среда, 23 декабря 2015 г.

ՎԵՀԱՊԵՏ ԷԼ ՄՈՐԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ

Հատկապես հիմա է սկսվում Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության համար գործելու ձեր ժամանակը

Վեհապետ Մորիա
23 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան...
Այս պահին, այս օրով Ես ահա ձեզ այցի եմ եկել, ո՜վ, իմ սիրելի սանե՛ր:
Ես շատ լավ եմ հասկանում, թե որքան են խտացել ամպերը, և որքա՜ն է դժվարացել Մեզ հակադիր ուժերի ճնշմանը դիմակայելը:
Թվում է, թե ոչ մի ուրախալի և դրական բան չկա:
Սակայն Ես եկել եմ ձեզ հավաստիացնելու, որ, ընդհակառակը, կա՛ ուրախանալու և տոնական առիթ...
Մենք ձեզ հետ երկար զրույց ունեցանք և տվեցինք Մեր Ուսմունքը:
Եվ ահա վերջապես այն քչերիդ համար, որ ամբողջապես յուրացրիք Մեր Ուսմունքը, վրա հասավ այն ժամանակահատվածը, որին ձեզ նախապատրաստում էինք ո՛չ միայն այս երկար ու ձիգ 10 տարիների ընթացքում, երբ ձեզ ուսուցանում էինք Մեր դեսպանորդի միջոցով: Իհարկե, ոչ: Դուք ձեր այս աշխատանքին նախապատրաստվում էիք շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:
Մեկ անգամ չէ, որ Մենք ասել ենք, որ ներկայումս մարմնավորման մեջ են Մեր լավագույն աշակերտները: Դա պայմանավորված է ներկա ժամանակների խստությամբ և Լույսի ու խավարի միջև ընթացող ճակատամարտի շիկացումով:
Ահա և ձեզ համար վրա հասավ վճռական փուլը...
Այն ամենը, ինչ մինչև հիմա անում էինք, սոսկ դրա նախապատրաստությունն էր:
Երկու ուժերը համամոլորակային գոտեմարտի են բռնվել մարդկության ապագայի համար՝ ուժեր, որոնք փորձում են պահպանել պատրանքը և ուժեր, որոնք ցանկանում են մարդկությանը վերադարձնել Տուն՝ Աստծո մոտ:
Երբ ուժերը լարված են, և յուրաքանչյուր կողմը գործի է դնում իր ողջ ներուժը, վրա է հասնում քաոսի ժամանակաշրջանը. ամեն ինչ խառնվում է իրար և համարյա հնարավոր չի լինում զանազանել, թե ով ում կողմից է հանդես գալիս:
Եվ հենց այդ քաոսի ժամանակ է, որ գալիս է ձեր գործելու հերթը:
Հակադիր ուժերն օգտագործում են ազդեցության կոպիտ լծակներ՝ կոպիտ ֆիզիկական ուժ, կպչուն կերպեր ու կարծրատիպեր:
Սակայն նրանցից առավել խորամանկներն ու ճարպիկները հասկանում են, որ որքան շատ գործի դրվեն կոպիտ ուժեր, այնքան կմեծանա հավանականությունը, որ հենց իրենք փլուզվեն այդ ուժերի ազդեցությամբ: Ուստի և նրանք օգտագործում են զանգվածային գիտակցության ու ենթագիտակցության վրա ազդելու ավելի նուրբ հնարքներ՝ տարածելով վախի, ագրեսիայի, ատելության ու հակակրանքի վիճակներ:
Սակայն, սիրելինե՛րս, բոլոր այդ վիճակները Նոր աշխարհում չեն կարող շարունակություն ունենալ:
Աշխարհը Նոր ժամանակների շեմին է գտնվում: Եվ այդ Նորի գալուստը նույնքան անխուսափելի է, որքան արևածագը գիշերվանից հետո՝ անկախ խավարի թանձրությունից:
Ահա հենց այդ ժամանակ է, որ մեր նվիրյալ սաներից յուրաքանչյուրն անփոխարինելի է դառնում: Քանզի քաոսի ժամանակահատվածում ամենամեծ ազդեցությունն ունենում են թույլ ազդակները:
Ես կբերեմ բժշկի օրինակը, որի բուժման մեթոդն ասեղնաբուժությունն է:
Պատկերացրեք, որ նրա այցելուն լուրջ հիվանդությամբ է տառապում: Եթե բժիշկը բարձրակարգ է, ապա բարակ ասեղի մի թույլ ազդակը բավարար է լինում, որ հիվանդի վիճակն արդեն լավանա: Իսկ մի քանի այդպիսի ազդակներն ունակ են լրիվ բուժելու հիվանդին:
Մեր նվիրյալ աշակերտները տիրապետում են հմտությունների, որոնց միջոցով իրենց ներսում պահպանում են էներգիաների համակշռություն՝ ինչպիսի արտաքին քաոսում էլ որ գտնվելիս լինեն:
Այդպիսով նրանք վերածվում են Մեր այն նրբագույն էներգիաները ձեր աշխարհ փոխանցող հաղորդիչների, որոնք ունակ են փոխելու աշխարհի իրադրությունը:
Մեր աշակերտներից կան բոլոր երկրներում: Հենց նրանց միջոցով էլ Մենք կարող ենք ազդել աշխարհի իրադրության վրա:
Մենք ուրախ ենք, որ հասավ այն ժամանակը, երբ Մենք կարող ենք օգտագործել Մեր պահուստային ուժը: Հենց հիմա է այն ժամանակը, երբ սոսկ քչերի ներքին զորության օգտագործումով կարելի է համամոլորակային մակարդակով փոխել աշխարհում հաստատված իրավիճակը:
Դե ինչ, ձեզ հաջողություն եմ մաղթում:
Միշտ հիշեք, որ արտաքինը որոշվում է ներքինով: Ուստի եթե բավականաչափ քանակությամբ անհատականություններ ցանկացած արտաքին քաոսի պայմաններում կարողանան պահպանել ներքին հանդարտությունն ու ներդաշնակությունը, բերկրանքն ու սերը, ապա աշխարհին տիրած իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել հաշված տարիների ընթացքում:
Նաև երբեք չպետք է մոռանալ, որ այդ քաոսի վիճակից իրավիճակը նույնպիսի արագությամբ կարող է և դեպի վատը գնալ:
Ուստի չի՛ կարելի թուլանալ...
Պահանջվում է լիակատար մարտական պատրաստվածություն...
Լիակատար կենտրոնացում դեպի Բարձրագույնը...
Արտաքինը որոշվում է ներքինով...
Հատկապես հիմա է սկսվում Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության համար գործելու ձեր ժամանակը...
Պահպանե՛լ ներքին հավասարակշռությունը նույնիսկ այնժամ, երբ ամբողջ աշխարհն աչքի առաջ կփլվի...
Աստվածային Ուղին ընտրած ոչ մի հոգի չի կարող կորչել...
Հենց որ ձեր ընտրությունն Աստծո կողմն է լինում, բոլոր Երկնային Զորախմբերը ցանկացած արտաքին հանգամանքների պայմաններում պաշտպան են կանգնում ձեր հոգուն:
Ուստի ձեր կյանքի ամեն մի ակնթարթին հիշե՛ք Աստծո մասին և ձեր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեք Աստծուն ու Նրա Օրենքի հաստատմանը:

ԵՍ ԵՄ Մորիան...

Տատյանա Միկուշինա, 2015 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը


Комментариев нет:

Отправить комментарий