пятница, 30 марта 2012 г.

Նիլ Դոնալդ Ուոլշ - Փոքրիկ Հոգին և Արևը


Կար-չկար, ժամանակից անդին մի Փոքրիկ Հոգի կար: Այս Փոքրիկ Հոգին մի անգամ եկավ և ասաց Աստծուն.
- Ես գիտե՜մ, թե ով եմ ես...
- Հա՞... Հրաշալի՜ է,- ասաց Աստված,- և ո՞վ ես դու:
Փոքրիկ Հոգին բացականչեց.
- Ես Լու՜յս եմ...
Աստված ժպտաց իր մեծ ժպիտով.
- Ճշմարիտ է... Դու Լու՜յս ես:
Փոքրիկ Հոգին շատ երջանիկ էր, որովհետև հասկացել էր մի բան, որը բոլոր հոգիները վաղ թե ուշ հասկանում են՝ մտնելով Աստծո Արքայութուն:
- Ու՜խ, ինչ լավ է,- ասաց Փոքրիկ Հոգին,- իրոք հրա՜շք է սա...
Բայց շուտով նրան անբավարար թվաց միայն այն իմանալը, թե ով է ինքը: Փոքրիկ Հոգին զգաց, թե ինչպես է իր մեջ ցանկությունների նոր ալիք բարձրանում: Հիմա նա ուզում էր իրապես լինել այն, ինչ կար: Ուստի Փոքրիկ Հոգին որոշեց նորից վերադառնալ Աստծո մոտ (ինչն ինքնին այնքան էլ վատ գաղափար չէ այն հոգիների համար, որոնք ուզում են լինել այն, ինչ Իրականում Կան):
Եվ այսպես, Փոքրիկ Հոգին եկավ և ասաց.
- Ողջու՜յն, Աստված... Հիմա երբ գիտեմ, թե Ով Եմ Ես, կարո՞ղ եմ հենց դա լինել...
Աստված հարցրեց.
- Ուզում ես ասել, թե կամենում ես լինել Այն, ինչ Արդեն Կա՞ս:
- Դե, գիտե՞ս ինչ,- ասաց Փոքրիկ Հոգին,- մի բան է իմանալ, թե Ով Եմ Ես, և բոլորովին այլ բան՝ հենց այդ լինելը: Ես ուզում եմ շոշափել ու զգալ, թե ինչ բան է Լույս լինելը...
- Բայց դու արդե՛ն իսկ Լույս ես,- նորից ժպտալով ասաց Աստված:
- Այո՛, բայց ես ուզում եմ դա իմանալ՝ զգալո՜վ...,- սրտնեղեց Փոքրիկ Հոգին:
- Դե լավ, լավ,- ծիծաղեց Աստված,- Ես պետք է որ դա գլխի ընկնեի: Դու միշտ էլ աչքի ես ընկել քո արկածասիրությամբ.- Աստված դեմքին լրջություն տվեց,- միայն, գիտե՞ս ինչ, այսպիսի մի բան կա...
- Ի՞նչ,- հետաքրքրվեց Փոքրիկ Հոգին:
- Չկա ուրիշ որևէ բան, բացի Լույսից: Տեսնում ես, էլի... Ես արարել եմ միայն այն, ինչ դու կաս: Արդյունքում ստացվում է, որ քեզ չի վիճակվի հեշտ ճանապարհով ճանաչել, թե Ով Ես Դու: Ախր, գոյություն չունի ուրիշ մի բան, որ դու չլինես:
- Հը՜ը՜մ...,- հառաչեց Փոքրիկ Հոգին՝ մտածմունքի մեջ ընկնելով:
- Ահա, ի՛նքդ մտածիր,- ասաց Աստված,- Արևի ճաճանչների մեջ դու փոքրիկ մոմի ես նման: Դու լույս ես տալիս միլիոնավոր, տրիլիոնավոր, անթիվ անհամար ուրիշ մոմերի հետ մեկտեղ, որոնք կազմում են Արևը: Բայց առանց քեզ՝ արևն Արև չէր լինի, չէ՞: Եթե հանկարծ փորձեր առանց թեկուզ այդ մոմերից որևէ մեկի նորմալ Արև լինել, ապա չէր ստացվի, որովհետև արդեն չէր փայլի իր ամբողջ պայծառությամբ: Եվ հիմա տես, թե ինչ բարդ խնդիր է ստացվում՝ ինքդ քեզ ճանաչել որպես Լույս, երբ գտնվում ես Լույսի հենց կենտրոնում: Բա՜րդ խնդիր  է, չէ՞...
- Բայց չէ՞-որ Աստվածն ես,- նոթոտվեց Փոքրիկ Հոգին,- մտածի՛ր մի բան...
Աստված մի անգամ էլ ժպտաց ու ասաց.
- Արդեն մտածել եմ: Քանի որ չես կարող Լույսի մեջ գտնվելով ինքդ քեզ տեսնել որպես Լույս, ապա քեզ կպատենք խավարով:
- Իսկ խավարն ի՞նչ է,- հարցրեց Փոքրիկ Հոգին:
- Դա այն է, ինչ դու չես,- պատասխանեց Աստված:
- Այդ խավարից ես չե՞մ վախենա...- լացակումեց Փոքրիկ Հոգին:
- Կվախենաս, եթե հենց վախենա՛լն ընտրես,- ասաց Աստված,- Իրականում չկա այնպիսի բան, որից արժե վախենալ: Բայց եթե որոշես, որ այդպիսի բան կա, ապա կսկսես հենց դրանից վախենալ: Տեսնում ես, չէ՞, ինքնե՛րս ենք հորինում այդ ամենը: Ձևացնում ենք, թե հենց այդպես է, որ կա:
- Հա՜,- բացականչեց Փոքրիկ Հոգին և անհամեմատ լավ զգաց իրեն:
Հետո Աստված բացատրեց, որ որպեսզի ինչ-որ բան ճանաչվի կամ զգացվի, պետք է հայտնվի դրա ճիշտ հակադիր բանը: Կամ, այլ կերպ ասած, եթե ուզում ես ինչ-որ բան զգալ, ապա ծնունդ ես  տալիս դրա հակադրությանը:
- Եվ դա մեծագույն շնորհ է,- ասաց Աստված,- քանզի առանց դրա չէիր կարողանա որևէ բան ճանաչել կամ զգալ: Չես կարող իմանալ, թե ինչ է Տաքը՝ առանց Ցրտի, Վերևը՝ առանց Ներքևի, Արագը՝ առանց Դանդաղի: Երբեք չէիր կարողանա իմանալ, թե ինչ է Ձախը՝ առանց Աջի, Այստեղը՝ առանց Այնտեղի, Հիման՝ առանց Անցածի: Այսպիսով,- շարունակեց Աստված,- երբ խավարով պատված կլինես, դեպի երկինք բռունցք թափ չտաս, ձայնդ գլուխդ չգցես և չանիծես խավարը: Դրա փոխարեն՝ Լույս կտաս խավարում և այդ առիթով գլուխդ չկորցնես: Այնժամ կիմանաս, թե Ով Ես Դու Իրականում, և քեզ հետ եղածնե՛րն էլ դա կզգան: Թող քո Լույսն այնքան պայծառ փայլի, որ բոլոր մյուսներն իմանան, թե որքա՜ն յուրօրինակ ես դու...
- Ուզում ես ասել, թե նորմա՞լ բան է, երբ ուրիշներն իմանում են, որ դու յուրօրինակ ես,- հարցրեց Փոքրիկ Հոգին:
- Այդպե՛ս է անշուշտ,- ծիծաղեց Աստված,- նույնիսկ շա՜տ նորմալ բան է... Բայց հիշիր, որ «յուրօրինակ»-ը չի նշանակում «ավելի լավ»: Ամեն ոք յուրօրինակ է իր ձևով: Ընդ որում, շատերն արդեն հասցրել են մոռանալ այդ մասին: Նրանք կհասկանան, որ առանձնահատուկ ու յուրօրինակ լինելը նորմալ բան է, եթե տեսնեն, որ դու առանձնահատուկ լինելդ սովորական, ընդունված կարգ ես համարում:
- Ու՜խ, ինչ լավ է,- ասաց Փոքրիկ Հոգին և սկսեց ուրախությունից պար գալ, ծիծաղել ու թռչկոտել,- ուրեմն ես կարող եմ առանձնահատուկ ու յուրօրինակ լինել այնպես, ինչպես ինքս կկամենամ:
- Այո, և դու կարող ես հենց հիմա սկսել,- ասաց Աստված և ինքն էլ սկսեց պարել, ծիծաղել ու թռչկոտել, որ Փոքրիկ Հոգին մենակ չլինի,- բայց ո՞ր մասով ես ուզում առանձնահատուկ ու յուրօրինակ երևալ:
- Ինչպե՞ս թե՝ որ մասով առանձնահատուկ ու յուրօրինակ,- կրկնեց Փոքրիկ Հոգին,- չեմ հասկանում:
- Գիտե՞ս,- սկսեց բացատրել Աստված,- Լույս լինել՝ նշանակում է առանձնահատուկ լինել, իսկ առանձնահատուկ լինելը շատ մասեր է պարունակում իր մեջ: Օրինակ՝ բարի լինել՝ առանձնահատուկ լինել է, քնքուշ լինել՝ առանձնահատուկ լինել է: Առանձնահատուկ լինելը նաև նշանակում է լինել ստեղծարար, հնարագետ: Համբերատար լինելն էլ է առանձնահատուկ լինել նշանակում: Կարո՞ղ ես մի ուրիշ եղանակ հորինել առանձնահատուկ լինելու համար:
Փոքրիկ Հոգին մի որոշ ժամանակ լուռ մնաց:
- Ես շա՜տ եղանակներ կարող եմ հորինել առանձնահատուկ լինելու համար,- վերջապես բացականչեց նա,- Օրինակ՝ աջակցող լինելն էլ է առանձնահատուկ բան, միշտ տվողի դերում լինելն էլ, բարյացակամ լինելն էլ:
- Այո՜,- համաձայնեց Աստված,- և դու կարող ես լինել այդ բոլորը կամ առանձնահատուկի ցանկացած ուրիշ մաս, որը կցանկանաս ընտել այս պահին: Հենց դա է այն, ինչը նշանակում է Լույս լինել:
- Ես իմացա՜, թե ինչ եմ ուզում լինել, իմացա՜, թե ինչ եմ ուզում լինել,- ուրախ բացականչեց Փոքրիկ Հոգին,- ես ուզում եմ առանձնահատուկի այն մասը լինել, որը կոչվում է «ներող»: Ճիշտ է, չէ՞, որ ներող լինելն առանձնահատուկ լինել է նշանակում:
- Օ՜, այո,- վստահորեն հաստատեց Աստված,- շա՜տ առանձնահատուկ բան է դա:
- Լա՛վ ուրեմն,- վճռեց Փոքրիկ Հոգին,- հենց այդպիսին եմ ուզում լինել. ուզում եմ լինել ներող: Ուզում եմ ինձ ճանաչել ներողի դերում:
- Շա՜տ լավ,- ասաց Աստված,- բայց կա մի բան, որի մասին հարկ է, որ իմանաս:
Փոքրիկ Հոգին անհամբերության նշաններ ցույց տվեց: Հիմա նրան թվում էր, թե ամեն քայլափոխի նոր բարդություններ են սպասվում իրեն:
- Իսկ դա ի՞նչ բան է,- հարցրեց նա հոգոց հանելով:
- Չկա որևէ մեկը, որին պետք լինի ներել:
- Ոչ ո՞ք...,- Փոքրիկ Հոգին դժվարանում էր հավատալ լսածին:
- Ոչ ոք,- պատասխանեց Աստված,- այն ամենը, ինչ ստեղծել եմ, կատարյալ է: Բոլոր այն հոգիների մեջ, ինչ ես ստեղծել եմ, չկա որևէ մեկը, որն ավելի քիչ կատարյալ լինի, քան դու: Հապա մի շու՛րջդ նայիր:
Եվ հենց այդ պահին Փոքրիկ Հոգին գիտակցեց, որ չորսբոլորը հոգիների մեծ խումբ է հավաքված: Նրանք եկել էին հեռվից՝ Արքայության տարբեր անկյուններից, որովհետև բոլորին հայտնի էր դարձել, որ Փոքրիկ Հոգին անսովոր զրույց է վարում Աստծո հետ, և նրանցից ամեն ոք ուզում էր իմանալ, թե այդ զրույցն ինչի մասին է:
Նայելով հավաքված բազմաքանակ հոգիներին՝ Փոքրիկ Հոգին ստիպված էր համաձայնել: Հոգիներից ոչ մեկը պակաս հրաշալի, պակաս հիասքանչ ու կատարյալ չէր, քան ինքը: Այնքա՜ն զարմանահրաշ, այնքա՜ն պայծառ էր հավաքված հոգիներից ճառագվող լույսը, որ Փոքրիկ Հոգին ստիպված էր կկոցել աչքերը, որպեսզի կարողանար նրանց նայել:
- Դե հիմա ասա՛, ո՞ր մեկին ես ուզում ներել,- հարցրեց Աստված:
- Այո՜,- ասաց Փոքրիկ Հոգին,- զվարճանալս երևի չստացվի: Իսկ ես ուզում էի ճանաչել Այն, որ Ներող է: Ուզում էի իմանալ, թե ինչ զգացողություն է առաջացնում, երբ հենց այդպե՛ս ես առանձնահատուկ լինում...
Եվ Փոքրիկ Հոգին սկսեց մտորել այն մասին, թե ինչ զգացողություն է համակում քեզ, երբ տխուր ես լինում: Բայց հենց այդ պահին նրան մոտեցավ Ընկերասեր Հոգին:
- Չարժե՜ տխրել, Փոքրի՛կ Հոգի,- ասաց Ընկերասեր Հոգին,- ես քեզ կօգնեմ:
- Իսկապե՞ս,- պայծառացավ Փոքրիկ Հոգին,- իսկ ես ի՞նչ պետք է անեմ դրա համար:
-Առանձնապես՝ ոչինչ: Ես պարզապես քեզ համար կստեղծեմ մեկին, ում դու կկարողանաս ներել...
- Դու դա կարո՞ղ ես անել:
- Իհարկե,- ժպտաց Ընկերասեր Հոգին,- իմ հաջորդ ծնվելուց հետո՝ իմ հաջորդ կյանքում, ես կանեմ այնպիսի մի բան, որ դու կարողանաս ինձ ներել:
- Բայց ինչու՞... Ինչու՞ այդպիսի բան անես...,- հարցրեց Փոքրիկ Հոգին,- Դու, որ կատարյալ Արարած ես, դու, որ թրթռում ես այնպես արագ, որ Լույս է ծնվում՝ այնքա՜ն պայծառ, որ դժվար է քեզ նայելը... Ի՞նչը կարող է քեզ ստիպել, որ դանդաղեցնես քո թրթռանքը, որպեսզի քո պայծառ լույսը խամրի ու ծանրանա: Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի դու՝ Լույսդ, որ պարում ես աստղերի շուրջ և Արքայությունում սլանում մտքի արագությամբ, կամենաս մուտք գործել իմ կյանքի մեջ և այնքան ծանրանաս, որ կարողանաս ինչ-որ վատ բան անել:
- Պատասխանը շատ պարզ է,- ասաց Ընկերասեր Հոգին,- ես այդպես կվարվեմ, որովհետև սիրում եմ քեզ:
Փոքրիկ Հոգին շատ զարմացավ, երբ լսեց նման պատասխան:
- Չարժե՜ այդպես զարմանալ,- շարունակեց Ընկերասեր Հոգին,- դու արդեն նման բան արել ես ինձ համար: Մի՞թե չես հիշում: Օ, քանի՜ անգամ ենք մենք՝ ես ու դու, միասին պարել: Տարբեր դարագլուխների ընթացքում՝ դար  դարի, մենք իրար հետ պարել ենք մեր պարը: Ողջ ժամանակի ընթացքում, զանազան շատ վայրերում մենք խաղացել ենք երկուսով:
Մենք Ամեն Բան արդեն եղել ենք՝ Վերև և Ներքև, Աջ և Ձախ: Եղել ենք Այստեղ և Այնտեղ, Ներկայում և Այն ժամանակ: Եղե՜լ ենք Այդ Ամենը: Եղել ենք և՛ տղամարդ, և՛ կին, և՛ լավ, և՛ վատ: Երկուսս էլ արդեն եղել ենք և՛ զոհ, և՛ չարագործ: Հանուն մեկս մյուսի՝ մենք բազմաթիվ անգամ նման ձևով արդեն վարվել ենք: Եվ մեզնից ամեն մեկը մյուսի համար ճշգրիտ ու կատարյալ հնարավորություն է ստեղծել, որպեսզի Դրսևորվենք ու Ճանաչենք, թե Ով Ենք Մենք Իրականում:
- Այսպիսով,- շարունակեց բացատրել Ընկերասեր Հոգին,- այս անգամ, այսինքն՝ հաջորդ կյանքում, ես կներկանամ քեզ որպես «վատ»: Իրոք այնպիսի մի ահավոր բան կանեմ, որ դու կարողանաս հանձինս քեզ ճանաչել Նրան, Ով Ներում է:
- Բայց ի՞նչ պիտի անես,- հարցրեց Փոքրիկ Հոգին փոքր-ինչ նյարդայնանալով,- ի՞նչ պիտի անես, որ ինձ ահավոր երևա:
- Օ՜,- բացականչեց Ընկերասեր Հոգին,- մենք անպայման մի բան կձեռնարկենք:
Դրանից հետո Ընկերասեր Հոգին լուրջ ու մտահոգ տեսք ընդունեց ու շշնջաց.
- Բայց, գիտե՞ս, մի հարցում դու ճիշտ ես:
- Ո՞ր հարցում,- հետաքրքրվեց Փոքրիկ Հոգին:
- Ինձ իրոք հարկ կլինի դանդաղեցնել թրթիռներս, որպեսզի ծանրանամ և կարողանամ քեզ համար անել այդ անվայել արարքը: Հարկ կլինի, որ երևամ բոլորովին ոչ ինձ նման: Դրա համար էլ ուզում եմ քեզնից փոխադարձ ծառայություն խնդրել:
- Ես ամեն ինչ կանե՜մ, ինչ որ կամենաս,- բացականչեց Փոքրիկ Հոգին երգելով ու պար գալով:- Ուռա՜, Ես Ներո՜ղ կլինեմ, Ես Ներո՜ղ կլինեմ,- սակայն շուտով նկատեց, որ Ընկերասեր Հոգին շարունակում է մտահոգ լռել:
- Եվ այսպես, ի՞նչ ես դու ուզում,- նորից հարցրեց Փոքրիկ Հոգին,- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Դու ուղղակի հրեշտա՜կ ես, քանի որ համաձայնել ես նման բան անել ինձ համար:
- Դե, իհարկե, Ընկերասեր Հոգին հենց հրեշտակ է, որ կա...- նրանց զրույցին միջամտեց Աստված- Բոլորդ էլ հրեշտակներ եք: Միշտ հիշի՛ր. Ես միշտ ձեզ մոտ եմ ուղարկում հրեշտակների, և ուրիշ ոչ ոքի՝ նրանցից բացի:
Եվ Փոքրիկ Հոգին անհամբերությամբ ուզում էր անպայման մի բան արած լինել, որ բավարարի Ընկերասեր Հոգու ցանկությունը:
- Դե, ասա՛, ի՞նչ կարող եմ անել քեզ համար,- կրկնեց հարցը նա:
- Երբ ես կսկսեմ քեզ ցավ պատճառել,- ասաց Ընկերասեր Հոգին,- ավելի ճիշտ՝ այն պահին, երբ ես արած կլինեմ այն ամենաահավոր բանը, ինչ դու կարող ես պատկերացնել... Այ, հենց այդ պահին...
