Զրույց կենսականորեն անհրաժեշտի
մասին
ԵՍ ԵՄ Կութհումին: Ես եկել եմ զրույց վարելու:
Ես կցանկանայի ձեզ հետ խոսել բաց ու անկեղծ:
Անմիջական:
Իմ սիրտը շա՜տ բաների շուրջ է ուզում խոսել ձեզ
հետ, բայց նախ և առաջ, իհարկե, այն մասին, ինչն այս փուլում ձեզ համար
ամենահետաքրքիրն է ու ամենակարևորը: Եվ այն իրարանցումը, որն առկա է ձեր
աշխարհում, անշուշտ առաջին հերթին հենց ձեզնով է պայմանավորված: Սկզբում դուք
գործում եք անպատասխանատու արարքներ, թույլ եք տալիս անկատար մտքեր ու զգացմունքներ,
որոնք տիրում են ձեր էությանը, իսկ հետո շատ եք զարմանում այն հետևանքներով,
որոնք թողնում են ձեր արարքները, մտքերն ու զգացմունքները:
Մոլորակի մենտալային դաշտը գերծանրաբեռնված է ձեր
գիտակցության բացասական վիճակներով: Նույնն է վիճակը նաև աստեղային ոլորտում:
Դուք չափազանց հազվադեպ եք մտորում այն ազդեցության
մասին, որ գործում են ձեր մտքերն ու զգացմունքները ձեզ շրջապատող ամեն ինչի վրա:
Եվ, ըստ էության, առկա բոլոր բացասական երևույթները՝ լինեն դրանք բնության մեջ,
եղանակային պայմաններում, ֆինանսական և Երկիր մոլորակի կյանքի մյուս այլ
ոլորտներում, բոլորի ծնող պատճառը հենց ինքնե՛րդ եք: Որոշ ժամանակ անցնելուց հետո
ձեր կողմից հղացված այլազան բաներն իջանում են Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտ՝
որպես փոթորիկ, տեղատարափ անձրև, երաշտ կամ ջրհեղեղ:
Մենք շա՜տ անգամ ենք խոսել այն ուղիղ և անմիջական
կապի մասին, որը գոյություն ունի ձեր գիտակցության վիճակի և այն ամենի միջև, ինչ
տեղի է ունենում Երկիր մոլորակի վրա:
Ձեր մոռացկոտությունն ու մշտապես այն բանի հետ
հույս կապելը, թե ամեն ինչ ինքնըստինքյան լավ կվերջանա, ստիպում են մեզ՝ Համբարձյալ
Վեհապետներիս, կասկածել, թե արդյո՞ք մարդկությունն ընդհանրապես ունակ է մեզ լսելու
և ընկալելու մեր տեղեկատվությունը:
Թվում է՝ տասնյակ անգամներ արդեն ասվել է այն
մասին, որ պետք է հետևեք ձեր մտքերին ու զգացմունքներին, որ պետք է ուշադրություն
դարձնեք օրվա ընթացքում ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի վերլուծությանը: Ֆիզիկական
ոլորտի համար ավելի ակնհայտ նշաններ պարզապես հնարավոր չէ կանխատեսել: Իսկ հաջորդ
քայլը, որ կլինի, այնպիսի ահավոր համաղետն է, որի մասին գլխի եք ընկնում, բայց
վախենում եք նույնիսկ մտածել այդ թեմայի շուրջ:
Ինչու՞ եք կարդում մեր ուղերձները, եթե ձեր
կյանքում չեք գործելու համաձայն մեր տված ցուցումների ու խնդրանքների: Երևում է,
մարդկությունը հասել է իր զարգացման այնպիսի մի աստիճանի, որ այլևս ունակ չէ
համարժեքորեն արձագանքելու տեղեկատվությանը:
Անձամբ ես իմ ուղերձներում շատ անգամ եմ
խոսել այն մասին, որ դուք տառապում եք տեղեկատվության գերկուտակումից: Ձեր
միտքն այնքան եք ծանրաբեռնում տարբեր աղբյուրներից եկող զանազան լուրերով ու
տեղեկատվությամբ, որ ոչ միայն անընդունակ եք դառնում զանազանելու ճշմարիտ
տեղեկությունը ստից, այլ նաև կորցնում եք որևէ տեղեկատվությանն արձագանքելու
կարողությունը: Ամեն ինչը պարզապես մի ականջից մտնում, մյուսով դուրս է գալիս, իսկ
այն, ինչն օրվա ընթացքում մուտք է գործում ձեր գիտակցության մեջ, այնտեղ չի մնում
թեկուզ մի րոպեով: Գործում է պաշտպանական մեխանիզմ:
Ուստի ես այսօր եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս ասեմ
ձեզ այն մասին, որ պետք է ընտրողաբար մոտենաք ցանկացած տեղեկատվության, որը
պատրաստվում եք կարդալ: Նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ թվում է, թե տվյալ
տեղեկատվությունը ձեր գիտակցության վրա որևէ հետք չի թողնում, իմացեք, որ այն
նստվածք է տալիս ձեր ենթագիտակցության մեջ: Եվ դուք երբեք չեք կարող իմանալ, թե
