փոքրիկ Հոգին եկավ և ասաց.
- Ողջու՜յն, Աստված... Հիմա երբ գիտեմ, թե Ով Եմ
Ես, կարո՞ղ եմ հենց դա լինել...
Աստված հարցրեց.
- Ուզում ես ասել, թե կամենում ես լինել Այն, ինչ Արդեն Կա՞ս:
- Դե, գիտե՞ս ինչ,- ասաց Փոքրիկ Հոգին,- մի բան է
իմանալ, թե Ով Եմ Ես, և բոլորովին այլ բան՝ հենց այդ լինելը: Ես ուզում եմ շոշափել ու զգալ, թե ինչ բան է Լույս լինելը...
- Բայց դու արդե՛ն իսկ Լույս ես,- նորից ժպտալով
ասաց Աստված:
- Այո՛, բայց ես ուզում եմ դա իմանալ՝ զգալո՜վ...,-
սրտնեղեց Փոքրիկ Հոգին:
- Դե լավ, լավ,- ծիծաղեց Աստված,- Ես պետք է որ դա
գլխի ընկնեի: Դու միշտ էլ աչքի ես ընկել քո արկածասիրությամբ.- Աստված դեմքին
լրջություն տվեց,- միայն, գիտե՞ս ինչ, այսպիսի մի բան կա...
- Ի՞նչ,- հետաքրքրվեց Փոքրիկ Հոգին:
- Չկա ուրիշ որևէ բան, բացի Լույսից: Տեսնում ես,
էլի... Ես արարել եմ միայն այն, ինչ դու կաս: Արդյունքում ստացվում է, որ քեզ չի
վիճակվի հեշտ ճանապարհով ճանաչել, թե Ով Ես Դու: Ախր, գոյություն չունի ուրիշ մի
բան, որ դու չլինես:
- Հը՜ը՜մ...,- հառաչեց Փոքրիկ Հոգին՝ մտածմունքի
մեջ ընկնելով:
- Ահա, ի՛նքդ մտածիր,- ասաց Աստված,- Արևի
ճաճանչների մեջ դու փոքրիկ մոմի ես նման: Դու լույս ես տալիս միլիոնավոր,
տրիլիոնավոր, անթիվ անհամար ուրիշ մոմերի հետ մեկտեղ, որոնք կազմում են Արևը: Բայց
առանց քեզ՝ արևն Արև չէր լինի, չէ՞: Եթե հանկարծ փորձեր առանց թեկուզ այդ մոմերից
որևէ մեկի նորմալ Արև լինել, ապա չէր ստացվի, որովհետև արդեն չէր փայլի իր ամբողջ
պայծառությամբ: Եվ հիմա տես, թե ինչ բարդ խնդիր է ստացվում՝ ինքդ քեզ ճանաչել
որպես Լույս, երբ գտնվում ես Լույսի հենց կենտրոնում: Բա՜րդ խնդիր է, չէ՞...
- Բայց չէ՞-որ Աստվածն ես,- նոթոտվեց Փոքրիկ
Հոգին,- մտածի՛ր մի բան...
Աստված մի անգամ էլ ժպտաց ու ասաց.
- Արդեն մտածել եմ: Քանի որ չես կարող Լույսի մեջ
գտնվելով ինքդ քեզ տեսնել որպես Լույս, ապա քեզ կպատենք խավարով:
- Իսկ խավարն ի՞նչ է,- հարցրեց Փոքրիկ Հոգին:
- Դա այն է, ինչ դու չես,- պատասխանեց Աստված:
- Այդ խավարից ես չե՞մ վախենա...- լացակումեց
Փոքրիկ Հոգին:
- Կվախենաս, եթե հենց վախենա՛լն ընտրես,- ասաց
Աստված,- Իրականում չկա այնպիսի բան, որից արժե վախենալ: Բայց եթե որոշես, որ
այդպիսի բան կա, ապա կսկսես հենց դրանից վախենալ: Տեսնում ես, չէ՞, ինքնե՛րս ենք
հորինում այդ ամենը: Ձևացնում ենք, թե հենց այդպես է, որ կա:
- Հա՜,- բացականչեց Փոքրիկ Հոգին և անհամեմատ լավ
զգաց իրեն:
Հետո Աստված բացատրեց, որ որպեսզի ինչ-որ բան
ճանաչվի կամ զգացվի, պետք է հայտնվի դրա ճիշտ հակադիր բանը: Կամ, այլ կերպ ասած,
եթե ուզում ես ինչ-որ բան զգալ, ապա ծնունդ ես
տալիս դրա հակադրությանը:
- Եվ դա մեծագույն շնորհ է,- ասաց Աստված,- քանզի
առանց դրա չէիր կարողանա որևէ բան ճանաչել կամ զգալ: Չես կարող իմանալ, թե ինչ է
Տաքը՝ առանց Ցրտի, Վերևը՝ առանց Ներքևի, Արագը՝ առանց Դանդաղի: Երբեք չէիր
կարողանա իմանալ, թե ինչ է Ձախը՝ առանց Աջի, Այստեղը՝ առանց Այնտեղի, Հիման՝ առանց
Անցածի: Այսպիսով,- շարունակեց Աստված,- երբ խավարով պատված կլինես, դեպի երկինք
բռունցք թափ չտաս, ձայնդ գլուխդ չգցես և չանիծես խավարը: Դրա փոխարեն՝ Լույս կտաս
խավարում և այդ առիթով գլուխդ չկորցնես: Այնժամ կիմանաս, թե Ով Ես Դու Իրականում,
և քեզ հետ եղածնե՛րն էլ դա կզգան: Թող քո Լույսն այնքան պայծառ փայլի, որ բոլոր
մյուսներն իմանան, թե որքա՜ն յուրօրինակ ես դու...
- Ուզում ես ասել, թե նորմա՞լ բան է, երբ ուրիշներն
իմանում են, որ դու յուրօրինակ ես,- հարցրեց Փոքրիկ Հոգին:
- Այդպե՛ս է անշուշտ,- ծիծաղեց Աստված,- նույնիսկ
շա՜տ նորմալ բան է... Բայց հիշիր, որ «յուրօրինակ»-ը չի նշանակում «ավելի լավ»:
Ամեն ոք յուրօրինակ է իր ձևով: Ընդ որում, շատերն արդեն հասցրել են մոռանալ այդ
մասին: Նրանք կհասկանան, որ առանձնահատուկ ու յուրօրինակ լինելը նորմալ բան է, եթե
տեսնեն, որ դու առանձնահատուկ լինելդ սովորական, ընդունված կարգ ես համարում:
- Ու՜խ, ինչ լավ է,- ասաց Փոքրիկ Հոգին և սկսեց
ուրախությունից պար գալ, ծիծաղել ու թռչկոտել,- ուրեմն ես կարող եմ առանձնահատուկ
ու յուրօրինակ լինել այնպես, ինչպես ինքս կկամենամ:
- Այո, և դու կարող ես հենց հիմա սկսել,- ասաց
Աստված և ինքն էլ սկսեց պարել, ծիծաղել ու թռչկոտել, որ Փոքրիկ Հոգին մենակ չլինի,-
բայց ո՞ր մասով ես ուզում առանձնահատուկ
ու յուրօրինակ երևալ:
- Ինչպե՞ս թե՝ որ մասով առանձնահատուկ ու յուրօրինակ,-
կրկնեց Փոքրիկ Հոգին,- չեմ հասկանում:
- Գիտե՞ս,- սկսեց բացատրել Աստված,- Լույս լինել՝
նշանակում է առանձնահատուկ լինել, իսկ առանձնահատուկ լինելը շատ մասեր է
պարունակում իր մեջ: Օրինակ՝ բարի լինել՝ առանձնահատուկ լինել է, քնքուշ լինել՝
առանձնահատուկ լինել է: Առանձնահատուկ լինելը նաև նշանակում է լինել ստեղծարար,
հնարագետ: Համբերատար լինելն էլ է առանձնահատուկ լինել նշանակում: Կարո՞ղ ես մի
ուրիշ եղանակ հորինել առանձնահատուկ լինելու համար:
Փոքրիկ Հոգին մի որոշ ժամանակ լուռ մնաց:
- Ես շա՜տ եղանակներ կարող եմ հորինել
առանձնահատուկ լինելու համար,- վերջապես բացականչեց նա,- Օրինակ՝ աջակցող լինելն
էլ է առանձնահատուկ բան, միշտ տվողի դերում լինելն էլ, բարյացակամ լինելն էլ:
- Այո՜,- համաձայնեց Աստված,- և դու կարող ես լինել
այդ բոլորը կամ առանձնահատուկի
ցանկացած ուրիշ մաս, որը կցանկանաս ընտել այս պահին: Հենց դա է այն, ինչը նշանակում
է Լույս լինել:
- Ես իմացա՜, թե ինչ եմ ուզում լինել, իմացա՜, թե
ինչ եմ ուզում լինել,- ուրախ բացականչեց Փոքրիկ Հոգին,- ես ուզում եմ առանձնահատուկի այն մասը լինել, որը
կոչվում է «ներող»: Ճիշտ է, չէ՞, որ ներող լինելն առանձնահատուկ լինել է
նշանակում:
- Օ՜, այո,- վստահորեն հաստատեց Աստված,- շա՜տ
առանձնահատուկ բան է դա:
- Լա՛վ ուրեմն,- վճռեց Փոքրիկ Հոգին,- հենց այդպիսին
եմ ուզում լինել. ուզում եմ լինել ներող: Ուզում եմ ինձ ճանաչել ներողի դերում:
- Շա՜տ լավ,- ասաց Աստված,- բայց կա մի բան, որի
մասին հարկ է, որ իմանաս:
Փոքրիկ Հոգին անհամբերության նշաններ ցույց տվեց:
Հիմա նրան թվում էր, թե ամեն քայլափոխի նոր բարդություններ են սպասվում իրեն:
- Իսկ դա ի՞նչ բան է,- հարցրեց նա հոգոց հանելով:
- Չկա որևէ մեկը, որին պետք լինի ներել:
- Ոչ ո՞ք...,- Փոքրիկ Հոգին դժվարանում էր հավատալ
լսածին:
- Ոչ ոք,- պատասխանեց Աստված,- այն ամենը, ինչ
ստեղծել եմ, կատարյալ է: Բոլոր այն հոգիների մեջ, ինչ ես ստեղծել եմ, չկա որևէ
մեկը, որն ավելի քիչ կատարյալ լինի, քան դու: Հապա մի շու՛րջդ նայիր:
Եվ հենց այդ պահին Փոքրիկ Հոգին գիտակցեց, որ չորսբոլորը
հոգիների մեծ խումբ է հավաքված: Նրանք եկել էին հեռվից՝ Արքայության տարբեր
անկյուններից, որովհետև բոլորին հայտնի էր դարձել, որ Փոքրիկ Հոգին անսովոր զրույց
է վարում Աստծո հետ, և նրանցից ամեն ոք ուզում էր իմանալ, թե այդ զրույցն ինչի
մասին է:
Նայելով հավաքված բազմաքանակ հոգիներին՝ Փոքրիկ
Հոգին ստիպված էր համաձայնել: Հոգիներից ոչ մեկը պակաս հրաշալի, պակաս հիասքանչ ու
կատարյալ չէր, քան ինքը: Այնքա՜ն զարմանահրաշ, այնքա՜ն պայծառ էր հավաքված
հոգիներից ճառագվող լույսը, որ Փոքրիկ Հոգին ստիպված էր կկոցել աչքերը, որպեսզի
կարողանար նրանց նայել:
- Դե հիմա ասա՛, ո՞ր մեկին ես ուզում ներել,-
հարցրեց Աստված:
- Այո՜,- ասաց Փոքրիկ Հոգին,- զվարճանալս երևի
չստացվի: Իսկ ես ուզում էի ճանաչել Այն, որ Ներող է: Ուզում էի իմանալ, թե ինչ
զգացողություն է առաջացնում, երբ հենց այդպե՛ս ես առանձնահատուկ լինում...
Եվ Փոքրիկ Հոգին սկսեց մտորել այն մասին, թե ինչ
զգացողություն է համակում քեզ, երբ տխուր ես լինում: Բայց հենց այդ պահին նրան
մոտեցավ Ընկերասեր Հոգին:
- Չարժե՜ տխրել, Փոքրի՛կ Հոգի,- ասաց Ընկերասեր
Հոգին,- ես քեզ կօգնեմ:
- Իսկապե՞ս,- պայծառացավ Փոքրիկ Հոգին,- իսկ ես
ի՞նչ պետք է անեմ դրա համար:
-Առանձնապես՝ ոչինչ: Ես պարզապես քեզ համար
կստեղծեմ մեկին, ում դու կկարողանաս ներել...
