Վերջերս համացանցում ինչ-որ տեղ աչքովս ընկավ մի
նորահայտ «բանաստեղծուհու» տրտունջը` «Տերտերականության մասին» հավակնոտ վերնագրով,
որի ընթերցումն ինձ այն համոզմանը հանգեցրեց, որ ձեռքս է ընկել մարտնչող
անգրագիտության դասական մի օրինակ: Նպատակ չունեմ այստեղ քննարկման դնելու դրանում
տեղ գտած բազմաթիվ անհեթեթ մտքերն ու ձևակերպումները, բայց մի հարցի, կարծում եմ,
այնուամենայնիվ արժե անդրադառնալ: Ո՛չ այն բանի համար, որ նշածս «տրտունջի»
հեղինակին հակառակն ապացուցեմ (հազիվ թե դա ինձ հաջողվի), այլ որ իմ այս էջն
այցելողներին ծանոթացնեմ համաշխարհային հռչակ վայելող և էզոթերիկական
քրիստոնեության հայր համարվող Գեորգի Գյուրջիևի մի բացահայտմանը, որը վերաբերում է
«աստղաբաշխություն-աստղագիտություն» հակադրությանն ու էվոլյուցիային: Հատվածը, որն
ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, թարգմանել և ընտրել եմ Գյուրջիևի «Ամենն
ամենայնիվ» ընդհանուր վերնագիրը կրող ստվարածավալ աշխատության առաջին հատորից, որի
հայերեն լեզվով ամբողջական տարբերակը հավանաբար այս տարի կդրվի հայ ընթերցողի
սեղանին.
«... Հինավուրց երկրային
աստղաբաշխները ճիշտ էին կազմում ամուսնական զույգերն այն պատճառով, որ թեև իրենց
գիտելիքներով դեռ շատ հեռու էին տիեզերական տրոգոավտոէգոկրատական
ճշմարտությունները հասկանալուց, այնուհանդերձ շատ լավ գիտեին իրենց մոլորակի վրա
բազմացող էակների վրա իրենց համակարգի տարբեր մոլորակների ազդեցության
օրինաչափությունների մասին՝ ինչպես ամեն մի էակի ծննդյան պահին, այնպես էլ հետագա
հասունացման և պատասխանատու տարիքին համապատասխանող իրենց Լինելիությանը հասնելու
ընթացքում:
Սերնդեսերունդ փոխանցված և
իրենց հասած բազմադարյան գործնական գիտելիքների շնորհիվ նրանք արդեն շատ լավ
գիտեին, թե պասսիվ սեռի տվյալ տիպին ակտիվ սեռի ինչ տիպ կարող է համապատասխանել:
Դրա հետևանքով այն զույգերը,
որոնք կազմվում էին այդ աստղաբաշխների ցուցումներին համապատասխան, համարյա միշտ
ներդաշնակ էին լինում, և ոչ թե այնպես, ինչպես ներկա ժամանակներում է. հիմա
ամուսնական զույգ կազմած էակների տիպերը համարյա երբեք չեն համապատասխանում իրար:
Իսկ դա բերում է նրան, որ զույգ կազմելուն հետևած, ինչպես իրենք են ասում,
«ամուսնական կյանքի» համարյա կեսից ավելին ծախսվում է միայն այն բանի վրա, որը մեր
պատվարժան Մոլլա Նասրեդինն իր ասույթներից մեկում բնորոշում է հետևյալ կերպ. «Էլ
ի՞նչ լավ ամուսին կամ լավ կին, որ ամբողջ ամուսնական կյանքում «իրար հոգի
չուտեն»»:
Ամեն դեպքում, զավա՛կս, եթե
այնտեղ այդ աստղաբաշխների գոյությունը շարունակական լիներ, ապա, իհարկե, նրանց
գործունեության շնորհիվ այդ դժբախտ մոլորակի էակների կյանքը ներկայումս կլիներ
այնպիսին, որ նրանց ընտանեկան հարաբերությունները գոնե մի քիչ կնմանվեին մեր Մեծ
Տիեզերքի մյուս մոլորակների վրա ապրող
էակների ընտանեկան հարաբերություններին:
Սակայն, ինչպես բոլոր այն
օգտակար բաներն ու լավ նվաճումները, որոնք իրենց գոյության ընթացքում ժամանակին
հաստատված են եղել այնտեղ, այդ մե՛կն էլ, դեռևս հարկ եղած չափով չօգտագործած, նետեցին Մոլլա Նասրեդինի ասած` «խոզերի առաջ»:
Եվ այդ աստղաբաշխներն էլ,
ինչպես միշտ է այնտեղ լինում՝ նախ սկսեցին աստճանաբար «խամրել», որից հետո
կատարելապես, ինչպես ասում են, «չքացան»:
Երբ այդ աստղաբաշխների
պարտականությունների կատարումն այնտեղ ամբողջովին ի չիք դարձավ, նրանց փոխարեն այդ
նույն բնագավառում նոր մասնագետներ ի հայտ եկան, սակայն նրանք արդեն պատկանում էին
«նոր կազմավորված գիտուն էակների» շարքին. սրանք նույնպես սկսեցին դիտել և
հետազոտել զանազան տիեզերական մեծ խտացումների, այսպես կոչված, արդյունքները և
դրանց թողած ազդեցությունն իրենց մոլորակի էակների վրա: Բայց քանի որ նրանց
շրջապատի սովորական էակները շատ շուտով նկատեցին, որ այդ նոր մասնագետների
«դիտումներն ու հետազոտությունները» սահմանափակվում են միայն հեռավոր և իրենց
համար ոչ մի նշանակություն չունեցող զանազան աստղերի ու մոլորակների համար
անուններ հորինելով, որոնց քանակությունը Տիեզերքում միլիարդներ է կազմում, նաև
այն բանով, որ միայն իրենց հայտնի և մասնագիտական գաղտնիք համարվող եղանակով
չափում են տիեզերական այն կետերի միջև եղած հեռավորությունները, որոնք իրենց
մոլորակից տեսանելի են լինում մանկական խաղալիք հիշեցնող իրենց, այսպես կոչված,
«աստղադիտակներով», ապա այդ նոր մասնագետներին սկսեցին անվանել, ինչպես արդեն քեզ
ասել եմ, «աստղագետներ»...»:
Զարմանք է հարուցում նաև այն, որ Գյուրջիևն այդ
նույն գրքում բավականին մանրամասն նկարագրում է ներկայիս Կահիրեի մոտակայքում ժամանակին
կառուցված հսկա աստղադիտարանը, որի հետքերն ու շինություններն այսօրվա հնագետները դեռ նոր են սկսել հայտնաբերել և դուրս բերել ավազի հաստ շերտերի տակից...
Անկասկած է, որ նման աստղադիտարաններ գործել են նաև հինավուրց Հայաստանում:
Առայժմ այսքանը: Մնացածը՝ մի այլ առիթով, որը,
հույս ունեմ, շատ չի ուշանա:
Շնորհակալություն
ОтветитьУдалить