ե՞րբ և ինչպիսի՞ ազդեցություն կթողնի ձեր ենթագիտակցությունը հենց ձեզ վրա՝ ձեր
նախընտրանքների ու վարքի վրա:
Ամենաթողության և ցանկացած տեղեկատվության
մատչելիության ջինը բաց է թողնված շշի միջից: Եվ այդ վիճակից դուրս գալու միակ
ելքն այն է, որ ինքներդ ձեզ պաշտպանեք այն ամենից, ինչը չի նպաստում ձեր
էվոլյուցիոն զարգացմանը: Եվ եթե այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկեք, ապա հաջորդ
սերունդն այլևս բոլորովին չի կարողանա համարժեք արձագանքել որևէ տեղեկատվության:
Բազմակի կրկնությունը կոդավորող ազդեցություն է թողնում ձեր գիտակցության վրա: Ուստի դուք պետք է շատ առանձնահատուկ զգուշավորությամբ ենթակա դառնաք
զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցների ազդեցությանը: Եկել է ժամանակը,
երբ դուք պետք է որոմը հատիկից ջոկեք այն ամենում, ինչ ձեզ շրջապատում է և
հրաժարվեք անաստված ամեն ինչից: Ես հասկանում եմ, որ երբ դուք գտնվում եք
ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաների համակողմանի ճնշման տակ, որոնք օրվա մեջ 24 ժամ
հեռուստա-ռադիոալիքներով ողջ հզորությամբ բթացնում են ձեր գիտակցությունը, ապա այդ
իրավիճակում ձեզ համար դժվար է կողմնորոշվելն ու հասկանալը, թե ինչպես վարվեք:
Մենք ձեզ ուսուցանում ենք զանազանելու և ճիշտ
ընտրություն կատարելու կարողություն: Եվ առաջինն ու ամենախելացին այն կլինի, որ
սահմանափակեք տեղեկատվության զանգվածային միջոցների ազդեցությունը ձեր
գիտակցության ու ենթագիտակցության վրա: Երբ այդ համակողմանի ճնշումը դադարեցվի,
դուք ձեռք կբերեք կողմնորոշվելու ու զանազանելու կարողություն: Ձեր Բարձրագույն
Ես-ը՝ ձեր ներսի Աստված, չի կարողանում ձեզ հետ խոսել: Համբարձյալ Վեհապետները չեն
կարողանա ձեզ հետ խոսել, քանի դեռ գտնվում եք այն տեղեկատվական աղբի խիտ
շրջափակման մեջ, որը տոննաներով օրվա ընթացքում ձեր գլխին է թափվում հեռատեսիլի
էկրաններից, ռադիոընդունիչներից, թերթերից, ինտերնետից: Դուք այնպիսի
զգացողություն եք ունենում, թե տեղեկացված եք աշխարհի վերջին իրադարձությունների
մասին: Ձեզ տեղեկատվություն է մատուցվում բոլոր բնագավառների նոր բաների մասին:
Սակայն ամենագլխավոր նորությունները մատչելի չեն Երկրի բնակչության մեծամասնության
համար, քանի որ դրանք չեն հեռարձակվում որևէ ռադիո- կամ հեռուստաալիքով: Եվ
ամենագլխավոր նորությունն այն «SOS» - ի ազդանշանն է, որ առաքում են մոլորակն ու
նրա վրա եղած ողջ կենդանական աշխարհը:
Դուք նման եք այն խելակորույս նավապետին, որը նավը
վարում է փոթորկի ժամանակ: Մարդկության ընդհանրական գիտակցությունն ու ընդհանրական
ենթագիտակցականը նման են այդ խելակորույս նավապետին: Եվ ցանկացած պահի նավը՝ ձեր
մոլորակը, կարող է բախվել սրածայր խութերի հետ ու խորտակվել:
Դուք փորձարկել, համտես եք արել Երկիր մոլորակի
բոլոր պտուղները, և հիմա ժամանակն է, որ վերադառնաք լինելիության ավելի նուրբ
վիճակներին: Ինչպե՞ս դուք կարող եք լսել իմ երգեհոնի երաժշտությունը, որը եթերային
օկտավաների իմ մենաստանում ես նվագում եմ ամեն գիշեր, եթե մշտապես խլացված եք ձեր
բարձրախոս սարքերից անընդհատ հնչող ձայների ֆոնով:
Բնության կենդանի ձայներն ու լռությունը լսելը ձեզ
համար հոգնեցուցիչ է դարձել ու ձանձրալի: Դուք արհեստական քաղաքակրթություն եք
ստեղծել, որն ինքն իրեն կտրել է այն ամենից, ինչ Աստված ստեղծել է Երկիր
մոլորակում:
Ես եկա, որպեսզի փորձեմ ձեր գիտակցությանը հասցնել
պարզ ճշմարտություններ: Եվ ահա լռում եմ՝ հույս փայփայելով, որ
այնուամենայնիվ ինձ լսեցիք:
ԵՍ ԵՄ
Կութհումին
Դեսպանորդ Տ. Ն. Միկուշինա, 2 հուլիսի, 2009 թ.
Թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий