суббота, 15 июня 2013 г.

Մի հատված Գ. Գյուրջիևի «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» գրքից



Ներածություն

«Առաջին գիրքս ավարտին հասցնելուց հետո մեկ ամիս է անցել՝ մի ժամանակաշրջան, որը հարկ էր նվիրել հանգստին: Ինչպես կարող եք իմանալ այս գրքի վերջին գլխից, ինքս ինձ խոսք էի տվել, որ այդ ամսվա ընթացքում ոչ մի տող չեմ գրի: Եվ եթե երբեմն դիմում էի գրական արվեստին, ապա միայն այն բանի համար, որ բաժակաճառ ասեմ՝ գովաբանելով հին կալվադոսի ընտիր որակը, որից հենց հիմա խմում եմ Շատե-դյու-Պռիերի գինու մառանում. այս խմիչքը պատրաստողները հաստատ իմացել են, թե որն է կյանքի ճշմարիտ իմաստը...
Իմ առաջին գրքի նկատմամբ ընթերցողների անեղծ հետաքրքրությունից քաջալերվելով՝ ես որոշեցի կրկին ձեռնամուխ լինել գրական գործին: Այս անգամ ընտրել եմ շարադրանքի ավելի մատչելի ձև, որն ընթերցողին կօգնի նախապատրաստվելու իմ գաղափարների ընկալմանը:
Ինտելեկտուալ զարգացման ցանկացած մակարդակի վրա գտնվող ժամանակակից մարդու գիտակցությունն ունակ է ճանաչելու շրջակա աշխարհը միայն առանձին փաստերի ընկալման միջոցով, որոնք ամեն մի առանձին դեպքում պատահականորեն կամ միտումնավոր կերպով աղավաղվում են, ինչի արդյունքում նրա մոտ կեղծ պատկերացում է ստեղծում շրջապատի իրականության վերաբերյալ: Ավելորդ ու աղավաղված տեղեկատվության հոսքով պայմանավորված աններդաշնակությունն աստիճանաբար հանգեցնում է ողբալի արդյունքների, որոնցից կարողացել են խույս տալ նրանք, ովքեր իրենց գիտակցությունը մեկուսացրել են այդ վնասակար ազդեցություններից: Ժամանակակից քաղաքակրթությանը հասցվող վնասի ապացույցն է այն, որ տասնամյակ առ տասնամյակ կրճատվում է մարդկանց կյանքի տևողությունը:
Երկրորդ գրքում ես մտադիր եմ ընթերցողին ծանոթացնել յոթ պատվիրանների հետ, որոնք ես բախտ եմ ունեցել գտնելու և վերծանելու իմ բազմաթիվ փորձարշավների ընթացքում: Դրանցում մեր հեռավոր նախնիները ձևակերպել են իրենց ճանաչած օբյեկտիվ ճշմարտությունը, որը կարող է գնահատված լինել նույնիսկ մեր ժամանակակցի գիտակցությամբ: Ես կսկսեմ իմ կողմից վերծանված մի գրառմամբ, որը մեկնարկային կետ կծառայի իմ շարադարանքի համար և միաժամանակ այն հանգույցը կդառնա, որով կկապակցվեն իմ նախորդ գրքի վերջին գլուխն ու սույն գրքի առաջին գլուխը:
Այդ հինավուրց իմաստուն խոսքը հետևյալն է.
«Միայն նա է արժանի մարդ կոչվելու, ով կարողանում է ողջ պահել իր խնամքին հանձնված ոչխարները՝ չկոտորելով գայլերին»:
Իհարկե, «գայլեր» և «ոչխարներ» հասկացությունները բառացի հասկանալու հարկ չկա. դրանցով այստեղ այլաբանվում են մարդու  բանականությունն ու հույզերը: Մեր նախնիներն արժանապատիվ էին համարում այն մարդուն, ով կարողանում է «խաղաղ» գոյակցության պայմաններ ստեղծել իր անձի այդ երկու տարաբնույթ և իրարամերժ բաղադրիչների համար:
Հետաքրքիր է նշել, որ ասիական ցեղերի մոտ գոյություն ունեցող բազմաթիվ ասացվածքների, հանելուկների և առակների մեջ կա մեկը, որում գործող անձեր են գայլն ու այծը, և որը գալիս է լրացնելու արդեն մեջբերված ասացվածքը:
Այսպիսի խնդիր է դրված մեր առջև. ինչպե՞ս գետի մյուս ափը տեղափոխել գայլին, այծին ու կաղամբը, եթե նավակում միայն մեկ «ուղեվոր» կարող է տեղավորվել, ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ գայլին չի կարելի թողնել այծի «ընկերակցությամբ», իսկ այծին՝ կաղամբի, այլապես հետևանքները ողբալի կլինեն:
Այս խնդրի ճիշտ լուծումը գտնելու համար միայն հնարամտություն ունենալը քիչ է. անհրաժեշտ է նաև գործունյա լինել, որպեսզի ավելորդ անգամ գետանց չկատարվի:
Երեկ, զբոսայգում վերընթերցելով այս իմ ասած «մտավարժանքը»՝ չնկատեցի, թե ինչպես է երեկոն փոխվում գիշերվա. Ֆոնտենբլոյի հանրահայտ սառը մառախուղը սկսեց թափանցել իմ հագուստի բոլոր ծալքերի մեջ, իսկ լեռնային բարձունքների թռչուններ կոչվող թխակապույտ կենվորները սկսեցին ավելի ու ավելի  հաճախ իրենց կենսագործունեության հետքերը թողնել ծնկի պես լերկ իմ գանգի վրա: Հիասթափվելով Աստծո այդ արարածների արհամարական պահվածքից՝ ես այնուհանդերձ որոշեցի հետևել նրանց օրինակին և, նրանց պես արհամարելով հեղինակությունների կարծիքը, այս գլուխը նույնպես մտցնել գրքիս մեջ. հետո՝ ինչ լինելու է, թող լինի:
Այստեղ ես նկարագրում եմ ոչ այնքան փաղաքուշ տպավորություններս, որոնք ստացել եմ ժամանակակից գրական գործիչների և, առավել ևս՝ ժամանակակից գրականության հետ ունեցած իմ շփումներից: Դրա հետ կապված, ուզում եմ այս գլխի մեջ ներառել մի հատված հարգարժան մի պարսիկ գրողի ելույթից, որն ինձ վրա անջնջելի տպավորություն է թողել: Դա եղել այն ժամանակ, երբ դեռևս շատ երիտասարդ տարիքում ես անցա Պարսկաստան և ինձ վիճակվեց ներկա գտնվելու տեղացի մտավորականների մի հավաքի, որում քննարկվում էր ժամանակակից գրականության վիճակը:
Ելույթ ունեցողներից մեկը՝ արդեն տարիքն առած մի պարսիկ գրող էր, որն ուներ պատկառազդու մտավորականի տեսք՝ ոչ եվրոպական, այլ ասիական իմասով, այսինքն՝ ոչ միայն շատ կրթված էր, այլ նաև ներդաշնակ զարգացած մարդ էր:
Ամեն ինչից զատ՝ նա ասաց հետևյալը.
«Շա՜տ ափսոս, որ ներկա ժամանակաշրջանը, որը եվրոպական քաղաքակրթություն է կոչվում, այսքան անպտուղ դուրս եկավ և ունակ չէ մեր հետնորդներին որևէ օգտակար բան թողնել:
Ժամանակակից գրողները, փոխանակ ձգտելու իրենց գաղափարները հնարավորին չափ հստակ արտահայտել՝ իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են, այսպես կոչված, «ոճի գեղեցկության» վրա:
Եվ իրոք, դուք մի ամբողջ օր կարող եք ծախսել մի «հաստափոր» գիրք կարդալու վրա, բայց այնուամենայնիվ խրվել գուշակությունների մեջ, թե հեղինակն ինչ է ուզում ասել: Եվ միայն ևս մեկ օր կորցնելուց և գրքի ավարտին հասնելուց հետո կհայտնաբերեք, որ արծարծված գաղափարը մի կերած ձվի արժեք էլ չունի, և ամբողջ խարդավանքը կառուցված է այն բանի վրա, թե արդյո՞ք Սմիթը սիրում է Մերիին, իսկ Մերին՝ Սմիթին:
Ասածս վերաբերում է ոչ միայն գեղարվեստական, այլ նաև գիտական գրականությանը:
Գիտական աշխատանքները, որպես կանոն, պարունակում են հին հիպոթեզների հավաքածուներ, որոնք ամեն անգամ նորովի են վերաշարադրվում:
Վեպերում գլխավորապես նկարագրվում են բարձր զգացմունքներ, որոնք արդեն այլասերված են ժողովրդի մեջ, կամ էլ դրանք նվիրված են լինում ամեն տեսակի մեղքերի նկարագրությանը, որոնց միջոցով դրսևորվելու ելք են գտնում բավարարություն չստացած բնական մարդկային զգացմունքները:
Կա գրքերի ևս մի տարատեսակ, որոնք սովորաբար պարունակում են զանազան ճանապարհորդությունների և արկածների, ինչպես նաև տարբեր երկրների բուսածածկույթի ու կենդանական աշխարհի նկարագրություններ: Այս տեսակի ստեղծագործությունները հաճախ գրվում են այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց տան շեմը հատել են միայն ծխախոտ գնելու համար, և շուռումուռ են տալիս նման խղճուկ պատմություններ՝ տանջելով իրենց անկարելիության աստիճանի խղճուկ երևակայությունը: Հաճախ նրանք պարզապես ուրիշ գրքերից քաղված ամբողջական հատվածներ են սաղացնում իրենց գրքերի մեջ՝ դրանք վերադասավորելով մի փոքր այլ կերպ:
Չնչին պատկերացում անգամ չունենալով գրողի պատասխանատվության մասին՝ այդ ստեղծարարները, ձգտելով ապահովել ոճի գեղեցկությունը, դրանով իսկ ոչնչացնում են իրենց ստեղծագործություններում եղած իմաստի վերջին մնացորդները:
Որքան էլ ձեզ տարօրինակ թվա՝ ես գրականության կողմից մարդկությանը հասցվող վնասի համար մեղավոր եմ համարում ոչ այլ ինչը, քան ժամանակակից քերականությունը: Այն ես համարում եմ հասարակության դեմ ուղղված՝ ժամանակակից քաղաքակրթության «դավադրության» ամենաահավոր զենքերից մեկը:
Լեզուների մեծ մասի համար ժամանակակից քերականությունն արհեստականորեն է կառուցված՝ այն դեպքում, երբ նախկին ժամանակներում քերականությունը ձևավորվում էր բուն կյանքով՝ կախված տվյալ ժողովրդի զարգացման մակարդակից, կլիմայական պայմաններից, սնունդ հայթայթելու գերադասելի եղանակներից:
Իսկ ժամանակակից քերականությունը խանգարում է, որ գրողը ճշգրիտ արտահայտի իր միտքը, որի արդյունքում ընթերցողը, հատկապես՝ օտարազգին, զրկվում է նրա ասածի իմաստը հասկանալու վերջին հնարավորությունից:
Միտքս հասկանալի դարձնելու համար նկարագրեմ մի դրվագ, որին ինձ վիճակվել է վկա դառնալ:
Ինչպես գիտեք, ես միայն  մեկ մերձավոր ազգական ունեմ՝ հորական կողմի արյունակիցս, որը մի քանի տարի առաջ Բաքվի մոտակայքում նավթահոր ժառանգություն ստացավ և ստիպված եղավ այնտեղ բնակություն հաստատել:
Քանի որ իր բիզնեսը վերահսկելու անհրաժեշտությունից ելնելով իմ այդ ազգականը չէր կարողանում Բաքվից հեռանալ, ապա երբեմն ես էի այցելում նրան:
Շրջանը, որտեղ գտնվում էր այդ նավթահորը, այժմ Ռուսաստանին է պատկանում՝ մի երկրի, որը հայտնի է իր ժամանակակից հարուստ գրականությամբ:
Բաքու քաղաքում և դրա մերձակայքում տարբեր ազգությունների պատկանող մարդիկ էին ապրում, որոնք իրենց ընտանիքներում խոսում էին մայրենի լեզվով, իսկ միջազգային հաղորդակցության համար օգտվում էին ռուսերենից:
Քանի որ Բաքու կատարած իմ այցելությունների ընթացքում շփվում էի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ապա որոշեցի սովորել ռուսերեն լեզուն:
Այդ ժամանակ ես արդեն տիրապետում էի օտար շատ լեզուների, և այդ խնդիրն ինձ առանձնապես բարդ չէր թվում:
Որոշ ժամանակ անց ես արդեն բավականին վարժ ռուսերեն էի խոսում, բայց, իհարկե, ընդգծված առոգանությամբ, ինչպես այդտեղի բնակիչները:
Որպես բանասիրական կրթություն ունեցող մեկը՝ ուզում եմ նշել, որ նույնիսկ շատ լավ տիապետելով որևէ օտար լեզվի՝ դրանով մտածել հնարավոր չէ, եթե շարունակում ես խոսել և մտածել քո մայրենի լեզվով:
Եվ հետևաբար, արտահայտվելով ռուսերեն, ես այնուամենայնիվ շարունակում էի մտածել պարսկերեն՝ մշտապես ռուսերեն համարժեքներ փնտրելով իմ «պարսկերեն» մտքերի համար:
 Որևէ մտքի՝ պարսկերենից ռուսերեն թարգմանելուս ընթացքում առաջանում էին համարյա անբացատրելի դժվարություններ, և ես սկսեցի մտորել, թե ինչու է երբեմն շատ դժվար լինում անգամ ամենահասարակ միտքը որևէ օտար լեզվի բառերով արտահայտելը:
Հետաքրքրված լինելով այդ խնդրով և բավարար ազատ ժամանակ ունենալով դրա համար՝ ես սկսեցի ուսումնասիրել ռուսերենի և մի քանի այլ ժամանակակից օտար լեզուների քերականությունը և շուտով հասկացա, որ միտքը մի լեզվից մյուսին թարգմանելու դժվարությունը պայմանավորված է խոսքի կառուցման արհեստածին քերականական կանոններով: Ահա այդպես ես հիմնավորապես համոզվեցի, որ շատ լեզուների քերականական կանոնները կազմել են ինտելեկտուալ զարգացման շատ ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ, քան ունի բնակչության հիմնական զանգվածը:
Իմ այս միտքը հաստատելու համար մատնացույց եմ անում այն դժվարությունը, որն ինձ մոտ առաջանում էր ռուսերեն լեզուն ուսումնասիրելուս սկզբնական փուլերում, որն էլ դրդեց, որ ավելի մանրակրկիտ ուսումնասիրեմ այդ խնդիրը:
Մի անգամ, երբ սովորականի պես զբաղված էի ռուսերեն լեզվի ուսումնասիրությամբ, փորձեցի այդ լեզվով արտահայտել հարազատ պարսկերենով իմ գիտակցության մեջ ծագած մտքերը և դրա համար ուզեցի օգտագործել մի արտահայտություն, որը մենք՝ պարսիկներս, շատ ենք օգտագործում մեր խոսակցական լեզվում՝ «myan-diaram», որը ֆրանսերենով նշանակում է «je dis», իսկ անգլերեն թարգմանվում է որպես «I say»: Երբ փորձեցի ռուսերենում գտնել համապատասխան արտահայտությունը, երկար ժամանակ լարում էի իմ հիշողությունը, սակայն, բավականին լավ տիրապետելով այդ լեզվին՝ համապատասխան համարժեքը չգտա: Ինչպես հասարակ ժողովրդի մեջ, այնպես էլ այդ ազգի մտավորականության ընտրանու միջավայրում օգտագործվող և ոչ մի արտահայտություն չէր համապատասխանում դրան:
Հիմնավորապես ձախողվելով՝ ես նախ ենթադրեցի, որ ռուսերեն բառերի և արտահայտությունների բավականաչափ մեծ պաշար չունեմ, ուստիև քրքրեցի մեծ թվով բառարաններ և խորհրդակցեցի այդ բնագավառում հեղինակություն վայելող անձանց հետ: Ի վերջո պարզվեց, որ ռուսերենում գոյություն չունի արտահայտություն, որը լրիվ համարժեք լինի պարսկերենի «myan-diaram»-ին. դրա փոխարեն օգտագործվում է «я говорю», որը համապատասխանում է պարսկերենի «myan-soil-yaram»-ին, ֆրանսերենի «je parle»-ին և անգլերենի «I speak»-ին:
Քանի որ պարսիկ ժողովրդի մյուս ներկայացուցիչներն ինձ հետ ունեն կերպերի ընկալման միևնույն համակարգը, ապա արդյո՞ք նրանք առանց ներքին դիմադրության ընդունելի կհամարեն նման անհամարժեք փոխարինումը: Իհարկե՝ ոչ: Չէ՞ որ «soil-yaram»-ն ու «diaram»-ը և «speak»-ն ու «say»-ը բայեր են, որոնք տարբեր գործողություններ են նշանակում:
Սա ընդամենը մեկն է այն հազարավոր հնարավոր օրինակներից, որոնք վկայում են այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են միտքն ուրիշ կուլտուրայի պատկանող լեզվով թարգմանելիս, որի կրողները, ըստ ընդհանուր կարծիքի, գտնվում են իրենց ծաղկման շրջանում:
Համարժեք բառերի և արտահայտությունների բացակայության հետևանքով, ինչը նկատելի է ժամանակակից լեզուներում՝ այն քաղաքակրթությունների ներկայացուցիչները, որոնց լեզվում բառերը միայն տառացի իմաստ ունեն, լսելով կամ կարդալով փոխաբերական իմաստով կիրառված բառերն ու արտահայտությունները՝ դրանց հեղինակի միտքն աղավաղված ձևով են ընկալում:
Եվ դա այն դեպքում, երբ հասարակ մարդկանց կյանքին ու գործունեությանը վերաբերող բառերն ու արտահայտությունները լեզուների մեծ մասում ունեն իրենց ճշգրիտ համարժեքները:
Պարսկերեն տարբերակին համապատասխանող ճշգրիտ համարժեք արտահայտության բացակայությունը, որի մի օրինակը ներկայացրի, հաստատում է առաջին հայացքից մակերեսային թվացող իմ այն հետևությունը, որ մի լեզվից մյուսին կատարած ցանկացած ամենահմուտ թարգմանություն ընդամենն էրզաց է՝ բնագրի արհեստական ինչ-որ նմանակ:
Պետք է ասեմ, որ սկսելով ուսումնասիրել ռուսերենի, ինչպես նաև այլ ժամանակակից լեզուների քերականությունը, որպեսզի պարզեմ համարժեք արտահայտությունների բացակայության պատճառը՝ ես գտա, որ դրա համար միայն բանասիրական գիտելիքները բավարար չեն և սկսեցի ծանոթանալ նաև ռուսաց լեզվի ծագման ու զարգացման պատմությանը:
Իմ քննախուզությունը հաստատեց, որ նախկինում այդ լեզուն պարունակել է բառեր, որոնք համապատասխանել են պրակտիկ գործունեությանը վերաբերող կոնկրետ հասկացությունների: Բայց ժամանակի ընթացքում հասնելով իր զարգացման որոշակի աստիճանին՝ այն դարձել է բազմաթիվ կեղծ-գրական դուրսպրծուկների փորձարարությունների թիրախ, ինչը հանգեցրել է շատ բառերի և արտահայտությունների իմաստի աղավաղմանը, կամ էլ դրանք իսպառ դուրս են եկել գործածությունից՝ միայն այն պատճառով, որ չեն համապատասխանել «կուլտուրական» խոսքի պահանջներին: Դրանց մեջ է եղել նաև այն բառը, որը երկար ժամանակ ես չէի կարողանում գտնել, և որը համապատասխանում է պարսկերենի «diaram»-ին. նախկինում դա հնչել է այսպես՝ «сказываю»:
Հետաքրքիր է նշել, որ այդ բառաձևը պահպանվել է մինչև այժմ, բայց իր նախնական, տառացի իմաստով կիրառվում է միայն ռուս ազգին պատկանող այն մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ երկրի կուլտուրական կենտրոններից հեռու շրջաններում և մեկուսացված են եղել ժամանակակից քաղաքակրթության ազդեցությունից:
Արհեստականորեն ստեղծված լեզվական կառույցները, որոնք երիտասարդ սերունդը ստիպված է լինում յուրացնել, իմ կարծիքով այն հիմնական պատճառներից մեկն են, որ ժամանակակից եվրոպական ժողովուրդների միջավայրում զարգանում և նորմալ գործում է առողջ գիտակցության ձևավորման երեք սկզբունքներից միայն մեկը՝ մտածողությունը: Բայց առանց որոշակիացնելու և գիտակցելու սեփական հույզերն ու բնազդները, որոնց առկայությունն ակնհայտ է ամեն մի առողջ բանականություն ունեցող մարդու համար՝ չի կարող ձևավորվել լիարժեք անձ:
Ժամանակակից գրականության վերաբերյալ իմ բոլոր ասածներն ամփոփելով՝ առավել ճշգրիտ այն կարող եմ բնորոշել այսպես. «Այն անհոգի է»:
Ժամանակակից քաղաքակրթությունն սպանել է գրականության, ինչպես և այն ամենի հոգին, ինչի հետ առնչվել է:
Ես առավել քան բավարար հիմքեր ունեմ ժամանակակից քաղաքակրթությանն այսպիսի անողոք գնահատական տալուս համար, քանի որ մինչև մեր օրերը հասած անտիկ գրականության կոթողները վկայում են այն մասին, որ մենք դրանցից փոխառնելու շատ բան ունենք, և որ այդ գրականությունը կարող է նպաստել լիարժեք, ներդաշնակ զարգացած մարդու ձևավորմանը և արժանի է փոխանցվելու մի սերնդից մյուսին:
Ես հանգեցի այն եզրակացությանը, որ հինավուրց ժողովուրդների իմաստությունը՝ նրանց գաղափարների քվինտէսենցիան, որը հավերժացել է կարճառոտ ու մատչելի ասույթների տեսքով, կարող է շատ օգտակար լինել նրանց հետնորդների համար:
Որպեսզի ցույց տամ հինավուրց և ժամանակակից գրականությունների տարբերությունը, ուզում եմ պատմել երկու ճնճղուկների վերաբերյալ մի հին անեկդոտ:
Մի անգամ խրճիթի քիվի տակ նստած էին մի ծեր և մի ջահել ճնճղուկ: Նրանք քննարկում էին «օրվա աղմկահարույց դեպքը». մոլլայի սպասուհին փողոցի ճնճղուկների երամի առաջ պատուհանից դուրս էլ նետել առաջին հայացքից չորացած շիլայի կտոր հիշեցնող մի բան, որն իրականում հնացած սպունգ էր: Որոշ ջահել ու անփորձ ճնճղուկներ վրա էին եկել դրան:
Դեպքը քննարկելու ընթացքում ծեր ճնճղուկը հանկարծ փետուրները փքեց և դժգոհ տեսքով սկսեց թևի տակ ոջիլներ ման գալ, որոնք իրեն անընդհատ նեղություն էին տալիս: Դրանցից մեկը բռնելուց հետո, խորիմաստ տեսքով նա ասած. «Չէ՜, հիմա էն ժամանակները չեն... Նստում էինք քիվի տակ, դանթում մեզ համար: Մեկ էլ հանկարծ ներքևում աղմուկ-աղաղակ էր բարձրանում: Հոտից բերանիդ ջրերը գնում էին: Հոգիդ ցնծում էր այն կանխազգացումից, որ հիմա ցած կթռչենք ու մի լավ քեֆ կանենք: Իսկ հիմա՞ ինչ է. աղմուկը չնայած տեղն է, բայց հոտն ուղղակի անտանելի է: Իսկ արդյունքը՝ մայթի վրա յուղի մի քանի հետքն է ընդամենը...»:
Այս զրույցում, ինչպես դուք գուցե գլխի ընկաք, խոսք է գնում ձիակառքերի մասին: Վերջիններս անհամեմատ ավելի բարձր աղմուկ և տհաճ հոտ են հանում, բայց լիովին անօգուտ են ճնճղուկների կերի տեսակետից: Իսկ առանց կերակուրի՝ ճնճղուկի կյանքն էլ առանձնապես քաղցր չէ:
Այս անեկդոտը հրաշալի ցուցադրությունն է իմ այն պնդման, թե որքան են անցյալի և ներկայիս քաղաքակրթություններն իրարից տարբերվում:
Գրականությունը պետք է ծառայի մարդկության կատարելագործմանը, բայց ներկայումս այն չի կարող իրականացնել իր այդ գործառույթը, քանի որ չափազանց մակերեսային է. ճիշտ այնպես, ինչպես ծեր ճնճղուկի անեկդոտի, աղմուկի, իրարանցման և վատ հոտի մեջ:
Յուրաքանչյուր ոք, եթե մի կողմ դնի իր կանխակալ կարծիքները, տարբերություններ կնկատի Ասիայում ծնված և իր ամբողջ կյանքն այնտեղ անցկացրած մարդու և բնիկ եվրոպացիների հույզերի զարգացման աստիճանների միջև:
Հիրավի, շատերն են նկատում, որ Ասիայի ժամանակակից կենվորները, որոնք ապրել են ժամանակակից քաղաքակրթությունից մեկուսացված, անհամեմատ ավելի ուժեղ զարգացած հույզեր ունեն, քան եվրոպացիները: Իսկ քանի որ զգացմունքներն անձի ներդաշնակ ձևավորման հիմքն են կազմում, ապա ասիացիները, որոնք սովորաբար ավելի քիչ հիմնարար գիտելիքների են տիրապետում, այնուհանդերձ ավելի ստույգ պատկերացումներ են ունենում շրջակա աշխարհի և հենց իրենց մասին, քան նրանք, ովքեր իրենք իրենց ժամանակակից քաղաքակրթված հասարակության սերուցքն են համարում:
Եվրոպական կրթությունը միտված է դիտման առարկայի իմաստավորմանը, մինչդեռ ասիացիներն իրենց տեղեկությունները քաղում են զգացմունքների կամ նույնիսկ բնազդների միջոցով:
Ասիական երկրների բնակիչներն սկզբնական շրջանում հետաքրքրություն դրսևորեցին եվրոպական գրականության նկատմամբ, բայց, շատ շուտով գիտակցելով դրա բավականին մակերեսային բնույթը՝ կորցրին այդ հետաքրքրության նշանակալի մասը և ներկայումս հազիվ թե նման բաներ կարդալիս լինեն:
Եվրոպական գրականության նկատմամբ այդպիսի սառը վերաբերմունքի գլխավոր պատճառն, ըստ իս, վեպ կոչվող գրական ժանրն է:
Հռչակ վայելող եվրոպական վեպերի մեծամասնությունը նվիրված են մարդկանց փոխհարաբերությունների ներդաշնակության խախտմանը, որը նրանց թուլության ու կամազրկության արդյունք է և նկարագրվում է ամեն տեսակի ոճական գունազարդումներով: Ասացիները, որոնք դեռևս շատ չեն հեռացել մայր բնությունից, տղամարդկանց ու կանանց համար  փոխհարաբերությունների նման վիճակը վնասակար ու անարժան են համարում, անարժան՝ հատկապես մարդկության արական կեսի համար, և բնազդով արհամարում են նման մարդկանց:
Ինչ վերաբերում է մնացած ժանրերին՝ գիտական հոդվածներին, ակնարկներին և ճանաչողական գրականության մյուս ձևերին, ապա ասիական երկրների բնակիչները, բնությանն ավելի մոտ լինելով, ենթագիտակցաբար զգում են հեղինակի թերի գիտելիքների պատճառով այն ամենի անեղծ ընբռնման իսպառ բացակայությունը, ինչի մասին նա գրում է:
Եվ ահա, այն դեպքում, երբ գործնականում ասիացիները լրիվ անտեսում են ժամանակակից գրականության գոյությունը՝ Եվրոպայի գրախանութների դարակները ճկռում են նորույթների ծանրության տակ:
Իհարկե, կարող է տեղին հարց ծագել, թե ինչպե՞ս իմ պնդումը համաձայնեցնել այն փաստի հետ, որ Ասիայի բնակչության ճնշող մեծամասնությունն անգրագետ է:
Դրան կպատասխանեմ, որ այնուամենայնիվ ժամանակակից եվրոպական գրականության նկատմամբ ասիացիների հետաքրքրության բացակայության իրական պատճառն այդ գրականության թերություններն են: Բազմաթիվ անգամ ես ինքս վկա եմ եղել, թե ինչպես են հարյուրավոր անգրագետ մարդիկ հավաքվում գրաճանաչ մեկի մոտ, որպեսզի լսեն Սուրբ Գրքի կամ Շեհերեզադեի «Հազար և մեկ գիշեր»-ի ընթերցանությունը:
Իհարկե, կարող եք ինձ առարկել՝ նշելով, որ այդ ստեղծագործություններում, հատկապես՝ հեքիաթներում, նկարագրված բաները վերցված են իրենց կյանքից, դրա համար էլ հասկանալի ու հետաքրքիր են ունկնդիրների համար: Բայց ամբողջ գաղտնիքն այն է, որ այդ տեքստերը, հատկապես՝ «Հազար և մեկ գիշեր»-ը, գրականություն են՝ բառիս լիիրավ իմաստով: Բոլոր ընթերցողներն ու ունկնդիրները հասկանում են, որ այդ գրքերում նկարագրված ամեն ինչը հեղինակների հորինվածք են, բայց այդ հորինվածքները շատ ճշմարտանման են՝ նույնիսկ այն դրվագները, որոնք իրական կյանքում տեղի ունենալ չեն կարող: Ընթերցողների մոտ հետաքրքրություն է ծնում այն, որ հեղինակը նրբորեն կարողանում է թափանցել գործող անձանց հոգեբանության մեջ և գործողոթյունները զարգացումը կենտրոնացնում է այնպիսի դեպքերի շուրջ, որոնք տեղի են ունենում իրական կյանքում:
Ժամանակակից քաղաքակրթության պահանջմունքները ծնել են նոր, կատարելապես առանձնահատուկ գրական ժանր՝ ժուռնալիստիկան:
Ես չեմ կարող լռությամբ շրջանցել այդ հարցը, քանի որ իմ կարծիքով ժուռնալիստիկան ոչ մի նոր բան չի բերում, որպեսզի նպաստի գիտակցության լիարժեք, ներդաշնակ զարգացմանը, այլ, կործանարար ազդեցություն թողնելով մարդկանց փոխհարաբերությունների վրա՝ դարձել է ժամանակակից մարդկանց կյանքի գլխավոր չարիքներից մեկը:
Գրականության այդ տեսակն այնպիսի լայն տարածում է գտել մեր օրերում, որ դառնում է այն գործոնը, որով ավելի ու ավելի է մեծանում ժամանակակից մարդկանց կամազրկությունն ու խաթարվածությունը:
Կամքի հետզարգացումն ու պասսիվության աճը մարդկանց զրկում են իրենց համար նախկինում մատչելի ենթագիտակցությունից. նրանք դադարում են հասկանալ իրենք իրենց, ինչը թույլ չի տալիս, որ ընթանան ինքնակատարելագործման ուղով:
Մյուս կողմից՝ այդ թեթևաքաշ ամենօրյա աչք ածելն այնպես է փոխում մտածելակերպը, որ նրանց զրկում է նույնիսկ նախկինում ձեռք  բերված ինքնագիտակցությունից ու ներդաշնակությունից: Այդպիսով չքանում են այն պայմանները, որոնք նախկինում մարդկանց հնարավորություն էին տալիս կյանքը քիչ թե շատ ներդաշնակ դարձնել գոնե իրենց փոխհարաբերությունների բնագավառում:
Դժբախտաբար, ավելի հաճախակի և ավելի մեծ տպաքանակներով հրատարակվելով՝ թերթերն ու ամսագրերը թուլացնում են մարդու ինքնուրույն մտածելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նվազեցնում բոլոր տեսակի խաբեությունների ու մոլորությունների նկատմամբ դիմադրողականությունը, ապակողմնորոշում նրա գիտակցությունը՝ միաժամանակ մարդկանց մեջ խթանելով ամեն տեսակի բացասական հատկությունների զարգացումը, ինչպիսիք են՝ նախանձը, կասկածամտությունը, կեղծավորությունը, գոռոզությունը և այլն:
Որպեսզի հիմնավորեմ իմ անսասան համոզվածությունն այն մասին, որ պարբերական մամուլը վնաս է հասցնում մարդկությանը՝ կպատմեմ մի քանի իրողություններ, որոնց իրական լինելուն կարող եք չկասկածել, քանի որ դեպքերի բերումով ես դրանց մասնակիցն եմ դարձել:
Ես Թեհրանում ապրող ամերիկացի բավականին մոտիկ մի ընկեր ունեի, որն իր մահից ոչ շատ առաջ ինձ իր դատական կատարածուն էր դարձրել:
Նա ուներ մի տղա, որն արդեն ջահել չէր, բիզնեսից իր եկամուտներն ուներ և բազմամարդ ընտանիքով ապրում էր եվրոպական մեծ քաղաքներից մեկում:
Մի անգամ ընթրիքից հետո նրանք ամբողջ տնով վատ էին զգացել և առավոտյան կողմ անխտիր բոլորը մահացել: Լինելով այդ ընտանիքի դատական կատարածուն՝ ես ստիպված եղա մեկնել այնտեղ, ուր տեղի էր ունեցել այդ ահավոր դեպքը:
Այնտեղ ես իմացա, որ այդ ողբերգությունից ոչ շատ առաջ այդ դժբախտ ընտանիքի հայրը մի քանի օր անընդհատ թերթեր է կարդացել: Դրանցից մի քանիսում նա կարդացել է մի նոր բացված խանութի մասին, որտեղ երշիկ է վաճառվում, որն արտադրվել է իբր հատուկ որակի մթերքից և հատուկ տեխնոլոգիայով:
Վերջիվերջո, այդ համառ գովազդների ազդեցության տակ, նա գնացել է այդ խանութը և գնել այդ երշիկից՝ չնայած ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամները նախկինում երբեք չէին հրապուրվել երշիկային մթերքներով, քանի որ ապրել ու մեծացել էին Հայաստանում, որտեղ երշիկ չեն ուտում: Եվ ահա, այդ օրվա ընթրիքին բոլորն իրար հետ երշիկ էին համտես արել, ծանր թունավորում ստացել և հենց դրանից էլ մահացել...»

(շարունակելի)

Комментариев нет:

Отправить комментарий