среда, 28 марта 2012 г.

Նորահայտ եվրո-հաճոյախոսություններ

ա) վերին խավի համար

Մեր Նախարարը

Նախարար ունենք՝ աշխարհը չունի
(Թե՞ աշխարհն ունի՝
հայն է, որ չունի
իր նախարարը):

Բարձր խավից է, կիրթ է, գիտուն է,
Նաև անկախ է
(Թե՞ իր աթոռի կայունությունը
համաշխարհային բանկից առկախ է):

Հնարամիտ է, նաև պրպտուն,
Մատը միշտ խառը
(Թե՞ էլ ավելի վերև է ձգտում
մեր նախարարը):

Եկեք չշտապենք.
Տեսնենք կդառնա՞ մի օր վարչապետ,
Հետո՝ նախագահ
(Երբ դրա պատեհ ժամանակը գա):

...Մինչ այդ, հանդուրժենք այն եվրո-ճառը,
Որ հա՛ կարդում է մեր նախարարը
(Դե, հայի աչքին միշտ անսխալ ու
Ճիշտ է օտարը,
որքան էլ լինի տխմար ու սառը):


բ) ստորին խավի համար

«Շատ սեքսուալ տեսք ունեք...» 

Ջանում եք, որ շատ սեքսուա՞լ երևաք.
Այսինքն թե՝ անառագաստ մի նավակ:
Կհասնե՞ք դուք երջանկության ձեր ափը,
Թե չզսպեք սեքսապատառ ձեր թափը:

 Ըստ մարմնահաճ առուծախի ձեր վարքի՝
Կվերածվեք շուտով քայլող դիակի
Եվ, որքան էլ թաքցնեք ձեր տարիքը,
Չեն զգա ձեր թոշնած սեքսի կարիքը: 

Ցավալի է, բայց այդպես է, ի՜նչ արած,
Կհայտնվեք «քուչում» դատարկ, շիվարած,
Կյանքի հաջորդ կեսում «բոմժ» ու մուրացկան՝ 
Անցորդների գութը շարժող ու լացկան: 


գ) ընդհանրապես ասած՝ 

Հայն ու Եվրոպան 

Եղբա՜յր, ինչո՞ւ մեզ Եվրոպա հանել`
Ներարկելով մեզ օտար, սուտ բաներ.
Չէ՞-որ հայերին հենց այն է պահել,
Ինչը հայինն է  ու հայկական է:

Չեմ ասում լինենք շատ ավանդապաշտ`
Կառչած դուդուկից, պասուց տոլմայից,
Կամ հակառակը` ուրբանենք մի դաշտ
Ու դարձնենք հեռու գյուղերն ամայի:

Ահա գալիս են` մեզ ուսուցանեն…
Թող գա՛ն, օգու՜տ է, տուրիստ են համ էլ.
Մինչ «առաջավոր» փորձն իրենց ցանեն,
Ձեռքն ինչքան հասնի, մերոնք կքամեն:

Կամ թե ի՞նչ անի գովազդը հային,
Եթե գեներով վաճառական է.
Մինչ եվրոպացին գովազդով շոյի,
Հայի օգուտը վաղուց գրպանն է:

Գալիս են դրսից, ուռկան են գցում,
Խայծն էլ այն է, որ լողում են փողում…
– Շա՜տ միամիտ եք հայերիս հարցում,
Լարախաղաց եք սատանի թաղում:

Նույն բանը հայը ծամոնո՛վ կանի,
Ինչ եվրոպացին` մի «դափոն փողով».
Մինչ նա օրենքով օգուտն իր հանի,
Հայը հանում է… «առանձին տողով»:

Կամ, եթե սարք կա, ուղեցույց չկա,
Եվրոպացին ձիգ կկանգնի կողքին,
Իսկ թե ոչ սարք կա, ոչ ուղեցույց կա,
Չեղած մի սարք էլ հայը կսարքի:

Այդպե՛ս է հիմա, ի՞նչ անենք, եղբա՛յր,
Արարել Արան մեզ Արարատում:
Ինչքան էլ շիտակ լինի Եվրոպան,
Զիգզագ սար ենք մենք, մեզ «չի՛ դզրտում»…

Ծուռ ենք ու զիգզագ սարի պես մեր սուրբ,
Ներսից հարուստ ենք, իսկ դրսից աղքատ.
Դուք մոդեռն եք ձեր բիզնեսի հարցում,
Հայն էլ սուր է շատ ու նրբանկատ:

Գիտե՜նք ինչն է ձեզ մեր երկիր քաշում`
Հինավուրց Այգին, լեռներն եք հիշում
Եվ այցի գալիս հարթ հեռուներից…
- Ողջու՜յն հարթածալք այցելուներին:

Ավա՜ղ, ձեր հիշած Եդեմը հիմա
Օտար է և մեզ, փշոտ ու ավեր…
Փոքր ինչ կողք անցեք` այնտեղ կիմանան,
Ինչ մոռացել եք, մի բան էլ ավել:

Չէ՞-որ նրանք էլ հարթ տեղերից են
Հողմի պես մտել Եդեմի այգի,
Եվ հիմա սրտանց ուզում են, կարծեմ,
Հարթ Եվրոպայում լինել ձեր կողքին:

Գառ են դառել թե դիմակ են հագել,
Բայց ասում են, թե նախկին հայեր են.
Այնպես որ հիմա դժվա՜ր է ջոկել,
Թե ով է Աբել, և թե ով Կայեն:

Ջահել մի սարդի տարատեսակ էլ
Այգու այս մասն է ոստայնել ուզում.
Ելանք ազգովին, ուզեցինք փրկել,
Իսկ ձեր մեջ չեղավ և ոչ մի հուզում:

Է՜հ, Աստված քեզ հետ, ազա՛տ Եվրոպա,
Առաջատարն ես համամարդկային,
Բայց հիշի՛ր, խնդրեմ, երբ ելար ճամփա,
Մի ջոկատն էիր Արամ արքայի:
 

Комментариев нет:

Отправить комментарий