- Դու դա կարո՞ղ ես անել:
- Իհարկե,- ժպտաց Ընկերասեր Հոգին,- իմ հաջորդ
ծնվելուց հետո՝ իմ հաջորդ կյանքում, ես կանեմ այնպիսի մի բան, որ դու կարողանաս
ինձ ներել:
- Բայց ինչու՞... Ինչու՞ այդպիսի բան անես...,-
հարցրեց Փոքրիկ Հոգին,- Դու, որ կատարյալ Արարած ես, դու, որ թրթռում ես այնպես
արագ, որ Լույս է ծնվում՝ այնքա՜ն պայծառ, որ դժվար է քեզ նայելը... Ի՞նչը կարող է
քեզ ստիպել, որ դանդաղեցնես քո թրթռանքը, որպեսզի քո պայծառ լույսը խամրի ու
ծանրանա: Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի դու՝ Լույսդ, որ պարում ես աստղերի
շուրջ և Արքայությունում սլանում մտքի արագությամբ, կամենաս մուտք գործել իմ
կյանքի մեջ և այնքան ծանրանաս, որ կարողանաս ինչ-որ վատ բան անել:
- Պատասխանը շատ պարզ է,- ասաց Ընկերասեր Հոգին,-
ես այդպես կվարվեմ, որովհետև սիրում եմ քեզ:
Փոքրիկ Հոգին շատ զարմացավ, երբ լսեց նման
պատասխան:
- Չարժե՜ այդպես զարմանալ,- շարունակեց Ընկերասեր
Հոգին,- դու արդեն նման բան արել ես ինձ համար: Մի՞թե չես հիշում: Օ, քանի՜ անգամ
ենք մենք՝ ես ու դու, միասին պարել: Տարբեր դարագլուխների ընթացքում՝ դար դարի, մենք իրար հետ պարել ենք մեր պարը: Ողջ
ժամանակի ընթացքում, զանազան շատ վայրերում մենք խաղացել ենք երկուսով:
Մենք Ամեն Բան արդեն եղել ենք՝ Վերև և Ներքև, Աջ և
Ձախ: Եղել ենք Այստեղ և Այնտեղ, Ներկայում և Այն ժամանակ: Եղե՜լ ենք Այդ Ամենը:
Եղել ենք և՛ տղամարդ, և՛ կին, և՛ լավ, և՛ վատ: Երկուսս էլ արդեն եղել ենք և՛ զոհ,
և՛ չարագործ: Հանուն մեկս մյուսի՝ մենք բազմաթիվ անգամ նման ձևով արդեն վարվել
ենք: Եվ մեզնից ամեն մեկը մյուսի համար ճշգրիտ ու կատարյալ
հնարավորություն է ստեղծել, որպեսզի Դրսևորվենք ու Ճանաչենք, թե Ով Ենք Մենք
Իրականում:
- Այսպիսով,- շարունակեց բացատրել Ընկերասեր
Հոգին,- այս անգամ, այսինքն՝ հաջորդ կյանքում, ես կներկանամ քեզ որպես «վատ»: Իրոք
այնպիսի մի ահավոր բան կանեմ, որ դու կարողանաս հանձինս քեզ ճանաչել Նրան, Ով
Ներում է:
- Բայց ի՞նչ պիտի անես,- հարցրեց Փոքրիկ Հոգին փոքր-ինչ
նյարդայնանալով,- ի՞նչ պիտի անես, որ ինձ ահավոր երևա:
- Օ՜,- բացականչեց Ընկերասեր Հոգին,- մենք անպայման
մի բան կձեռնարկենք:
Դրանից հետո Ընկերասեր Հոգին լուրջ ու մտահոգ տեսք
ընդունեց ու շշնջաց.
- Բայց, գիտե՞ս, մի հարցում դու ճիշտ ես:
- Ո՞ր հարցում,- հետաքրքրվեց Փոքրիկ Հոգին:
- Ինձ իրոք հարկ կլինի դանդաղեցնել թրթիռներս,
որպեսզի ծանրանամ և կարողանամ քեզ համար անել այդ անվայել արարքը: Հարկ կլինի, որ
երևամ բոլորովին ոչ ինձ նման: Դրա համար էլ ուզում եմ քեզնից փոխադարձ
ծառայություն խնդրել:
- Ես ամեն ինչ կանե՜մ, ինչ որ կամենաս,- բացականչեց
Փոքրիկ Հոգին երգելով ու պար գալով:- Ուռա՜, Ես Ներո՜ղ կլինեմ, Ես Ներո՜ղ կլինեմ,-
սակայն շուտով նկատեց, որ Ընկերասեր Հոգին շարունակում է մտահոգ լռել:
- Եվ այսպես, ի՞նչ ես դու ուզում,- նորից հարցրեց Փոքրիկ
Հոգին,- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Դու ուղղակի հրեշտա՜կ ես, քանի որ համաձայնել
ես նման բան անել ինձ համար:
- Դե, իհարկե, Ընկերասեր Հոգին հենց հրեշտակ է, որ
կա...- նրանց զրույցին միջամտեց Աստված- Բոլորդ էլ հրեշտակներ եք: Միշտ հիշի՛ր. Ես
միշտ ձեզ մոտ եմ ուղարկում հրեշտակների, և ուրիշ ոչ ոքի՝ նրանցից բացի:
Եվ Փոքրիկ Հոգին անհամբերությամբ ուզում էր
անպայման մի բան արած լինել, որ բավարարի Ընկերասեր Հոգու ցանկությունը:
- Դե, ասա՛, ի՞նչ կարող եմ անել քեզ համար,- կրկնեց
հարցը նա:
- Երբ ես կսկսեմ քեզ ցավ պատճառել,- ասաց Ընկերասեր
Հոգին,- ավելի ճիշտ՝ այն պահին, երբ ես արած կլինեմ այն ամենաահավոր բանը, ինչ դու
կարող ես պատկերացնել... Այ, հենց այդ պահին...
Ընկերասեր Հոգին մի պահ լուռ ու աղաչական հայացքով
նայեց Փոքրիկ Հոգուն, ապա վերջապես արտահայտեց իր խնդրանքը.