Ընկերասեր Հոգին մի պահ լուռ ու աղաչական հայացքով նայեց Փոքրիկ Հոգուն, ապա վերջապես արտահայտեց իր խնդրանքը.
- ...Այդ պահին, խնդրու՜մ եմ, հիշիր, թե Ով Եմ Ես Իրականում:
- Օ, իհա՜րկե,- պատրաստակամ բացականչեց Փոքրիկ Հոգին,- Ես խոստանու՛մ եմ: Ես միշտ Քեզ կհիշեմ այնպիսին, ինչպիսին տեսնում եմ այստեղ և այժմ:
- Լա՛վ ուրեմն,- ասաց Ընկերասեր Հոգին,- թե չէ, գիտե՞ս բանն ինչ է. երևի ես այնքան ուժգին ջանք կթափեմ «վատ» երևալու համար, որ ամենայն հավանականությամբ իսպառ կմոռանամ, թե Ով Եմ Իրականում: Եվ եթե դու չհիշեցնես, թե Ով Եմ Ես Իրականում, ես երկար ժամանակով ինքս ինձ կմոռանամ: Իսկ երբ իսպառ մոռանամ, թե Ով Եմ Ես, արդեն ինքդ էլ կմոռանաս, թե Ով Ես Դու, և մենք երկուսով անդարձ կմոլորվենք: Հետո հարկ կլինի, որ գա ևս մի Հոգի, որպեսզի հիշեցնի, թե Ով Ենք Մենք Իրականում:
- Չէ, չէ՜, հաստատ դրա կարիքը չի լինի,- կրկին խոստացավ Փոքրիկ Հոգին,- ես անպայման կհիշեցնեմ, թե Ով Ես Դու... Եվ ես երախտապարտ կլինեմ քեզ այն շնորհի համար, որ դու կպարգևես ինձ՝ ճանաչել և զգալ, թե Ով Եմ Ես:
Համաձայնությունը կայացավ, և Փոքրիկ Հոգին ընթացավ դեպի իր նոր կյանքը՝ հրճվելով այն մտքից, որ ինքը Լույս կլինի. դա արդե՛ն իսկ շատ առանձնահատուկ  բան էր, և կրկնակի ուրախալի էր այն, որ ինքը կկարողանա լինել այդ առանձնահատուկի հենց այն մասը, որը Ներում  է կոչվում:
Եվ Փոքրիկ Հոգին անհամբերությամբ սպասում էր, թե երբ հնարավորություն կունենա ճանաչելու և զգալու Ներումը և իր երախտագիտությունը հայտնելու այն հոգուն, որն իր համար դա հնարավոր կդարձնի:
Եվ իր այդ նոր կյանքի ամեն  պահին, երբ բեմում հայտնվում էր որևէ նոր հոգի՝ Փոքրիկ Հոգու համար իր հետ բերելով ուրախություն կամ տխրություն, և առանձնապես այն դեպքերում, երբ դա հենց տխրությունն էր լինում, Փոքրիկ Հոգին միշտ հիշում էր այն, ինչ իրեն ասել էր Աստված.
- Միշտ հիշիր,- ժպտալով ասել էր Աստված,- Ես միշտ ուղարկում եմ հրեշտակների, և ուրիշ ոչ ոքի՝ նրանցից բացի:
---
Այսօրվա ձեր ընտրությամբ է որոշվում այն կյանքը, որով կապրեք վաղը...



(Թարգմանություն ռուսերենից՝ անգլերենի համեմատությամբ - Խ.Մ.)

1 комментарий: