«Դարձ ի շրջանս յուր»
Ողբասա՞ցդ դառնամ, ո՜վ հինավուրց ազգ իմ,
Պատմիչ-Ողբասացից հազար հինգհարյուրն անց.
Չէ՞ որ կապանք դրվեց զավակներիդ բազկին,
Եվ, ավա՜ղ, անցյալիդ կարոտով ենք լցված:
Վեհ անցյալի հուշը գրգիռ է սրբազան,
Իսկ կորուստներ հիշելն, այո՛, կարոտախտ է.
Ո՞վ կարող է կռել հուսալի ջրբաժան,
Որ էլ կորուստ չտա մեր ապագա բախտը:
Գահակալից արդեն մնաց լոկ նախագահ,
Խորհուրդ խորինդ սուրբ դարձավ խորհրդարան,
Նախարարից հիմա սոսկ «տանիքն» է առկա,
Սեպուհներդ ցայսօր գռփում են անվարան:
Մշակույթիդ մշակն անմշակ է ի՛նքը,
Սպասավորդ Աստծո՝ սպասք է սոսկ լիզում,
Ցամաքու՜մ է ահա բերրի հողիդ ստինքը,
Եվ անցողիկ գանձ են զավակներդ դիզում:
Ողբասա՞ցդ դառնամ, ազգ իմ բազմադարյան...
Օ, ո՜չ, դարձի կգամ իմ հրեղեն մարմնին,
Կկերտեմ նոր երկիր՝ հրաբորբ ու վառման,
Կհրկիզե՛մ ժայռն այս, որ
Մհերը հառնի...
Комментариев нет:
Отправить комментарий