- ...Այդ պահին, խնդրու՜մ եմ, հիշիր, թե Ով Եմ Ես
Իրականում:
- Օ, իհա՜րկե,- պատրաստակամ բացականչեց Փոքրիկ
Հոգին,- Ես խոստանու՛մ եմ: Ես միշտ Քեզ կհիշեմ այնպիսին, ինչպիսին տեսնում եմ
այստեղ և այժմ:
- Լա՛վ ուրեմն,- ասաց Ընկերասեր Հոգին,- թե չէ,
գիտե՞ս բանն ինչ է. երևի ես այնքան ուժգին ջանք կթափեմ «վատ» երևալու համար, որ
ամենայն հավանականությամբ իսպառ կմոռանամ, թե Ով Եմ Իրականում: Եվ եթե դու չհիշեցնես,
թե Ով Եմ Ես Իրականում, ես երկար ժամանակով ինքս ինձ կմոռանամ: Իսկ երբ իսպառ
մոռանամ, թե Ով Եմ Ես, արդեն ինքդ էլ կմոռանաս, թե Ով Ես Դու, և մենք երկուսով անդարձ
կմոլորվենք: Հետո հարկ կլինի, որ գա ևս մի Հոգի, որպեսզի հիշեցնի, թե Ով Ենք Մենք
Իրականում:
- Չէ, չէ՜, հաստատ դրա կարիքը չի լինի,- կրկին
խոստացավ Փոքրիկ Հոգին,- ես անպայման կհիշեցնեմ, թե Ով Ես Դու... Եվ ես երախտապարտ
կլինեմ քեզ այն շնորհի համար, որ դու կպարգևես ինձ՝ ճանաչել և զգալ, թե Ով Եմ Ես:
Համաձայնությունը կայացավ, և Փոքրիկ Հոգին ընթացավ
դեպի իր նոր կյանքը՝ հրճվելով այն մտքից, որ ինքը Լույս կլինի. դա արդե՛ն իսկ շատ առանձնահատուկ բան էր, և կրկնակի ուրախալի էր այն, որ ինքը
կկարողանա լինել այդ առանձնահատուկի
հենց այն մասը, որը Ներում է կոչվում:
Եվ Փոքրիկ Հոգին անհամբերությամբ սպասում էր, թե
երբ հնարավորություն կունենա ճանաչելու և զգալու Ներումը և իր երախտագիտությունը
հայտնելու այն հոգուն, որն իր համար դա հնարավոր կդարձնի:
Եվ իր այդ նոր կյանքի ամեն պահին, երբ բեմում հայտնվում էր որևէ նոր հոգի՝
Փոքրիկ Հոգու համար իր հետ բերելով ուրախություն կամ տխրություն, և առանձնապես այն դեպքերում, երբ դա հենց
տխրությունն էր լինում, Փոքրիկ Հոգին միշտ հիշում էր այն, ինչ իրեն ասել էր
Աստված.
- Միշտ հիշիր,- ժպտալով ասել էր Աստված,- Ես միշտ
ուղարկում եմ հրեշտակների, և ուրիշ ոչ ոքի՝ նրանցից բացի:
---
Այսօրվա ձեր ընտրությամբ է որոշվում այն կյանքը,
որով կապրեք վաղը...
(Թարգմանություն ռուսերենից՝ անգլերենի
համեմատությամբ - Խ.Մ.)
среда, 28 марта 2012 г.
Ազատ բանաստեղծություն՝ գրված «մոդեռն» բանաստեղծների ոճով և նրանց համար
Բոլոր պոետները հիմա
Երկու ԴՆԹ ունեն.
Մեկը՝ բջջային,
Մյուսը՝ համացանցում:
Երբ կրկին «լույս տեսնեն»,
Կթարմացնենք նախկին
ԴՆԹ-ները՝
Ինչպես բջջային,
Այնպես էլ համացանցի:
Ոմանք դա կանեն բաց-շղթայազերծ,
Այսինքն՝ «բեսպրեձել»,
Ոմանք էլ՝ աստծո տված
Ներքին ռիթմ ու հանգով:
Առաջիններին կնկատեն ու կփայփայեն
Պետական այրերն ու «ԶուԼուՄ»-ները՝
Ըստ իրենց պատկերի և նմանության,
Իսկ երկրորդներին՝
Աստված գիտի, թե ով
Աստծուց բացի:
Նորահայտ եվրո-հաճոյախոսություններ
ա) վերին խավի համար
Մեր Նախարարը
Նախարար ունենք՝ աշխարհը չունի
(Թե՞ աշխարհն ունի՝
հայն է, որ չունի
իր նախարարը):
Բարձր խավից է, կիրթ է, գիտուն է,
Նաև անկախ է
(Թե՞ իր աթոռի կայունությունը
համաշխարհային բանկից առկախ է):
Հնարամիտ է, նաև պրպտուն,
Մատը միշտ խառը
(Թե՞ էլ ավելի վերև է ձգտում
մեր նախարարը):
Եկեք չշտապենք.
Տեսնենք կդառնա՞ մի օր վարչապետ,
Հետո՝ նախագահ
(Երբ դրա պատեհ ժամանակը գա):
...Մինչ այդ, հանդուրժենք այն եվրո-ճառը,
Որ հա՛ կարդում է մեր նախարարը
(Դե, հայի աչքին միշտ անսխալ ու
Ճիշտ է օտարը,
որքան էլ լինի տխմար ու սառը):
բ) ստորին խավի համար
«Շատ սեքսուալ տեսք ունեք...»
Ջանում եք, որ շատ սեքսուա՞լ երևաք.
Այսինքն թե՝ անառագաստ մի նավակ:
Կհասնե՞ք դուք երջանկության ձեր ափը,
Թե չզսպեք սեքսապատառ ձեր թափը:
Ըստ մարմնահաճ առուծախի ձեր վարքի՝
Կվերածվեք շուտով քայլող դիակի
Եվ, որքան էլ թաքցնեք ձեր տարիքը,
Չեն զգա ձեր թոշնած սեքսի կարիքը:
Ցավալի է, բայց այդպես է, ի՜նչ արած,
Կհայտնվեք «քուչում» դատարկ, շիվարած,
Կյանքի հաջորդ կեսում «բոմժ» ու մուրացկան՝
Անցորդների գութը շարժող ու լացկան:
գ) ընդհանրապես ասած՝
Հայն ու Եվրոպան
Եղբա՜յր, ինչո՞ւ մեզ Եվրոպա հանել`
Ներարկելով մեզ օտար, սուտ բաներ.
Չէ՞-որ հայերին հենց այն է պահել,
Ինչը հայինն է ու հայկական է:
Չեմ ասում լինենք շատ ավանդապաշտ`
Կառչած դուդուկից, պասուց տոլմայից,
Կամ հակառակը` ուրբանենք մի դաշտ
Ու դարձնենք հեռու գյուղերն ամայի:
Ահա գալիս են` մեզ ուսուցանեն…
Թող գա՛ն, օգու՜տ է, տուրիստ են համ էլ.
Մինչ «առաջավոր» փորձն իրենց ցանեն,
Ձեռքն ինչքան հասնի, մերոնք կքամեն:
Կամ թե ի՞նչ անի գովազդը հային,
Եթե գեներով վաճառական է.
Մինչ եվրոպացին գովազդով շոյի,
Հայի օգուտը վաղուց գրպանն է:
Գալիս են դրսից, ուռկան են գցում,
Խայծն էլ այն է, որ լողում են փողում…
– Շա՜տ միամիտ եք հայերիս հարցում,
Լարախաղաց եք սատանի թաղում:
Նույն բանը հայը ծամոնո՛վ կանի,
Ինչ եվրոպացին` մի «դափոն փողով».
Մինչ նա օրենքով օգուտն իր հանի,
Հայը հանում է… «առանձին տողով»:
Կամ, եթե սարք կա, ուղեցույց չկա,
Եվրոպացին ձիգ կկանգնի կողքին,
Իսկ թե ոչ սարք կա, ոչ ուղեցույց կա,
Չեղած մի սարք էլ հայը կսարքի:
Այդպե՛ս է հիմա, ի՞նչ անենք, եղբա՛յր,
Արարել Արան մեզ Արարատում:
Ինչքան էլ շիտակ լինի Եվրոպան,
Զիգզագ սար ենք մենք, մեզ «չի՛ դզրտում»…
Ծուռ ենք ու զիգզագ սարի պես մեր սուրբ,
Ներսից հարուստ ենք, իսկ դրսից աղքատ.
Դուք մոդեռն եք ձեր բիզնեսի հարցում,
Հայն էլ սուր է շատ ու նրբանկատ:
Գիտե՜նք ինչն է ձեզ մեր երկիր քաշում`
Հինավուրց Այգին, լեռներն եք հիշում
Եվ այցի գալիս հարթ հեռուներից…
- Ողջու՜յն հարթածալք այցելուներին:
Ավա՜ղ, ձեր հիշած Եդեմը հիմա
Օտար է և մեզ, փշոտ ու ավեր…
Փոքր ինչ կողք անցեք` այնտեղ կիմանան,
Ինչ մոռացել եք, մի բան էլ ավել:
Չէ՞-որ նրանք էլ հարթ տեղերից են
Հողմի պես մտել Եդեմի այգի,
Եվ հիմա սրտանց ուզում են, կարծեմ,
Հարթ Եվրոպայում լինել ձեր կողքին:
Գառ են դառել թե դիմակ են հագել,
Բայց ասում են, թե նախկին հայեր են.
Այնպես որ հիմա դժվա՜ր է ջոկել,
Թե ով է Աբել, և թե ով Կայեն:
Ջահել մի սարդի տարատեսակ էլ
Այգու այս մասն է ոստայնել ուզում.
Ելանք ազգովին, ուզեցինք փրկել,
Իսկ ձեր մեջ չեղավ և ոչ մի հուզում:
Է՜հ, Աստված քեզ հետ, ազա՛տ Եվրոպա,
Առաջատարն ես համամարդկային,
Բայց հիշի՛ր, խնդրեմ, երբ ելար ճամփա,
Մի ջոկատն էիր Արամ արքայի:
Ներարկելով մեզ օտար, սուտ բաներ.
Չէ՞-որ հայերին հենց այն է պահել,
Ինչը հայինն է ու հայկական է:
Չեմ ասում լինենք շատ ավանդապաշտ`
Կառչած դուդուկից, պասուց տոլմայից,
Կամ հակառակը` ուրբանենք մի դաշտ
Ու դարձնենք հեռու գյուղերն ամայի:
Ահա գալիս են` մեզ ուսուցանեն…
Թող գա՛ն, օգու՜տ է, տուրիստ են համ էլ.
Մինչ «առաջավոր» փորձն իրենց ցանեն,
Ձեռքն ինչքան հասնի, մերոնք կքամեն:
Կամ թե ի՞նչ անի գովազդը հային,
Եթե գեներով վաճառական է.
Մինչ եվրոպացին գովազդով շոյի,
Հայի օգուտը վաղուց գրպանն է:
Գալիս են դրսից, ուռկան են գցում,
Խայծն էլ այն է, որ լողում են փողում…
– Շա՜տ միամիտ եք հայերիս հարցում,
Լարախաղաց եք սատանի թաղում:
Նույն բանը հայը ծամոնո՛վ կանի,
Ինչ եվրոպացին` մի «դափոն փողով».
Մինչ նա օրենքով օգուտն իր հանի,
Հայը հանում է… «առանձին տողով»:
Կամ, եթե սարք կա, ուղեցույց չկա,
Եվրոպացին ձիգ կկանգնի կողքին,
Իսկ թե ոչ սարք կա, ոչ ուղեցույց կա,
Չեղած մի սարք էլ հայը կսարքի:
Այդպե՛ս է հիմա, ի՞նչ անենք, եղբա՛յր,
Արարել Արան մեզ Արարատում:
Ինչքան էլ շիտակ լինի Եվրոպան,
Զիգզագ սար ենք մենք, մեզ «չի՛ դզրտում»…
Ծուռ ենք ու զիգզագ սարի պես մեր սուրբ,
Ներսից հարուստ ենք, իսկ դրսից աղքատ.
Դուք մոդեռն եք ձեր բիզնեսի հարցում,
Հայն էլ սուր է շատ ու նրբանկատ:
Գիտե՜նք ինչն է ձեզ մեր երկիր քաշում`
Հինավուրց Այգին, լեռներն եք հիշում
Եվ այցի գալիս հարթ հեռուներից…
- Ողջու՜յն հարթածալք այցելուներին:
Ավա՜ղ, ձեր հիշած Եդեմը հիմա
Օտար է և մեզ, փշոտ ու ավեր…
Փոքր ինչ կողք անցեք` այնտեղ կիմանան,
Ինչ մոռացել եք, մի բան էլ ավել:
Չէ՞-որ նրանք էլ հարթ տեղերից են
Հողմի պես մտել Եդեմի այգի,
Եվ հիմա սրտանց ուզում են, կարծեմ,
Հարթ Եվրոպայում լինել ձեր կողքին:
Գառ են դառել թե դիմակ են հագել,
Բայց ասում են, թե նախկին հայեր են.
Այնպես որ հիմա դժվա՜ր է ջոկել,
Թե ով է Աբել, և թե ով Կայեն:
Ջահել մի սարդի տարատեսակ էլ
Այգու այս մասն է ոստայնել ուզում.
Ելանք ազգովին, ուզեցինք փրկել,
Իսկ ձեր մեջ չեղավ և ոչ մի հուզում:
Է՜հ, Աստված քեզ հետ, ազա՛տ Եվրոպա,
Առաջատարն ես համամարդկային,
Բայց հիշի՛ր, խնդրեմ, երբ ելար ճամփա,
Մի ջոկատն էիր Արամ արքայի:
вторник, 27 марта 2012 г.
Կիմ Մայքլզ - Հիսուսի պատասխանը Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցի առնչությամբ
12
մարտի, 2010 թ.
Հարց – 2010 թ-ի մարտ ամսին Միացյալ
Նահանգների Կոնգրեսի Հանձնաժողովը քվեարկության դրեց Օսմանյան Թուրքիայում Առաջին
համաշխարհային պատերազմի ավարտին 1-1,5 միլիոն հայերի կոտորածը որպես
ցեղասպանություն ճանաչելու հարցը: Մեկ շաբաթ անց շվեդական Պառլամենտը նույն քայլին
դիմեց: Ներկայիս Թուրքիան անփոփոխ կերպով ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել,
թեև ընդունում է, որ չարագործություններ եղել են: Թուրքիան փորձեց ճնշում
գործադրել ամերիկյան Կոնգրեսի և շվեդական Պառլամենտի վրա, որպեսզի այդ
իրադարձությունները Ցեղասպանություն չճանաչվեն և հիմա էլ ԱՄՆ-ից ու Շվեդիայից հետ
է կանչել իր դեսպաններին, ըստ երևույթին՝ որպես պատասխան վրեժխնդրության քայլ:
Կուզենայի իմանալ՝ Հիսուս որևէ մեկնաբանություն կտա՞ այս հարցի վերաբերյալ:
Պատասխան – Ես իրոք որոշ
մեկնաբանություններ կտամ, բայց թույլ տվեք նախ սկսել հարցի բուն էությունից՝ «Ինչու՞
է Թուրքիայի ժամանակակից պետությունը դեմ այդ իրադարձությունները որպես
ցեղասպանություն ճանաչելուն»:
Թուրքիան չի վիճարկում, որ մեծ քանակությամբ քրիստոնյա հայեր են սպանվել (թեև
վիճարկում է այն թվերը, որ բերվում են մնացած երկրների մեծ մասից): Թուրքիան նաև
չի վիճարկում, որ այդ սպանությունները կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում,
որն իր գոյությունն ավարտել է 1922 թվականին: Այդ կայսրության կենտրոնում հիմա
Թուրքիան է, և հանրահայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը (պաշտոնապես հռչակվել է
1923-ին) Օսմանյան կայսրության իրավահաջորդն է:
Հարցի էությունն այս է. «Արդյո՞ք հիմա՝ 2010 թ-ին, ժամանակակից Թուրքիայի
պետությունը դեռևս շարունակում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինել, թե՞
այնպիսի ժամանակակից պետություն է դարձել, որ արժանի է մտնելու Եվրոմիության կազմի
մեջ: Ինչպե՞ս է այսօրվա Թուրքիան դիտում ինքն իրեն, ինչպիսի՞ն է նրա ազգային դիրքորոշումը»:
Եթե ժամանակակից Թուրքիան իր գիտակցությամբ գերազանցել է Օսմանյան
կայսրությանը, ապա ինչու՞ է ամեն կերպ ընդդիմանում հայերի կոտորածները որպես
ցեղասպանություն ճանաչելուն: Եթե ժամանակակից Թուրքիան այլևս իրեն չի նույնացնում
Օսմանյան կայսրության հետ, ապա ի՞նչ տարբերություն նրա համար, թե ինչ
ցեղասպանություն է տեղի ունեցել մի կայսրությունում, որն արդեն պատկանում է մեռած
ու հեռավոր անցյալին: Այս հարցն անտեղի կհնչեր, եթե Թուրքիան գերազանցած լիներ իր
անցյալի գիտակցությունը:
Ուստի հարցը իրականում հետևյալն է. «Թուրքիան գերազանցե՞լ է իր անցյալի գիտակցությունը,
թե՞ դեռևս կառչած է մնում իր հզորության ու գերազանցության զգացողությանը, որը
երկար հարյուրամյակների ընթացքում ունեցել է Օսմանյան կայսրությունը:
Որևէ մեկը լրջորեն չէր մեղադրի ժամանակակից Թուրքիային ցեղասպանության համար
ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք լրջորեն չի մեղադրում ժամանակակից Գերմանիային հոլոքոստի
համար: Սակայն բանն այն է, որ ժամանակակից Գերմանիան անհամեմատ ավելի մեծ չափով է
գերազանցել իր ազգայնամոլական անցյալի գիտակցությունը, քան ժամանակակից Թուրքիան՝
իր օսմանյան անցյալի գիտակցությունը:
Հասկանում եմ, շատ մարդիկ կուզենային, որ գերմանական ազգը հավերժ իրեն մեղավոր
զգա ազգայնամոլական Գերմանիայում տեղի ունեցածի համար: Բայց ինչպես նախկինում
բացատրել եմ, մենք՝ Համբարձյալ Դասերս, որևէ ցանկություն չունենք անհատներին կամ
որևէ ազգի տեսնել անցյալի մեջ լռված: Մենք կամենում ենք, որ Երկրի ամբողջ կյանքը
գերազանցի իր անցյալը, և դա ի՞նչ է նշանակում. հոլոքոստը տեղի է ունեցել այն
պատճառով, որ գերմանական ազգն այն ժամանակ գտնվում էր իր գիտակցության որոշակի
վիճակում: Հենց դա էր հոլոքոստի պատճառը, այլ ոչ թե այն երկիրը, որտեղ այդ դեպքերը
տեղի են ունեցել, և ոչ էլ նույնիսկ այն առանձին մարդիկ, որոնք իրենց մասնակցությունն
էին ունեցել այնժամանակվա զանգվածային
գիտակցության ձևավորման գործում:
Բանն այն է, որ հենց որ իրադարձությունն ավարտվում է, կարևոր հարց է ծագում.
որքանո՞վ են առանձին մարդիկ և տվյալ ազգի կամ խմբի հոգեկան կերտվածքը հակված
գերազանցելու այն գիտակցությունը, որը հանգեցրել է այդ իրադարձությանը: Մինչև այժմ
էլ կան մարդիկ, որոնք մարմնավորվել էին ազգայնամոլական Գերմանիայում և դեռ չեն
գերազանցել իրենց այնժամանակվա գիտակցությունը: Սակայն նրանց մեծ մասն այլևս չի
մարմնավորվում Գերմանիայում (մարմնավորվում են Իսրայելում, ինչը տիեզերական
արդարության դրսևորում է): Այսպիսով, ցանկացած չեզոք դիտորդի համար պարզ է, որ
գերմանական ազգը նշանակալիորեն գերազանցել է այն գիտակցությունը, որը ազգայնամոլություն
ու հոլոքոստ է ծնել, թեև, անշուշտ, ավելի մեծ ամոքիչ աշխատանքն առավել
կառուցողական կլիներ ինչպես Գերմանիայի, այնպես էլ եվրոպական միության համար:
Սակայն նույնքան էլ պարզ է, որ ժամանակակից Թուրքիան բավարար չափով չի
գերազանցել իր օսմանյան անցյալի գիտակցությունը:
Եթե գերազանցեր, ապա հայերի ջարդը ցեղասպանություն ճանաչելը կդադարեր որևէ
նշանակություն ունենալ ժամանակակից թուրքերի համար: Նաև նրանց պետությունն իրենց
դեսպաններին հետ կանչելու տհաս որոշումներ չէր կայացնի, երբ մյուս ազգերը
չենթարկվեին Թուրքիայի ճնշմանը և չգնային զիջումների:
Եթե գերազանցեին անցյալի գիտակցությունը, ապա Թուրքիան պարզապես կճանաչեր
ցեղասպանությունը և առաջ կընթանար: Դա տեղի չունեցավ այն պատճառով, որ ներկայիս
Թուրքիայում դեռևս մարմնավորվում են շատ
մարդիկ, որոնք Օսմանյան կայսրության ժամանակներում առաջնորդների դեր էին կատարում:
Նրանք դեռևս իրենցից չեն թոթափել հզոր և կարևոր պետության առաջնորդներ լինելու
ցանկությունը և դեռևս փորձում են նպաստել իրենց երազանքի իրականացմանը՝
ժամանակակից Թուրքիա պետությունը պահելով պատանդի վիճակում: Իհարկե, Թուրքիայում
շատերը կան, որոնք ուզում են, որ իրենց երկիրը կարևոր դեր խաղա միջազգային
թատերաբեմում, ուստիև չեն կարողանում ընկալել Թուրքիայի նոր կերպարը՝ որպես
միջազգային համակեցության հավասար անդամ:
Սա հիշեցնում է իմ սեփական աշակերտներին, որոնք իմ հեռանալուց հետո պայքարում
էին մյուսների մեջ գլխավոր ճանաչվելու համար: Գերազանցության այդ երեխայական խաղը՝
անկյալ էակների կռիվը, շարունակվել է այնքան երկար, որ զարմանալի է, երբ երևէ մեկը
դեռևս կարող է համարել, թե արժե դրա համար սպանել կամ մեռնել: Բայց հենց այդ խաղի
հետևում կանգնած գերազանցության գիտակցությունն է, որ հող է նախապատրաստում
ցանկացած ցեղասպանության համար: Քանզի նման գիտակցությունը պատրաստ է լինում իր
գերազանցության երազանքին հասնելու ճանապարհին դիմել համարյա ամեն մի միջոցի, այդ
թվում նաև՝ կոտորել մարդկանց մեծ խմբերի, որոնք, թվում է, վտանգում են իրենց
երազանքի իրականացումը:
Այդ առումով պետք է նշել, որ Թուրքիայի գլխավոր առարկությունն այն է, որ,
համաձայն միջազգային իրավունքի, նախքան ցեղասպանություն ճանաչվելը՝
իրադարձությունը պետք է բավարարի երկու պահանջի: Առաջինն այն պետք է լինի, որ տեղի
են ունեցել զանգվածային սպանություններ, և երկրորդ՝ որ առկա են որոշակի խմբի
պատկանող մարդկանց ոչնչացնելու կանխամտածված դիտավորության ապացույցներ: Իսկ քանի
որ Օսմանյան կայսրության առաջնորդների նման դիտավորություն ունենալու ապացույցները
բացակայում են (քանի որ նրանք ոչնչացրել են իրենց այդ մտադրությունների
ապացույցները), ապա Թուրքիան պնդում է, որ այդ իրադրարձությունը ցեղասպանություն
չի եղել:
Իմ հաջորդ մեկնաբանությունն այն է, որ ցեղասպանության ընդունված սահմանումը
բնորոշ է օրինաստեղծների այնպիսի գիտակցությանը, որը ես դատափետում էի՝ ասելով, որ
նրանք թաքցնում են Գիտելիքի Բանալին: Գիտելիքի Բանալին Քրիստոսի զանազանումն է,
որով միշտ հնարավոր է իմանալ, թե ինչն է իրական և ինչը՝ անիրական: Օրինաստեղծները
ներկայացնում են անկյալ գիտակցություն, որը Քրիստոսին թույլ չի տալիս մուտք գործել
աշխարհ, որպեսզի որևէ միջոց չլինի որոշելու, թե ինչն է իրական և ինչը՝ ոչ: Նրանք
գիտեն, որ քանի որ Երկրի մյուս բոլոր մարդկանցից խելոք են, ապա վեճում միշտ կհաղթեն
կամ, ծայրահեղ դեպքում, այն չեն շարունակի մինչև վերջ:
Դրանից զատ, ես պետք է նշեմ նաև, որ ցեղասպանության ներկայիս սահմանումն
արհեստական է և չափազանց նեղ: Այն պետք է վերաբերվի ո՛չ միայն այն մարդկանց
խմբերին, որոնք առանձնանում են ըստ արտաքին առանձնահատկությունների, ինչպիսիք են՝
ռասայական, էթնիկական պատկանելիությունը կամ կրոնը: Իոսիֆ Ստալինը 21 միլիոն
ռուսաստանցիների ցեղասպանություն է իրականացրել: նրանք չէին պատկանում որևէ
առանձին էթնիկական, կրոնական, ռասայական կամ տնտեսավարական խմբի: Դաժան փաստ է՝
Ստալինը սպանում էր յուրաքանչյուրին, ով այս կամ այն չափով խոչընդոտում էր իր
իշխանությունը: Այդպիսով, Ստալինը ցեղասպանություն իրականացրեց բոլորի նկատմամբ,
ովքեր ստեղծագործական կարողություն ունեին կամ հարգում էին հիմնարար սկզբունքները,
այսինքն՝ հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք ունակ են պետականություն կառուցել: Եվ
հենց այդ պատճառով էր, որ Խորհրդային Միությունն անկենսունակ գտնվեց, և նույն
պատճառով է, որ ժամանակակից Ռուսաստանն ամեն կերպ ջանում է վեր բարձրանալ իր ոչ կառուցողական
անցյալից (ևս մի երկրի օրինակ, որը բավարար չափով չի գերազանցել իր անցյալի
գիտակցությունը):
Ես նաև կուզենայի հիշատակել, որ կա սովորաբար չընդունվող մի պատճառ, որը
նույնպես դուրս է մնացել Ցեղասպանության ներկայիս սահմանումից: Մարդիկ կան, որոնք
չեն ուզում, որ իրադարձությունները չափազանց հեշտ ճանաչվեն որպես ցեղասպանություն:
Պատճառն այն է, որ եթե համաշխարհային շատ իրադարձություններ ցեղասպանություն
ճանաչվեն, ինչպես որ պետք է լինի, ապա, ինչպես կարծում են այդ մարդիկ, իրենց
«սիրելի» իրադարձությունը՝ հոլոքոստը, կզրկվի ցնցող ազդեցությամբ ուշադրության
կիզակետում լինելու մենաշնորհից: Աշխարհում այսօր կան մարդիկ, որոնք ուզում են
այնպիսի պայմաններ ստեղծել, որ հրեաների հոլոքոստը մշտապես մնա միակ ամենաահավոր չարագործությունը,
որը երբևէ գործվել է մարդկանց որոշակի խմբի նկատմամբ: Ինչպես մենք պարզեցինք
Իսրայելում, դրանք հենց այն մարդիկ են, որոնք տառապում են մյուսներից ավելի բարձր
լինելու ցանկությամբ համակված գիտակցությամբ:
Գիտեմ, որ պարադոքս կթվա, բայց հենց այն մարդիկ, որոնք հոլոքոստ
կազմակերպեցին, այժմ ուզում են, որ այն մնա ամենասահմռկեցուցիչ չարագործությունը:
Բայց այն մարդիկ, ովքեր սկսել են տեսնել դուլիստական գիտակցության պարադոքսային
բնույթը, կարող են նշմարել նաև այն գործի գցող մեխանիզմը: Գոյություն ունի անկյալ
գիտակցության տարր, որը ձգտում է մյուսների նկատմամբ իշխանություն ունենալ և
ցանկանում է, որ այդ իշխանությունը ճանաչված լինի ամենաբարձր աստիճանով: Նրանք,
ովքեր իրականացրին հոլոքոստը, իշխանության վիթխարի զգացողություն ունեցան, երբ
կարողացան նման իրադարձություն կազմակերպել: Եվ էլի ուզում են շարունակել այդ
իշխանությամբ հիանալը, քանի դեռ Երկրի վրա են. իսկ դա այնքան էլ երկար չի տևի:
Եվ այսպես, Թուրքիային իմ խորհուրդը հետևյալն է (որին, հավանաբար,
մուսուլմանական այդ տարածաշրջանում ոչ ոք ականջ չի դնի). պարզապես դադարեցրե՛ք
վիճաբանական քննարկումները և միջազգային հանրությանը թույլ տվեք անել այն, ինչ
ուզում է անել: Դրա փոխարեն կենտրոնացեք բավականին էական նշանակություն ունեցող
անցման վրա՝ գիտակցության մեջ և կազմակերպական գործերում, որոնք Թուրքիային
անհրաժեշտ են, որպեսզի մտնի Եվրոմիության մեջ և դառնա միջազգային հանրության
հավասար անդամ: Որքան շատ ցուցադրեք անցյալի գիտակցությունից վեր կանգնելու ձեր
պատրաստակամությունը, այնքան ավելի անհարկի կդառնա այն, ինչ տեղի է ունեցել
Օսմանյան կայսրության ժամանակներում, կամ այն, ինչն այսօր նման բնորոշում է ստանում:
Պատրաստ եղեք վերածնվելու: Անշուշտ, վերածնվելուց առաջ հարկ կլինի թույլ տալ,
որ մեռնի հին ինքնորոշումը: Եվ, հնարավոր է, հենց դա է այն, ինչին իրականում
դիմադրում եք:
Պարզապես մեռցրե՛ք նախկին Թուրքիան...
Թարգմանություն
ռուսերենից, ռուսերեն տարբերակն՝ այստեղ
понедельник, 26 марта 2012 г.
Աստվածամորը նվիրված տաղեր և ձոներ հայ քնարերգության մեջ
Անահիտ Աստվածամայր
Մարիամ Աստվածածին
Հայ-արիական Աստվածամայր Անահիտը և Հիսուսի մայր Մարիամ Աստվածածինը նույնական են, այսինքն՝ նրանք միևնույն տիեզերական Հոգու երկու տարբեր մարմնացումներն են:
Խիստ ցավալի է, որ հայտնի պատճառներով մեզ չեն հասել Անահիտ Աստվածամորը նվիրված հայալեզու տաղեր և գովքեր:
Այստեղ փորձել եմ ի մի բերել Մարիամ Աստվածածնին նվիրված հայ տաղերգության նմուշներ՝ չհավակնելով, իհարկե, որ ընդգրկել եմ ամբողջ եղածը:
Подписаться на:
Сообщения (Atom)


