воскресенье, 24 июня 2012 г.

Հիսուս Քրիստոսի նոր Ուղերձը հայերեն


Ես կամենում եմ օգնել ձեզնից յուրաքանչյուրին

Պաշտելի Հիսուս
24 հունիսի, 2012 թվական

ԵՍ ԵՄ Հիսուս:
Հիմա՝ այս օրով, ես ձեզ այցի եմ եկել, քանի որ ասելու բան ունեմ ձեզ: Ես և մյուս Վեհապետներն Աստվածային Ողորմածության շնորհիվ առաջվա պես կարող ենք գալ և ուսուցանել Երկրի մարդկությանը: Իմ պարտքն է՝ ձեզ իրազեկել այն Ուղու մասին, որով ես անցել եմ, և որը կարող է անցնել ձեզնից յուրաքանչյուրը: Դա Սիրո Ուղին է՝ մի Ուղի, որն առկա է ձեր սրտերում: Քանզի ձեր սրտի մակարդակում են չքանում բոլոր հակասությունները և այն ամենը, ինչ բաժանում է ձեզ իրարից: Միայն այնժամ, երբ մարդկանց մեծամասնությունն իրենց թրթիռները կբարձրացնեն այնքան, որ դրանք մոտենան սրտի չակրայի թրթռանքին, գիտակցության այդ մակարդակում կչքանան բոլոր բացասական դրսևորումները՝ ձեր շուրջը եղած բոլոր այն բաները, որոնք չեն համապատասխանում Աստվածային չափորոշիչներին:
Ուստի ձեզնից ամեն ոք, ով կամենում է մոտենալ Աստծուն, կարող է ջանքեր գործադրել և ցանկանալ ընթանալու իմ Ուղով՝ այն Ուղով, որը ես ուսուցանում եմ:
Շատերը կան, որ ուզում են բուժարարությամբ զբաղվել, է՛լ ավելի շատ են նրանք, ովքեր ուզում են հրաշքներ գործել՝ քայլել ջրի վրայով, մեռածներին կենդանացնել: Բայց ես ուսուցանել եմ անհամեմատ ավելի կարևոր բաներ, որոնք վրիպում են ձեր գիտակցությունից, քանի որ դրանք արտաքին դրսևորումների տիրույթին չեն պատկանում, այլ գտնվում են ձեր հոգու թաքուն հատկանիշների տիրույթում:
Հարկ է, որ ձեր հոգու պահեստարաններում փնտրեք Աստվածային կարողությունը. դեպի հավերժական աշխարհ տանող ձեր Ուղին. դեպի անդորր ու երանություն տանող ձեր Ուղին, հեզության ու խոնարհության Ուղին:
Հատկապես ձեր հոգու հատկանիշներով է որոշվում ձեր հետագա էվոլյուցիան, և այն ոչ մի ընդհանուր բան չունի արտաքին դրսևորումների հետ:
Ներքին Ուղի, Աստվածային Ուղի: Ձեր մարմնավորման ողջ ընթացքում այդ Ուղին միշտ ձեզ հետ է: Սակայն շատ քչերն են նկատում այդ Ուղին և ընթանում դրանով:
Քանզի շա՜տ են հրապուրանքները ձեր աշխարհում: Եվ ժամանակակից հաղորդակցության ու զանգվածային տեղեկատվության միջոցներն այնքան բարձրագոչ են, որ դրանց աղմուկի և խառնաշփոթի հետևում դուք չեք լսում ձեր սրտի ձայնը:
Ես կարող եմ ներկա լինել միայն ձեր սրտերում: Այնժամ, երբ ունակ եք լինում լսելու ձեր սրտի ձայնը, ունակ եք դառնում նաև ճանաչելու ինձ: Դուք ունակ եք դառնում տեսնելու և զրուցելու ինձ հետ:
Մեզ իրարից բաժանում է այն պատրանքը, որով դուք շրջապատված եք: Սակայն ունայն աշխարհը լռում և չքանում է նրանց ջանքերով, ովքեր նկրտում ունեն, ովքեր նվիրված են Աստծուն, հավատում են և սիրում:
Ուստի այս օրով ես եկել եմ, որ խոսեմ ձեր նկրտման մասին: Ձեր նկրտման ու կայունության հատկանիշն ունակ է հաղթահարելու ցանկացած խոչընդոտ, որը հայտնվում է իմ և ձեր միջև:
Միայն թե կամեցե՛ք ջանքեր գործադրել, միայն թե կամեցե՛ք ընթանալ իմ Ուղով: Ես յուրաքանչյուրիդ խոստանում եմ իմ օժանդակությունը: Եվ որքան ուժեղ լինի ձեր նկրտումը, այնքան ավելի ուժեղ կլինեն իմ օժանդակությունն ու օգնությունը:
Ես կամենում եմ օգնել ձեզնից յուրաքանչյուրին: Եվ շատ լավ եմ հասկանում ձեր դժվարությունները: Պատրանքն իր վերջին ջղաձգությամբ փորձում է հետ պահել ձեզ Աստծո մոտ վերադառնալուց: Եվ դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Ամենակոպիտ զինամիջոցներն են գործի դրված, որպեսզի հետ քաշեն ձեզ Աստծուց և իմ Ուղուց: Դրանք են՝ կոպիտ երաժշտությունը, ալկոհոլը, թմրանյութերը, առարկաներով հրապուրելն ու դրանք ձեռք բերելու անհագ ցանկություն գրգռելը: Այդ ամենը հակադիր ուժերի ծայրահեղ դրսևորումներն են: Եվ այնժամ, երբ դուք ունակ եք լինում ձեր գիտակցությամբ վեր կանգնելու ձեր կապվածություններից ու քմայքներից, պատրանքի կախարդանքը լքում է ձեր ստորին չորս մարմինները, և դուք ունակ եք դառնում տեսնելու ինձ և ընկալելու Աստվածային աշխարհը:
Միայն ձեր նկրտումից ու ներքին նախընտրանքից է կախված ձեր վերադարձն իմ աշխարհ: Պե՛տք չէ, որ փորձեք որևէ մեկին տանել ձեզ հետ: Պե՛տք չէ բարձրագոչ պահանջել, որ մարդիկ գնան դեպի Աստված:
Ես ձեզ համար մի գաղտնիք կբացեմ: Դա այն է, որ ձեզնից ամեն ոք կարող է միլիոնավոր հոգիների դուրս քաշել պատրանքի փշոտ թավուտից և նրանց ցույց տալ Ուղին՝ հենց ինքը դառնալով այդ Ուղին: Բայց դրա համար պետք չէ որևէ մեկին կանչել ու ստիպել, որ ձեզ հետ միասին ընթանա Ուղով: Աստվածային աշխարհն ավելի նուրբ է գործում: Ձեր փոխարեն կաշխատի այն համահնչունությունը, որին կհասնեք ձեր ներսում: Ձեր թրթիռներն ու գիտակցության վիճակն իրե՛նք Ուղի ցույց կտան այն հոգիներին, որոնք պատրաստ են բռնելու Տունդարձի ճանապարհը:
Ձեր պատրանքը թանձր է, քանի դեռ հավատում եք դրան և կապված եք դրա հետ ձեր գիտակցությամբ: Հենց որ բացահայտեք մի այլ իրականություն, որը ձեր ներսում է, ձեր աշխարհի պատրանքը կմարմրի ու կչքանա գիշերվա մշուշի պես: Ձեր գիտակցության աղջամուղջը պայծառանում է այն Աստվածային Լույսով, որը դուրս է հորդում ձեր սրտերից:
Աստվածային աշխարհը յոթ սարի հետևում գտնվող ինչ-որ հեռավոր վայրում չէ: Աստվածային աշխարհը մշտապես ձեր կողքին է: Եվ միայն ձեր ամենօրյա ջանքերից է կախված այն, թե կկարողանա՞ք արյոք անցնել մեր աշխարհների միջև ընկած շեմը և մոտենալ ինձ:
Ես այնտեղ եմ, որտեղ Դուք եք: Ես կանգնած եմ ուղիղ ձեր առջև և դեպի ձեզ եմ մեկնել իմ օգնության ձեռքը: Կարողացե՛ք տեսնել ինձ: Ցրե՛ք պատրանքի մշուշը, որը փակել է ձեր աչքերը, և բռնե՛ք իմ ձեռքը:
Դուք կարո՛ղ եք հաղթահարել ձեր Ուղու բոլոր արգելապատնեշները: Հենց որ կարողանաք հավատալ Աստծուն և ընդունել Նրա օգնությունը, դուք թեթևություն կզգաք: Եվ կյանքի այն իրավիճակները, որոնցում հայտնվում եք, այլևս ձեզ չեն բթացնի: Քանզի կունենաք այն ըմբռնումը, որ բոլոր դժվարությունները կկարողանաք հաղթահարել: Որքան էլ Ուղին դժվարին լինի, ձեզ կառաջնորդեն հույսը, հավատը և սերը:
Բոլոր խոչընդոտները հաղթահարելի են, եթե Աստծո հետ եք:
Եվ կյանքի ամենածանր իրավիճակներում ներքին Լույսը կլուսավորի ձեր Ուղին:
Ես հավատում եմ ձեզ՝ ձեր նկրտմանն ու նվիրվածությանը: Մենք միասին կհաղթահարենք ցանկացած դիմադրություն և կհասնենք Ուղու այն հատվածին, որտեղից արդեն երևում է Աստվածային գագաթի հոգեզմայլ տեսարանը:

ԵՍ ԵՄ Հիսուս

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий