ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՕԳՆԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿՈՄԻՏԱՍԻ «ՏԵՏՐԱԿԸ»
Ինչպես հայտնի է, 1915 թվականին, երբ Կոմիտասին վերադարձրին աքսորից, նա
որոշ չափով շարունակեց աշխատել և ստեղծագործել: Սակայն Կոմիտասն
աստիճանաբար կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Երբ Կոմիտասին
տեղափոխեցին հոգեբուժարան, նրա ձեռագրերը տարբեր պատճառներով արդեն ցրված
էին այս ու այն կողմ: Կորած էին համարվում հարյուրավոր երգեր, գիտական
աշխատությունների հատվածներ և այլն: Հետագայում Փարիզում ստեղծված
«Կոմիտաս» հանձնաժողովը սկսեց տարբեր տեղերից ի մի բերել Կոմիտասի
ձեռագրերը և ուղարկել Հայաստան: Այդ ձեռագրերի հայտնաբերման գործը
շարունակվել է տասնյակ տարիներ և շարունակվում է մինչ օրս: Հայտնի է, որ
Կոմիտասի որոշ գործեր փրկվել են նրա աշակերտների և այլոց շնորհիվ: Օրինակ`
նրա մի աշակերտի արտագրության շնորհիվ պահպանվել է Կոմիտասի «Տետր
երաժշտության» աշխատությունը, որի բնօրինակը կորած է, և այն առաջին անգամ
հրատարակել եմ ես 1989 թվականին («Մշակույթ» ամսագիր N 1. նախաբանը և
ծանոթագրությունները` Ա. Շահնազարյանի), իսկ երկրորդ հրատարակությունը`
«Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յոդուածներ» գրքում (գիրք Ա, էջ
137):
Խորհրդային տարիներին Կոմիտասի դիվանը դասակարգում և
հրատարակում էր ճանաչված երաժշտագետ Ռոբերտ Աթայանը: Նա ինձ պատմում էր, որ
Փարիզից ուղարկված կոմիտասյան ձեռագրերը հասնում էին Հայաստան Մոսկվայում
ստուգվելուց հետո միայն, և անհայտ պատճառներով այդ նյութերի մի մասը մինչ
օրս մեզ չի հասել: Դրա ապացույցն այն փաստն է, որ Կոմիտասի ձեռագրերը
Փարիզից ուղարկվել են հաջորդաբար համարակալված ծրարներով: Իսկ մեզ
հասնելուց հետո պարզվել է, որ որոշ ծրարներ չկան: Օրինակ` հասել են մեզ
Կոմիտասի ձեռագրերի, ասենք, N 1, 2, 3, 4, 7, 8 և այլ համարների ծրարները,
սակայն չկան N 5, 6 ծրարները: Ցավալի է նաև այն, որ ձեռագրերի մի մասն էլ
կորել է Պոլսի պատրիարքարանի մեղքով, քանի որ այդ ձեռագրերը նվիրել են
տարբեր մարդկանց իբրև «հիշատակ Կոմիտաս Վարդապետից» և այլն: Կորած էին
համարվում նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը,
մինչև որ այդ ձեռագրերը ի մի բերեցի և 2001 թվականին հրատարակեցի իմ
«Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում (գիրքը կցում եմ):
Այսօր հայտնվել է մի նոր նյութ` կրկին պահպանված արտագրության շնորհիվ:
Արտագրողը կոմիտասյան ձեռագրերը հայտնաբերել է 1944 թվականին Կոմիտասի
մտերիմ մարդու` 82 տարեկան մի կույր ծերունու մոտ և գնել է դրանք: Հետո նա
այդ մասին տեղյակ է պահել ինչ-որ պետական մարմնի: Այդ նյութերից խառը
արտագրել է 30 էջ, ներկայացրել է և ասել, որ հարկ եղած դեպքում կարող է
ներկայացնել նաև ամբողջական գործեր: Հայտնի չէ, թե այդ ձեռագրերի մնացած
մասը ինչ է եղել, քանի որ Կոմիտասի դիվանում դրանք չկան:
Տետրակի
նախաբանում նա գրում է. «1944 թվին, հոկտեմբերին իմացա, որ Էջմիածնում մի
կույր ծերունի կա, որը թե՛ ինքն է բանաստեղծում և թե՛ գրի առած ու
հավաքագրած ունի բազմաթիվ ազգագրական նյութեր: Ես գնացի այդ մարդու տուն:
Անունը Հովնան էր, ազգը` Ջաբարյան: 82 տարեկան էր, կուրացել էր 14 տարի
առաջ: Ապրում էր իր միակ ամուսնացած աղջկա (այժմ` այրի) մոտ: «Եփրատ»
քոլեջի շրջանավարտներիցն էր: Հիմնական զբաղմունք չունենալով` տարբեր
գործերով էր պարապել. ամերիկացոց մոտ` պահեստապետ, բաժանարար, հրահանգիչ,
կարճ ժամանակ` ուսուցիչ, ապա առևտրական, հետո լուսանկարիչ և այլն: Կոմիտասի
մոտիկն ու մտերիմն է եղել: Ինձ ցույց տվավ վերջինիս` իրեն գրած
նամակներից,- Փարիզից, Պոլսից, Բեռլինից և այլն,- ինչպես և նվիրած գրքեր ու
լուսանկարներ: Ես գիտեմ, որ Կոմիտասը բանաստեղծություններ էլ էր գրում,
որոնցից երկու հատ տպված ես տեսել եմ պարբերականների մեջ: Ջաբարյանն ինձ
ցույց տվավ Կոմիտասի բանաստեղծությունները, ինչպես և այլ` նրան պատկանող ու
նրա կողմից գրված գործեր, որոնք ես գնեցի: Այժմ այդ նյութերից խառը կերպով
ես դնում եմ և ըստ պահանջի կարող եմ տալ ամբողջական գործեր»:
Այդ
«խառը կերպով դրվածը» կազմում է 30 էջ, որոնցից հատկապես 11 էջերը բացառիկ
են, քանի որ այդտեղ Կոմիտասը դասակարգել է արևելյան և հայկական ժողովրդական
նվագարանները, հայ եկեղեցական նվագարանները (բոլորը` իրենց տեսակներով ու
անուններով):
Ապա դասակարգված են հայտնի նվագողների անունները. ով ինչ
նվագարան է նվագել, խոսվում է հունական և եբրայական նվագարանների մասին և
այլն: Հետո Կոմիտասի ծոցատետրերից վերցված ասույթներ են, տաղերի, երգերի
ամբողջական բառեր, որոնք նույնպես արխիվում չկան: Կոմիտասի նյութերից հետո
(30 էջից հետո) տետրում զետեղել է նաև անհայտ հեղինակների` Հայրենական
պատերազմին նվիրված բանաստեղծություններ, որպեսզի իր առաջարկած նյութերին
«հայրենասիրական շունչ» տա: Հետո ևս 2 էջ` «Կոմիտասի դավթարից», ապա աշուղ
Հազիրիի դամբանականը` արտասանված աշուղ Ջիվանիի դագաղը գերեզման իջեցնելիս և
աշուղական մի քանի երգեր: Ընդհանուրը 58 էջ է: Այդ նյութերից հայտնի է
միայն Կոմիտասի մեկ բանաստեղծություն:
Այս տետրը արժեքավոր է նաև
նրանով, որ նշում է կորած ձեռագրերի հետքը և հնարավորություն է տալիս
գտնելու Կոմիտասի այլ ձեռագրեր («նշված ամբողջական գործերը»):
«Տետրակը» բերել են Ռուսաստանից: Այն վաճառվում է 7000 ԱՄՆ դոլարով:
Վաճառողը ցանկանում է անհայտ մնալ և դիմել է ինձ` որպես կոմիտասագետի:
Խնդրում եմ, օգնեք ձեռք բերել այդ արժեքավոր նյութը, նվիրել Կոմիտասի
դիվանին և հրապարակել: Հետո հնարավոր կլինի գնալ այդ հետքերով`
հայտնաբերելու համար նաև այլ նյութեր «ամբողջական գործերը»:
Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьՆՅՈՒԹԻ ՍԿԶԲԱՆԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.anunner.com/artur.shahnazaryan/%D5%8D%D4%BB%D5%90%D4%B5%D4%BC%D4%BB_%D5%80%D4%B1%D5%85%D5%90%D4%B5%D5%86%D4%B1%D4%BF%D4%BB%D5%91%D5%86%D4%B5%D5%90,_%D5%95%D4%B3%D5%86%D4%B5%D5%94_%D5%81%D4%B5%D5%8C%D5%94_%D4%B2%D4%B5%D5%90%D4%B5%D4%BC_%D4%BF%D5%88%D5%84%D4%BB%D5%8F%D4%B1%D5%8D%D4%BB_%C2%AB%D5%8F%D4%B5%D5%8F%D5%90%D4%B1%D4%BF%D4%B8%C2%BB
ОтветитьУдалитьՆՅՈՒԹԻ ՍԿԶԲԱՆԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.anunner.com/artur.shahnazaryan/%D5%8D%D4%BB%D5%90%D4%B5%D4%BC%D4%BB_%D5%80%D4%B1%D5%85%D5%90%D4%B5%D5%86%D4%B1%D4%BF%D4%BB%D5%91%D5%86%D4%B5%D5%90,_%D5%95%D4%B3%D5%86%D4%B5%D5%94_%D5%81%D4%B5%D5%8C%D5%94_%D4%B2%D4%B5%D5%90%D4%B5%D4%BC_%D4%BF%D5%88%D5%84%D4%BB%D5%8F%D4%B1%D5%8D%D4%BB_%C2%AB%D5%8F%D4%B5%D5%8F%D5%90%D4%B1%D4%BF%D4%B8%C2%BB
ОтветитьУдалитьՇնորհակալություն հղման համար... Հայցում եմ Navasard-ի ներողամտությունը, որ ֆբ-ից «Դիմում»-ը արտատպելով՝ չեմ կարողացել նախապես տեղեկանալ դրա սկզբնաղբյուրի մասին:
ОтветитьУдалить