пятница, 6 апреля 2012 г.

Անակնկալ այցելություն

(մի դրվագ ավարտ չունեցող պոեմից)

Ներս անցավ դռնից:
Լույս կերպարանքն է ահա Հիսուսի:
Բացի մի հոգուց՝ բացակա ընդմիշտ,
բոլորն են այստեղ, հպված ուս-ուսի,
դեմքներին ծանր ու անսփոփ վիշտ:

- Խաղաղությու՜ն ձեզ: Ողջու՜յն ամենքիդ:

Մի սառն, ահազդու սարսուռ է անցնում մեկից մյուսին:
Կարկամ են երկար:  
Եվ դողդոջ ձայնն է լսվում Պետրոսի,
որ, Հիսուսի ջերմ հայացքից ազդված,
բարձրից իջնում է հազիվ լսելի, թույլ շշնջոցի.

- Ռաբբիչէ՞ որ քեզ խաչին գամեցին
ժայռափոսի մեջքո դին դրեցին
և հսկա քարովմուտքըփակեցին

Ժպտում է Հիսուս:
Հագուստը նոր է ու ձյունաճերմակ:
Աչքերում` հուր-լույս.
շողում են զվարթ, ինչպես արեգակ:

- Չէ՞-որ հարության մասին խոսեցի:
Չէ՞-որ ասացի` կհաղթեմ մահին
և այս աշխարհին:
Ահա հաղթեցի՛:
Չէ՞-որ նախքան իմ խաչելությունը
և հարությունը
գուռից հանեցի և Ղազարոսին:
Մոռացա՞ք դուք այդ բոլորի մասին:
Չէ՞- որ եղել եք դուք միշտ իմ կողքին:
Հավատ չծնվե՞ց սրտում ոչ մեկիդ

Լու՛ռ են բոլորը: Դեռ ահաբեկվա՛ծ:
Ղազարոսը` ի՞նչ
Նրան մի նոր կյանք պարգևեց Աստված
Եվ Հիսուս Ի՛նքը:
Բայց, որ վեր հանի իր գերեզմանից
հենց Ինքը իրենմենա՜կ, ինքզի՜նքը
Սողանցք է փնտրում մթին մի կասկած
Ծալքերում, նաև վհատ սրտերում,
և երկնչում են կասկածն այդ հայտնել
ու արտահայտվել:
Բոլորն ակնապիշ ցցված են կարկամ.
Թովմասն է միայն փոքր-ինչ վճռական
և բարբառում է իր ձայնով ըմբոստ
(խոժոռ աչքերում անհաշտ զայրույթ կա`
զուսպ ու մարտական).

- Չե՜մ հավատա ես, մինչև չտեսնեմ վերքերն իմ Տիրոջ:
Ո՞վ ես: Ոգի՞ ես մի աստանդական:
Իշխա՞նն ես չարի,
որ ենթարկում ես մեզ նոր փորձության
Ի՞նչ հուր է փայլում աչքերիդ անշեջ.
ի՞նչ կրակ է դա
Իզու՜ր ես եկել, հայտնվել մեր մեջ.
մեզնից ոչ մեկը չի՛ ենթարկվի քեզ,
չի՜ դառնա հուդա
- Վերքե՞րս ես ուզում հավաստիք դարձնել
հավատիդ համար, սիրելի՛ Թովմաս:
Ուրեմն` մո՛տ եկ:
Դե՞, արի ու տե՛ս: Ահա՛: Մեկ առ մեկ
կարող ես տեսնել, նաև շոշափել
և քո սրտի մեջ հավատիդ խզված
թելերը կապել:

Եվ ետ է քաշում Հիսուս թևքերը ճերմակ հագուստի
Շանթահար եղած`
փլվում է Թովմասը գետնատարած
Հիսուսի առաջ,
արտասուքներն են ժայթքում հորդառատ.

- Օ՜, ների՜ր, ների՜ր, ների՜ր, Ռաբբունի
ահավո՜ր է շատ այս ամեն ինչը
ա՜խ, այս ամենը ի՞նչ վախճան ունի
ի՞նչ պիտի լինի նվաստիս վերջը
հավատու՜մ եմ, Տեր, Դու՛ ես Փրկիչը,
Դու՛ ես Միակը և Աստծո Որդին,
որ դեռ կարող է փրկել նվաստիս
մեղավոր հոգին
օ՜, փրկի՛ր ինձ Տեր, փրկի՜ր ինձ կրկին

Եվ Հիսուս աջով
լացող Թովմասին հանում է ծնկի
(բայց դրանից վեր
բարձրանալ Թովմասն էլ չի հանդգնում`
ծնկի է մնում):

- Լավ, լա՜վ, էլ մի՛ լա, հերի՛ք է լացես
երեխայի պես: Հավատու՛մ եմ քեզ:
Դու էլ քո սրտին
առանձնահատուկ քո հավատն ունես,
և քեզ կտրվի` ըստ քո հավատի:
Ահա դու տեսար և հավատացիր,
սակայն երանի, հազա՜ր երանի
նոր եկողներին, որ չեն տեսնի ինձ
ու իմ վերքերը` խաչիս հետքերը,
բայց կհավատա՛ն. և ո՛չ միայն ինձ,
այլ նաև իրենց, որ իրենք էլ են
Աստծո որդի:
Նախահա՜յրն ես դու, սիրելի՛ Թովմաս,
գալիք դարերի այն գիտունների,
որ կհավատան լոկ իրենց փորձին
և փորձից ծնված իրենց մտքերին
երևութական,
բայց իրենց համար, անշուշտ, հավաստի`
անսխալական:

Թովմասի լացող աչքերում հանկարծ
ծլում է ժպիտ,
ու շշնջում է Թովմասը հուզված.

- Լսեցի ես ճի՞շտ,
իրա՞վ է ասված.
Նախահա՞յր եմ ես.
Աբրահամի պե՞ս
Շնորհակա՜լ եմ, բարեգու՜թ Աստված,
որ ինձ` նվաստիս,
այդպիսի բարի բախտ է վիճակված:
- Ա՜խ, Թովմա՜ս, Թովմա՜ս, միշտ էլ այդպես ես
ընկալել բոլոր իմ ասածները և իմ գործերը.
թող այդպե՛ս լինի: Ի՛նքդ ես քո տերը,
բայց մեր սրտերը հերի՛ք է հուզես:
Վե՛ր կաց, էլ մի՛ լա, դե՞, մի լա՛, բա՜վ է.
երբ դու լալիս ես, ինձ համար ցավ է

Եվ գլուխներն են մեղմիվ օրորում
արցունքոտ աչքով աշակերտները`
ապագա հզոր, սուրբ, առաքինի,
և անընկճելի Առաքյալները:
Թովմասի վիշտը իրենցն է նաև,
և իրենք էլ են ինքզինք փնովում:
Եվ որքա՜ն բարի, քաղցր են, օրորուն,
նաև հարազատ` Տիրոջ խոսքերը:
Երազի մեջ են, դեռևս մոլոր,
կասկածը միտք է ծնում նորանոր.
չարի Իշխանը մի՞թե չէր կարող
կեղծել և՛ վերքը` գամերի հետքը,
և՛ ձայնը, դեմքը
Բայց նաև Նրա խոսքերն են հիշում.
ասում էր, որ դեռ պիտի համբառնա
Մի՞թե հենց Ինքն էմի՞թե Նա՛ է, Նա՛
Եվ այնուհանդերձ`չեն կողմնորոշվում.
ո՞րն է ավելի ստույգ, հավաստի.
Հուդան, դատերն ու խաչելությու՞նը
(այնքան ահարկու, արյունոտ, դժնի),
թե՞ այս պարզ, բարի այցելությունը,
որ հետևել է վհատեցուցիչ ու անտանելի
ծանր կորստին:

Հիսուս իր հերթին տեսնում է նրանց
հոգիների խոր տվայտանքները:
Տեսնու՜մ է, այո՛, թե ինչ են զգում,
ապրում ու խորհում
այնքա՜ն հարազատ, սիրելի դարձած
և իր հարության լուսավոր օրով,
ավա՜ղ, վհատված աշակերտները`
ինքնարդարացման - դատափետումի,
ինքնամաքրման - խուսանավումի
երկակի խաղի տարուբերումից,
որից սիրտը և հոգին է պաղում,
միտքը խորամանկ ճկվում, խարդախում,
թալկանում մարմնի անլույս տաճարը:
Եվ գիտե՛ Հիսուս` որն է պատճառը.
օ՜, թանձրաշխարհը, այս թանձրաշխա՜րհը
Դեռ ճաք չեն տվել նրա երկդիմի զույգ պատնեշները,
որոնց մամլիչում դյուրի՜ն է անչափ
հուսահատվելը և վհատվելը:
Կա՛մ չար, կա՛մ բարի: Չկա արդա՛րը:
Կա՛մ առաջ, կա՛մ ետ: Չկա կատա՛րը:
Կա՛մ այս, և կա՛մ այն: Երրորդը չկա՛:
Ա՛յս կողմ կամ ա՛յն կողմ: Ուղիղը չկա՛:
Եվ դեռ չի իջել Սուրբ Հոգին` Վկան,
հրե լեզվակով նրանց գլխից վեր և սրտերի մեջ,
որ հանկարծահաս պայծառացումի լույսի զորությամբ
ըմբռնեն, տեսնեն և սրտով զգան
արևի անխաբ, հստակ լույսի պես,
որ ճիշտ են, ստույգ, անչափ իրական`
արժանահավատ հավաստիությամբ,
և հնարավոր` հավասարապես,
և՛ տառապակոծ ու խավարաբեր
խաչելությունը,
և՛ հարությունը, որին հետևեց
իր այս անհրաժեշտ, բայց անակնկալ
այցելությունը:

«Ահա և Սիմոն Պետրոսը գունատ`
հաստակող, համառ,
նաև վեհերոտ, նաև թուլակամ.
թարթիչն ու շուրթն է կախում անընդհատ,
հայացքն իմ աչքից հապշտապ շեղում:
Ինչի՞ց է նեղվում.
հա՜, ուրացա՛վ ինձ եռակի անգամ,
տագնապում է, որ երեսով կտամ,
կամ կկշտամբեմ:
Բայց նաև գիտե, վստա՛հ է արդեն,
զգում է սրտով, որ մեղմ կդատեմ,
կամ երբևիցե էլ չեմ էլ դատի,
քանզի ես իր հետ
նպատակային, անչափ կարևոր,
գալիք, հեռավոր ու խորհրդավոր
հույսեր եմ կապել.
չէ՞-որ Վեմն է նա մի նոր Հավատի:
Հեշտ չի՜ լինելու ճակատագիրը.
խաչին կգամեն գլխիվայր շրջված, կկեղծեն գիրը
Սյուներից մեկն է: Մյուսը` ջահել մի տարսոնացի`
հմուտ, խելացի,
ներկա այս պահին ելնում է արդեն,
որ նոր Ուսմունքի ջատագովներին,
որտեղ էլ լինեն,
հայտնաբերի ու տանջի, հալածի:
Հա՜, անունս է՞լ է արդեն հղացվել.
հերձվածո՜ղ եմ ես մի նազովրեցի,
աղա՜նդ եմ պստիկ
Միջոցն այս դժնի,
օ՜, դեռ շատ երկար կհարատևի.
և այնժա՛մ նույնիսկ,
երբ Ուսմունքն այս նոր
դավանանք կլինի համաշխարհային,
զենքն այդ չարաղետ դեռ կկիրառվի
ընդդեմ Լույսի նոր ամեն զեղումի:
Այրերն հոգևոր նույն այդ ավյունով
կհամարեն, որ ի՜նձ են ծառայում
և չեն գիտակցի,
որ չհանդուրժման հինավուրց թույնով
Չարն է օր օրի իրենց հմայում:
Բայց տարսոնացու` ուշիմ, դեգերող,
ամեն մի փորձը կացնի հարվածի,
ինչպես հայելուց, հենց ի՛ր միջոցով
հետ կանդրադարձվի,
որ նոր Ոսմունքը շատ երկրներով
անցնի, տարածվի:
Վախենամ, թե նա` սույն տարսոնացին,
որ ձայնիս կանսա, Լույսով կբացվի,
ի վերջո մի օր, վաղ լուսաբացին
կայսեր քաղաքի կառափնարանից
երկինք համբառնա հարվածից կացնի:
Չարի գո՛ռ Իշխան,
հետայսու ամեն քո գաղտնի, խրթին,
խորամանկ փորձը` ընդդեմ մարդկության
և Աստծո Լույսի,
դատապարտված է անզոր, թեկուզ և
դանդաղ պարտության,
մինչև գան օրեր
նախասահմանված և անփառունակ
քո ձախորդության,
քո վհատումի և Երկրի մթին ապաստարանից
անդարձ հեռացման:
Ի՛նքդ էլ գիտես դա, բայց քո էությամբ
չե՜ս կարող կրկին դավեր չնյութել,
և ցանց ես հյուսում առավե՛լ մթին,
առավե՛լ ծածուկ, ավելի՛ խարդախ
Մոռանա՛նք չարին.
թե ուզում է, թող դավերն իր նյութի:
Հովհաննե՜սն ահա, սիրեցյալ որդիս`
հոգեզավա՜կս, բարի ու ազնիվ,
որ հենում էր իր գլուխը կրծքիս
և ջերմ հավատի խոսքեր մրմնջում,
իր կամքից անկախ,
թիթեռի նման,
թևում էր դեպի մագնիսը Սրտիս,
որ խոսքիս պահին գա ու մերձենա
Աղբյուրին Լույսի:
Ի՞նչն է արդ նրա հեզ հոգին տանջում.
ինքն իրե՛ն իսկ նա էլ չի ճանաչում:
Շատ բան չգիտե, հեքիաթի մե՜ջ է,
բայց նա էլ ինձ պես այս աշխարհից չէ.
վեր կելնի անկաս, Լույսով կլցվի,
աշխարհի առաջ սրտո՛վ կբացվի
և գաղտնախորհուրդ մարգարեացմամբ:
Աշակերտներից միակն է գուցե
(թե հետ չկանգնի Չարն իր դավերից),
որ կապրի օրերն իր խոր ծերության,
զի նա է միայն անհասանելի
Չարի դավերի համար այլազան:
Մյուս սաներս,
որ այստեղ կանգնած այսպես մոլոր են,
Լույսով կլցվեն, կսրբագործվեն,
բայց և դառնորեն
դեռ կհալածվեն, օ՜, կհալածվե՜ն
Ա՜խ, Հուդա՛, Հուդա՛,
հպարտ, տարաբա՜խտ Իսկարիովտացի,
քո ազատ կամքին, խելքիդ բանական
ապավինեցիր
և ակնարկներս նախազգուշական
մերթ չընկալեցիր, մերթ Չարի դրդմամբ
լուրջ չընդունեցիր:
Ի զորու՜ էիր խույս տալ համբույրից
դավաճանական-ճակատագրական,
բայց, ավա՜ղ, շատ ուշ ետ ընկրկեցիր
և, ավա՜ղօ, ի՜նչ եղերական մահ
Թադևոսն ահա, և նրա կողքին` Բարդուղիմեոսը,
հենց ինքը` անձամբ,
որի անունով կկոչվի գիշեր`
սահմռկեցուցիչ, արյունոտ, խռով,
իմ էության շուրջ անիմաստ ծագած,
բայց սրի ուժով լուծվող վեճերով:
Հիմա կողք-կողքի ինչե՞ր են հիշել:
Մի շաբաթ առաջ կշտամբում էին,
դժգոհում ինձնից,
որ հոգ եմ տանում հեթանոսներին
և մոռացել եմ, երես եմ թեքել
իրենց ազգակից հրեաներից,
որ տառապում են կեսարի ձեռին
ու նրա անգութ, բիրտ զինվորների:
Դժվա՜ր է անշուշտ, հեշտ չէ տեսնելը
այն շատ նրբահյուս, բայց անխզելի,
անխորտակ թելը,
որ դարեր առաջ եղած, մոռացված
նախապատճառը միացնում է
ապագայի իր հանելուկային
հետևանքի հետ:
Եվ հազի՜վ նրանց ես համոզեցի
թեև մեղմորեն, բայց հաստատակամ,
թելադրեցի, ձեռամբ կնքեցի,
որ անպատասխան չմնա հանկարծ
հեթանոս արքան:
Հեթանոս արքա՜ն
Նա Թովմասի պես ձայնս չլսեց, վերքս չտեսավ,
չեղավ իմ կողքին, բայց հավատա՛ց ինձ`
իր աստվածների հավատի ուժով
և սրտի խորքից:
Կենդանագիր իմ պատկե՛րը լինի
ախտերն իր բուժող
Երանելի՜ է հեթանոս արքան,
իսկ խոհուն ու հին իր  ազգը, սակայն,
վայ-հետևորդիս խորամանկ ու մութ դավերով վայրի,
որ խոր մի հորում, իր գոյատևման կարիքից դրդված,
հավատարմության երդումն իր կտա
չարի ահազդու ու գոռ Իշխանին,
որ Սուրբ Հոր տաճարն այնտեղ ավերի,
հին-հին գրերը սուրբ, բազմախորհուրդ ջարդի կամ այրի,
և այդ ազգն, ահա, բարի արքայի,
երկա՜ր կմնա հոգով ամայի,
հալածված, տխուր ու թափառական,
մինչև որ հետ գա,
նոր փառքով բազմի իր նախկին գահին
նոր մարմին առած հեթանոս արքան:
Իսկ մինչ հեռավոր այդ օրերը գան`
Թադևոսն, ահա, Բարդուղիմեոսը
կսփռեն նրա երկրում իմ Լույսը
և զոհ կդառնան սրին չարակամ:
Օ՜, որքան դառը և արյունալի
օրեր դեռ կգան,
մինչև որ բոլորն ըմպեն թասերի
աշխարհիկ կյանքի թույնը մեղսական`
կուտակված այնտեղ կաթիլ առ կաթիլ:
Քանզի հզոր է ու անկասելի
այս աշխարհից մինչ հեռու Ծիր Կաթին
և էլ ավելի հեռու-հեռավոր,
անիմանալի ու խորհրդավոր անհունով անցնող
և աստվածային վեհ բարձունքների
գագաթը հասնող,
ոլորտ առ ոլորտ հոգուն վեր տանող
Հոր Լույսի Ճամփան:
Եվ ու՜շ է արդեն: Դժվար է տեսնել
Հար Հուրհրան Հոր Լույսի մեջ անգամ,
թե ի՜նչ նոր սլացք կստանար չքնաղ,
կապույտ Գեայի պտույտն ամեհի,
եթե հեթանոս արքայի ազգի զավակ ծնվեի,
որ խորհուրդն էր հենց Առյուծ և Արքա,
բարի, լայնախոհ և հեռուն նայող Հաութամայի:
Գուցե առավել շատ հավատային,
ընդունեին ինձ ու չխաչեին,
գուցե սիրեին
և աշխարհ գալս ի սկզբանե
մանկանց նախճիրով չմթագնեին
Ա՜խ, մա՛յր իմ Մարիամ, մա՜յր իմ գթառատ,
երբ իմ համբարձմամբ
փլվեն դռները խավար Դժոխքի,
խոստանում եմ քեզ, որ ինքս անձամբ
կմեղմեմ ցավը և ճարճատյունը պատժի կրակի,
առաջին հերթին` հենց Հերովդեսի՛,
որ մահն իր գտավ, երբ մենք ապահով
հանգրվան գտանք երկրում Նեղոսի:
Քանզի եթե ես մարմին չառնեի
հենց նրա օրոք,
հենց նրա երկրում,
իր ձեռքերը բիրտ նա չէր թաթախի
այդքան շատ մանկանց անմեղ արյունում:
Հայտնի էր քեզ, մա՛յր, հայտնի՜ էր կանխավ,
հաճախ` անհարկի մանրամասնությամբ,
ամբողջ ընթացքը Ուղուս և նաև ավարտը նրա,
բայց քաջակորով երկյուղածությամբ
և անպարտ սրտով ամբողջը տարար,
տանում ես հիմա.
բայց ասա՛` ինչպե՞ս ես լքեմ սրանց,
թողնեմ ու՞մ հույսին
այս խեղճ որբերին ու իմ գառներին.
ինչպե՞ս սրտերով մոտեցնեմ Լույսին
Օ՜, ներիր, Եղբա՛յր, օ՜, Բուդդա, ների՜ր,
որ չանսացի քո խորհուրդ-խոսքերին
Նման չե՞մ արդյոք ես էլ Թովմասին,
զի գույներով վառ ինձ պատմել էիր
Քո հուր-հրաշող վեհ Բարձունքներում
Քո Նիրվանայի,
Քո անցած Ուղու և Փորձի մասին,
Իսկ ես` համառս, գերադասեցի
դառը և ուրույն նոր Փորձի լծվել
և ողջ աշխարհի ցավոտ վերքերը`
դաս-դաս կուտակված ու խավարածին
մեղքերը, տեսնել, դրանցով խոցվել»:

Комментариев нет:

Отправить комментарий