“…80. Երբ խռովությունը դադարեց և արդեն անցել էր հինգ օր, մոգերի դեմ ապստամբածները սկսեցին խորհրդակցել պետական գործերի մասին: Այնտեղ ասվել են ճառեր, որոնք հելլեններից ոմանց թվում են անհավանական, բայց և այնպես ասվել են: Այսպես, Օտանեսը խորհուրդ է տվել իշխանությունը հանձնել համայն պարսիկներին: Նա ասել է. “Իմ կարծիքն այն է, որ այսուհետև որևէ մեկը միանձնյա իշխանավոր չլինի. Քանզի այդ ոչ հաճելի է, ոչ բարի: Դուք տեսաք,թե ինչին հանգեցրեց Կամբյուսեսի լկտիությունը և զգացիք մոգի լկտիությունը ձեր վրա: Հիրավի, ինչպե՞ս կարող է միապետությունը բարեկարգ լինել, եթե միապետը կարող է անել իր կամեցածը, առանց որևէ պատասխանատվության: Քանզի նման իշխանությունը նույնիսկ աշխարհի լավագույն մարդուն կշեղի նրա համոզմունքներից: Առկա բարիքները նրա մեջ ծնում են անպատկառություն, իսկ նախանձն ի սկզբանե հատուկ է մարդու բնությանը: Այս երկու արատն ունեցողը կունենա բոլոր արատները: Նա շատ չարիք կգործի, մասամբ հագեցած անպատկառությունից, մասամբ էլ նախանձից: Թվում է, թե բռնապետը, ունենալով ամեն բարիք, պետք է աննախանձ լիներ, այսուհանդերձ, նրա բնույթն այնպիսին է, որ նա հակառակ մտայնությունն է ունենում իր հպատակների հանդեպ: Նա նախանձում է լավագույնների ապահով գոյությանը, սիրում է վատագույն քաղաքացիներին և առավելապես ունկնդրում զրպարտություններին: Նրան շատ դժվար է հարմարվել: Եթե նրանով ըստ արժանվույն հիանաս, զայրանում է, թե բավականաչափ հարգանքի չի արժանանում, իսկ եթե նրան շատ ես հարգում, ապա զայրանում է, թե շողոքորթում ես: Բայց այժմ ես կխոսեմ առավել վատի մասին. նա խախտում է հայրենի օրենքները, բռնաբարում կանանց և առանց դատի սպանում մարդկանց: Մինչդեռ ժողովրդի իշխանությունը բոլորից լավն է, նախ և առաջ իր իսկ անունով` հասարակապետություն. երկրորդ` նրանով, որ նա չի կատարում միապետի արարքներից և ոչ մեկը: Պաշտոնները տրվում են վիճակահանությամբ, իսկ պաշտոնատարները պատասխանատու են, և բոլոր որոշումները հաստատում է հանրային ժողովը: Արդ, իմ կարծիքն այն է, որ վերացնենք միապետությունը և իշխանությունը հանձնենք ժողովրդին, քանզի ամեն լավ բան շատի մեջ է”:
81. Օտանեսը, ահա, այսպիսի կարծիք հայտնեց, իսկ Մեգաբյուզոսը խորհուրդ տվեց իշխանությունը հանձնել սակավատիրության: Նա ասաց այսպես. “Այն ինչ Օտանեսն ասաց բռնապետությանը վերջ տալու մասին, ես նույնպես կկրկնեմ: Բայց իշխանությունը ժողովրդին հանձնելու նրա առաջարկը հեռու է լավագույնը լինելուց. քանզի ոչինչ չկա առավել անմիտ և սանձարձակ, քան անպիտան ամբոխը: Ուստի և մեզ, բռնատիրոջ ամբարտավանությունից խուսափողներիս, անթույլատրելի է ենթարկվել անսանձ ամբոխի ամբարտավանությանը. քանզի բռնապետը գիտե, թե ինչ է անում, իսկ ամբոխը` ոչ մի դեպքում: Հիրավի, ամբոխը ի՞նչ գիտակցություն կարող է ունենալ, երբ նա անուս է և իր բարին իսկ չգիտե, այլ միշտ անմտորեն առաջ է նետվում կատաղած հեղեղի նման: Դեմոսի իշխանությունը թող կամենան նրանք, ովքեր պարսից համար վատն են ցանկանում: Իսկ մենք, լավագույն այրերի ընտրելով, նրանց կօժտենք իշխանությամբ. նրանց թվում, հարկավ, կլինենք նաև մենք. քանզի լավագույն այրերին հատուկ են լավագույն որոշումները”:
82. Մեգաբյուզոսը, ահա, այսպիսի կարծիք հայտնեց: Երրորդ կարծիքը հայտնեց Դարեհը, ասելով. ”Իմ կարծիքով, Մեգաբյուզոսն իրավացի էր ամբոխի մասին խոսելիս, բայց սակավատիրության մասին խոսելիս` ոչ: Եթե մենք ընտրություն կատարենք առաջարկված այս երեքի` դեմոսի իշխանության, սակավատիրության և միապետության միջև, դրանց լավագույն ձևով, ապա միապետությունը, իմ կարծիքով, գերազանցում է բոլորին: Քանզի չկա ավելի լավ բան, քան մեկ լավագույն մարդու իշխանությունը: Նա լավագույնս դատելով, բազմությունը կկառավարի անբասիր կերպով, (այդպիսի իշխանության դեպքում) թշնամու դեմ ընդունված որոշումները կմնան առավել գաղտնի: Մինչդեռ սակավատիրության ժամանակ, եթե նույնիսկ բոլոր սակավները ձգտում են օգուտ բերել պետության, նրանց միջև դարձյալ ծագում է բուռն թշնամանք, քանի որ ամեն մեկը ցանկանում է ինքը լինել գլխավորը և պարտադրել իր կարծիքը. այս էլ նրանց միջև առաջացնում է մեծ թշնամանք, որից և ծագում են խռովություններ, իսկ խռովություններն առաջացնում են սպանություններ, սպանություններն էլ հանգեցնում են մենիշխանության: Այս ամենից պարզ է, որ մենիշխանությունը կառավարման լավագույն ձևն է: Դեմոսի իշխանության դեպքում ևս անխուսափելի են արատավոր գործերը. իսկ երբ պետական գործերը դառնում են արատավոր, այդ դեպքում ստոր մարդկանց մեջ թշնամանք չի առաջանում. ընդհակառակը, նրանց մեջ առաջանում է ուժեղ բարեկամություն: Քանզի հասարակության հանդեպ չարագործություն անողները համատեղ են այդպես գործում: Այդպես շարունակվում է մինչև այն ժամանակ, երբ որևէ մեկը, դառնալով դեմոսի առաջնորդ, վերջ է տալիս նրանց: Այդ պատճառով էլ նման մարդն առաջացնում է դեմոսի հիացմունքը և շուտով դառնում միանձնյա տիրակալ: Այս դեպքում ևս պարզ է, որ մենիշխանությունը կառավարման լավագույն ձևն է: Եվ վերջապես, միով բանիվ, որտեղի՞ց մեզ այս ազատությունը և ո՞վ է այն տվել մեզ. դեմո՞սը, սակավատիրությու՞նը, թե՞ մենիշխանությունը: Իմ կարծիքն այն է, որ եթե մեզ ազատություն պարգևել է մեկ անձի իշխանությունը, ապա այդ իշխանությունը պետք է պահպանենք և չխախտենք մեր հայրենի բարի սովորույթը. քանզի այդ լավ չի լինի”:
83. Արդ, այսպիսի երեք կարծիք եղավ. իսկ յոթ այրերից մյուս չորսը հարեցին վերջին կարծիքին: Օտանեսը, որը կամենում էր Պարսկաստանում հասարակապետություն հաստատել, տեսնելով, որ իր կարծիքը մերժվեց, այսպես ասաց նրանց. “Զինակիցներ, պարզ է, որ մեզանից մեկը կդառնա թագավոր. նա կընտրվի կամ վիճակ գցելով, կամ համայն պարսիկների կողմից ընտրվելով, կամ էլ որևէ մեկ այլ եղանակով: Ես ձեզ հետ չեմ մրցակցի. քանզի չեմ ուզում ո’չ իշխել, ո’չ էլ լինել ուրիշի իշխանության տակ. հետևաբար, ես հրաժարվում եմ իշխանությունից այն պայմանով, որ ո’չ ես, ո’չ էլ իմ հետնորդները չենք ենթարկվելու որևէ մեկի իշխանությանը”: Նրա խոսքերից հետո բոլոր վեց պարսիկները համաձայնեցին նրա պայմաններին: Այսպիսով, Օտանեսը չմրցակցեց, այլ մի կողմ քաշվեց. ուստիև նրա տունն այժմ միակ ազատ տունն է Պարսկաստանում և արքային ենթարկվում է այնքան, ինչքան ինքն է կամենում, սակայն առանց խախտելու պարսից օրենքները:
84. Իսկ յոթ պարսիկներից վեցը խորհրդակցեցին, թե ինչպե՞ս առավել արդարացի իրենց համար թագավոր կարգեն: Նրանք որոշեցին այսպես. եթե իրենցից որևէ մեկը դառնա թագավոր, ապա նա Օտանեսին և նրա հետնորդներին պարտավոր է ամեն տարի պարգևել մեդական լավագույն զգեստ և պարսից մոտ ընդունված ամենապատվական ընծաներ: Այս ընծաները որոշեցին նրան պարգևել այն պատճառով, որ Օտանեսն առաջինն էր մտածել ապստամբել և նրանց մասնակից դարձնել: Նրանք այսպիսի առանձնաշնորհումեր արեցին Օտանեսին. իսկ բոլոր յոթի համար որոշեցին, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է արքունիք մտնել, առանց սենեկապետին հայտնելու, եթե արքան պառկած չէ կնոջ հետ. (որոշեցին նաև), որ թագավորը պետք է իր համար կին վերցնի միայն դավակիցներից որևէ մեկի ընտանիքից. իսկ թագավորական իշխանության մասին որոշեցին հետևյալը. թագավոր կդառնա նա, ում ձին արևածագին քաղաքից դուրս գալուց առաջինը կխրխնջա…”
Комментариев нет:
Отправить комментарий