пятница, 4 декабря 2015 г.

«ԱՅՈ»-Ի ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀՀԿ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԿԴԱՌՆԱ

Աշխարհն այսօր ալեկոծված է և շարունակում է ալեկոծվել երկու արժեհամակարգերի ակնհայտ հակադրությամբ: Մի կողմում՝ «տոլերանտությամբ» համակված և օրենքի պարտադրանքով անսքող բարոյազրկվող արևմտյան արժեհամակարգն է, որի իրական նպատակը համաշխարհային թալանի հեշտացումն է, իսկ մյուս կողմում՝ իսլամի կրոնական շղարշ հագած ջիհադա-ահաբեկչական այլազան խմբավորումների մոլեռանդությունը: Իրավացի են բոլոր նրանք, ովքեր երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սանձազերծումն ուղղակիորեն կապում են քաղաքակրթական այդ երկու արժեհամակարգերի անխուսափելի բախման հետ: Ըստ էության, այդ պատերազմն արդեն ընթացքի մեջ է, և մենք պարտավոր ենք ու ստիպված ենք հաշվի առնել դա:
Իմ խորին համոզմամբ՝ Ռուսաստանն այսօր միակ զորեղ ու կարող ուժն է, որն իր կոնկրետ գործողություններով փորձում է հավասարակշռել կամ խելամիտ բալանսի բերել այդ երկու իրարամերժ արժեհամակարգերը և տևական խաղաղություն հաստատել համայն աշխարհում: Մի կողմից՝ այդ երկրի իշխանությունները օրենսդրական ակտերով մերժում են հասարակությանը բարոյազրկելու անսքող միտում ունեցող արևմտյան արժեքները, մյուս կողմից՝ զենքի ուժով արգելափակում են ահաբեկչական ինչ-ինչ խմբերի ու կազմավորումների հնարավոր մուտքն իրենց երկիր:
Հայաստանը, վերջին մի քանի դարերի պատմական հանգամանքների բերումով, ինչպես նաև ելնելով ազգային ինքնապաշտպանական կենսական շահերից՝ եղել է և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը:
Բայց ինչո՞վ են հիմա զբաղված ՀՀ պետական այրերն ու իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Խելքները տվել են ժողովրդավարական կառավարման հնարավոր տարբերակների միջից անպատեհ ու ժամանակավրեպ ընտրություն կատարելուն և դրա քողի տակ ՀՀ մայր օրենքի մեջ հաճկատարորեն խցկել են վենետիկյան հանձնաժողովի կողմից պարտադրվող բազմաթիվ դրույթներ ու նախադրյալներ և հիմա փորձում են հայ ժողովրդին տխմարաբար համոզել, որ հանրաքվեով «ԱՅՈ» ասի սահմանադրական այդ «նորամուծություններին»:
Հանրաքվեին ընդամենը երկու օր է մնացել: Արդյո՞ք ՀՀԿ-ն, իր ամբողջ կազմով ու նախագահ-առաջնորդով հանդերձ, կհասցնի սթափվել, խելքի գալ և թեթևամտորեն, անհարկի չհակադրվել իր ռազմավարական հզոր դաշնակցին՝ Ռուսաստանին: Այսօրվա դրությամբ Պուտինը և այդ երկրի մյուս պետական այրերն ու քաղաքագետները դեռևս սպասողական վիճակի մեջ են և սպասում են մեր իշխանությունների նախաձեռնած այս անհեթեթ ու ժամանակավրեպ քայլի ելքին ու մեր ժողովրդի պատասխանին: Հենց որ այդ պատասխանը, ոչ առանց ՀՀԿ եռանդուն ջանքի ու սովորական դարձած կեղծարարությունների, լինի «ԱՅՈ»-ն, ապա ամենևին կարող եք չկասկածել, որ Ռուսաստանի համապատասխան հակաքայլերն այլևս անխուսափելի կդառնան: Դրանց առաջնահերթ նպատակը մեկը կլինի՝ հեռացնել Սերժ Սարգսյանին և կազմալուծել նրա ղեկավարած կուսակցությունը: Այդ խնդրի լուծմանն անհրաժեշտաբար կնպաստեն միլիոնանոց ռուսահայ համայնքը և տեղական մեծաքանակ ռուսամետ ուժերը:
Եթե Ռուսաստանն այդ քայլով արդյունքի չհասնի, ապա անհապաղ գործի կդնի ԼՂՀ խաղաքարտը:
Իսկ, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել՝ ինքներդ մտածեք, պարո՛ն ՀՀ ոչ-բարով նախագահ և թեթևամիտ հհկ-ականներ...

Комментариев нет:

Отправить комментарий